Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև մաքսային գործի բնագավառում հարաբերությունների հիմունքների մասին Համաձայնագրին համապատասխան, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Համաձայնագրում հետևյալ տերմինների տակ հասկացվում են.
«ուղարկող պետություն»` սույն Համաձայնագիրը ստորագրած կամ դրան միացած պետություն, որի տարածքով բեռները արտահանվում են երրորդ պետություններ սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետության տարածքով` տարանցմամբ,
«նշանակման վայրի պետություն»` սույն Համաձայնագիրը ստորագրած կամ դրան միացած պետություն, որը հանդիսանում է երրորդ պետություններից սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետության տարածքով տարանցմամբ ներմուծվող բեռների վերջնական նշանակման վայր,
«տարանցման պետություն»` սույն Համաձայնագրին մասնակից պետություն, որի տարածքով բեռները տարանցմամբ փոխադրվում են երրորդ պետություններից նշանակման վայրի պետություն կամ ուղարկող պետությունից երրորդ պետություններ,
«մաքսային տարանցման ընթացակարգ»` ուղարկող պետության մաքսատնից (այսուհետ` ուղարկման վայրի մաքսատուն) մինչև նշանակման վայրի պետության մաքսատուն (նշանակման վայրի մաքսատուն) մաքսային հսկողության ներքո տարանցման պետությունով բեռների տարանցիկ փոխադրման սահմանված կարգ,
«ուղարկման վայրի մաքսատուն»` ուղարկող պետության ցանկացած մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ դրա որևէ մասի համար սկսվում է փոխադրումը` ըստ մաքսային տարանցման ընթացակարգի,
«նշանակման վայրի մաքսատուն»` նշանակման վայրի ցանկացած մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ դրա որևէ մասի համար վերջանում է փոխադրումը` ըստ մաքսային տարանցման ընթացակարգի,
«միջանկյալ մաքսատուն»` տարանցման պետության մաքսատուն, որտեղ կատարվում է մաքսային տարանցման ընթացակարգով անցնող տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի մասնակի բեռնում կամ բեռնաթափում:
2. Մաքսային բեռները մաքսային տարանցման ընթացակարգով մինչև նշանակման վայրի մաքսատուն կամ մի քանի միջանկյալ մաքսատներ փոխադրվում են այդ բեռները փոխադրման ընդունող ձեռնարկության, կազմակերպության և քաղաքացիների պատասխանատվությամբ:
3. Մաքսային բեռները փոխադրվում են մաքսային ապահովմամբ փաթեթավորված, տրանսպորտային միջոցներով կամ բեռնարկղերով, որոնք պատրաստված և սարքավորված են այնպես, որ առարկաները հնարավոր չլինի հանել կնքված բեռնային զանգվածից, տրանսպորտային միջոցից կամ բեռնարկղից կամ տեղադրվեն դրանց մեջ` առանց բացելու տեսանելի հետքեր թողնելու կամ մաքսային ապահովումը վնասելու:
4. Թույլատրվում է մաքսային բեռների փոխադրում երրորդ պետությունների մաքսատների, բեռնափոխադրողների կամ այդ բեռները փոխադրման ընդունած տրանսպորտային կազմակերպության ապահովումներով: Նման ապահովումները ճանաչվում են մաքսային տարանցման ընթացակարգերով փոխադրվող բեռների ձևակերպումը իրականացնող մաքսատան կողմից:
5. Մինչև նշանակման վայրի մաքսատուն բեռներն առաքելու ժամկետը սահմանվում է առաքման սովորական ժամկետին համապատասխան` ելնելով տրանսպորտի տեսակի հնարավորություններից, տարանցման երթուղուց և փոխադրման այլ պայմաններից:
ՀՈԴՎԱԾ 2.
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Երրորդ պետություններից սույն Համաձայնագրի մասնակից պետություններ ներմուծվող բեռները փոխադրվում են մաքսային տարանցման ընթացակարգով առաջին տարանցման պետության սահմանային մաքսատնից մինչև նշանակման վայրի մաքսատուն:
2. Առաջին տարանցման պետության սահմանային մաքսատնից մինչև նշանակման վայրի մաքսատուն բեռները փոխադրելիս մաքսային տարանցման ընթացակարգով կազմվում է տարանցման փաստաթուղթ:
Տարանցման փաստաթուղթը կազմվում է փոխադրում իրականացնող տրանսպորտային կազմակերպության, հայտարարատուի (մաքսային բրոքեր) կամ մաքսատան կողմից` կախված Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությունից:
3. Տարանցման փաստաթուղթը կազմվում է բեռնային մաքսային հայտարարագրի ձևաթղթի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ թղթերի վրա:
Տարանցման փաստաթուղթը լրացվում է երեք օրինակով:
4. Մաքսային տարանցման ընթացակարգով բեռների փոխադրման ժամանակ առաջին տարանցման սահմանային մաքսատունը տարանցման փաստաթղթի բոլոր երեք օրինակների և ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է դրոշմ, որը պարունակում է տեղեկություններ. բեռի տեղերի քանակի մասին, կապարակնիքի համարի մասին, նշանակման վայրի մաքսային վայրի մասին, առաքման նպատակի մասին (մաքսային ձևակերպման համար):
5. Մաքսային փաստաթղթի մի օրինակը ապրանքն ուղեկցող փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նշանակման վայրի մաքսատուն, երկրորդ օրինակը մնում է առաջին տարանցման պետության սահմանային մաքսատանը` հսկողության ներքո, իսկ երրորդ օրինակը փոստով կամ կապի այլ միջոցով ուղարկվում է նշանակման վայրի մաքսատուն:
6. Մաքսային փաստաթուղթ չի կազմվում այն դեպքերում, երբ փոխադրումն իրականացվում է միջազգային տարանցման ընթացակարգի շրջանակներում:
7. Մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրվող բեռը տեղ հասնելուն պես նշանակման վայրի մաքսատունը տարանցման փաստաթղթի օրինակի վրա նշում է կատարում հասնելու մասին և հաղորդում է առաջին տարանցման պետության սահմանային մաքսատուն բեռի` մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրումն ավարտելու մասին:
8. Սահմանված ժամկետներում նշանակման վայրի մաքսատան կողմից մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրումը պատշաճորեն ավարտելու մասին չհաղորդելու դեպքում առաջին տարանցման պետության սահմանային մաքսատունը այդ մասին գրավոր տեղեկացնում է նշանակման վայրի մաքսատանը և այդ մաքսատուն է ուղարկում տարանցման փաստաթղթի պատճենը:
9. Նշանակման վայրի մաքսատունը, պայմանով, որ բեռը չի ներմուծվել նշանակման պետություն, հաղորդում է այդ մասին տարանցման պետության մաքսային մարմիններին:
ՀՈԴՎԱԾ 3.
ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն Համաձայնագրի մասնակից պետություններից երրորդ պետություններ արտահանվող բեռները առաքվում են երրորդ երկրներ մուտք գործելու համար մաքսային տարանցման ընթացակարգով` առաքման վայրի մաքսատանը մաքսային ձևակերպումից հետո` առաքող պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Երրորդ երկրներ մուտք գործելու համար մաքսային տարանցման ընթացակարգով բեռներ առաքելիս առաքման վայրի մաքսատունը ապրանքն ուղեկցող փաստաթղթերում դնում է դրոշմ, որը պարունակում է տեղեկություններ.
առաքման վայրի մաքսատան մասին,
բեռնային մաքսային հայտարարագրի համարի մասին,
երրորդ պետություններ մուտքի հնարավորության մասին (մուտքը թույլատրված է)
և նշում է կատարում դրված ապահովման մասին:
Այդ դեպքում տարանցման փաստաթուղթ չի կազմվում:
Առաքման վայրի մաքսատան վերոհիշյալ դրոշմով ապրանքն ուղեկցող փաստաթղթերը հիմք են հանդիսանում վերջին տարանցման պետության սահմանային մաքսատանը բեռը երրորդ պետություններին թողնելու համար` մաքսային կամ այլ ապահովումները, տրանսպորտային միջոցների, բեռնարկղերի կամ առանձին տեղերի փաթեթավորման անվնաս վիճակը պահպանելու պայմանով:
3. Վերջին տարանցման պետության սահմանային մաքսատունը պարտադիր կարգով հաղորդում է առաքման վայրի մաքսատուն մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրումն ավարտելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Ժամանակավոր ներմուծման պայմանների մասին ժամանակավոր համաձայնագրի հիման վրա սույն Համաձայնագրի մասնակից պետություններ նախկինում ներմուծված բեռները արտահանելիս առաքման վայրի մաքսատունը մաքսային բեռնային հայտարարագրում և բեռնային փաստաթղթերում դնում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված դրոշմը, իսկ փոխադրումն իրականացնող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները հայտարարագրում նշում են կատարում մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրման համար բեռն ընդունելու մասին:
Այդ դեպքում բեռնային մաքսային հայտարարագրի չորրորդ թերթը ապրանքն ուղեկցող փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է վերջին տարանցման պետության սահմանային մաքսատուն, իսկ մնացած թերթերը մնում են առաքման վայրի մաքսատանը` հսկողության ներքո:
Սահմանված ժամկետներում նշանակման վայրի մաքսատան կողմից մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրումը պատշաճորեն ավարտելու մասին չհաղորդելու դեպքում առաքման վայրի մաքսատունը այդ մասին տեղեկացնում է վերջին տարանցման պետության սահմանային մաքսատանը: Բեռը չարտահանելու համար պատասխանատվություն առաջանում է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 4.
ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Առաջին տարանցման պետության սահմանամերձ մաքսատանը ազգային օրենսդրությանը համապատասխան մաքսային ձևակերպումից հետո բեռները մաքսային տարանցման ընթացակարգով ուղարկվում են վերջին տարանցման պետության սահմանային մաքսատուն սույն Համաձայնագրի մասնակից պետության սահմաններից դուրս թողնելու համար:
Որպես տարանցման փաստաթուղթ օգտագործվում են բեռնային մաքսային հայտարարագրի 1-ին և 4-րդ թերթերը` լրացված առաջին տարանցման պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Առաջին տարանցման պետության սահմանային մաքսատունը ապրանքն ուղեկցող փաստաթղթերում և բեռնային մաքսային հայտարարագրի 1-ին և 4-րդ թերթերին դնում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված դրոշմը:
Ապրանքն ուղեկցող փաստաթղթերը կամ բեռնային մաքսային հայտարարագրի 4-րդ թերթը` վերոհիշյալ դրոշմով, հիմք են հանդիսանում վերջին տարանցման պետության սահմանային մաքսատանը մաքսային բեռը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սահմաններից դուրս թողնելու համար` մաքսային կամ այլ ապահովումները, տրանսպորտային միջոցների, բեռնարկղերի կամ առանձին տեղերի փաթեթավորման անվնասությունը պահպանելու պայմանով:
3. Սահմանված ժամկետներում վերջին տարանցման պետության սահմանային մաքսատան կողմից նշանակման վայրի մաքսատան կողմից մաքսային տարանցման ընթացակարգով փոխադրումը պատշաճորեն ավարտելու մասին չհաղորդելու դեպքում առաջին տարանցման պետության սահմանային մաքսատունը այդ մասին գրավոր տեղեկացնում է այդ մաքսատանը և նրան է ուղարկում որպես տարանցման փաստաթուղթ օգտագործվող բեռնային մաքսային հայտարարագրի 1-ին թերթը:
4. Վերջին տարանցման պետության սահմանային մաքսատունը, պարզելով, որ բեռը վերջին տարանցման պետություն չի ներմուծվել, հաղորդում է այդ մասին տարանցման պետության մաքսային մարմիններին:
ՀՈԴՎԱԾ 5.
ՈՐՈՇ ԲԵՌՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծանրաքաշ և խոշոր բեռները, ինչպես նաև բաց տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռները (ավազ, խիճ և այլն) կարող են փոխադրվել մաքսային տարանցման ընթացակարգով բաց տրանսպորտային միջոցներով:
Այս դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել այդպիսի բեռների փոխարինումը չթույլատրող միջոցներ (բեռների մանրամասն նկարագրությունը ապրանքն ուղեկցող և տարանցման փաստաթղթերում, բեռների վրա տարբերիչ նշանների տեղավորումը և այլն):
ՀՈԴՎԱԾ 6. | ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Սույն Համաձայնագրի մասնակից պետություններից մեկի տարածք սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետության տարածքից ներքին օգտագործման համար ներմուծված և երրորդ պետություններ վերաարտահանվող ապրանքները արտահանող պետության մաքսատան կողմից թողնվում են նրա ազգային օրենսդրությանը համապատասխան` այդ ապրանքի ծագման պետություն հանդիսացող սույն Համաձայնագրի մասնակից պետության լիազորված մարմնի թույլտվության առկայության դեպքում:
Վերաարտահանման թույլտվությունը տրվում է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այն դեպքում, եթե ապրանքները ձեռք են բերվել համաշխարհային գներով, այդ ապրանքների ծագման պետություն հանդիսացող սույն Համաձայնագրի մասնակից պետության լիազորված մարմնի վերաարտահանման թույլտվությունը չի պահանջվում:
2. Ապրանքի ծագման սերտիֆիկատը պահանջվում է Պայմանավորվող կողմերի մաքսատների կողմից վերաարտահանվող ապրանքը հաստատելու և այդ պետության վերաարտահանման թույլտվություն տալու լիազորված մարմինը որոշելու համար:
ՀՈԴՎԱԾ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, հաշված ուժի մեջ մտնելու օրվանից, և յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը այդպիսի հնգամյա ժամանակաշրջանը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չհայտարարի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 1993 թվականի հունիսի 15-ին, երկու օրինակով, հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 15-ից:
