ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6436/05/21 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/6436/05/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահագն Ատոմյանի և Հրաչյա Ատոմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լիդիա Ավնանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Վահագն Ատոմյան և Հրաչյա Ատոմյան՝ Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լիդիա Ավնանյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումները։ Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 22․03․2024 թվականի որոշմամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մաթևոս Մարկոսյանի միջնորդությունը` դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10․06․2024 թվականի որոշմամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22․03․2024 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ «Բիսերվիս» ՍՊԸ-ի՝ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ «Բիսերվիս» ՍՊԸ-ն սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահագն Ատոմյանը և Հրաչյա Ատոմյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Խուրշուդյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը։
Բողոքաբերները նշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտը վերաբերելու է Վարդանանց փողոց 18 շենքի թիվ 4 և թիվ 18 հասցեներում ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումներն անվավեր ճանաչելուն, հետևաբար` ընդունվելիք դատական ակտն անմիջականորեն առնչվելու է միայն սույն գործով արդեն իսկ երրորդ անձ ներգրավված Վահագն և Հրաչյա Ատոմյանների իրավունքներին և պարտականություններին, այսինքն` վերջիններիս շահերին, քանի որ սույն վարչական գործով վիճարկվում է այն վարչական ակտը, որի անմիջական հասցեատերերն են սույն գործով արդեն իսկ երրորդ անձ ներգրավված Վահագն և Հրաչյա Ատոմյանները: Ուստի, քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով որևէ կերպ չեն կարող շոշափվել «Բիսերվիս» ՍՊԸ-ի շահերը:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 10․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավելու նախապայմանների առանձնահատկություններին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատավարության մասնակիցներն են՝ երրորդ անձինք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։ Եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատավարությանը մասնակից չդարձված անձանց ինստիտուտին՝ այն դարձնելով գնահատման առարկա: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավվելու երկու հիմք` երրորդ անձի դիմումի հիման վրա և դատարանի նախաձեռնությամբ: Ներգրավվելով արդեն իսկ հարուցված վարչական գործի քննությանը և ձեռք բերելով դատավարության մասնակցի կարգավիճակ` երրորդ անձանց նպատակն է պաշտպանելու կողմերի կամ դրանցից որևէ մեկի իրավունքների և շահերի հետ չհամընկնող իրենց սուբյեկտիվ իրավունքներն ու օրինական շահերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ մարմիններին դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքների պարտադիր շոշափվելը, այլ նաև հետագայում գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքները շոշափվելու հնարավորությունը, իսկ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց դեպքում դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելը, այլ նաև գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել նաև, որ երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավելիս դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող անձի իրավունքները շոշափելու հավանականության չափանիշով (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14․12․2022 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատարանը պարտավոր է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց կամ մարմիններին, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել կամ որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը, այսինքն՝ որոնց վրա անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է գործի քննության արդյունքում կայացված դատական ակտը, իսկ այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը բոլոր դեպքերում այն է, որ կայացված դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման (տե՛ս, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը («Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/9330/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11․04․2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս, Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի, Էլիզա Կարապետյանի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26․05․2022 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու ինստիտուտի առկայությունը պայմանավորված է այն անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, որոնց վերաբերյալ կայացվելու է դատական ակտը։ Նշված կարգավորման նպատակը նման անձանց հնարավորություն ընձեռելն է` դատավարությանը որոշակի կարգավիճակով մասնակցելու միջոցով ձեռնամուխ լինելու իրենց իրավունքների պաշտպանությանը՝ օգտվելով օրենսդրությամբ տրամադրված իրավունքներից և պարտականություններից։ Այդ իրավունքների և պարտականությունների շրջանակը, որոշ սահմանափակումներով, հավասարեցվում է դատավարության կողմերին վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակին։ Յուրաքանչյուր դեպքում դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու հարցին անդրադառնալիս դատարանը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք տվյալ անձը հետապնդում է որևէ իրավական շահ տվյալ գործով, և արդյոք գործի քննության արդյունքում ընդունման ենթակա դատական ակտն առնչվելու է վերջինիս իրավունքներին և պարտականություններին, թե՝ ոչ։ Այդ հարցը պարզելիս, դատարանը պետք է բացահայտի նաև, թե արդյոք տվյալ սուբյեկտը կարող է լինել դատական քննության ենթակա վիճելի իրավահարաբերության ենթադրյալ մասնակից, արդյոք կայացվելիք դատական ակտով ուղղակիորեն իրավունքներ և պարտականություններ են առաջանալու վերջինիս համար, թե՝ ոչ։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ վերոնշյալ հարցերի պարզման չափանիշներից է գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքներն ուղղակիորեն շոշափվելու կամ այդ իրավունքները շոշափվելու ողջամիտ հնարավորության առկայության բացահայտումը։ Այլ կերպ ասած՝ դատարանը պետք է պարզի, թե ողջամտորեն որքան է հավանականությունը, որ ընդունվելիք դատական ակտն ուղղակիորեն անդրադառնալու է որևէ անձի իրավունքներին կամ օրինական շահերին, այսինքն՝ գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող անձի իրավունքները շոշափելու հավանականության չափանիշը դատարանի քննությանը ենթակա վեճի հնարավոր ընթացքի ողջամիտ գնահատումն է։
Հետևաբար, եթե դատարանը գտնում է, որ տվյալ գործով վեճն ըստ էության լուծող դատական ակտով կոնկրետ անձի իրավունքների ծավալի փոփոխության հնարավորություն առկա չէ, ապա վերջինս չի կարող դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ այն պարագայում, երբ անձը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ իրեն որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, սակայն վերջինիս եզրահանգումները հանգում են վեճի առարկա վարչական ակտի քողարկված բողոքարկմանը, ապա տվյալ դեպքում վերջինիս դատավարական կարգավիճակը չի կարող սահմանվել որպես երրորդ անձի կարգավիճակ, քանի որ տվյալ պարագայում վերջինիս մոտ առկա է հայցվորին ներհատուկ դատավարական շահագրգռվածություն։
Այսինքն` եթե դատական ակտով պետք է վերականգնվեն իր ենթադրյալ խախտված իրավունքները, վերջինս չի կարող դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ, քանի որ երրորդ անձ ներգրավելու նպատակը ոչ թե վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումն է, այլ վերջինիս՝ իրեն առնչվող գործով դատավարության մեջ ներգրավվելու և որոշակի դատավարական կարգավիճակի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն ընձեռելը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Լիդիա Ավնանյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումները։
«Բիսերվիս» ՍՊԸ-ի կողմից 18․03․2024 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ վերջինիս դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ Ընկերությունը Վարդանանց փողոցի թիվ 18/1 և թիվ 18 շենքի համասեփականատեր է և ունի ընդհանուր բաժնային սեփականություն՝ հողամասի նկատմամբ, իսկ հայցադիմումում ներկայացված հիմնավորումները և պահանջն առնչվում են Ընկերության օրինական շահերին և իրավունքներին (հատոր 2-րդ, գ․ թ․ 157-158)։
Դատարանը 22․03․2024 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մաթևոս Մարկոսյանի միջնորդությունը` դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) Դատարանի գնահատմամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ի փաստարկները անհիմն են և չեն կարող հիմք հանդիսանալ վերջինիս սույն գործով երրորդ անձ ներգրավելու համար, քան որ սույն գործով դատական ակտը վերաբերելու է Վարդանանց փողոց 18 շենքի թիվ 4 և 18 հասեցեներում ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և 6379-Ա որոշումներն անվավեր ճանաչելուն, հետևաբար ընդունվելիք դատական ակտն անմիջականորեն առնչվելու է միայն սույն գործով արդեն իսկ երրորդ անձ ներգրավված Վահագն և Հրաչյա Ատոմյանների շահերին, ուստի նման պայմաններում գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով չի կարող շոշափվել «Բիսերվիս» ՍՊԸ-ի շահերը, ուստի սույն գործով վերջինիս որպես երրորդ անձ ներգարվելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման:
Միաժամանակ, եթե «Բիսերվիս» ՍՊԸ-ն գտնում է, որ նշված անձանց՝ Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և 6379-Ա որոշումներով խախտվել են իր իրավունքները, վերջինս զրկված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունից»:
