Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2022-01.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1304-Ն

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգի մասին իրազեկումը տնտեսավարող սուբյեկտների շրջանակներում, այդ թվում՝ նաև նախարարության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվություն տեղադրելու միջոցով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգի կիրառման ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Միասնական հայտ» համակարգի գործարկումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


12.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1304-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության (այսուհետ` առաքման թույլտվություն) էլեկտրոնային եղանակով տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը:

3. Առաքման թույլտվություն ստանալու համար օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր պետական մարմին) են ներկայացնում առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային հայտ՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ):

4. Հայտատուն էլեկտրոնային հայտին կցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, որոնց կցման հնարավորությունը տրվում է «Միասնական հայտ» համակարգով: Փաստաթղթերը հայտատուն վերբեռնում է «Միասնական հայտ» համակարգ PDF ձևաչափով՝ համակարգ մուտք գործելով նույնականացման քարտի (ID card) կամ բջջային նույնականացման քարտի (mID) միջոցով:

5. Լիազոր պետական մարմինը էլեկտրոնային հայտն ստանալու օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում հայտատուին առաքման թույլտվություն տրամադրելու կամ առաքման թույլտվության տրամադրումը մերժելու մասին:

6. Լիազոր պետական մարմինը առաքման թույլտվության տրամադրման կամ մերժման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին՝ «Միասնական հայտ» համակարգում նշված հայտատուի էլեկտրոնային փոստին և հեռախոսահամարին ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: Առաքման թույլտվության տրամադրման մասին որոշման վերաբերյալ հաղորդագրությամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:

7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը վճարում է ոչ ուշ, քան առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայտատուն պետական տուրքի վճարումը կարող է կատարել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով: Հայտատուն պետական տուրքի վճարումը ոչ «Միասնական հայտ» համակարգի միջոցով կատարելու դեպքում՝ վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել լիազոր մարմին: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում՝ լիազոր մարմինը առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին «Միասնական հայտ» համակարգում ձևավորման և հայտատուին ներբեռնման հնարավորության տրման միջոցով տրամադրում է առաքման թույլտվություն:

9. Հայտատուն կարող է պետական լիազոր մարմնից պահանջել և ստանալ առաքման թույլտվության և համապատասխան որոշման թղթային տարբերակները: Դրանք տնտեսավարողին տրամադրվում են դիմելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ առձեռն:

10. Առաքման թույլտվությունն ուժի մեջ է մտնում առաքման թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հայտատուի կողմից սահմանված ժամկետներում պետական տուրքի վճարման օրվանից: Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

11. Առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է՝

1) «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով.

2) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

3) եթե առաքման թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.

4) ներմուծման անհատական չափաքանակների սպառման դեպքում:

12. Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվության հիման վրա առաքում իրականացնելիս` մաքսային մարմինը առաքման թույլտվություն չի կարող պահանջել: Վերջինս առաքման թույլտվության առկայության փաստի վերաբերյալ հավաստիանում է «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվությունը կցվում է մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի համապատասխան մաքսային գործառույթի համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթին՝ հղման տեսքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


12.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2024, N 625-Ն 03.05.2024, N 1304-Ն
17.02.2022, N 167-Ն 01.10.2021, N 1304-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան