Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (16.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 18.06.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 968-Լ

 

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 14.03.24 N 381-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը խմբ. 14.03.24 N 381-Լ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը.

2) առաջարկություններ ներկայացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիս ամսին և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ:

(3-րդ կետը լրաց. 14.10.21 N 1678-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 968-Լ որոշման

(գլխագիրը փոփ. 14.03.24 N 381-Լ)

 

 

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

 

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 14.03.24 N 381-Լ) 

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից են ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, մարդկային կապիտալի զարգացումը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն՝ ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման նպատակով նախատեսվում է ընտանիքի ստեղծմանն ու պահպանմանը միտված երիտասարդների համար աջակցող ծրագրային փաթեթի շրջանակում իրականացնել երեխա ունեցող ընտանիքների աջակցության սույն ծրագրերը։

3. Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և բնակարանային մատչելիության ապահովումը։

4. Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է շարունակել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության սույն ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ բարձրացնելով արդեն իրականացված ծրագրերի հասցեականությունն ու թիրախայնությունը։

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝

1) աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.

2) խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.

3) երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ աջակցելով հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին երեխա ունենալու հարցում։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ երկու բաղադրիչների ձևով՝

1) միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում՝ հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար (այսուհետ՝ Մարզում հիփոթեքի աջակցություն).

2) երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ Հիփոթեքի մարման աջակցություն)։

7. Ծրագրի իմաստով շահառուն երեխայի ծնողն է`

1) ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) բնակելի անշարժ գույքը.

3) ով հանդիսանում է հիփոթեքային վարկ մարողը՝ վարկառուն։

8. Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այս դեպքում երեխայի և շահառուի միջև կապը ճշտվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված՝ ծնողների վերաբերյալ տեղեկությունների և շահառուի տվյալների (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը) հիման վրա։ Նպատակային ծրագրերի շրջանակներում հաշվի են առնվում միայն ողջ (շահառուի խնամքին գտնվող) երեխաները։

9. Մարզում հիփոթեքի աջակցությունը տրամադրվում է՝

1) մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը կամ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.

2) մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

10. Անձը, որպես շահառու, Մարզում հիփոթեքի աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։

11. Մարզում հիփոթեքի աջակցության հիմնական պայմաններն են՝

1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո.

2) ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին).

4) շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա.

5) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի դեպքում՝ կառուցվող տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով.

6) ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքը.

7) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ հողամասը (որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը) կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

12. Մարզում հիփոթեքի աջակցության չափը կազմում է՝

1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար.

2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար։

13. Մարզում հիփոթեքի աջակցության առավելագույն չափը (ներառյալ շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ։ Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 12-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ։ Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայր) կամ սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում (այսուհետ՝ առանձին բնակավայր), ապա Մարզում հիփոթեքի աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։

14. Մարզում հիփոթեքի աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) շահառուն դիմում է սույն կետի 6-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն).

2) կազմակերպությունն ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը և, ներկայացված փաստաթղթերի համաձայն, շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).

3) եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն).

4) նախարարությունը, ստացված հարցման հիման վրա, 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից և Կադաստրի կոմիտեից տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխանաբար երեխա-ծնող կապը, երեխայի ողջ լինելու փաստն ու ամուսնության առկայության/բացակայության փաստը հավաստող և շահառուներին՝ անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, ստուգում է շահառուի՝ ծրագրի պայմաններին համապատասխանությունը և ընդունում որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու վերաբերյալ, ինչի մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան հաղորդագրություն ուղարկելու միջոցով.

5) շահառուի և կազմակերպության միջև հիփոթեքի պայմանագիր կնքվելուց (իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց) հետո, նախարարությունը տասնօրյա ժամկետում կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնելով դրա մասին.

6) կազմակերպության և նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

15. Հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ (այդ թվում՝ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ) մարող շահառուն երեխա ունենալու դեպքում ստանում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի օգտվել Հիփոթեքի մարման աջակցությունից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։

16. Հիփոթեքի մարման աջակցության հիմնական պայմաններն են՝

1) շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ).

2) ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցված (ավարտական ակտի առկայության դեպքում) անշարժ գույքի գնահատված շուկայական գինը, կամ կառուցվող անշարժ գույքի (կառուցապատման վարկի դեպքում) նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով։ Ընդ որում, եթե դիմելու պահին առկա են մեկից ավելի գնահատված շուկայական արժեքներ, ապա դիտարկվում է դրանցից առավելագույնը, իսկ եթե անշարժ գույքը ձեռք բերելուց հետո շահառուն փոխել է հիփոթեքային վարկը տրամադրած կազմակերպությունը, ապա գնահատված շուկայական գինը որոշվում է վարկի տեղափոխության շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով.

3) դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը.

4) ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքը.

5) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

17. Հիփոթեքի մարման աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝

1) վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե նոր ծնված երեխան շահառուի 1-ին կամ 2-րդ երեխան է.

2) վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը), եթե նոր ծնված երեխան շահառուի 3-րդ և հաջորդ երեխան է։

18. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը նոր ծնված 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հաշվարկվում է սույն հավելվածի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված եղանակով՝ որպես մնացորդային մայր գումար դիտարկելով դիմելու օրվա դրությամբ մնացորդային մայր գումարի և նոր ծնված 1-ին երեխայի համար հաշվարկված աջակցության չափի տարբերությունը:

19. Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ առանձին բնակավայրում, ապա Հիփոթեքի մարման աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։

20. Հիփոթեքի մարման աջակցության ծրագրի դեպքում սույն հավելվածի 17-րդ կետում նշված երեխաների թվում հաշվի են առնվում նաև շահառուի չափահաս զավակները։

21. Հիփոթեքի մարման աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն).

2) եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տրամադրում է նախարարությանը, և շահառուն նախարարություն չի դիմում.

3) եթե կազմակերպությունը պայմանագիր չկնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա շահառուին տրամադրում է տեղեկանք հիփոթեքային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշման հավելվածի N 2 ձևին համապատասխան, որը շահառուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է նախարարություն.

4) նախարարությունը, ստացված տեղեկանքի հիման վրա, 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից և Կադաստրի կոմիտեից տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխանաբար երեխա-ծնող կապը, երեխայի ողջ լինելու փաստն ու ամուսնության առկայության/բացակայության փաստը հավաստող և շահառուներին՝ անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, ստուգում է շահառուի՝ ծրագրի պայմաններին համապատասխանությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու վերաբերյալ, ինչի մասին նախարարությունը տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով.

5) դրական որոշում կայացվելու դեպքում նախարարությունը կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ այդ մասին շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

22. Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա սույն հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքում հիփոթեքային վարկի մնացորդային չափը տրվում է դրամով՝ հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Նախարարությունը 6-ամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ` ըստ մարզերի և բնակավայրերի։

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

24. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 606 մլն դրամ։

25. Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի դիմելիության ծավալներն ու միտումները:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

26. Ծրագրի արդյունքներն արտացոլվելու են 2024-2026 թվականների ծնելիության ընդհանուր ցուցանիշներում։

27. 2024 թվականին նախատեսվում է՝

1) Մարզում հիփոթեքի աջակցություն տրամադրել 300 շահառուի.

2) 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների հաջորդ տարիների կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն տրամադրել 1,850 շահառուի.

3) Հիփոթեքի մարման աջակցություն տրամադրել 1,300 շահառուի։

28. Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվի շահառուների նախատեսվող թիվը՝ ըստ պահանջարկի գնահատականի։

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 09.07.20 N 1169-Լ, 18.03.21 N 351-Լ, փոփ. 15.07.21 N 1134-Լ, լրաց., փոփ. 14.10.21 N 1678-Լ, փոփ., խմբ. 01.12.22 N 1828-Լ, 14.03.24 N 381-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 968-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

ՀՀ Արագածոտնի մարզ

Արագած

գ. Ալագյազ

Թալին

գ. Գառնահովիտ

գ. Լուսակն

ՀՀ Արարատի մարզ

Արալեզ

գ. Արալեզ

Արտաշատ

գ. Բարձրաշեն

գ. Դեղձուտ

ՀՀ Արմավիրի մարզ

Արաքս

գ. Արտիմետ

Արմավիր

գ. Այգեվան

գ. Լենուղի

գ. Նորավան

գ. Սարդարապատ

Բաղրամյան

գ. Արգինա

Խոյ

գ. Արագած

գ. Շահումյան

Մեծամոր

գ. Արմավիր

գ. Արևիկ

գ. Գետաշեն

գ. Փշատավան

գ. Ջանֆիդա

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ

գ. Ջիլ

Մարտունի

գ. Աստղաձոր

գ. Լեռնահովիտ

գ. Ներքին Գետաշեն

գ. Վերին Գետաշեն

Սևան

գ. Գագարին

Վարդենիս

գ. Ակունք

գ. Շատջրեք

ՀՀ Լոռու մարզ

Ալավերդի

գ. Հագվի

Լոռի Բերդ

գ. Ագարակ

Սպիտակ

գ. Գոգարան

գ. Լեռնավան

գ. Լուսաղբյուր

Ստեփանավան

գ. Վարդաբլուր

Տաշիր

գ. Մեդովկա

ՀՀ Կոտայքի մարզ

Աբովյան

գ. Կաթնաղբյուր

Հրազդան

գ. Ջրառատ

ՀՀ Շիրակի մարզ

Ախուրյան

գ. Կապս

Ամասիա

գ. Արեգնադեմ

գ. Բերդաշեն

Արթիկ

գ. Արևշատ

ՀՀ Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր

գ. Շատին

գ. Եղեգիս

գ. Չիվա

Վայք

գ. Գոմք

ՀՀ Տավուշի մարզ

Այրում

գ. Բագրատաշեն

ՀՀ Սյունիքի մարզ

Գորիս

գ. Հարժիս

Սիսիան

գ. Դարբաս

գ. Վաղատին

Ընդամենը

28 համայնք

48 բնակավայր

(հավելվածը լրաց. 14.03.24 N 381-Լ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան