Գլխավոր տեղեկություն
Համար
N 1265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1265-Ն

 

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Պետական կառավարման մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկությամբ․

1) խելամիտ հարմարեցումների համար ֆինանսավորումն ապահովել տվյալ տարվա պետական բյուջեով տվյալ մարմնին հատկացված ֆինանսական վերաբաշխումների միջոցով կամ գնումների ընթացակարգով նախատեսված մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին։

3. Հանրակրթական ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումներն իրականացվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված՝ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող նպատակային ֆինանսավորման շրջանակում։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի վերաբերյալ իրազեկումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշման

 

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ ստանալու համար դիմելու, ինտերակտիվ երկխոսության իրականացման և որոշման կայացման, խելամիտ հարմարեցումների վերանայման և վերացման, վերահսկողության հետ կապված հարաբերությունները։

2. Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

1) ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ` հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ)․

2) ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ` հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություներ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումները, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված կարիքները).

3) բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ՝ հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ՝ ներառյալ ծրագրային ապահովում, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումները, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված կարիքները ).

4) աջակցություն որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ կույր և խուլ անձանց համար կամ աջակցող կենդանիներ, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումները, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված կարիքները)․

5) կողմերի համաձայնությամբ կարող են ներառվել նաև այլ գործողություններ։

 

2. ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, որը՝

1) ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը ծառայությունների անհատական ծրագրի համաձայն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը.

2) խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի.

ա․ աշխատանքի ընդունվելիս՝ մյուսների հետ հավասար հնարավորություններ ունենալու պարագայում.

բ․ աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար․

գ․ ուսումնական հաստատություն ընդունելությանը, ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։

4. Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը.

1) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար, աշխատանքի ընդունվելու դեպքում.

2) աշխատողը՝ աշխատանքային պայմանագրով կամ պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելիս՝ ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսումնառության, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն.

3) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դիմորդը ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի, իսկ սովորողը ուսումնական հաստատությունում սովորելու ամբողջ ընթացքում:

5. Խելամիտ հարմարեցումների համար դիմող անձն իրավունք ունի՝

1) ստանալու խելամիտ հարմարեցումներ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից․

2) ինտերակտիվ երկխոսության ընթացքում լսված լինելու իրեն մատչելի եղանակով՝ անձամբ և (կամ) օրինական ներկայացուցչի միջոցով․

3) ստանալու խելամիտ հարմարեցումներ ապահովելու կամ այն մերժելու մասին որոշման օրինակը՝ որոշումը կայացնելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում․

4) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետում խելամիտ հարմարեցումներ չապահովելու դեպքում հայցելու խելամիտ հարմարեցում չապահովելու հետևանքով կրած վնասների փոխհատուցում.

5) հայցով դիմելու դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը պարտավոր է՝

1) մասնակցել ինտերակտիվ երկխոսությանն անձամբ և (կամ) օրինական ներկայացուցչի միջոցով․

2) հայտնել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին, եթե տեղի են ունեցել փոփոխություններ իր ֆունկցիոնալության կամ կարիքների հարցում (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն՝ համաձայն ֆունկցիոնալության գնահատման որոշման կամ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ), որոնք հիմք են հանդիսացել խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ներառյալ խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության վերացման մասին, այդ մասին տեղեկանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն իրավունք ունի՝

1) ստանալու ամբողջական տեղեկություն անձի ֆունկցիոնալության և կարիքների մասին․

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն տեղեկացվելու, եթե վերացել է հարմարեցումների անհրաժեշտությունը։

8. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է՝

1) հարգել խելամիտ հարմարեցումների համար դիմած անձի իրավունքները, արժանապատվությունը, չենթարկել խտրականության.

2) ժամանակին և մատչելի ձևով իրազեկել անձին խելամիտ հարմարեցումներ ստանալու իրավունքի վերաբերյալ.

3) ապահովել խելամիտ հարմարեցումների ապահովման հետ կապված իրեն հայտնի դարձած տեղեկության՝ ներառյալ խելամիտ հարմարեցումների ապահովման փաստի գաղտնիությունը, և տվյալների մշակումը` համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի.

4) կրել խելամիտ հարմարեցման ապահովման, պահպանման բեռը և ծախսերը.

5) մշակել խելամիտ հարմարեցումների ապահովման ներքին ընթացակարգ.

6) պլանավորել հերթական տարեկան բյուջեն` հաշվի առնելով խելամիտ հարմարեցումների ապահովման կարիքը.

