103.0323.02.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
02.07.1998 թ. |
N 323 |
ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման երկրորդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` |
1. Հաստատել հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները (կցվում են):
2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`
2.1. Հաստատված կանոնները ներկայացնել համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և, էկոնոմիկայի նախարարություն:
2.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առևտրի նախարարության 1995 թ. հունիսի 12-ի N 85 և ի լրումն վերջինիս, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության 1996 թ. մարտի 27-ի N 93 հրամանները:
Նախարար |
Գ. Նանագուլյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոնները մշակվել են ՀՀ կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման 2-րդ կետի համաձայն և սահմանում են Հայաստանի Հանրապետությունում Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները:
2. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով, մանրածախ առևտրի հիմնական կանոններով, պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոններով և սույն կանոններով:
3. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառքն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, պարենային և ոչ պարենային ապրանքների մասնագիտացված բաժիններում և ենթաբաժիններում, կրպակներում, շրջիկ և շրջածախ (միայն մանր կշռափաթեթավորված և հատային արտադրանք) առևտրի միջոցներով:
4. Հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված ձեռնարկություններում (բաժիններում, ենթաբաժիններում) աշխատանքային ռեժիմով սահմանված ժամերին պետք է լինի ըստ մատակարարման գրաֆիկի հացի որոշակի տեսականի:
5. Ձեռնարկությունը պարտավոր է հացը և հացաբուլկեղենը ընդունել միայն արտադրման լիցենզիա (թույլտվություն) ունեցող մատակարարներից` սահմանված կարգով ստուգելով որակով, ապրանքային տեսքով ու քաշով արտադրանքի համապատասխանությունը ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև ապրանքատրանսպորտային բեռնագրում համապատասխանության մասին դրոշմակնիքի և վառարանից արտադրանքի հանման ժամի առկայությունը:
6. Ձեռնարկությունում հացի և 0.2 կիլոգրամից ավելի քաշով բուլկեղենի իրացման ժամկետը վառարանից հանելուց հետո ոչ ավելի է 24 ժամից, իսկ 0.2 կգ և պակաս քաշով բուլկեղենինը` ոչ ավելի 16 ժամից:
Նշված ժամկետների ավարտից հետո հացի և հացաբուլկեղենի վաճառքն արգելվում է. դրանք ենթակա են վաճառքից հանման և սահմանված կարգով մատակարարներին վերադարձման, եթե մատակարարի և ձեռնարկության միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսվում:
7. Հացը և հացաբուլկեղենը գնորդին բաց է թողնվում բռնիչների և անձեռոցիկների օգնությամբ: Ինքնասպասարկման եղանակով վաճառելիս դրանք պետք է նախատեսվեն երկուական տեղերից ոչ պակաս` արտադրանքի ցուցադրասարքավորման յուրաքանչյուր գծամետրի հաշվով:
8. Գնորդների ցանկությամբ թույլատրվում է հացը (բացի փաթեթավորված արտադրանքից) կտրատել 2-4 հավասար մասերի և վաճառել առանց կշռելու:
9. Թաքնված թերություններով` (թերհունցվածության-հետքեր, դատարկամիջություն, կողմնակի ներխառնուրդներ և այլն) հացի և հացաբուլկեղենի վաճառքի փաստի դեպքում ձեռնարկությունը պարտավոր է գնորդի պահանջով փոխել այն կամ վերադարձնել դրամը: Վերադարձված անորակ հացը և հացաբուլկեղենը համարվում են սանիտարական խոտան և հանվում վաճառքից:
10. Հացի և հացաբուլկեղենի պաշարները պետք է պահվեն մաքուր, չոր, լավ օդափոխվող և համաչափ ջերմաստիճանի պայմաններում, փակ պահարաններում, կայուն և շարժական դարակաշարերում կամ տարասարքավորումներում: Արտադրանքի թարմությունը պահպանելու համար վերջիններս ծածկվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված միջոցներով:
11. Արգելվում է հացը և հացաբուլկեղենը պահել և ցուցադրել սուր հոտ ունեցող ապրանքների հարևանությամբ (ձուկ, լվացքի միջոցներ, օճառ և այլն)` մինչև 5 մետր հեռավորության վրա:
12. Հացի և հացաբուլկեղենի պահպանման և վաճառքի ընթացքում կարտոֆիլային հիվանդության հետքեր հայտնաբերելիս ձեռնարկությունը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել մատակարարին: Վնասված արտադրանքը անհապաղ հանվում է վաճառքից և սահմանված կարգով ոչնչացվում` կազմելով համապատասխան ակտ:
Բոլոր պահարաններն ու դարակաշարերը, ուր պահվել և ցուցադրվել է վնասված արտադրանքը, ենթակա են սահմանված կարգով սանիտարական մշակման:
13. Ձեռնարկությունը հացից և հացաբուլկեղենից բացի կարող է իրականացնել շաքարի, թեյի, սուրճի, կակաոյի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, մանկական սննդի, սննդային կոնցենտրատների, աղի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, իսկ սրճարանային բաժիններում` նաև տաք ըմպելիքների և հրուշակեղենի վաճառք:
14. Սույն կանոնները փակցվում են ձեռնարկությունում, գնորդին տեսանելի տեղում:
15. Սույն կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային և Երևանի քաղաքային պետական տեսչությունները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
06.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 65980167