ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Մակեյանը ԵՎ այլք ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 46435/09)
Վ Ճ Ի Ռ
6-րդ հոդվածի 1-ին կետ (քրեական) • արդարացի լսումներ • մինչդատական վարույթում վկաների տված ցուցմունքների վրա հիմնված մեղադրական վճիռ • ներպետական դատարանների կողմից բերված բավարար հիմքեր՝ մինչդատական վարույթում նախաքննական ցուցմունքներին ավելի մեծ կշիռ տալու համար
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 դեկտեմբերի 2019 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մակեյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Թիմ Այքե [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato]՝ դատավորներ,
Աննա Մարգարյան [Anna Margaryan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2019 թվականի նոյեմբերի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ պրն Պետրոս Մակեյանի (առաջին դիմումատու), պրն Շոթա Սաղաթելյանի (երկրորդ դիմումատու) և պրն Աշոտ Զաքարյանի (երրորդ դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի օգոստոսի 26-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 46435/09) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել են Լոնդոնում աշխատող Մարդու իրավունքների քրդական ծրագրի իրավաբաններ տկն Ս. Վայնը, պրն Քերիմ Յալդիզը, պրն Մարկ Մյուլլերը, տկն Այանտա Կազան, տկն Սաադիյա Չոդարին և Երևանում գործող իրավաբան տկն Նարինե Գասպարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, ապա՝ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ վկաների նախաքննական ցուցմունքները որպես նրանց դեմ ներկայացված ապացույց ընդունելը խախտել է արդարացի լսումների իրավունքը:
4. 2012 թվականի հունիսի 5-ին Կառավարությունը ծանուցվել է 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով վկաների նախաքննական ցուցմունքները որպես դիմումատուների դեմ ներկայացված ապացույց ընդունելու վերաբերյալ բողոքի մասին, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի:
5. Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետեր): Համապատասխանաբար Պալատի նախագահը նշանակել է տկն Աննա Մարգարյանին որպես ad hoc (ժամանակավոր) դատավոր (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ կետ և 29-րդ կանոնի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Առաջին դիմումատուն ծնվել է 1954 թվականին և բնակվում է Երևանում: Երկրորդ և երրորդ դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1947 և 1966 թվականներին և բնակվում են Գյումրիում։
7. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջին և երկրորդ դիմումատուները եղել են ընդդիմության հիմնական թեկնածու պրն Լևոն Տեր-Պետրոսյանի տարածքային և տեղական նախընտրական շտաբերի պետերը: Ընտրության օրը բոլոր երեք դիմումատուները եղել են թեկնածուի վստահված անձինք:
8. 2008 թվականի փետրվարի 21-ին հարուցվել է քրեական վարույթ այն փաստով, որ 2008 թվականի փետրվարի 19-ին՝ ընտրության օրը, դիմումատուները հերթով այցելել են Գյումրի քաղաքի թիվ 34/06 ընտրական տեղամաս: Պնդել են, որ ընտրական տեղամասում նրանք վիճաբանություն են ունեցել ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ քվեարկողների անձնագրերում դրոշմակնքման վերաբերյալ և սպառնացել նրանց՝ այսպիսով մոտավորապես երեսուն րոպե խոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքը և ընտրություններին մասնակցող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարումը:
9. Ըստ դիմումատուների՝ իրականում ընտրության օրը նրանք վերը նշված ընտրական տեղամաս այցելել են առանձին՝ տարբեր ժամերի, տեղամասի ընտրական հանձնաժողովի ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգություններն այդ տեղամասում ընտրությունների գործընթացի տարբեր խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումների և սխալ անձնագրեր դրոշմակնքելու մասին, և հեռացել են:
10. 2008 թվականի փետրվարի 25-ին առաջին և երկրորդ դիմումատուները ձերբակալվել են հարուցված քրեական գործի կապակցությամբ։
11. 2008 թվականի փետրվարի 26-ին երկրորդ դիմումատուն ձերբակալվել է նույն քրեական գործի կապակցությամբ:
12. 2008 թվականի փետրվարի 27-ին առաջին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի և ընտրություններում ներգրավված այլ անձանց աշխատանքը խոչընդոտելու մասով: Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի (Վարչական շրջանի դատարան) որոշման հիման վրա նա կալանավորվել է:
13. 2008 թվականի փետրվարի 28-ին երրորդ դիմումատուին առաջադրվել է մեղադրանք նույն հանցանքի համար, ինչ առաջին դիմումատուի դեպքում, և նույն օրը նա կալանավորվել է վարչական շրջանի դատարանի որոշման հիման վրա:
14. 2008 թվականի փետրվարի 29-ին երկրորդ դիմումատուին առաջադրվել է մեղադրանք նույն հանցանքի համար և նա տեղափոխվել կալանավայր:
15. Քննության ընթացքում հարցաքննվել են մի քանի վկաներ, այդ թվում՝ ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Հ.-ն, նրա տեղակալ Կ.Հ.-ն, ընտրական տեղամասում գտնվող ընտրական հանձնաժողովի անդամներ և նախագահական թեկնածուների վստահված անձինք Լ.Մ.-ն, Ս.Վ.-ն, Լ. Մել.-ը, Վ.Գ.-ն, ,Ն.Հ.-ն, Հ.Կ.-ն, Լ.Ս.-ն Գ.Գ.-ն և Ս.Պ.-ն: Բոլոր տասնմեկ վկաները տվել են նույն ցուցմունքը, որի համաձայն ընտրության օրը դիմումատուները հերթով եկել են ընտրական տեղամաս և խոչընդոտել քվեարկությունների ընթացքը՝ վիճաբանելով ընտրական հանձնաժողովի անդամների հետ, բղավելով նրանց վրա և սպառնալով նրանց:
Վիճաբանություններ են տեղի ունեցել Ս.Հ.-ի և առաջին և երկրորդ դիմումատուների միջև, Լ.Մ.-ի և առաջին դիմումատուի, Ս.Վ.-ի և երկրորդ դիմումատուի միջև: Վկաները հաստատել են այդ վիճաբանությունների ժամանակ իրենց տված նախորդ ցուցմունքները:
16. 2008 թվականի մարտին քննությունն ավարտվել է, և դիմումատուները պետք է կանգնեին Շիրակի մարզային դատարանի առջև (Մարզային դատարան):
17. Վերը նշված բոլոր վկաները, բացի Գ.Գ.-ից և Ս.Պ.-ից, հրավիրվել են գործը քննող դատարան:
18. 2008 թվականի ապրիլին վկաներ Ն.Հ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մ.-ն և Լ.Ս.-ն դիմումատուների դատաքննությունը նախագահող դատավորին ներկայացրել են գրավոր միջնորդություն՝ թույլ տալու չներկայանալ համապատասխան լսումներին, քանի որ վախենում են դիմումատուներին սատարող անձանց խմբի կողմից ճնշումների, վիրավորանքների կամ ոտնձգությունների ենթարկվելուց: Մեկ այլ վկա՝ Լ.Մել.-ը, չներկայանալու համար ներկայացրել է առողջական պատճառներ: Ի վերջո բոլոր վկաները ներկայացել են դատաքննությանը:
19. 2008 թվականի մայիսի 7-ի լսումների ժամանակ վկաներ Կ.Հ.-ն Լ.Մ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մել.-ը, Ն.Հ.-ն, Հ.Կ. -ն և Լ.Ս.-ն հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք եղել են կա՛մ ուղղորդված, կա՛մ թելադրված քննիչի կողմից, և որ դիմումատուների մասնակցությամբ որևէ միջադեպ իրականում տեղի չի ունեցել:
Միևնույն ժամանակ վկա Ս.Հ.-ն նշել է, որ չի կարող ներկայացնել որևէ տարբերություն նախաքննական ցուցմունքների և դատարանում տրված իր վկայության միջև, մինչդեռ վկա Վ.Գ.-ն հաստատել է, որ իր տված նախաքննական ցուցմունքները չեն ուղղորդվել կամ թելադրվել քննիչի կողմից:
20. 2008 թվականի հունիսի 13-ին Մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և առաջին դիմումատուին դատապարտել է երեք տարի, իսկ երրորդ դիմումատուին՝ երկուսուկես տարի ժամկետով ազատազրկման: Այդպիսի որոշում կայացնելիս Մարզային դատարանը գտել է, որ դիմումատուները գործել են որպես խումբ՝ նախնական համաձայնությամբ: Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուին, Մարզային դատարանը որոշել է որպես պատիժ սահմանել երկուսուկես տարի ժամկետով ազատազրկում, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նա ազատ է արձակվել կալանքից:
Դիմումատուների մեղքը հիմնավորելու համար Մարզային դատարանը դատավճռում նշել է հետևյալ ապացույցները՝ գործով բոլոր վկաների նախաքննական ցուցմունքները և ընտրական տեղամասի արձանագրությունները, որոնք հաստատում են, որ քվեաթերթիկների լցոնում տեղի չի ունեցել: Վճիռը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ.
«... Քրեական գործի դատական քննությամբ հարցաքննված վկաներ [Կ.Հ.-ն, Լ.Մ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մել.-ը, Ն.Հ.-ն, Հ.Կ.-ն և Լ.Ս.-ն] ամբողջությամբ հրաժարվեցին քրեական գործի նախաքննությամբ տված [դիմումատուների] մեղքը, հանցագործությունը հիմնավորող վերը շարադրված ցուցմունքներից՝ մեկ ընդհանուր պատճառաբանությամբ, այն, որ քննիչի կողմից ուղղորդվել են իրենց ցուցմունքները կամ էլ թելադրվել նրա կողմից, և [նշել են], որ տեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքները չեն խաթարվել, [կամ] խոչընդոտվել, մեղադրվող անձինք չեն աղմկել, սպառնացել, ընտրողների ազատ ընտրելու իրավունքը չի սահմանափակվել և այլն [տե՛ս դատական նիստի արձանագրությունը]:
Վկաներ [Ս.Հ.-ն] և [Վ.Գ.-ն] գործի քննությամբ տվել են իրարամերժ .... ցուցմունքներ, առաջինն իր նախաքննական և դատական քննությամբ տված ցուցմունքների միջև տարբերություն չի մատնանշել, երկրորդը մասնակիորեն [դա արել է]՝ նշելով, որ իր ցուցմունքը չի ուղղորդվել, թելադրվել որևէ անձի կողմից...
Վերլուծելով դատական քննությամբ դատարանում վկաների նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու, դիրքորոշումը փոխելու պատճառները, շարժառիթները՝ դատարանն այն հավաստի չի ընդունում ոչ միայն գործի փաստական այլ հանգամանքներով ձեռք բերված, [դիմումատուների] մեղադրող ապացույցներով, այլ նաև նշված վկաներից մի մասի դեռևս դատարանում չհարցաքննված ժամանակ դատարանին ուղղված իրենց դիմումներով, որոնցում հաստատելով, պնդելով, իրենց նախաքննական ցուցմունքները, դատարանում չհարցաքննվելու խնդրանքով, պատճառաբանելով մի դեպքում հավաքված բազմության ներկայությամբ կաշկանդված լինելու հանգամանքը, մեկ այլ դեպքում բարոյական և հոգեբանական ճնշումը և այլն:
Դատարանը, վկաների նշված փաստարկները դիտելով որպես նրանց կողմից նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու հիմք, գտնում է, որ այդ հրաժարումները պայմանավորված են արտաքին ներգործության ազդակներով և իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ակնհայտ է դատարանում վկաների կողմից [դիմումատուներին] քրեական պատասխանատվությունից զերծ պահելու միտումը, ուստի և վկաների նախաքննական ցուցմունքը դատարանը գնահատում է արժանահավատ և հիմնավոր»:
21. Դիմումատուները բողոքարկել են Մարզային դատարանի վճիռը, inter alia (ի թիվս այլնի), նշելով, որ չեն ապահովվել հիմքեր և պատշաճ հիմնավորումներ՝ վկաների նախաքննական ցուցմունքների վրա հիմնվելու համար, և որ Մարզային դատարանը, չընդունելով դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները որպես ապացույց, խախտել է արդարացի դատաքննության իրենց իրավունքը:
22. 2008 թվականի օգոստոսի 20-ին Քրեական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 2008 թվականի հունիսի 13-ի վճիռը։ Ինչ վերաբերում է Մարզային դատարանի կողմից քննության փուլում վկաների ցուցմունքների վրա հիմնվելուն, ապա Վերաքննիչ դատարանն այն համարել է օրինական նույն հիմքերով, ինչ Մարզային դատարանի կողմից վկայակոչված հիմքերը:
23. Դիմումատուները բողոքարկել են Վերաքննիչ դատարանի վճիռն օրենքի կիրառման ճշտության մասով, inter alia, նշելով, որ Վերաքննիչ դատարանը քննություն իրականացնող մարմնին տրված վկաների ցուցմունքներն ընդունել է որպես ապացույց, չնայած այն փաստին, որ այդ վկաները հրաժարվել են իրենց ցուցմունքներից դատաքննության փուլում:
24. 2009 թվականի փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուների բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
25. 2009 թվականի հունիսի 22-ին առաջին և երրորդ դիմումատուներն ազատ են արձակվել համաներմամբ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ իրավունքը
26. Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերը սահմանում են, որ նախընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելը, եթե այդ արարքները զուգորդվել են բռնություն գործադրելով և կատարվել են մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
27. Դիմումատուները բողոքել են, որ նրանց նկատմամբ քրեական դատավարությունը եղել է անարդար, քանի որ ներպետական դատարաններն անտեսել են գործը քննող դատարանում վկաների երդմամբ տրված կարևոր ցուցմունքները հօգուտ նախաքննական ցուցմունքների, որոնք, ըստ վկաների, տրվել են ճնշման տակ: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որը, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ... իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը... ունի ... տրիբունալի կողմից .... արդարացի ... լսումների իրավունք»։
28. Կառավարությունը հերքել է, որ տեղի է ունեցել նման խախտում:
Ա. Ընդունելիությունը
29. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
30. Դիմումատուները նշել են, որ իրենց դատաքննությունն արդար չի եղել, քանի որ նրանց դատապարտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար՝ հիմնվելով վկաների ցուցմունքների վրա այնպիսի հանգամանքներում, երբ վկաներից յոթը, որոնց ցուցմունքները վիճարկվել են դիմումատուների կողմից, հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք եղել են կա՛մ ուղղորդված, կա՛մ թելադրված քննիչի կողմից, և որ դիմումատուների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
31. Դիմումատուները վիճարկել են Կառավարության պնդումն այն մասին, որ Կ.Հ.-ի, Լ.Մ.-ի, Ս.Վ.-ի, Լ.Մել.-ի, Ն.Հ.-ի, Հ.Կ.-ի և Լ.Ս.-ի ցուցմունքները տրվել են կամավոր՝ հղում կատարելով դատարան ներկայացրած նրանց համապատասխան հայտարարություններին, որոնց համաձայն նրանք հաստատել են, որ իրենց նախաքննական ցուցմունքները չեն եղել հավաստի, և պնդել են դատարանում տրված իրենց ցուցմունքները:
32. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նշված այն դիմումներին, որոնք ներկայացվել են մի քանի վկաների կողմից դատարան չներկայանալու պահանջով, դիմումատուները նշել են, որ իրավապահ մարմինները ստիպել են համապատասխան վկաներին գրել դրանք: Այս կապակցությամբ դիմումատուները հղում են կատարել Ս.Պ.-ի, որը չի ներկայացել դատաքննությանը, դատարան ներկայացրած գրավոր ցուցմունքին, որտեղ նա նշել է, որ քննիչն իրեն ասել է, թե խնդիրներից խուսափելու համար ավելի լավ կլինի, որ նա չգա դատարան և ցուցմունք չտա: Բոլոր դեպքերում գործը քննող դատարանը մերժել է նշված դիմումները, ենթադրաբար այն պատճառով, որ դիմումատուներին հնարավորություն տրվի պատշաճ կերպով վիճարկել նշված վկաների ցուցմունքները: Այնուամենայնիվ, գործը քննող դատարանը փաստորեն հաշվի չի առել նույն վկաների կողմից իրենց ցուցմունքներից հրաժարվելը՝ եզրակացնելով, որ դրանք պայմանավորված են եղել նույն արտաքին ազդեցություններով, որոնց արդյունքում այդ վկաները խնդրել են ցուցմունք չտալ դատաքննության ընթացքում, թեև դա տեղի չի ունեցել. արդյունք, որը եղել է աբսուրդային և ոչ արդարացի դիմումատուների նկատմամբ:
33. Մի խոսքով, դիմումատուները ներկայացրել են փաստարկներ, որ իրենք դատապարտվել են միայն վկաների ցուցմունքների հիման վրա: Թեև Մարզային դատարանը հաշվի է առել ընտրական տեղամասի արձանագրությունները, այդ արձանագրությունները չեն ապացուցում, որ դիմումատուները խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Նրանց փաստարկն առ այն, որ դատաքննության ընթացքում վկաների կողմից նրանց դեմ տրված ցուցմունքները վիճարկելու հնարավորություն է ընձեռվել, անիմաստ է, երբ արդյունքում ձեռք բերված ապացույցը փաստորեն անտեսվել է Մարզային դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից, որոնք անարդարացիորեն նախապատվությունը տվել են վկաներ Կ.Հ.-ի Լ.Մ.-ի, Ս.Վ.-ի, Լ.Մել.-ի, Ն.Հ.-ի, Հ.Կ.-ի և Լ.Ս.-ի նախաքննական ցուցմունքներին և ոչ դատաքննության ժամանակ այդ վկաների կողմից իրենց ցուցմունքներից հրաժարվելու փաստին:
բ) Կառավարությունը
34. Կառավարությունը ներկայացրել է, որ նշված նախաքննական ցուցմունքները, որոնք ներկայացվել են կամավոր կերպով, գործը քննող դատարանի կողմից պատշաճ կերպով ուսումնասիրվել են, մինչդեռ փաստաբանի կողմից ներկայացված դիմումատուներն ունեցել են համապատասխան հնարավորություն խաչաձև հարցաքննելու նշված վկաներին: Նշված յոթ վկաների կողմից դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներն էապես հակասել են նախաքննական ցուցմունքներին, և վերջիններս դատավորի կողմից մանրամասն ուսումնասիրվելուց հետո պատշաճ կերպով ընդունվել են որպես ապացույց:
35. Կառավարությունը նշել է, որ քննության ընթացքում Կ.Հ.-ն, Լ.Մ.-ն, Լ.Մել.-ը և Ս.Վ.-ն տվել են դիմումատուների մեղավորությունը հաստատող մեկից ավելի ցուցմունքներ: Բացի այդ, Լ.Մ.-ն, Ն.Հ.-ն և Ս.Վ.-ն ևս մեկ անգամ հաստատել են իրենց նախկին ցուցմունքները, երբ նորից հարցաքննվել են մեկ ուրիշ քննիչի կողմից, ով գործը վերցրել է 2008 թվականի մարտին: Ավելին, առաջին և երկրորդ դիմումատուները քննության ընթացքում տեղի ունեցած առերեսումների ժամանակ ունեցել են Լ.Մ.-ին և Ս.Վ.-ին խաչաձև հարցաքննելու հնարավորություն: Լ.Մ.-ն և Ս.Վ.-ն կրկին վերահաստատել են իրենց նախնական ցուցմունքներն այդ առերեսումների ժամանակ:
36. Կառավարությունը նշել է, որ ՆՀ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մ.-ն և Լ.Ս.-ն նախագահող դատավորին ներկայացրել են գրավոր միջնորդություններ՝ համապատասխան լսումներին չներկայանալ թույլ տալու մասին, քանի որ վախենում են դիմումատուներին սատարող մարդկանց խմբի կողմից ճնշումների, վիրավորանքների կամ ոտնձգությունների ենթարկվելուց: Ըստ Կառավարության կողմից ներկայացված փաստարկների՝ գործը քննող դատարանը գտել է, որ վկաներն իրենց նախորդ ցուցմունքներից հրաժարվել են հոգեբանական ճնշումների արդյունքում, որոնք գործադրվել են դիմումատուների և նրանց հետևորդների կողմից, և չեն համարել այդ հրաժարումները վստահելի: Ավելին, Մարզային դատարանի վճիռը, inter alia, հղում է կատարել Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի ցուցմունքներին, որոնք հաստատել են մեղավորությունը հաստատող իրենց նախաքննական ցուցմունքները, և Վ.Գ.-ի և Գ.Գ.-ի նախաքննական ցուցմունքները, որոնք ընթերցվել են:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
37. Դատարանը վերահաստատում է, որ թեև 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է արդարացի լսումների իրավունքը, այն չի սահմանում կանոններ ապացույցների ընդունելիության կամ ապացույցները գնահատելու ձևերի վերաբերյալ, որոնք գլխավորապես ազգային օրենսդրությամբ և ազգային դատարանների կողմից կարգավորման ենթակա հարցեր են (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բոչան ընդդեմ Ուկրաինայի (թիվ 2) [ՄՊ], [Bochan v. Ukraine (no. 2) [GC]], թիվ 22251/08, § 61, ՄԻԵԴ 2015 և Մորեյրա Ֆերեյրան ընդդեմ Պորտուգալիայի (թիվ 2) [ՄՊ] [Moreira Ferreira v. Portugal (no. 2) [GC]], թիվ 19867/12, §83, 2017 թվականի հուլիսի 11):
38. Սովորաբար այնպիսի հարցերը, ինչպես օրինակ՝ ազգային դատարանի կողմից ուսումնասիրության համար իրեն ներկայացված կոնկրետ ապացույցներին կամ եզրահանգումներին կամ գնահատումներին տրված կշիռը, ենթակա չեն դատարանի կողմից վերանայման: Դատարանը չպետք է գործի որպես չորրորդ ատյանի մարմին և հետևաբար 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակում չպետք է վիճարկի ազգային դատարանների գնահատումը, եթե նրանց եզրահանգումները չեն համարվում կամայական կամ ակնհայտ անհիմն (տե՛ս Մորեյրա Ֆերեյրայի գործը (թիվ 2) վերևում հիշատակված, § 83, և այնտեղ հիշատակված գործերը):
39. Դատարանը նաև վերահաստատում է, որ պատշաճ արդարադատություն իրականացնելու հետ կապված սկզբունքն արտացոլող նախադեպային իր իրավունքի համաձայն, դատարանների և տրիբունալների վճիռները պետք է համարժեքորեն սահմանեն բոլոր այն հիմնավորումները, որոնց վրա դրանք խարսխված են:
40. Ինչ վերաբերում է մասնավորապես վկաների ապացույցների գնահատման հարցին, Կոնվենցիայով դատարանին վերապահված գործառույթն է ոչ թե կայացնել որոշում այն մասին, թե արդյոք վկաների ցուցմունքները պատշաճ կերպով ընդունվել են որպես ապացույց, այլ պարզել, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ, այդ թվում՝ ապացույցներն ընդունելու գործընթացը, եղել է արդարացի (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դուրսոնն ընդդեմ Նիդեռլանդների [Doorson v. the Netherlands], 1996 թվականի մարտի 26, § 67, Զեկույցներ 1996-II և Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1992 թվականի դեկտեմբերի 16, § 34, Շարք Ա, թիվ 247-Բ):
Դատարանը նախկինում ընդգծել է, որ արդար և մրցակցային դատաքննության հասկացությունը ենթադրում է, որ սկզբունքորեն, տրիբունալն ավելի մեծ կշիռ պետք է տա դատական նիստերի ընթացքում վկաների ցուցմունքներին, քան նախաքննության մարմնի կողմից մինչդատական վարույթում նրանց հարցաքննության ժամանակ կատարված արձանագրություններին, եթե այլ կերպ վարվելու համար չկան հիմնավոր պատճառներ: Ի թիվս այլ պատճառների, դա բացատրվում է նրանով, որ մինչդատական վարույթում հարցաքննությունն առաջին հերթին մի գործընթաց է, որի միջոցով նախաքննության մարմինը հավաքում է տեղեկություններ դատաքննությանը պատրաստվելու համար՝ դատարանում իրենց գործը հիմնավորելու նպատակով, մինչդեռ դատաքննություն իրականացնող տրիբունալը հրավիրվում է մեղադրյալի մեղքը որոշելու համար՝ հիմք ընդունելով դատաքննության ժամանակ փաստացի ներկայացված բոլոր ապացույցների արդար գնահատումը՝ դատարանում ապացույցների ուղղակի ուսումնասիրության միջոցով: Հետևաբար Դատարանը պետք ուսումնասիրի, թե արդյոք ներպետական դատարանները ներկայացնում են հիմնավորումներ ներկայացված ապացույցների վերաբերյալ որևէ առարկության հետ կապված որոշումների համար (տե՛ս, մասնավորապես, Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v. Azerbaijan], թիվ 35485/05 և մյուս 3 թվերը, § 211, 2011 թվականի հուլիսի 26-ը):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
41. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքները տարբերվում են մի շարք գործերից, որոնց դեպքում նախկինում ուսումնասիրվել է, թե այնպիսի իրավիճակներում, երբ վկան հրաժարվում է նախաքննության փուլում իր կողմից տրված ցուցմունքներից կամ դատաքննության ընթացքում խաչաձև հարցաքննության ժամանակ հայտարարում է, որ այլևս չի հիշում փաստերը, կիրառվում են արդյոք բացակա վկաներին վերաբերող սկզբունքները (տե՛ս, օրինակ, Վիդգենն ընդդեմ Նիդեռլանդների (որոշում [Vidgen v. the Netherlands)], թիվ 68328/17, §§ 34-43, 2012 թվականի հունվարի 8 և Բոնդարն ընդդեմ Ուկրաինայի [Bondar v. Ukraine], թիվ 18895/08, §§ 74-82, 2019 թվականի ապրիլի 16, հաջորդող հղումներով):
Էական տարբերությունն այն է, որ սույն գործով դիմումատուները դատաքննության ընթացքում փաստացի ունեցել են վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորություն, սակայն դատարանները դիմումատուների նկատմամբ մեղադրական վճիռներ են կայացրել այդ վկաների նախաքննական ցուցմունքների հիման վրա՝ չնայած այն փաստին, որ դատարանում նրանք հրաժարվել են այդ ցուցմունքներից: Հետևաբար սույն գործը չի վերաբերում բացակա վկայի կողմից իր ցուցմունքից հրաժարվելու փաստի հիման վրա անձի նկատմամբ մեղադրական վճիռ կայացնելուն, այլ Դատարանի առջև դրված հարցը վերաբերում է նրան, թե արդյոք քրեական դատավարությունն ընդհանուր առմամբ եղել է արդար՝ հաշվի առնելով նախաքննական ցուցմունքներից հրաժարվելը դիմումատուների դեմ որպես ապացույց կիրառելը:
42. Դատարանը նշում է, որ դիմումատուների նկատմամբ մեղադրական վճիռ կայացնելը հիմնված է եղել հետևյալ տասնմեկ վկաների կողմից նախաքննության փուլում տրված ցուցմունքների վրա՝ Ս.Հ., Կ.Հ., Լ.Մ., Ս.Վ., Լ.Մել., Վ.Գ., Ն.Հ., Հ.Կ., Լ.Ս., Գ.Գ. և Ս.Պ.: Թեև Մարզային դատարանի վճռում նշվել է նաև ընտրական տեղամասի արձանագրությունների մասին, այդ արձանագրությունները չեն պարունակում տեղեկություններ դիմումատուներին վերագրվող հանցանքի վերաբերյալ, այն փոխարենը պարունակել է ընտրական գործընթացին վերաբերող համապատասխան գրառումներ (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը):
43. Դատարանը նշում է, որ վերը նշված վկաներից ինը և մասնավորապես՝ Ս.Հ.-ն, Կ.Հ.-ն, Լ.Մ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մել.-ը, Վ.Գ.-ն, Ն.Հ.-ն, Հ.Կ.-ն և Լ.Ս.-ն հրավիրվել են դիմումատուների դատաքննությանը, և նրանք բոլորը ներկայացել են: Դատարանը նաև նշում է, որ երբ դատարանում հարցաքննել են Կ.Հ.-ին, Լ.Մ.-ին, Ս.Վ.-ին, Լ.Մել.-ին, Ն.Հ.-ին, Հ.Կ.-ին և Լ.Ս.-ին, նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, որոնց հիման վրա նրանք մեղադրել են դիմումատուներին, հայտարարելով, որ այդ ցուցմունքները եղել են կա՛մ ուղղորդված, կա՛մ թելադրված քննիչի կողմից (տե՛ս 17-րդ և 19-րդ պարբերությունները):
44. Դատարանը նշում է, որ գործի նյութերում չկա որևէ բան, որը հիմնավորում է, որ վարույթի նախաքննական փուլում քննիչը գործադրել է անօրինական ազդեցություն Կ.Հ.-ի, Լ.Մ.-ի, Ս.Վ.-ի, Լ.Մել.-ի, Ն.Հ.-ի, Հ.Կ.-ի և Լ.Ս.-ի նկատմամբ, բացի նրանց ցուցմունքներից, որոնք տրվել են գործը քննող դատարանի և Դատարանի առջև, ինչպես նաև Ս.Պ.-ի գրավոր ցուցմունքները, որոնք դիմումատուների կողմից ևս ներկայացվել են Դատարան (տե՛ս վերևում 19, 31 և 32-րդ պարբերությունները): Դատարանն այնուհետև նշում է, որ իրեն ներկայացված նյութերում չկա որևէ բան, որը վկայում է այն մասին, որ նշված յոթ վկաները ներպետական դատարանի մակարդակում ներկայացրել են որևէ բողոք այն մասին, որ իրենց նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինի կերպով (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի գործը, §§ 208-210): Մասնավորապես Լ.Մ.-ն և Ս.Վ.-ն հաստատել են իրենց նախկին ցուցմունքները քննության ընթացքում՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ դիմումատուների կողմից խաչաձև հարցաքննության ժամանակ:
45. Պետք է նաև նշել, որ դիմումատուները կարող էին վիճարկել նշված յոթ վկաների կողմից ներկայացված նախաքննական ցուցմունքները և ներկայացնել փաստարկներ այդ ապացույցների ընդունումը բացառելու համար՝ որպես ոչ հավաստի (տե՛ս Սահակյանը և Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Sahakyan and Mkrtchyan v. Armenia (dec.)], թիվ 57687/09, 63452/09 և 63455/09, §§ 106 և 107, 2013 թվականի հոկտեմբերի 1, և Քութաջարն ընդդեմ Մալթայի (որոշում)[Cutajar v. Malta (dec.)] թիվ 55775/13, 2015 թվականի հունիսի 23]: Հետևաբար հնարավոր չի ասել, որ դատաքննության ժամանակ չի ապահովվել պաշտպանության կողմի իրավունքները: Այն փաստը, որ վիճարկվող ապացույցն ի վերջո չի բացառվել, չի փոփոխում այս եզրահանգումը:
46. Այն հանգամանքներում, երբ Կ.Հ.-ն, Լ.Մ.-ն, Ս.Վ.-ն, Լ.Մել.-ը, Ն.Հ.-ն, Հ.Կ.-ն և Լ.Ս.-ն հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, որոնց մի մասն ավելի վաղ հաստատվել է քննության փուլում իրականացված խաչաձև հարցաքննության ժամանակ, թեև առնվազն մեկ վկա՝ մասնավորապես Վ.Գ.-ն, երդմամբ հաստատել է իր կողմից տրված նախաքննական ցուցմունքի բովանդակությունը (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը), Մարզային դատարանը պետք է ընտրություն կատարեր ընտրական տեղամասում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված միմյանց հակասող տարբերակների միջև: Այն ունեցել է կողմերի կողմից խաչաձև հարցաքննության ընթացքում բոլոր վերը նշված յոթ վկաների բանավոր ցուցմունքները լսելու և նրանց վարքը դիտարկելու առավելությունը: Գնահատելով իրենց ներկայացրած ապացույցները, այդ թվում՝ նույն նշված վկաների կողմից նախկինում ներկայացված՝ դիմումատուներին սատարողների կողմից ճնշումներից վախենալու պատճառով դատարան չներկայանալու մասին նրանց պահանջները (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը), Մարզային դատարանն իր անկախ գնահատման արդյունքում գտել է, որ նախաքննական ցուցմունքներն ավելի հավաստի են: Մասնավորապես այն համարել է, որ այն փաստը, որ այդ վկաները հրաժարվել են իրենց՝ ավելի վաղ տրված ցուցմունքներից, պայմանավորված է արտաքին ճնշումներով և այն փաստով, որ նրանք դիմումատուներին սատարողների կողմից ենթարկվել են հոգեբանական ճնշումների (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը):
47. Այս մասով Դատարանը վերահաստատում է, որ ապացույցների գնահատումն առաջին հերթին ազգային դատարանների իրավազորության հարց է: Հետևաբար Դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով չի վիճարկի դատարանների գնահատականը, եթե դրանց եզրահանգումները չեն համարվում կամայական կամ ակնհայտ անհիմն (տե՛ս Մորեյրա Ֆերեյրայի գործը (թիվ 2) վերևում հիշատակված, § 83): Ավելին, Դատարանը նախկինում գտել է, որ այն դեպքերում, երբ ներպետական դատական մարմինները բախվում են նույն անձի կողմից ներկայացվող ճշմարտության մի քանի՝ միմյանց հակասող տարբերակների, երբ վերջնական նախապատվությունը տրվում է նախաքննական փուլում տրված ցուցմունքին դռնբաց դատական նիստի ընթացքում տրված ցուցմունքի փոխարեն, ինքնին չի առաջացնում որևէ խնդիր վարույթի ընդհանուր արդարացիության մասով, եթե այդ նախապատվությունը հիմնավորված է և ցուցմունքը տրվել է այդ անձի կամքով (տե՛ս Կամիլերին ընդդեմ Մալթայի (որոշում), [Camilleri v. Malta (dec.)], թիվ 51760/99, 2000 թվականի մարտի 16):
Հաշվի առնելով այն փաստը, որ ներպետական մակարդակում վկաներից ոչ մեկը չի բողոքել ճնշումների և առավել ևս քննչական մարմինների կողմից վատ վերաբերմունքի կապակցությամբ, և որ որոշ վկաներ դիմումատուներին սատարողների կողմից ճնշումներից վախենալու հանգամանքը ներկայացրել են որպես դատարան չներկայանալու հիմնավորում, երբ վկաներից առնվազն մեկն ամբողջությամբ հաստատել է ավելի վաղ ներկայացված ցուցմունքով նկարագրված իրադարձությունները, Դատարանն ընդունում է, որ նշված յոթ վկաների նախաքննական ցուցմունքներին ավելի մեծ կշիռ տալու մասով գործը քննող դատարանի կողմից բերված հիմնավորումները բավարար են Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված համապատասխան չափանիշները բավարարելու համար (տե՛ս վերևում 40-րդ պարբերությունը):
Այս համատեքստում և ընդհանուր առմամբ գնահատելով իրեն ներկայացված նյութերը՝ Դատարանը համոզված չէ, որ Մարզային դատարանի եզրահանգումները, որոնք թողնվել են անփոփոխ Քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից, կարող են համարվել կամայական և ակնհայտ անհիմն: Մարզային դատարանը դատապարտել է դիմումատուներին՝ իրեն ներկայացված ապացույցների ամբողջականությունը գնահատելու իր հայեցողությանը համապատասխան, ինչպես նշվել է վերևում՝ ներկայացնելով իր որոշման հիմքում ընկած պատճառները: Հետևաբար Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ դիմումատուների դատաքննությունն ընդհանուր առմամբ բավարարել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված արդարության չափանիշը:
48. Հետևաբար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետի խախտում։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ Քսենյա Տուրկովիչ Նախագահ
