ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 4-րդ հոդվածում «Ֆոնդային ապրանք» հասկացության սահմանումը «համարվում» բառից հետո լրացնել «արժեթղթերը,» բառով:
Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.
բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերով.
գ) 2-րդ կետի առաջին պարբերությունը «բանկերը» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպությունները» բառերով.
դ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 80-րդ և 84-րդ հոդվածների 1-ին կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 105-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 105. | Ֆոնդային բորսան: Ընդհանուր դրույթներ |
1. Ֆոնդային բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Ֆոնդային բորսան սույն օրենքով, Հանձնաժողովի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առևտուր՝ արժեթղթերի գնանշում, դրանց հիման վրա գործարքների կնքում, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր միայն արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու ֆոնդային այլ ապրանքների հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:
Ֆոնդային բորսան ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում կնքված գործարքների վերջնահաշվարկի կատարման հարցում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:
3. Ֆոնդային բորսան Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար:
4. Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու և անցկացնելու արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական որակավորման քննություններ, եթե վերջինս սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով պատվիրակվել է տվյալ ֆոնդային բորսային:
Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու Հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված լրացուցիչ այնպիսի գործունեություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար:
Ֆոնդային բորսան իրավունք չունի իրականացնելու սույն հոդվածում չնախատեսված որևէ այլ գործունեություն:
5. Հանձնաժողովում, սույն օրենքին համապատասխան, որպես ֆոնդային բորսա չգրանցված անձին կամ անձանց խմբին արգելվում է «ֆոնդային բորսա» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում, բացառությամբ, եթե`
ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ֆոնդային բորսայի ստեղծումն է, և
բ) 30-օրյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացվում որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության սույն օրենքով նախատեսված գրանցման դիմումը:»:
Հոդված 5. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները:
Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արտարժույթով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները և արտարժույթի դիլերային առքուվաճառք իրականացնող անձինք:
Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ ֆոնդային այլ ապրանքներով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն օրենքով նման գործառնությունների իրականացման իրավունք ունեցող անձինք:
Այլ անձինք կարող են մասնակցել ֆոնդային բորսայում իրականացվող գործարքներին միայն սույն կետով նախատեսված անձանց միջոցով:»:
Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ֆոնդային բորսայի կանոնադրությունը պետք է սահմանի դրույթ, որ արտարժույթի հրապարակային առևտրի (արտարժույթի գնանշման, դրանց հիման վրա գործարքների կնքման, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման) կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները ֆոնդային բորսայի կողմից ենթակա են պարտադիր ընդունման, եթե դրանք արժանացել են ֆոնդային բորսայում արտարժույթով առևտրին մասնակցող անձանց առնվազն 2/3-ի հավանությանը:»:
Հոդված 7. Օրենքի 111-րդ հոդվածի 1-ին կետից հանել « , ինչպես նաև հաշվանցման (քլիրինգի)» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Կենտրոնական դեպոզիտարիան, ֆոնդային բորսայի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:»:
Հոդված 8. Օրենքի 112-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը «որպես» բառից հետո լրացնել «արժեթղթերով կնքված գործարքների» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|