Վերաքննիչ դատարանի 10․06․2024 թվականի որոշմամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22․03․2024 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ․ «Բիսերվիս» ՍՊԸ-ի՝ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ «Բիսերվիս» ՍՊԸ-ն սույն վարչական գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անմիջականորեն կարող է շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով «Բիսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքները, քանի որ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում, իսկ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով վիճարկվում են Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումները, որոնցից թիվ 6378-Ա որոշմամբ օրինական են ճանաչվել Վարդանանց փողոցի թիվ 18 շենքի թիվ 13 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Կարինյանի կողմից ինքնակամ իրականացրած 65․5քմ ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) և ինքնակամ բացված պատուհանները՝ 2 հատ, իսկ թիվ 6379-Ա որոշմամբ՝ օրինական է ճանաչվել Վարդանանց փողոցի թիվ 18 շենքի թիվ 4 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Կարինյանի կողմից ինքնակամ իրականացրած 572․8քմ ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) (հատոր 1-ին, գ․ թ․ 30-31)։
Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2255723 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Վարդանանց փողոցի թիվ 18 հասցեի կաթսայատան նկատմամբ 28․02․2008 թվականին գրանցվել է «Բիսերվիս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ․ թ․ 159-162)։
Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2255722 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Վարդանանց փողոցի թիվ 18/1 շենքի թիվ 43 նկուղի նկատմամբ 28․02․2008 թվականին գրանցվել է «Բիսերվիս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ․ թ․ 163-166)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվում է Վարդանանց փողոցի թիվ 18 շենքի թիվ 4 և թիվ 13 հասցեներում գտնվող շինությունների օրինականացման իրավաչափությունը, մինչդեռ «Բիսերվիս» ՍՊԸ-ն հանդիսանում է Վարդանանց փողոցի թիվ 18 հասցեի կաթսայատան և թիվ 18/1 շենքի թիվ 43 նկուղի սեփականատերը։ Վերոգրյալից հետևում է, որ Վարդանանց փողոցի թիվ 18 շենքի թիվ 4 և թիվ 13 հասցեներում գտնվող անշարժ գույքերի օրինականացման իրավաչափության հարցը լուծող դատական ակտով չեն կարող անմիջականորեն շոշափվել «Բիսերվիս» ՍՊԸ-ի իրավունքները։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում, իսկ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության կապակցությամբ առաջացող նեգատիվ (սեփականության իրավունքին միջամտելուց ձեռնպահ մնալու) և պոզիտիվ (սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու) պարտականությունները վերաբերում են նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող՝ բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի ընդհանուր սեփականության իրավունքին։ Հետևաբար սեփականության իրավունքին չմիջամտելու պարտականությամբ պայմանավորված՝ որևէ անձի համար բարենպաստ վարչական ակտը չպետք է սահմանափակի բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի սեփականության իրավունքը, իսկ նման սահմանափակման համար անհրաժեշտ է վերջիններիս համաձայնությունը (տե՛ս, Միքայել և Կարեն Վարդանյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4091/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բազմաբնակարան շենքում կատարված ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում, ըստ էության, ավելանում են տվյալ շենքում բաժնային սեփականություն ունեցող անձանց բաժինները։ Հետևաբար, այն դեպքում, երբ դատարանը քննում է բազմաբնակարան շենքում կատարված ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ ընդունված վարչական ակտի իրավաչափության վիճարկման հայցապահանջ, ապա տվյալ պարագայում բազմաբնակարան շենքում ընդհանուր բաժնային սեփականություն ունեցող որևէ անձի բաժնի ավելացման հնարավորությունը դեռևս հիմք չէ՝ հաստատված համարելու, որ տվյալ դատական ակտն առնչվելու է վերջինիս իրավունքներին և օրինական շահերին։
Մասնավորապես՝ տվյալ պարագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում անվավեր են ճանաչվելու Երևանի քաղաքապետի 13.12.2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումները, և փաստացի վերականգնվելու է նախքան տվյալ որոշումների ընդունումը եղած նախկին դրությունը:
Ինչ վերաբերում է հայցի հնարավոր մերժման պարագայում «Բիսերվիս» ՍՊԸ-ի իրավունքների խախտմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորվում է ոչ թե սույն գործով կայացվելիք դատական ակտով, այլ՝ վիճարկվող վարչական ակտերով նրա իրավունքներին հնարավոր միջամտող ազդեցությամբ, որի առնչությամբ «Բիսերվիս» ՍՊԸ-ն զրկված չէ դատական պաշտպանության դիմելու միջոցով վիճարկել Երևանի քաղաքապետի 13․12․2013 թվականի թիվ 6378-Ա և թիվ 6379-Ա որոշումները՝ ներկայացնելով հիմնավորումներ ոչ միայն այդ ակտերի՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու մասին, այլ նաև դրանցով իր իրավունքների խախտված լինելու մասին։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բիսերվիս» ՍՊԸ-ի իրավունքները չեն շոշափվում կամ անմիջականորեն չեն կարող շոշափվել սույն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ուստի վերջինիս դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու անհրաժեշտությունը բացակայել է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Հետևաբար, «Բիսերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդությունը ենթակա էր մերժման։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ա. Թովմասյան Լ. Հակոբյան ռ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
