ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին հոդվածով․
«Հոդված 7․1․ |
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում |
1․ Հասարակական կարգի պահպանման, ուսումնական և գիտական, պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ինչպես նաև պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր։
Տեսալուսանկարահանող սարքերն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով։
2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է։
3․ Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը:
4. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
5․ Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչև խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան վեց ամիս։
6. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված տվյալները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-338-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|