7) տեխնոլոգիական հարմարեցումների և այլ ընթացիկ սպասարկում պահանջող հարմարեցումների դեպքում ապահովել խելամիտ հարմարեցումների ընթացիկ տեխնիկական սպասարկումը.

8) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) կնքելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետում ապահովել պայմանագրով նախատեսված խելամիտ հարմարեցումները։

 

3. ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը նախաձեռնվում է անձի, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում՝ օրինական ներկայացուցչի՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին ուղղված գրավոր դիմումի հիման վրա՝ համաձայն սույն հավելվածի ձև 1-ի։

10. Խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը (ինտերակտիվ երկխոսությունը) կարող է նախաձեռնել նաև խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրող անձը, եթե խելամիտ հարմարեցումների կարիքն ըստ իրեն ակնհայտ է։ Ինտերակտիվ երկխոսության ընթացքն արձանագրվում է գրավոր։ Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից։ Մի օրինակը տրամադրվում է անձին, մյուսը՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին։

11. Դիմումի մեջ անձը՝

1) նկարագրում է այն անհատական (ներառյալ առողջական վիճակը) և միջավայրային գործոնները, որոնք ազդում են (ներառյալ խոչընդոտում են) սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողություններից որևէ մեկն իրականացնելու վրա, և հիմնավորում է իր ֆունկցիոնալության այն սահմանափակումը, որի համար անհրաժեշտ են այդ խելամիտ հարմարեցումները.

2) հնարավորության դեպքում նկարագրում է, թե ինչպիսի խելամիտ հարմարեցումների կարիք ունի։

12. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը խելամիտ հարմարեցումների համար դիմող անձի գրավոր դիմումն ստանալուց հետո առավելագույնը յոթ օրացուցային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ապաhովել դիմումում նշված անհրաժեշտ խելամիտ հարմարեցումները և կնքել պայմանագիր՝ համաձայն սույն հավելվածի ձև 2-ի.

2) նախաձեռնել ինտերակտիվ երկխոսություն դիմողի և, առկայության դեպքում, նրա օրինական ներկայացուցչի հետ։

13. Այն դեպքում, երբ անձն ու հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն ինտերակտիվ երկխոսության արդյունքում չեն հանգում համաձայնության, հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը ինտերակտիվ երկխոսության ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում մերժելու հարմարեցումների ապահովումը։ Որոշմամբ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը՝ ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։

14. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձի որոշումը, ինչպես նաև անգործությունը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

15. Եթե սույն հավելվածի 14-րդ կետով նշված որոշման կամ անգործության հետևանքով անձը հայտնվում է աշխատանքից զրկվելու վտանգի առջև, անձի և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողի միջև վեճը համարվում է աշխատանքային վեճ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։

 

4. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ինտերակտիվ երկխոսությունը գործընթաց է, որի շրջանակներում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, հնարավոր հարմարեցումների տարբերակները, այն դժվարությունները, որոնց կարող է բախվել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը և հնարավոր այլընտրանքները։ Ինտերակտիվ երկխոսության նպատակն է համաձայնություն ձեռք բերել համապատասխան խելամիտ հարմարեցման և ապահովման պայմանների վերաբերյալ։

17. Ինտերակտիվ երկխոսությունը մեկնարկում է այդ մասին որոշում կայացնելուց անմիջապես հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, համատեղ համաձայնեցված ձևաչափով։ Ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ ավելի, քան 20 օրով։

18. Ինտերակտիվ երկխոսության ընթացքում անձը ներկայացնում է, թե ինչ հարմարեցումների կարիք ունի, ինչպես է հնարավոր այն ապահովել՝ ըստ իրեն։ Պարտականություն կրող անձը ներկայացնում է, թե ինչ տեսակի հարմարեցում կարող է ապահովել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում անձի համար ընդունելի խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ։ Բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ խելամիտ հարմարեցումների ապահովումը, կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել վերանայելու աշխատանքային պարտականությունները, որոնք հնարավոր կդարձնեն անձի կողմից իր պարտականությունների կատարումը կամ, ըստ այդմ՝ խելամիտ հարմարեցումների ապահովումը։

19. Կողմերը պետք է ջանք գործադրեն, որպեսզի ինտերակտիվ երկխոսության գործընթացը տևի հնարավորինս կարճ՝ ինտերակտիվ երկխոսության վերաբերյալ մեկնարկման պահից սկսած ոչ ավելի, քան 30 օր։

20. Խելամիտ հարմարեցման մի քանի հնարավոր տարբերակների առկայության դեպքում, եթե դրանք գնային առումով հավասար արժեքի են, ապա ընտրությունը կատարում է խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը։ Եթե անձը չունի նախընտրություն, ապա ընտրությունը կատարում է խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը։ Եթե տարբերակներից մեկը՝ ներառյալ դրա ընթացիկ պահպանումը, և սպասարկումն էականորեն առավել դյուրին է, նվազ ծախսատար է և նվազ ջանք է պահանջում, ապա ընտրվում է այդ հարմարեցումը, եթե այն բխում է անձի կարիքից և ամբողջությամբ ապահովում խելամիտ հարմարեցում նրա համար։

21. Ինտերակտիվ երկխոսությանը հաշմանդամություն ունեցող անձի (անչափահասի դեպքում՝ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են ներգրավել մանկավարժահոգեբանական աջակցության կամ խելամիտ հարմարեցումների ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

5. ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎՆԱՍԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

22. Եթե ապահովված խելամիտ հարմարեցումներն այլևս չեն ծառայում իրենց նպատակին՝ անձի ֆունկցիոնալության, կարիքների փոփոխության հետևանքով, ապա անձը կարող է դիմել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին՝ այն վերանայելու նպատակով։

23. Խելամիտ հարմարեցումների վերանայման գործընթաց կարող է նախաձեռնել նաև հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը, եթե ունի հավաստի տեղեկություն այն մասին, որ խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտությունը վերացել է կամ եթե փոփոխության կամ վերացման անհրաժեշտությունն ակնհայտ է։

24. Խելամիտ հարմարեցումների վերանայումը տեղի է ունենում ինտերակտիվ երկխոսության միջոցով՝ սույն գլխի համաձայն։

25. Վերանայման արդյունքում խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը ինտերակտիվ երկխոսության ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ փոփոխելու կամ լրացնելու խելամիտ հարմարեցումները, կամ օբյեկտիվ հիմնավորմամբ վերացնելու խելամիտ հարմարեցումները։

26. Որոշման հիման վրա վերանայվում է կնքված պայմանագիրը, և կնքվում է պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու մասին համաձայնագիր։

27․ Խելամիտ հարմարեցումների մաշվածության, օգտագործման հետևանքով այնպիսի վնասի դեպքում, որն օգտագործման համար ոչ պիտանի է դարձնում խելամիտ հարմարեցումները, խելամիտ հարմարեցումների համար դիմող անձից անկախ պատճառներով և հանգամանքներով խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է ապահովել նոր կամ նույն ֆունկցիոնալություն ունեցող հարմարեցումներ կամ վերացնել վնասը։

 

6. ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է յուրաքանչյուր անձի իրազեկել խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունների, պայմանների և ապահովելու կարգի մասին անձի համար մատչելի եղանակով՝ անկախ անձի հաշմանդամություն ունենալու փաստից։

29. Եթե անձը խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին չի հայտնում, թե որ եղանակով տեղեկությունը մատչելի կլինի իր համար, կամ դա ակնհայտ չէ, ապա խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը տեղեկությունը տրամադրում է պարզ գրավոր (տպագիր) եղանակով։

30. Խելամիտ հարմարեցում ապահովելու պարտականություն կրող անձը, առկայության դեպքում, իր հանրային առցանց հարթակում հանրությանը հասանելի կերպով տեղադրում է խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունների մասին տեղեկություն, այդ թվում՝ աշխատանքի կամ ուսման հնարավորության մասին բոլոր հայտարարություններում։

 

7. ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

31. Խելամիտ հարմարեցումների ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Ձև N 1

 

________________________________________________________________ -ի

Համապատասխան կազմակերպության/կառույցի անվանումը և կառույցի ղեկավարի անունը, ազգանունը

 

_______________________________________________________________ -ից

Դիմումատուի անունը, ազգանունը, ծննդյան ամիսն, ամսաթիվ, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը

 

ԴԻՄՈՒՄ

Խելամիտ հարմարեցումներ ապահովելու

 

____________-ս դիմում եմ խելամիտ հարմարեցումներ կատարելու հարցով՝ հիմք ընդունելով

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը։

 

Հայտնում եմ, որ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Նկարագրել, թե ինչ գործողություններ կատարելու համար են անհրաժեշտ հարմարեցումները

 

կատարելու համար ունեմ հետևյալ խելամիտ հարմարեցման (հարմարեցումների) կարիքը՝

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

_______________________________________________________________________________ ։

Նկարագրել, թե ինչ տեսակ հարմարացումների կարիք ունի անձը (կարող է նկարագրվել մի քանի ընդունելի տարբերակ)։

 

Պատրաստ եմ քննարկել խելամիտ հարմարեցումների ապահովման հարցն ինտերակտիվ երկխոսության միջոցով։

Կից ներկայացնում եմ՝

1. անձը հաստատող փաստաթուղթը․

2. ֆունկցիոնալության գնահատման (բժշկասոցիալական փորձաքննական) որոշման պատճենը (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում)․

3. ծառայությունների (վերականգնողական) անհատական ծրագիրը (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում)․

4. բժշկական և այլ փաստաթղթեր՝ անհրաժեշտության դեպքում․

5. այլ։

 

Դիմող՝ ___________________________________

                             անուն, ազգանուն

 

Ամիս, ամսաթիվ

 

Ձև N 2

 

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Կնքման վայր                           «           »              20 թ.

 

_____________ /անուն, ազգանուն/ (հետայսու՝ խելամիտ

հարմարեցումներ ստացող անձ կամ Կողմ 1) և __________________________

(կառույցի, կազմակերպության անվանում) ի դեմս _______________________ -ի, որը գործում է

կանոնադրության հիման վրա (այսուհետ` խելամիտ հարմարեցումներ ապահովող անձ կամ Կողմ 2),

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան և նպատակը

 

1. Սույն պայմանագրի առարկա են ինտերակտիվ երկխոսությամբ համաձայնեցված խելամիտ հարմարեցումները և դրանց իրականացման ժամկետները, դրանք են՝

 

Հ/Հ

ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

     
     
   

․․․

 

2. Սույն պայմանագրի նպատակն է խելամիտ հարմարեցումներ ստացող անձի համար ապահովել ինտերակտիվ երկխոսության արդյունքում համաձայնեցված խելամիտ հարմարեցումները։

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3. Խելամիտ հարմարեցումներ ստացող անձն իրավունք ունի՝

1) պահանջելու սույն պայմանագրով սահմանված խելամիտ հարմարեցումների ապահովումը.

2) անխափան կիրառելու սույն պայմանագրով սահմանված խելամիտ հարմարեցումները:

4. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն իրավունք ունի՝

1) խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի համաձայն տեղեկացվելու, եթե վերացել է խելամիտ հարմարեցումների կարիքը։

5. Խելամիտ հարմարեցումներ ստացող անձը պարտավոր է՝

1) տեղեկանալուն պես հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտնել խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության վերացման մասին․

2) խելամիտ հարմարեցումներն օգտագործել բարեխղճորեն.

6. Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է՝

1) բարեխղճորեն ապահովել անձի խելամիտ հարմարեցումները.

2) խոչընդոտներ չձևավորել անձի կողմից խելամիտ հարմարեցումների օգտագործման համար.

3) խելամիտ հարմարեցումների օգտագործման հարցում խոչընդոտների առաջացման դեպքում ողջամիտ ժամկետում լուծել այդ խոչընդոտները.

4) պահպանել խելամիտ հարմարեցումների ապահովման մասին և ապահովման ընթացքում անձի վերաբերյալ ստացված տեղեկությունների գաղտնիությունը.

5) խելամիտ հարմարեցումների վնասի դեպքում, որը հարմարեցումը դարձնում է օգտագործման համար ոչ պիտանի, ողջամիտ ժամկետում վերացնել վնասը։

 

III. Պայմանագրի գործողության ժամկետը

 

7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչ պայմանագրի լուծումը։

 

IV. Պայմանագրի լուծման հիմքերը

 

8. Սույն պայմանագիրը լուծվում է՝

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի գրավոր հրաժարվելու դեպքում.

3) կողմերի միջև աշխատանքային կամ ուսումնական հարաբերությունների դադարեցմամբ.

4) խելամիտ հարմարեցման վերացման դեպքում:

9. Սույն պայմանագրի 8-րդ կետի 2-րդ կետով սահմանված դեպքում պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր առաջարկությունը ներկայացվում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

 

V. Վեճերի լուծման կարգը

 

10. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

11. Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

13. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները կնքվում են այն ձևով, ինչով պայմանագիրը:

 

VIII. Կողմերի կոնտակտային տվյալները, ստորագրությունները

 

 

Կողմ 1

 

Հաշվառման հասցե`

 

Հեռ.`

Էլ. փոստ`

 

 

 

(անուն, ազգանուն)

 

(ստորագրություն)

Կողմ 2

 

Հաշվառման հասցե`

 

Հեռ.`

Էլ. փոստ`

 

ՀՎՀՀ՝

 

(անուն, ազգանուն)

 

(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան