ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 102-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 102. | Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի ներկայացումը |
1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրերն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:
2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:
3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:
5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2. Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 103. | Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը |
1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:
2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաև Վերահսկիչ պալատ:
3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
ա) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:
Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաև Վերահսկիչ պալատի նախագահը:
5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|