ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0173/05/18 2021 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ5/0173/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի նոյեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գյումրու համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներկայացուցիչ Արմենուհի Չախոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.07.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Սիմոնյանի ընդդեմ Համայնքապետարանի՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Սիմոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ՝ Դատարան) 05.09.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.07.2020 թվականի որոշմամբ Համայնքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքապետարանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանին են ներկայացվել վարչական վարույթի բոլոր նյութերը, որոնք հաստատում են հայցվորի կողմից համայնքապատկան հողամասի վրա, առանց հողօգտագործման իրավունքի, առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում` վարչական փաթեթում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականը և դրա համար հիմք հանդիսացող Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշումը և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագիրը: Նշված վկայականի մեջ գծված է շենքի հատակագիծը, որի ներքին չափերն են՝ 8.0x3.98, այսինքն՝ 31,84 քմ (առանց շինության պատերի), իսկ վարձակալության տրամադրված հողամասի չափը կազմում է՝ 0,003442 հա կամ 34,42 քմ: Մնացած 2,5 քմ վարձակալած հողամասի վրա գտնվում են սեփականաշնորհված ավտոտնակի պատերը:
Փաստորեն՝ նշված վարձակալության պայմանագրով վարձակալության տրամադրված հողամասի վրա կառուցված ավտոտնակը դեռևս 2005 թվականից հայցվորի սեփականությունն է, իսկ հայցվորի կողմից ինքնակամ, առանց հողօգտագործման իրավունքի տրամադրման շինաշխատանքներն իրականացվել են սեփականության իրավունքով հայցվորի անվամբ գրանցված ավտոտնակի հարևանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բավարարել սույն վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով Վերաքննիչ դատարանի կողմից 29.07.2020 թվականին` թիվ ՎԴ5/0173/05/18 վարչական գործով կայացված որոշումը»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0,003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 9-11):
2) Գյումրի համայնքի շինարարության և հողի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Սլավիկ Ղազարյանի կողմից 03.10.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Հայկ Սիմոնյանը, Գյումրի քաղաքի Ղանդիլյան 77ա շենքի բակում, զավթելով համայնքապատկան հողամասը, իր սեփական ավտոտնակին կից կատարել է ինքնակամ շինարարական աշխատանքներ` կառուցել 2 մ լայնությամբ, 3,25 մ երկարությամբ և 2,3 մ բարձրությամբ շինություն (կից՝ լուսանկարներ) (հատոր 1-ին, գ.թ. 26-28):
3) Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի 22.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշման համաձայն՝ Հայկ Սիմոնյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության. նշանակվել է տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 6, 7-8)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները։ Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը։ Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք։ Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ։ Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները՝ ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Salov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճռի 89-րդ կետը, García Ruiz v. Spain գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճռի 26-րդ կետը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0,003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով՝ համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականի:
Ըստ 03.10.2018 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և «Վարչական տույժ նշանակելու մասին» 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշման՝ Հայկ Սիմոնյանը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 77ա շենքի հարևանությամբ, համայնքապատկան հողամասի վրա չունենալով հողօգտագործման իրավունք, իր սեփական ավտոտնակին կից կատարել է ինքնակամ շինարարական աշխատանքներ` կառուցել 2 մ լայնությամբ, 3,25 մ երկարությամբ և 2,3 մ բարձրությամբ շինություն, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության. նշանակվել է տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով:
Սույն վարչական գործը հարուցվել է Հայկ Սիմոնյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումը, հիմքում դնելով այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է իր սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0,003442հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով և վերջինս շինարարական աշխատանքները կատարել է իրեն վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա:
Դատարանը 05.09.2019 թվականի վճռով բավարարել է հայցը՝ պատճառաբանելով, որ վարչական նյութերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե ենթադրյալ վարչական իրավախախտման վայրը արդյոք հանդիսանում է համայնքապատկան հողամաս, թե՝ ոչ: Մասնավորապես՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականով հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0.003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով: Հայցվորի պնդմամբ շինարարական աշխատանքները կատարվել են իրեն վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա, իսկ հակառակի վերաբերյալ պատասխանողի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել: Այսինքն՝ հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում թույլ տալու փաստը չի հիմնավորվել:
Դատարանը գտել է, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այնպիսի հիմնարար սկզբունքի խախտմամբ, ինչպիսին է վարչարարության օրինականությունը, ուստի ենթակա է անվավեր ճանաչման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները և նշել է, որ հայցվորի կողմից որպես անվավերության հիմնավորում ներկայացվել է փաստարկ առ այն, որ շինարարական աշխատանքները կատարվել են իրեն վարձակալությամբ տրամադրված հողամասի տարածքում, իսկ պատասխանողի կողմից ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ բողոքարկվող դատական ակտի վերաքննության փուլում հակառակը հիմնավորող որևէ ապացույց չներկայացնելու պարագայում հայցվորի կողմից համայնքի սեփականության տարածքում իրավախախտում կատարելու հանգամանքը մնում է վիճելի:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով ստորադաս դատարանները պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշմամբ Հայկ Սիմոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջինս Գյումրի քաղաքի Ղանդիլյան 77ա շենքի բակում, զավթելով համայնքապատկան հողամասը, իր սեփական ավտոտնակին կից կատարել է ինքնակամ շինարարական աշխատանքներ` կառուցել 2 մ լայնությամբ, 3,25 մ երկարությամբ և 2,3 մ բարձրությամբ շինություն: Նշված վարչական ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Գյումրի համայնքի շինարարության և հողի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Սլավիկ Ղազարյանի կողմից 03.10.2018 թվականին կազմված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արձանագրությունը, բացի այդ ինքնակամ շինարարական աշխատանքների կատարումը լուսանկարվել է և լուսանկարները կցվել են վարչական վարույթի նյութերին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վարչական վարույթի նյութերում առկա է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականը, որի համաձայն՝ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0.003442հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով:
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442հա հողամասի վրա կառուցված 31,84քմ մակերեսով ավտոտնակը հանդիսանում է հայցվորի սեփականությունը։ Վերը նշված վկայականում գծանշումով առկա է շենքի հատակագիծը, որի ներքին չափերն են՝ 8.0 X 3.98, այսինքն՝ շենքի մակերեսը 31,84քմ (առանց շինության պատերի), իսկ վարձակալության տրամադրված հողամասի չափը կազմում է՝ 0,003442հա կամ 34,42քմ: Այսինքն՝ մնացած 2,5քմ վարձակալած հողամասի վրա գտնվում են սեփականաշնորհված ավտոտնակի պատերը:
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացրել, հակառակը՝ Վերաքննիչ դատարանն առանց հիմնավորումների արձանագրել է, որ բողոքաբերի պնդումներն առ այն, որ հողամասի և ավտոտնակի զբաղեցրած մակերեսների տարբերությունը համարվում է ավտոտնակի պատերի զբաղեցրած մասը, հերքվում են, քանի որ պատասխանողը ի հավաստումն այդ փաստարկի չի ներկայացրել որևէ ապացույց: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սեփականության իրավունքի վկայականով վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442հա հողամասի վրա կառուցված շենքի՝ ավտոտնակի տվյալները արտացոլում են շենքի ներքին չափերը: Ընդ որում, նշված վկայականում առկա մակերեսների չափերի համադրումը գործում առկա լուսանկարների հետ կարող էին հավաստել Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացված լինելու փաստի մասին։ Ավելին՝ նշված փաստի վիճելի լինելու պարագայում ստորադաս դատարանները չեն ձեռնարկել բավարար և անհրաժեշտ միջոցներ պարզելու համար, թե Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին կից իրականացված շինարարական աշխատաքներն ի վերջո ինչպիսի կարգավիճակ ունեցող հողամասի վրա են կատարվել։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտության մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև վիճարկվող որոշման իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. բարսեղյան Գ. Հակոբյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
19.11.2021թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ5/0173/05/18 վարչական գործով 19.11.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 19.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Գյումրու համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) (ներկայացուցիչ Արմենուհի Չախոյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.07.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Սիմոնյանի ընդդեմ Համայնքապետարանի՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործը հարուցվել է Հայկ Սիմոնյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 05.09.2019 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ վարչական նյութերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե ենթադրյալ վարչական իրավախախտման վայրը արդյոք հանդիսանում է համայնքապատկան հողամաս, թե ոչ: Մասնավորապես՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականով հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0.003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով: Հայցվորի պնդմամբ շինարարական աշխատանքները կատարվել են իրեն վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա, իսկ հակառակի վերաբերյալ պատասխանողի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել: Այսինքն՝ հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում թույլ տալու փաստը չի հիմնավորվել:
Դատարանը գտել է, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այնպիսի հիմնարար սկզբունքի խախտմամբ, ինչպիսին է վարչարարության օրինականությունը, ուստի ենթակա է անվավեր ճանաչման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները և նշել է, որ հայցվորի կողմից որպես անվավերության հիմնավորում ներկայացվել է փաստարկ առ այն, որ շինարարական աշխատանքները կատարվել են իրեն վարձակալությամբ տրամադրված հողամասի տարածքում, իսկ պատասխանողի կողմից ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ բողոքարկվող դատական ակտի վերաքննության փուլում հակառակը հիմնավորող որևէ ապացույց չներկայացնելու պարագայում հայցվորի կողմից համայնքի սեփականության տարածքում իրավախախտում կատարելու հանգամանքը մնում է վիճելի:
Վճռաբեկ դատարանը որոշել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման Վճռաբեկ դատարանը վկայակոչել և վերլուծության է ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, 245-րդ, 251-րդ, 252-րդ, 279-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկությունների, շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի դրսևորումների, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործով ձեռք բերված ապացույցները գնահատման վերաբերյալ թիվ ՎԴ/4842/05/12, թիվ ՎԴ/9692/05/13 և ՎԴ/4842/05/12 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 18.07.2014 թվականի, 02.12.2016 թվականի, 18.07.2014 թվականի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում դիտարկելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) արտահայտած իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով հետևյալը.
«(…) սույն վարչական գործով քննության առարկա է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով ստորադաս դատարանները պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:
(…) սույն գործում առկա վարչական վարույթի նյութերում առկա է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականը, որի համաձայն՝ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0.003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով:
(…) վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442հա հողամասի վրա կառուցված 31,84քմ մակերեսով ավտոտնակը հանդիսանում է հայցվորի սեփականությունը։ Վերը նշված վկայականում գծանշումով առկա է շենքի հատակագիծը, որի ներքին չափերն են՝ 8.0X 3.98, այսինքն՝ շենքի մակերեսը 31,84 քմ (առանց շինության պատերի), իսկ վարձակալության տրամադրված հողամասի չափը կազմում է՝ 0,003442 հա կամ 34,42 քմ: Այսինքն՝ մնացած 2,5 քմ վարձակալած հողամասի վրա գտնվում են սեփականաշնորհված ավտոտնակի պատերը:
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացրել, հակառակը՝ Վերաքննիչ դատարանն առանց հիմնավորումների արձանագրել է, որ բողոքաբերի պնդումներն առ այն, որ հողամասի և ավտոտնակի զբաղեցրած մակերեսների տարբերությունը համարվում է ավտոտնակի պատերի զբաղեցրած մասը, հերքվում են, քանի որ պատասխանողը ի հավաստումն այդ փաստարկի չի ներկայացրել որևէ ապացույց: Մինչդեռ (…) վերը նշված սեփականության իրավունքի վկայականով վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442 հա հողամասի վրա կառուցված շենքի՝ ավտոտնակի տվյալները արտացոլում են շենքի ներքին չափերը: Ընդ որում, նշված վկայականում առկա մակերեսների չափերի համադրումը գործում առկա լուսանկարների հետ կարող էին հավաստել Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացված լինելու փաստի մասին։ Ավելին՝ նշված փաստի վիճելի լինելու պարագայում ստորադաս դատարանները չեն ձեռնարկել բավարար և անհրաժեշտ միջոցներ պարզելու համար, թե Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին կից իրականացված շինարարական աշխատաքներն ի վերջո ինչպիսի կարգավիճակ ունեցող հողամասի վրա են կատարվել»։
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ եզրահանգումների հետ համաձայն չենք, գտնում ենք, որ ստորադաս դատարանները, պահպանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ապացույցների վերաբերելիության, ինչպես նաև դրանց հետազոտման և գնահատման կանոնները, իրավաչափորեն են արձանագրել, որ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, ամրագրել է կողմի պարտականությունը` դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Միևնույն ժամանակ, օրենսդիրն ամրագրել է նաև ապացույցներ ներկայացնելու հատուկ կանոն, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են ապացուցման բեռը բաշխելու կանոնները, ինչպես նաև այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնում ապացուցման պարտականությունը չիրականացնելու դեպքում: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որի չիրականացման պարագայում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե'ս, Գագիկ Թովմասյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետի 17.02.2005 թվականի թիվ 260 որոշման և 01.03.2005 թվականի թիվ 1227 հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77/1 հասցեում գտնվող 31,84 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Հայկ Սիմոնյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0,003442 հա հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով (տե՛ս, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.04.2005 թվականի թիվ 1139483 վկայականը, հատոր 1-ին, գ.թ. 9-11):
Գյումրի համայնքի շինարարության և հողի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Սլավիկ Ղազարյանի կողմից 03.10.2018 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ Հայկ Սիմոնյանը, Գյումրի քաղաքի Ղանդիլյան 77ա շենքի բակում, զավթելով համայնքապատկան հողամասը, իր սեփական ավտոտնակին կից կատարել է ինքնակամ շինարարական աշխատանքներ` կառուցել 2 մ լայնությամբ, 3,25 մ երկարությամբ և 2,3 մ բարձրությամբ շինություն (կից՝ լուսանկարներ) (հատոր 1-ին, գ.թ. 26-28):
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի 22.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշման համաձայն՝ Հայկ Սիմոնյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության. նշանակվել է տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7-8)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վերոգրյալ իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ անձի արարքում նշված նորմով նախատեսված իրավախախտման կատարման փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.
իրավախախտման սուբյեկտ հանդիսանում է այն անձը, ով չունի հողօգտագործման իրավունք, և
վերջինիս կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կատարվել է շենքերի և շինությունների ինքնակամ կառուցում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները, պաշտոնատար անձինք, հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների լրիվ, համակողմանի, օբյեկտիվ հետազոտման վրա (...)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` տվյալ գործի քննությունը վերաբերում է արդյոք իր իրավասությանը, ճիշտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը, գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին, պահանջվել են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերա-բերյալ գործ քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատաս-խանատվության, կան արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս..., ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։
Վերոգրյալ իրավանորմերի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է նաև պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտումը և արդյոք անձը մեղավոր է այն կատարելու մեջ, որպիսի հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ղեկավարվելով օրենքով, գնահատի գործով ձեռք բերված ապացույցները և այդ նպատակով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս վերջինս պետք է լուծի նաև հետևյալ հարցը` արդյոք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։
Տվյալ դեպքում սույն վարչական գործով վիճարկվող «Վարչական տույժ նշանակելու մասին» 22.10.2018 թվականի որոշման համաձայն` իրավախախտման փաստը հաստատող ապացույց է հանդիսացել իրավախախտման փաստը հայտանաբերելու պահին կազմված արձանագրությունը և իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը:
Հարկ ենք համարում արձանագրել, որ հայցվորը չի վիճարկել այն փաստը, որ իր կողմից իրականացվել են շինարարական աշխատանքներ: Վերջինիս փաստարկները, ըստ էության, հանգում են նրան, որ ինքը չի հանդիսանում իրեն վերագրվող իրավախախտման սուբյեկտ, քանի որ շինարարակական աշխատանքներն ինքը կատարել է իրեն վարձակալության իրավունքով տրված հողամասի տարածքում: Մինչդեռ պատասխանողի պնդմամբ հողամասի և ավտոտնակի զբաղեցրած մակերեսների տարբերությունը համարվում է ավտոտնակի պատերի զբաղեցրած մասը, ուստի հերքվում է հայցվորի փաստարկը, որ շինարարական աշխատանքները կատարվել են վարձակալության իրավունքով իրեն տրված հողամասում:
Այսինքն՝ սույն վարչական գործով վիճելի փաստ է հանդիսացել շինարարակական աշխատանքների կատարման վայրը, արդյո՞ք այն կատարվել է հայցվորի վարձակալության իրավունքով տրված հողամասի տարածքում, թե՝ դրանից դուրս:
Հարկ ենք համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը պատասխանողի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ բողոքարկվող դատական ակտի վերաքննության փուլում չի ներկայացրել շինարարական աշխատանքները հայցվորին վարձակալությամբ տրամադրված հողամասի տարածքում կատարված լինելու մասին վերջինիս կողմից որպես անվավերության հիմնավորում ներկայացված փաստարկը հերքող և այդ փաստարկի հակառակը հիմնավորող որևէ ապացույց, որպիսի պարագայում հայցվորի կողմից համայնքի սեփականության տարածքում իրավախախտում կատարելու հանգամանքը մնացել է վիճելի:
Նշվածի առնչությամբ Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442հա հողամասի վրա կառուցված 31,84քմ մակերեսով ավտոտնակը սեփականության իրավունքով հայցվորին պատկանելու փաստը հաստատող վկայականում գծանշումով առկա է շենքի հատակագիծը, որի ներքին չափերն են՝ 8.0X 3.98, այսինքն՝ շենքի մակերեսը 31,84 քմ (առանց շինության պատերի), իսկ վարձակալության տրամադրված հողամասի չափը կազմում է՝ 0,003442հա կամ 34,42քմ, եզրահանգել է, որ մնացած 2,5 քմ վարձակալած հողամասի վրա գտնվում են սեփականաշնորհված ավտոտնակի պատերը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է արել այն մասին, որ վերը նշված սեփականության իրավունքի վկայականով վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրված 0,003442 հա հողամասի վրա կառուցված շենքի՝ ավտոտնակի տվյալները արտացոլում են շենքի ներքին չափերը: Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված վկայականում առկա մակերեսների չափերի համադրումը գործում առկա լուսանկարների հետ կարող էին հավաստել Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացված լինելու փաստի մասին։
Վճռաբեկ դատարանն արձանագևել է նաև, որ նշված փաստի վիճելի լինելու պարագայում ստորադաս դատարանները չեն ձեռնարկել բավարար և անհրաժեշտ միջոցներ պարզելու համար, թե Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին կից իրականացված շինարարական աշխատաքներն ի վերջո ինչպիսի կարգավիճակ ունեցող հողամասի վրա են կատարվել։
Նախ՝ անհասկանալի է, թե ինչ չափորոշիչների կիրառմամբ է Վճռաբեկ դատարանը գտել, որ «մնացած 2,5 քմ վարձակալած հողամասի վրա գտնվում են սեփականաշնորհված ավտոտնակի պատերը»: Նման եզրահանգման համար անհրաժեշտ կլինեին հատուկ գիտելիքներ, այն էլ վարչական վարույթի ընթացքում, քանի որ հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող ապացույցները պետք է ձեռք բերվեին վարչական վարույթի ընթացիկ փուլում և արտացոլվեին վարչական ակտում:
Երկրորդ՝ Վճռաբեկ դատարանի կողմից անտեսվել են ոչ միայն վիճարկման հայցով գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, այլ նաև օրենսդրությամբ ամրագրված այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնում ապացուցման պարտականությունը չիրականացնելու դեպքում: Արդյունքում Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը, փաստելով հայցվորի կողմից համայնքի սեփականության տարածքում իրավախախտում կատարելու հանգամանքի վիճելի լինելը, այդ փաստի գոյությունն իրավաչափորեն համարել են հերքված (չապացուցված) և դրա բացասական (անբարենպաստ) հետևանքներն իրավաչափ կերպով թողել են սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վրա:
Վճռաբեկ դատարանը, սակայն, վերլուծություն կատարելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի առնչությամբ, փաստացի փորձել է վերացնել պատասխանողի դատավարական անգործության, այն է՝ ապացուցման պարտականությունը չիրականացնելու բացասական հետևանքը, ըստ էության, հնարավորություն ընձեռելով պատասխանողին լրացնել ինչպես վարչական վարույթի, այնպես էլ սույն գործի դատաքննության ընթացքում թույլ տված իր բացթողումները:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը մի կողմից գտել է, որ հայցվորի սեփականության իրավունքի վկայականում առկա մակերեսների չափերի համադրումը գործում առկա լուսանկարների հետ կարող էին հավաստել Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացված լինելու փաստի մասին, մյուս կողմից նշել է, որ նշված փաստի վիճելի լինելու պարագայում ստորադաս դատարանները չեն ձեռնարկել բավարար և անհրաժեշտ միջոցներ պարզելու համար, թե Հայկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին կից իրականացված շինարարական աշխատաքներն ի վերջո ինչպիսի կարգավիճակ ունեցող հողամասի վրա են կատարվել։
Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի միայն վերջին եզրահանգումն այն մասին, որ պարզված չէ, թե ի վերջո ինչպիսի կարգավիճակ ունեցող հողամասի վրա են կատարվել շինարարական աշխատանքները, ինքնին բավարար է սույն գործով վիճարկվող վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը հաստատված համարելու համար, քանի որ նշված փաստը պետք է հաստատված լիներ վարչական վարույթի ընթացքում և դրանք հիմնավորող ապացույցները կցված լինեին վարչական ակտին ու ներկայացվեին նաև դատարան:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անտեսել է նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Ավելին՝ Վճռաբեկ դատարանն անտեսել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ արտահայտված իրավական այն դիրքորոշումները, որ «(...) օրենսդիրը հստակ սահմանել է վարչական ակտի վիճարկման սահմանները՝ նպատակ ունենալով կանխատեսելի դարձնել վարչարարության ողջ գործընթացը, ինչը բխում է սահմանադրորեն նախանշված նպատակներից, մասնավորապես, Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված՝ անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացման անհրաժեշտությունից:
Այդ իսկ պատճառով վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է, որ դատարանները վարչական մարմնի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացնեն, նախ և առաջ, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների շրջանակներում:
Մյուս կողմից, Օրենսգրքի1, մասնավորապես, 5, 18, 25, 27, 28, 29 և 99-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ Օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտել այնպիսի նոր ապացույցներ, որոնք հաստատում են վարչական ակտի՝ օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա ընդունված լինելը, կամ որոնք հաստատում են, որ վարչական ակտի հասցեատերը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի, վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու կամ կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով: Վերոհիշյալ փաստերը դատական կարգով հաստատվելիս դատարանը լիազորված է ոչ իրավաչափ, հետևաբար՝ անվավեր ճանաչել տվյալ վարչական ակտը:
Ավելին, Օրենսգիրքը ոչ միայն հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտելու նոր ապացույցներ, այլև գործի ի պաշտոնե քննության սկզբունքի շրջանակներում պարտավորեցնում է դատարանին ձեռք բերել բոլոր անհրաժեշտ ապացույցները, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա հանգել պատճառաբանված ներքին համոզման, ինչը պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից:
(...)վիճարկվող դրույթը, սահմանափակելով վարչական մարմնի՝ վարչական գործի դատական քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի անձանց դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, գործի արդարացի լուծման համար նշանակություն ունեցող նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:
Մինչդեռ, Օրենսգրքի վիճարկվող դրույթի ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, որ վիճարկման հայցի շրջանակներում վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս դատարանները հետազոտում են բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները: (...)»:
Վերոգրյալ հիմնավորումներով ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:
Հաշվի առնելով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պետք է որոշվեր դրա ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Ընդ որում, հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող նոր ապացույց ներկայացնելու առումով վարչական մարմինը կաշկանդված է, քանի որ վերջինս պարտավոր էր վարչական ակտի հիմքում դրվող բոլոր հնարավոր ապացույցները ձեռք բերել վարչարարության ընթացիկ փուլում:
Վճռաբեկ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ և լուսանկարով չի հաստատվում հայցվորի կողմից համայնքի սեփականության տարածքում իրավախախտում կատարելու փաստը, որպիսի պայմաններում ստորադաս դատարաններն իրավաչափ եզրահանգում են կատարել նշված փաստի վիճելի մնալու և դրա բացասական հետևանքը վարչական մարմնի վրա դնելու վերաբերյալ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը նոր քննության ուղարկելով, իրավախախտման փաստը հաստատելու պարտականությունը վարչական մարմնից փոխանցում է ՀՀ վարչական դատարանին՝ առարկայազուրկ դարձնելով ապացուցման բեռի բաշխման կանոնների և դրանք չկատարելու բացասական հետևանքների մասին օրենսդրական կարգավորումները:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, փաստորեն հաշվի չի առել, որ թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ պատասխանող վարչական մարմինը կաշկանդված է հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող նոր ապացույց ներկայացնելու առումով, հետևաբար գործի նոր քննության ժամանակ այդպիսի ապացույց չի կարող ներկայացնել:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, անվավեր ճանաչելով Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի 22.10.2018 թվականի թիվ Վ/Տ542Վ/Մ-Ա որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:
____________
1 ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
ԴԱՏԱՎՈՐ Ռ. Հակոբյան |
ԴԱՏԱՎՈՐ Գ. Հակոբյան |
ԴԱՏԱՎՈՐ Ա. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական: