ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1264-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ հավելված)։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում վնասների գնահատման (գույքագրման) համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Գյուղատնտեսության ոլորտում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված աղետի գոտիներ հայտարարված համայնքներում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում պատճառված վնասի փոխհատուցման շահառու (այսուհետ՝ շահառու) է հանդիսանում՝
1) համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների (այսուհետ՝ համայնքային հանձնաժողովներ) կողմից կազմված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում (այսուհետ՝ մարզային հանձնաժողովներ) քննարկված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.
2) համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի), սակայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.
3) տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը․
4) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը․
5) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության պայմաններում հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով օգտագործվող հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
3. Գյուղատնտեսության ոլորտում պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը տրամադրվում է՝
1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շահառուներին՝ աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով.
2) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով.
3) կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով՝ 150 000 դրամի չափով.
4) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով.
5) կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով։
4. Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում՝ անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր։ Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու։ Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
5. Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև սեպտեմբերի 16-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի ենթակետերին համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը (հստակ նշելով շահառուների համապատասխանությունը կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետին), որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ։ Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ։ Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում՝ վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ։ Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) և կարգի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում համապատասխան մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար:
6. Համայնքային հանձնաժողովները կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, կազմված ակտերը համապատասխան հիմքերով (շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, համայնքների տնտեսությունների գրքերի տվյալներ, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ, հողամասի օգտագործումը հավաստող փաստաթղթեր և այլն) ներկայացնում են մարզային հանձնաժողովների քննարկմանը։
7. Մարզային հանձնաժողովները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային հանձնաժողովների հետ քննարկում են կարգի 6-րդ կետով ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հաստատում է ակտերը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ ՆԳՆ)։ ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է նախարարությանը: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները նախարարություն ներկայացնելու համար։
8. Կարգով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է ՆԳՆ-ի կողմից նախարարությանը տրամադրված, համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան շահառուների վերաբերյալ կազմված ակտերի հիման վրա:
9. Նախարարությունը կարգի 8-րդ կետում նշված ակտերի հիման վրա հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ՆԳՆ-ի կողմից նախարարությանը տրամադրված ակտերն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում (համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում) հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերում հաշվարկված փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին: Եթե շահառուն սխալ է նշել բանկային հաշվեհամարը, ապա նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի ճշգրտված հաշվեհամարը տրամադրելու համար։ Նախարարությունը ճշգրտված հաշվեհամարն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին:
10. Կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նույն հողամասի համար շահառուն կարող է փոխհատուցում ստանալ միայն մեկ ենթակետով՝ կարգի պահանջներին համապատասխան: Եթե շահառուն նույն ոչնչացված կամ կորսված կամ վնասված ցանքատարածության համար հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված Բուսաբուծության աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մասնակից (ծրագրի շահառու), ապա շահառուին փոխհատուցումը տրամադրվում է կարգով հաշվարկված փոխհատուցման գումարի և ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության (փոխհատուցված/փոխհատուցվող) գումարի տարբերության չափով։
11. Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների վնասի փոխհատուցման դեպքում, եթե անշարժ գույքը (հողամասը), որին պատճառվել է վնաս, հանդիսանում է մեկից ավելի անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն, ապա փոխհատուցումը տրամադրվում է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկին՝ նոտարական կարգով վավերացված կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ անշարժ գույքի սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ:
12. Փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
13. Շահառուի մահվան պատճառով չվճարված գումարի առկայության դեպքում այն վճարվում է շահառուի ամուսնուն կամ վերջինիս համաձայնությամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի չափահաս զավակին (վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի 14 տարին լրացած երեխային), եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) համայնքին են ներկայացվում մահվան պետական գրանցումից հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում։
Աղյուսակ
Անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների փոխհատուցման ենթակա գնահատված արժեքները
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Փոխհատուցման ենթակա գումարը միավորի հաշվով (դրամ) | |||
1 |
Անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ |
|||||
1․1 |
ցուլ |
գլուխ |
650 000 | |||
1․2 |
կով |
գլուխ |
550 000 | |||
1․3 |
հորթ |
գլուխ |
110 000 | |||
1․4 |
խոզ |
գլուխ |
100 000 | |||
1․5 |
խոճկոր |
գլուխ |
40 000 | |||
1․6 |
ոչխար և այծ |
գլուխ |
50 000 | |||
1․7 |
գառ |
գլուխ |
40 000 | |||
1․8 |
ձի |
հատ |
350 000 | |||
1․9 |
ավանակ |
հատ |
80 000 | |||
1․10 |
ճագար |
հատ |
3 000 | |||
1․11 |
հավ |
հատ |
2 500 | |||
1․12 |
բադ |
հատ |
4 000 | |||
1․13 |
սագ |
հատ |
5 000 | |||
1․14 |
հնդկահավ |
հատ |
7 000 | |||
1․15 |
մեղվափեթակ (մեղվաընտանիք) |
հատ |
60 000 | |||
1․16 |
ծիածանափայլ իշխանի մայրական կազմ |
հատ |
2 400 | |||
2 |
Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր և ցանքատարածություններ |
|
| |||
2․1․ |
|
հատ |
8 500 | |||
հատ |
1 500 | |||||
2․2․ |
պտղատու տնկանյութ (տնկարանների) |
հատ |
300 | |||
2․3․ |
հատապտղի թուփ |
քմ |
450 | |||
2․4․ |
բանջարեղեն |
քմ |
170 | |||
2․5․ |
կարտոֆիլ |
քմ |
150 | |||
2․6 |
եգիպտացորեն |
քմ |
50 | |||
2․7 |
այլ հացահատիկային և հատիկաընդեղեն |
հա |
350 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |