ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 2-4098 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ 2-4098 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հուլիսի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի, Սեդա և Աննա Փիլոյանների` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող՝ 46,3 քմ մակերեսով բնակարանն օտարել Հայկ Բեգլարյանին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի կողմից Դատարանի 29.12.2007 թվականի վճիռը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ բողոքը վերադարձվել է։ Դատավոր Կ. Համբարձումյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը (ներկայացուցիչ՝ Սերգեյ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելիս կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջների խախտման պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է վերաքննիչ բողոքն, ի թիվս այլ հիմքերի, նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները չպահպանելու հիմքով վերադարձվելու դեպքում այն կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն։
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը, անձին զրկել է արդար դատաքննության բաղադրիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձն իրավունք ունի նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո կրկին ներկայացնել վերանայման բողոքը, եթե այն վերադարձվել է բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի ներքոշարադրյալ իրավակարգավորումներին։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն՝ բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքին կցվում են` բողոքը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու կամ նրանց հանձնելու մասին ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար նույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշում կայացնելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում է միայն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-943, ՍԴՈ-984, ՍԴՈ-1099, ՍԴՈ-1275) արտահայտել է իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի, դրա արդյունավետության և կենսունակության չափանիշների, այդ ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների վերաբերյալ:
ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին R (2000) 2 հանձնարարականի համաձայն՝ դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ բացառիկ հանգամանքներում գործերի վերաքննությունը կամ վարույթի վերաբացումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum) հասնելու համար, ուստի Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող պետություններին, մասնավորապես, ուսումնասիրել իրենց ազգային իրավական համակարգերը` ապահովելու գործի վերաքննության համարժեք հնարավորությունների առկայություն, այդ թվում՝ վարույթի վերաբացումը, այն դեպքերում, երբ Դատարանը գտել է Կոնվենցիայի խախտում։ Սահմանադրական դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն։
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 31.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1275 գործով կայացված որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «(...) նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պետք է, ելնելով անձի՝ դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ երաշխիքներ նախատեսի դրանց ապահովման համար»:
Վերը նշված իրավական նորմերի և դիրքորոշումների համակարգային մեկնաբանության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք բերելու իրավական հնարավորություն՝ միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանելով վերանայման բողոք ներկայացնելու ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրը ամրագրել է նաև դատական ակտի վերանայման բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման բացասական հետևանքները, այն է՝ վերանայման բողոքը ենթակա է վերադարձման՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հիմքից բացի դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով, որոնք ևս նույնաբովանդակ կարգավորում են սահմանում առ այն, որ բողոքը ենթակա է վերադարձման, եթե չեն պահպանվել դրա ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դրանք կիրառելի են նաև այն դեպքերի նկատմամբ, երբ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ դատարանը վերադարձնում է բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով: Այսպես՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ անդրադառնալ այն իրավիճակին, երբ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 371-րդ հոդվածով սահմանված հիմքերով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ բողոքը վերադարձնել» վերտառությամբ 371-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուն վերաբերող իրավական կարգավորումները անհրաժեշտ է համակարգային մեկնաբանել: Այսինքն՝ եթե դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմքով, ապա կիրառման ենթակա է նաև համապատասխան հիմքով վրա հասնող հետևանքը: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ի կետի՝ վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրդադառնալով հաջորդ իրավիճակին, այն է՝ երբ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այսինքն՝ դատական ակտի վերանայման բողոքի ձևին և բովանդակության ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով, հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածը նշված պարագայում ըստ էության չի նախատեսում վերը նշված հիմքով այն վերադարձնելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունում՝ դատական ակտի բողոքարկման ընդհանուր կառուցակարգի պարագայում օրենսդիրն անձին հնարավորություն է տվել բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով այն վերադարձնելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նոր հանգամանքով դատական ակտի բողոքարկման պարագայում ևս պետք է ապահովվի անձի համարժեք հնարավորությունը բողոքի ձևին և բովանդակությանը վերաբերվող խախտումների առկայության պարագայում դրանք օրենքով սահմանված ժամկետում վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու: Նշված դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի այն կանոնակարգումը, որի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշվածը նպատակ ունի երաշխավորել դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը՝ այդ կերպ ապահովելով գործի վերաքննության համարժեք հնարավորությունների կենսագործումն «ընդհանուր» և «բացառիկ» վերաքննությունների պարագայում։
Ավելին, հարկ է նշել, որ բողոքում բարձրացված հարցադրման կապակցությամբ կայուն դատական պրակտիկա է ձևավորվել վճռաբեկության վարույթի մասով։ Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/3468/02/08 քաղաքացիական գործով 05.08.2020 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի պահանջների խախտումներ, վերադարձրել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը և վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու համար սահմանել է եռօրյա ժամկետ։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է դատարանի որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու և վերանայման բողոքը կրկին ներկայացնելու համար, եթե դատական ակտի վերանայման բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետը վերականգնելու միջնորդություն, իսկ մյուս հիմքերով նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար որևէ ժամկետ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի այն կանոնակարգումը, որի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև թիվ ԼԴ2/0371/02/19 քաղաքացիական գործով 02.04.2021 թվականի, թիվ ԼԴ2/0366/02/20 քաղաքացիական գործով 07.04.2020 թվականի, թիվ ԵԴ/26953/02/18 քաղաքացիական գործով 10.03.2021 թվականի և թիվ ԼԴ2/1590/02/19 քաղաքացիական գործով 07.04.2021 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումներում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը Դատարանի 29.12.2007 թվականի վճռի դեմ 25.06.2019 թվականին ներկայացրել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-5):
Վերաքննիչ դատարանը 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջները, այն է՝ բողոքում նշված չեն գործին մասնակցող անձանց՝ տվյալ դեպքում Հայկ Բեգլարյանի հասցեն, պատասխանողներ Աննա և Սեդա Փիլոյանների անուններն ու հասցեները, բողոքը չի պարունակում հիմնավորում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաբերյալ, ինչպես նաև վերանայման բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց բողոքի օրինակն ուղարկելու մասին ապացույցները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, այն է՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ վերանայման բողոքը չի բովանդակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները (ՀՀ քաղաքացիական դատավարության 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ)։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ բողոք բերած անձի կողմից թույլ են տրվել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի ձևական և բովանդակային պահանջների խախտումներ, հետևաբար վերանայման բողոքը ենթակա է վերադարձման։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է այն հիմքերով, որոնք ներառված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածով սահմանված՝ խախտումները վերացնելու համար ժամկետ տրամադրելու հիմքերի կազմում, հետևաբար խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվել (հատոր 2-րդ, գ.թ. 26-28):
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չտրամադրելու վերաբերյալ եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վերադարձրել է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման հիմքով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված պահանջները վերաբերում են բողոքի բովանդակությանը, ընդ որում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման հիմքով վերադարձը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն: Ինչ վերաբերում է նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները չպահպանելու հիմքով վերադարձի պայմաններում բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի հիմքով ապահովեր բողոք բերող անձի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ համապատասխան ժամկետի տրամադրմամբ՝ այդ կերպ ապահովելով նաև գործի վերաքննության համարժեք հնարավորությունների կենսագործումն «ընդհանուր» և «բացառիկ» վերաքննությունների պարագայում:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձվելու պայմաններում, անձը զրկվել է բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է բողոք բերած անձի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության և մասնավորապես՝ վերադաս դատական ատյանի մատչելիության իրավունքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման՝ Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան ժամկետի տրամադրմամբ վերանայման բողոքը վերադարձնելու որոշում կայացնելու համար։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Ն. Տավարացյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. Մկրտչյան
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: