ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 16-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, կազմակերպման և գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները և իրավունքները, կառուցվածքը, ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչպես նաև իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության վերահսկողության կարգը:
(նախաբանը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն)
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Ոստիկանության հասկացությունը |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համապատասխան նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) ենթակայությամբ գործող, միասնական համակարգ կազմող պետական կառավարման համակարգի մարմին է (այսուհետ` ոստիկանություն), որը սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:
(1-ին հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 2. | Ոստիկանության խնդիրները |
Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը.
3.1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը.
3.2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օժանդակությունը:
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով:
(2-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-295-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 3. |
Ոստիկանության գործունեության սկզբունքները |
Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ:
Ոստիկանության գործունեությանը միջամտությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(3-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 3.1. | Ոստիկանության խորհրդանիշները |
1. Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը։
2. Դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(3.1-ին հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 4. | Ոստիկանության գործունեության իրավական կարգավորումը |
Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանությանը վերապահվող լիազորությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին:
(4-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 5. | Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները |
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Իր լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:
Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է ոստիկանության պետը:
Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո՝ 3 ժամը լրանալու պահից, ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, հաղորդակցվել և տեսակցել փաստաբանի հետ և իր ցանկության դեպքում ենթարկվել բժշկական զննման: Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ձերբակալված անձին բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված դեպքերում օգտվելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին վերապահված իրավունքներից:
Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(5-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 06.12.17 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն, 01.03.23 ՀՕ-81-Ն)
(հոդվածի 24.01.17 ՍԴՈ-1339 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 09.06.22 ՀՕ-172-Ն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի փոփոխությամբ)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 5.1. | Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը |
1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող համակարգերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգի բաղկացուցիչ սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են երեք ամիս:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները տրամադրվում են՝
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին.
2) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.
3) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:
5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները տրամադրվում են միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն ստանալու պարտականությունը կրում է ոստիկանությունը:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց տեսագրությունները տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետներում:
7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:
8. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(5.1-ին հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-310-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 6. | Ոստիկանության խնդիրների կատարմանը Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողներին, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը |
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն)
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողները, ինչպես նաև վերապատրաստում անցնող անձինք՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 7. | Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք հնարավոր աջակցություն են ցույց տալիս ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս:
Քաղաքացիները և իրավաբանական անձինք ոստիկանության խնդիրների իրականացմանը կարող են մասնակցել կամավորության սկզբունքով:
Հոդված 8. | Ոստիկանության աշխատակիցների առանձին իրավունքների սահմանափակումը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 9. | Ոստիկանության համակարգը և ղեկավարումը |
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
1. Ոստիկանությունը բաղկացած է կառուցվածքային ստորաբաժանումներից և կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներից։
2. Ոստիկանության կանոնադրությունը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հաստիքների առավելագույն քանակը` վարչապետը:
3. Ոստիկանության պետը, Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ, ոստիկանության կառուցվածքի և հաստիքների քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:
(9-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված. 9.1. | Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում գործառույթների իրականացումը պետական սահմանի անցման կետերում |
1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում սույն օրենքով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության ծառայության մարմինները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնելիս ազգային անվտանգության մարմիններն առաջնորդվում են սույն օրենքով, «Օտարերկրացիների մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:
(9.1-ին հոդվածը լրաց. 06.07.22 ՀՕ-329-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. | Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս |
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.
2) բժշկական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց.
2.1) հոգեբուժական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.
3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.
3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին:
4) (կետն ուժը կորցրել է 07.06.19 ՀՕ-66-Ն)
Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ պատահարներից տուժած, ընտանիքում բռնության ենթարկված, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար:
Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-213-Ն, 09.06.17 ՀՕ-107-Ն, խմբ., լրաց. 09.02.18 ՀՕ-114-Ն, փոփ., լրաց. 07.06.19 ՀՕ-66-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-353-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-196-Ն)
(26.06.23 ՀՕ-196-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10.1. |
Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս |
1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող և այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝
1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները.
2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնել սպասվող վտանգի մասին.
3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
(10.1-ին հոդվածը լրաց. 07.06.19 ՀՕ-66-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 11. | Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս |
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարել ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն, մինչև ոստիկանության վարչական շենք բերելն անհապաղ ազատ արձակել իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերացել է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, ներկայացնել հանցանք կամ բերել վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.
2) ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու նպատակով.
3) իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով այդ մասին հաղորդում ներկայացնել քննիչին կամ դատախազին.
4) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել գաղտնի քննչական գործողություններ, օժանդակել ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը, պահպանել հանցագործության դեպքի վայրը.
5) հայտնաբերել հանցագործություն կատարած և քննությունից թաքնվող կամ պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը.
6) իրականացնել`
ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում,
բ) քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետախուզում,
գ) պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ.
7) աջակցել`
ա) հանրային ծառայողներին և այլ պաշտոնատար անձանց՝ օրենքով նախատեսված իրենց լիազորությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում նրանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց լիազորությունների իրականացմանը,
բ) ազգային անվտանգության մարմիններին` հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգության ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս,
գ) զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս,
դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց կանոնադրական գործառույթներն իրականացնելիս:
ե) (ենթակետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-172-Ն)
Ոստիկանությունը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:
Ոստիկանությունը կրում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:
(11-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-34-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-129-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-295-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 12. | Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ:
Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։
(12-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-7-Ն, 07.02.18 ՀՕ-99-Ն, 31.05.19 ՀՕ-46-Ն, 03.06.20 ՀՕ-295-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 13. | Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն)
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:
(13-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 14. | Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
1․ Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել՝
1) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման և հրաձգարանի գործարկման լիցենզիաները․
2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները․
3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված՝ մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները։
2․ Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը։
3․ Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ։
(14-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-380-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 15. | Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.
2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց հանձնելը.
3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:
Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:
Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:
(15-րդ հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 16. | Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրության պայմաններում |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև առանց հսկողության մնացած գույքը պահպանելու ուղղությամբ՝ վթարների, աղետների, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ.
2) օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը:
Հոդված 17. | Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս |
1. Ոստիկանությունը պարտավոր է՝
1) կատարել`
ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն և դրանց հետևանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները,
բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները,
գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.
2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.
3) օժանդակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս.
4) աջակցել քննիչին ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս.
5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս:
(17-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ., խմբ. 29.04.09 ՀՕ-104-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 18. | Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ III
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 19. | Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս |
Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի`
1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնել տվյալ վայրից.
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.
3) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը.
4) ստեղծել և վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը.
5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ.
6) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, այն անձանց, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատժի կատարումը հետաձգվել է, քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:
Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝
1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում ձերբակալել նրանց.
2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.
3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը:
Սույն օրենքի իմաստով՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝
1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին՝ որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:
Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաև նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա ևս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն և այլն):
(19-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-74-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-365-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-196-Ն)
(05.10.22 ՀՕ-365-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(26.06.23 ՀՕ-196-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 20. | Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս |
Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի՝
1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.
2) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-172-Ն)
3) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալված անձին ուղարկելու կամ տեղափոխելու բժշկական հաստատություն՝ նրա օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է ենթադրյալ հանցագործության փաստն արձանագրելու համար.
4) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա անձանց հետապնդելիս, դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ, ինչպես նաև անձանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող վտանգի դեպքում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, եթե հետապնդվող նպատակներին հնարավոր չէ հասնել այլ՝ անձի անձնական կյանքի պաշտպանության իրավունքին և սեփականության իրավունքին նվազ միջամտությամբ:
Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:
Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:
Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցում է դատախազին.
5) առերևույթ հանցագործության առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ դատավարական գործողություններ.
6) կատարելու փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաև գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.
6.1) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ.
6.2) կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:
Հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:
Փորձագիտական հիմնարկները դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր են էլեկտրոնային եղանակով և Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:
ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության տեղեկատվական կենտրոնից այդ մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված ինքնությունը չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական վարույթի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:
ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:
ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել սույն կետով չնախատեսված նպատակներով:
Սույն կետի պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտի և կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:
Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաև օրենքներով իրեն վերապահված այլ գործողություններ:
(20-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-220-Ն, 06.12.17 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 21. | Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս |
Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝
1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ.
3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել.
4) ձերբակալել և համապատասխան հիմնարկներ տեղափոխել նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց.
5) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված կարգով վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը.
6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:
(21-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 22. | Ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս |
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-99-Ն)
Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի`
1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.
2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ հոգեբուժական կազմակերպություններ հասցնելու հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց:
Անձին օրենքով սահմանված կարգով ոստիկանության բաժին բերելուց հետո վերջինիս հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը անձին հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ, և շտապ օգնության մեքենաների միջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումը համապատասխան առողջապահական կազմակերպություն:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի կողմից անձին հետազոտելու և (կամ) բուժելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու և դրա հետևանքով վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր որոշակի դեպքում անձին անազատության մեջ պահելու ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը: Նշված ժամկետում անձի հոսպիտալացման անհրաժեշտության մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում նրա հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ հոսպիտալացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բժշկական հիմնարկներ հասցնելու վարակիչ հիվանդություններով տառապող անձանց.
4) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելու առանց հսկողության թողնված անչափահասներին.
5) դատարանի որոշման հիման վրա արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա այլ պետության հանձնելու նպատակով հատուկ կացարան հասցնելու և մինչև համապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.
6) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:
Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ.
7) մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովելու հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով, երրորդ մասով և 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով: Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթ օր հետո, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`
1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.
2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.
3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:
Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:
Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(22-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-213-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 07.02.18 ՀՕ-99-Ն, 09.02.18 ՀՕ-114-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ., լրաց. 13.12.19 ՀՕ-310-Ն, խմբ., փոփ. 18.06.20 ՀՕ-353-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 23. | Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
1. Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
1) վերահսկողություն իրականացնելու զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ.
2) անցկացնելու զենքի զննություն՝ առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավելու և ոչնչացնելու հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը.
3) ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնելու իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում և այդպիսի առարկաների առգրավում:
(23-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-380-Ն)
Հոդված 24. | Ոստիկանության իրավունքները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝
1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելել տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը.
3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.
4) տրանսպորտային միջոցները վարելուց մեկուսացնել այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
5) արգելանքի տակ դնել հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից ավտոտրանսպորտային միջոցները.
6) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն.
7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ:
(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-74-Ն)
Ոստիկանությունը սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորություններից օգտվում է նաև լիազորած մարմնի կողմից հատուկ միջոցառումներ իրականացնելիս:
(24-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-74-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-220-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 25. | Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս |
Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի՝
1) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ, կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը՝
ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք,
բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:
Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:
(25-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 26. | Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս |
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար:
Ոստիկանությունն իրականացնում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Պրոբացիայի ծառայությունից ստացված՝ պրոբացիայի շահառուին հայտնաբերելու կամ Պրոբացիայի ծառայությանն աջակցելու մասին պահանջները:
(26-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 27. | Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս |
1. Ոստիկանությունն իրավունք ունի՝
1) հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ հանցագործություն կատարած զինծառայողներին, կատարելու դրան ուղեկցող անձնական խուզարկություն և այդ մասին անհապաղ հայտնելու իրավասու դատախազին.
2) օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում փոխանցելու իրավասու մարմնին:
(27-րդ հոդվածը լրաց. 21.12.06 ՀՕ-16-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 28. | Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով |
Ոստիկանությունն իրավունք ունի՝
1) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից անհատույց ստանալ կոնկրետ հանցագործությանն առնչվող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանված է հատուկ կարգ.
2) անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվության միջոցները՝ հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման, ինչպես նաև հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած և քննությունից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար.
3) ներգրավել քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, վերջիններիս համաձայնությամբ, հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը բացահայտելու, հանցագործին կամ իրավախախտողին ձերբակալելու գործում, այդ աշխատանքին օժանդակելու և կամովին ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար խրախուսել նրանց:
(28-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 29. | Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները |
Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև՝
1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.
3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և մահակի) և հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:
Ոստիկանությունը պարտավոր է սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:
Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ոստիկանության պետը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին:
Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 8-րդ մասով և սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ., լրաց. 07.04.09 ՀՕ-94-Ն, 22.12.10 ՀՕ-7-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 30. | Ֆիզիկական ուժի գործադրումը |
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
(30-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 22.12.10 ՀՕ-7-Ն)
Հոդված 31. | Հատուկ միջոցների գործադրումը |
Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն ոստիկանության տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել՝
1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս.
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
Ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝
ա) մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
բ) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
գ) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,
դ) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ե) արգելանքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
զ) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում,
է) ջրանետեր և զրահամեքենաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ը) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1- 4-րդ կետերով նախատեսված դեպքերում,
թ) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով,
ժ) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, դրանք բնութագրող չափանիշները, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:
Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:
Հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է ոստիկանության պետը:
(31-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 29.04.09 ՀՕ-104-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-7-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-78-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 32. | Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը |
Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունք ունեն հրազեն գործադրել՝
1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները ազատելիս.
4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպությունների զբաղեցրած տարածքների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
6) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս.
7) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-7-Ն)
Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործել՝
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
Ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության պետը անմիջապես տեղյակ է պահում Լիազոր մարմնի ղեկավարին և դատախազին:
Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ նրա ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդունելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:
Ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-94-Ն, փոփ. 29.04.09 ՀՕ-104-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-7-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, խմբ. 31.05.19 ՀՕ-46-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 33. | Ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության զինված ծառայողն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:
Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ ոստիկանության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման հրազեն գործադրել սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան:
(33-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 34. | Ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցները |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:
Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-7-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 35. | Ոստիկանության աշխատակիցը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 36. | Ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները և իրավունքները |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության ծառայողները սույն օրենքով սահմանված պարտականությունները կատարում և իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում և զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են`
1) օգնություն ցույց տալ (այդ թվում՝ առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից, վարչական իրավախախտումներից և պատահարներից տուժած, ինչպես նաև անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:
Ոստիկանության ծառայողները սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականությունները կատարելիս օգտվում են ոստիկանության համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից:
(36-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 37. | Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները |
Ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Ոստիկանության ծառայողներն այլ պետություններում հասարակական կարգի պահպանության գործում կարող են ներգրավվել միայն կամավորության սկզբունքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
(37-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 38. | Ոստիկանության ծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և գտնվում է օրենքի ու պետության պաշտպանության ներքո:
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության ծառայողը պատասխանատվություն չի կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:
Սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործող ոստիկանության ծառայողը ենթակա չէ պատասխանատվության՝ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառած վնասի համար, եթե չեն խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Այդ վնասը հատուցվում է պետության հաշվին:
Ոստիկանության ծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր անմիջական և ուղղակի պետերին, և ոչ ոք իրավասու չէ միջամտելու նրա օրինական գործողություններին, բացի օրենքով ուղղակիորեն լիազորված անձանցից: Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ սույն օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Ակնհայտ անօրինական հրամանով, հանձնարարությամբ կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն, հանձնարարություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինական հրամանը, հանձնարարությունը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:
Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված ոստիկանության ծառայողները պահվում են առանձնացված կալանատներում և մեկուսարաններում:
Ոստիկանության բոլոր ծառայողները ենթակա են կյանքի պարտադիր պետական ապահովագրման՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին: Ոստիկանության ծառայողների ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 39. | Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:
(39-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն)
Գ Լ ՈՒ Խ VII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 40. | Ոստիկանության ֆինանսավորումը |
Ոստիկանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
(40-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-74-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-243-Ն)
Հոդված 40.1. |
Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները |
1. Ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
2. Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն)
(40.1-ին հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-243-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 41. | Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-243-Ն)
Գ Լ ՈՒ Խ VIII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հոդված 42. | Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը |
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմնի ղեկավարը:
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։
Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության և հետաքննության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(42-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-12-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց., խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 421. | Ոստիկանության գործունեության հսկողությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-172-Ն)
Հոդված 43. | Ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության ծառայողի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով:
(43-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|