ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 08 ապրիլի 2021 թ. |
ԲԴԽ-13-Ո-Կ-04 |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
նախագահությամբ՝ |
||
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. Վարդազարյանի, | |
մասնակցությամբ՝ |
Գ. Բեքմեզյանի, Ա. Մխիթարյանի, | |
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ
|
Ս. Մարաբյանի,
| |
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
|
Հ. Շահնազարյանի,
| |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
|
Հ. Մելքոնյանի,
| |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 25-ի N-Կ-19/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԱՐԴ1/1099/03/20 գործով հայցվոր Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցիչ փաստաբան Արսեն Համբարձումյանի կողմից 19.10.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Հովհաննես Մելքոնյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը:
Հանձնաժողովը 14․12.2020 թվականին կայացրել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:
Հանձնաժողովի 25․01․2021 թվականի N-Կ-19/2020 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 75-րդ, 314-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 18-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, նշել է, որ այդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ կատարողական թերթ տալու մերժման հիմքերն օրենքով սպառիչ թվարկված են և դրանց բացակայության դեպքում դատարանը տրամադրում է կատարողական թերթ, եթե դիմումն օրենքի պահանջների խախտմամբ չի ներկայացվել: Ընդ որում, դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացնելը ոչ թե դիմումի մերժման, այլ դիմումն առանց քննության թողնելու հիմք է: Բացի այդ վճարման կարգադրությունն արձակվում է առանց դատական նիստ հրավիրելու և առանց նախնական դատական նիստի կանոնները կիրառելու: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց։ Ընդ որում՝ կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե բացակայում են դիմումը մերժելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը:
Դիմողը նշել է, որ Դատավորը մերժել է Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի՝ կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումն այնպիսի հիմքով, որը նախատեսված չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով, և որտեղ դիմումը մերժելու հիմքերը սպառիչ են: Այդ հիմքերից որոշման մեջ կիրառված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը վերաբերում է կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալն օրենքին հակասելու դեպքին, այնինչ դիմումով պահանջվել էր տրամադրել կատարողական թերթ եզրափակիչ մասի ամբողջ մասով և դիմումը մերժվելու մասին որոշումն էլ տրամաբանորեն կայացվել էր դատական ակտի եզրափակիչ մասի ամբողջ մասով կատարողական թերթ տրամադրելու մասին:
Վճարման կարգադրությունը ստացել էր օրինական ուժ՝ այլևս դառնալով պարտադիր և հարկադիր կատարման ենթակա դատական ակտ, որտեղ նշված գումարի գանձման պահանջը, քանի դեռ կամավոր կատարված չէր, պետք է կատարվեր հարկադիր կարգով՝ առանց կասկածի տակ դնելու դատական ակտի հիմքում դրված ապացույցների իսկությունը, և առհասարակ առանց քննարկման առարկա դարձնելու դատական ակտի հիմքում դրված ապացույցների թույլատրելիության և (կամ) վերաբերելիության հարցերը:
Դիմողը եզրահանգել է, որ նախ՝ Դատավորը կայացրել է սխալ որոշում՝ կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման փոխարեն կայացնելով դիմումը մերժելու մասին որոշում, եթե, ըստ Դատավորի, կատարողական թերթ տալը հակասել է օրենքին, երկրորդ՝ մերժել է կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումն այնպիսի հիմքով, որը նախատեսված չէ օրենքով, երրորդ՝ խախտել է օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրության այլևս հարկադիր կատարման ենթակա լինելու կանոնը:
Նշվածներից ելնելով՝ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Դատավորը պարտավոր էր բավարարել դիմումն ու տրամադրել կատարողական թերթ՝ առանց գրավոր ապացույցի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու նախապայմանի: Հատկանշական է, որ Դատավորը, ի պաշտոնե գործելիս պարտավոր լինելով ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, պետք է թույլ չտար այդ խախտումները:
Այսպիսով, Դատավորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը, 314-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը: Միաժամանակ կարգապահական վարույթի շրջականներում ձեռք բերված նյութերով և Դատավորի բացատրություններով հաստատվում է, որ այդ արարքները Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ և արարքներն իրենց էությամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը: Ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը ներկայացրել է բացատրություն Հանձնաժողովին՝ հայտնելով, որ 29.06.2020 թվականին արձակվել է վճարման կարգադրություն, որն օրինական ուժի մեջ է մտել 03.08.2020 թվականին։ Դատարանը 07.08.2020 թվականին ստացել է Արսեն Համբարձումյանի դիմումը՝ կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, որին կցված չի եղել դիմումի մեկ օրինակը պարտապանին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը՝ անդորրագիրը։
Դատավորը հայտնել է, որ այն կցված չի եղել ոչ թե թյուրիմացաբար, ինչպես նշված է հաղորդման մեջ, այլ որպես այդպիսին գոյություն չունենալու պատճառով, որպիսի հանգամանքը հիմնավորվում է 24․08․2020 թվականին ներկայացված թիվ RR286804229AM անդորրագրով, որտեղ հստակ նշված է 21․08․2020 թվականը։ Հեռախոսակապի միջոցով ներկայացուցչին առաջարկվել է ներկայացնել գրավոր ապացույցի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը, որն ի սկզբանե կցված չի եղել դիմումին, և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումի մեկ օրինակը պարտապանին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը։ Նշված ապացույցի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը վճարման կարգադրության դիմումին կցված չի եղել, իսկ Դատարանը, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, այն չի նկատել։
Դատավորը հայտնել է, որ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին 04․09․2020 թվականի որոշումը ստանալուց հետո հաղորդում տված անձն այն սահմանված ժամկետում չի բողոքարկել, այլ 23․09․2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջված ապացույցը և Դատարանի կողմից 12․10․2020 թվականին տրվել է կատարողական թերթ։ Հետևաբար կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին որոշումն ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության։
Իր բացատրությամբ Դատավորը նշել է նաև, որ իր կողմից կատարված գործողություններն որևէ բացասական հետևանք դիմողի համար չեն առաջացրել, քանի որ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված կատարողական թերթի հիման վրա վերջինս օգտվել է դատական ակտի հարկադիր կատարման իր հնարավորությունից։
Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածը, նշել է, որ տվյալ դեպքում որպես դատարան իր կողմից կատարած գործողությունները որևէ բացասական հետևանք դիմողի համար չեն առաջացրել: Եթե անգամ իր արարքը ձևականորեն պարունակում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությանը:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1) Գեգամ Պեշտմալջյանի անունից նրա ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը դիմել է Դատարան՝ Ժորա Գալստյանից 1.850.000 ՀՀ դրամ գումարի գանձման մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջով:
2) Դատարանը 29.06.2020 թվականին արձակել է վճարման կարգադրություն՝ Ժորա Գալստյանից գումարի բռնագանձման մասին: Նշված կարգադրությունը 03.08.2020 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ:
3) Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցիչը 05.08.2020 թվականին դիմել է Դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ:
4) Դատարանը 04.09.2020 թվականին կայացրել է որոշում՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին: Որոշման պատճառաբանական մասում Դատարանը նշել է հետևյալը. «Տվյալ դեպքում կատարողական թերթին համապատասխան ընթացք տալու համար պահանջատեր Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին առաջարկվել է ներկայացնել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցի՝ նոտարական վավերացմամբ կնքված փոխառության պայմանագրի բնօրինակը, իսկ վերջինս հրաժարվել է այն ներկայացնելուց: Այսինքն՝ առաջին ատյանի դատարանի պահանջով պահանջված ապացույցը չի ներկայացվել: Հետևաբար կատարողական թերթը եզրափակիչ մասով տալը հակասում է օրենքին…»:
5) 23․09․2020 թվականին Դատարան է ներկայացվել պահանջված ապացույցը և Դատարանի կողմից 12.10.2020 թվականին տրվել է կատարողական թերթ:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի և անդամի պարզաբանումները, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/1099/03/20 արձակված և օրինական ուժի մեջ մտած վճարման կարգադրության հիման վրա 04.09.2020 թվականին կայացված «Կատարողական թերթ տալը մերժելու մասին» որոշմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի/նորմերի խախտում.
2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
3. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/1099/03/20 վճարման կարգադրությամբ Դատավորի կողմից թույլ տրված նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման։
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը: Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» իր ելակետային բովանդակությամբ բացահայտում է ինչպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի, այնպես էլ իշխանության թույլատրելի շրջանակները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի համապատասխան մասերի համաձայն՝
1. Եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար՝ ակտն ընդունած դատարանը՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթը ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: (…)
3. Դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝
1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.
2) կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին.
3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
4) դատական ակտը չի ենթադրում կատարում.
5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, և այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով: (…)
7. Կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը:
Սույն հոդվածների վերլուծությունից բխում է, որ կատարողական թերթ տալու մերժման հիմքերն օրենքով սպառիչ թվարկված են, և դրանց բացակայության դեպքում՝ դատարանը տրամադրում է կատարողական թերթ, եթե առկա չէ դիմումն առանց քննության թողնելու հիմք։
Վերը նշված նորմերի մեկնաբանությունների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը մերժվել է օրենքի պահանջների խախտմամբ հետևյալ հիմնավորմամբ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված են դատարանի կողմից կայացված այն դատական ակտերը, որոնց հիման վրա նույն հոդվածի համաձայն տրամադրվում է կատարողական թերթը։ Նշված ակտերի շարքին են դասվում դատարանի կողմից արձակած վճարման կարգադրությունները։
Նույն օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ գործը քննած առաջին ատյանի դատարանը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կատարողական թերթը տալիս է պահանջատիրոջ դիմումի հիման վրա։ Այսինքն, օրենսդիրը կատարողական թերթ տրամադրելու համար նախատեսել է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայություն, այն է՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը և պահանջատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան դատարանին ներկայացված կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումի առկայությունը։
Հարկ է նշել, որ կատարողական թերթ տալու մերժման հիմքերը սպառիչ կերպով թվարկված են օրենքով, հետևաբար և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը կարող է մերժվել բացառապես նշված հիմքերի առկայության դեպքում, իսկ նման հիմքերի բացակայության պայմաններում դատարանը պարտավոր է տրամադրել կատարողական թերթ պահանջատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա։
Օրենսդիրը անդրադարձել է նաև դիմումի ներկայացմանն առաջադրվող պահանջներին և նախատեսել դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացված լինելու դատավարական հետևանքները, որպիսի նորմի բովանդակությունից բխում է, որ դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացնելը ոչ թե դիմումի մերժման, այլ դիմումն առանց քննության թողնելու հիմք է։
Նշված մեկնաբանությունների համատեքստում հարկ է պարզել՝ արդյո՞ք առկա է եղել օրինական ուժի մեջ մտած վճարման կարգադրություն և պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ տրամադրելու մասին օրենքով սահմանված կարգով ներկայացված դիմում։
Համաձայն սույն վարույթի նյութերի՝ Դատարանի կողմից 29.06.2020 թվականին արձակվել է վճարման կարգադրություն, ինչը 03.08.2020 թվականին ստացել է օրինական ուժ։ Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցչի կողմից 05.08.2020 թվականին ներկայացվել է դիմում՝ կատարողական թերթ տրամադրելու մասին, որը, սակայն, Դատարանի 04.09.2020 թվականի որոշմամբ մերժվել է` «կատարողական թերթը եզրափակիչ մասով տալը հակասում է օրենքին» պատճառաբանությամբ։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով առանձին կանոնակարգված է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը:
Տվյալ դեպքում Դատարանը մերժել է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրության հիման վրա Գեգամ Պեշտմալջյանի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի դիմումը՝ կատարողական թերթ տրամադրելու մասին՝ պատճառաբանելով, որ «կատարողական թերթը եզրափակիչ մասով տալը հակասում է օրենքին»։
Մինչդեռ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատարանի մերժման հիմքերը համադրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների հետ, փաստում է, որ բացակայել են կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու հիմքերը, իսկ Դատարանի կողմից ներկայացված պարզաբանումները չեն բխում նշված նորմի պահանջներից։
Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը սահմանող 309-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Սույն դեպքում Դատավորը վճարման կարգադրություն արձակելուց հետո, այսինքն՝ գործի ավարտից հետո, պահանջել է ներկայացնել ապացույցի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենն այն դեպքում, երբ գործում է այն կանխավարկածը, որ վճարման կարգադրությունն արձակվել է առերևույթ հիմնավոր լինելու դեպքում, ինչը գնահատվում է պատշաճ ապացույցի հիման վրա, և ըստ այդմ բացակայում են, օրինակ, վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված՝ պահանջն առերևույթ հիմնավոր չլինելու հիմքը:
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վճարման կարգադրությունը, ստանալով օրինական ուժ, այլևս դարձել է պարտադիր և հարկադիր կատարման ենթակա, որպիսի պայմաններում կասկածի տակ չէր կարող դրվել դատական ակտի հիմքում դրված ապացույցների իսկությունը և քննարկման առարկա դարձվեր այդ ապացույցների թույլատրելիության և (կամ) վերաբերելիության հարցը։
Մինչդեռ Դատարանը, կասկածի տակ դնելով իր իսկ կողմից արձակված վճարման կարգադրությունը, մերժել է կատարողական թերթի տրամադրումը և դիմողից պահանջել է պահանջի բավարարման հիմքում դրված ապացույցի՝ փոխառության պայմանագրի բնօրինակը։
Բացի դրանից, հարկ է նշել, որ Դատարանը վճարման կարգադրության մերժման հիմքում վկայակոչել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, այն է՝ կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին։
Այսինքն՝ օրենսդրի կողմից կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերից մեկով է սահմանված այն դեպքը, երբ կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին։ Այնինչ, նշված հիմքով կատարողական թերթ տալու դիմումը մերժելով, Դատարանն անտեսել է նախ այն հանգամանքը, որ վճարման կարգադրության բովանդակությունից և եզրափակիչ մասից բխում էր, որ այն նախատեսում է ամբողջական կատարում։
Նշված փաստերի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը, մերժելով կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը, կայացրել է ոչ օրինաչափ դատական ակտ, ինչպես նաև դիմումը մերժելու հիմքում վկայակոչել է այնպիսի նորմ, որը տվյալ դեպքում կիրառելի չի եղել։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված Դատավորի վարքագծի կանոնի խախտման:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է նաև, որ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը, ի պաշտոնե իմանալով իր պարտականությունները, պարտավոր էր անշեղորեն կատարել դրանք, իսկ գերծանրաբեռնվածությանը հղում կատարելը տվյալ դեպքում որևէ կերպ չի կարող դիտվել որպես պատասխանատվությունը բացառող հանգամանք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակ ընտրելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում այն հանգամանքը, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ, Հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած համապատասխանաբար գրավոր բացատրությամբ և պատասխանով Դատավորն ընդունել է իր կողմից թույլ տրված խախտումը՝ հավելելով, որ զղջում է դրա համար: Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցում կարևորում է նաև կարգապահական խախտման արդյունքում վրա հասած հետևանքի բնույթը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց.
1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին հայտարարել նախազգուշացում:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ | |
Անդամներ` Հատուկ կարծիք եզրափակիչ մասի վերաբերյալ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Ս. ՉԻՉՈՅԱՆ | ||
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | ||
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի 08 ապրիլի 2021թ. թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-04 որոշման եզրափակիչ մասերի վերաբերյալ
Բարձրագույն դատական խորհուրդը 2021թ. ապրիլի 8-ին քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 25-ի N-Կ-19/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը որոշել է․ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին հայտարարել նախազգուշացում:» (այսուհետ՝ Որոշում): Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 27.04.2021թ.։
Համաձայն լինելով Որոշման պատճառաբանական մասում արտահայտված Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշման հետ, գտնում եմ, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտման համար Դատավորը ենթակա էր «Նկատողություն» կարգապահական տույժի կիրառմանը։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ՝
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ ___________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: