ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1031-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման՝
ա. վերնագրից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը,
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։»,
գ. երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ կետերով.
«2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մշակել և մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վարկերի համար բյուջետային երաշխիքի տրամադրման կարգը։».
2) որոշման հավելվածի՝
ա. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-17.8-րդ կետերով.
«17.1. Գյուղատնտեսական հումքն իրացվում է հետևյալ ուղղություններով՝ մթերում վերամշակման նպատակով, մթերում արտահանման նպատակով և տեղական շուկայում թարմ իրացում։ Արտադրվող պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի շուրջ 18 տոկոսը մթերվում է վերամշակման նպատակով, շուրջ 9 տոկոսն արտահանվում է, իսկ շուրջ 77 տոկոսն իրացվում է տեղական շուկայում։
17.2. Հանրապետությունում արտադրված պտուղբանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտադրության և արտահանման ծավալներն ունեն աճի մեծ ներուժ և այն խթանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտահանման նպատակով պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ մթերող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն՝ մատչելի պայմաններով նպատակային վարկեր տրամադրելու միջոցով։
17.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառման շրջանակներում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին արդեն իսկ ցուցաբերվել է նմանատիպ պետական աջակցություն՝ մինչև 1.5 մլրդ դրամի չափով վարկից օգտվելու հնարավորություն տրամադրելու միջոցով, որի արդյունքում մեկ շահառուի տրամադրված շուրջ 1.4 մլրդ դրամ վարկի հաշվին մթերվել և արտահանվել է շուրջ 5.3 հազ. տոննա խաղող, որը կազմել է 2020 թվականին հանրապետությունից արտահանված խաղողի ամբողջ ծավալի շուրջ 21 տոկոսը։
17.4. Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծությամբ սկսել են զբաղվել 2015 թվականից և, ըստ գնահատականների, 2021 թվականին շինշիլաբուծությամբ զբաղվող շուրջ 600 տնտեսություններում առկա է շինշիլայի շուրջ 30 հազ. գլուխ մայրական կազմ։ Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար և այլընտրանք է հանրապետության սակավահող ու անջրդի տարածաշրջաններում շինշիլաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսությունների համար։
17.5. Շինշիլաբուծությունը բարձր եկամտաբերության, սակավ ծախսատարության և ցածր ռիսկայնության շնորհիվ համարվում է էկզոտիկ կենդանաբուծության առաջատար ճյուղերից մեկը, իսկ շինշիլայի մորթին հանդիսանում է կենդանիների ամենաթանկ մորթիներից մեկը և միջազգային շուկայում ունի մեծ պահանջարկ։
17.6. Առանձին տնտեսավարողներ համագործակցում են շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների հետ և նրանցից գնված շինշիլայից ստացված մորթին արտահանում են։
17.7. Մաքսային վիճակագրության տվյալներով 2020 թվականին արտահանվել է 900 հատ շինշիլայի մորթի, և, ըստ գնահատականների, առաջիկա տարիներին այդ թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի։
17.8. Նկատի ունենալով ոլորտի զարգացման միտումները և արտահանման մեծ ներուժը՝ նպատակահարմար է համարվում մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրման միջոցով շինշիլայի գնումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերել պետական աջակցություն։»,
բ. վերնագրից, 20-րդ կետի 1-ին ենթակետից և դրան հաջորդող ամբողջ տեքստից հանել «ագրովերամշակման ոլորտին» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով,
գ. 18-րդ կետում «վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված» և 42-րդ կետում «վերամշակող արդյունաբերությունում» բառերը փոխարինել «մթերող» բառով,
դ. 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «վերամշակմամբ զբաղվող» բառերը փոխարինել «մթերումներ (գնումներ) իրականացնող» բառերով,
ե. 22-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) շինշիլայի գնումներ։»,
զ. 23-րդ կետի 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում և 38-րդ կետի 6-րդ ենթակետում «կովերի» բառը փոխարինել «գյուղատնտեսական կենդանիների» բառերով,
է. 23-րդ կետի 1-ին ենթակետը «կենդանիներից» բառից հետո լրացնել «կամ շինշիլայից» բառերով,
ը. 23-րդ կետի 1.1-ին ենթակետում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով,
թ. 23-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «տեսակը և գլխաքանակը» բառերից հետո լրացնել «կամ շինշիլայի գլխաքանակը,» բառերով,
ժ. 24-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.»,
ժա. 24-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ և 2.4-րդ ենթակետերով.
«2.1) վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
2.2) սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
2.3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
2.4) շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.»,
ժբ. 28-րդ կետի 1-ին ենթակետը «կաթ» բառից հետո լրացնել «, շինշիլա» բառով,
ժգ. 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «կամ կաթի» բառերը փոխարինել «, կաթի կամ շինշիլայի» բառերով,
ժդ. 30-րդ կետում «agro@minagro.am» բառերը փոխարինել «secretariat@mineconomy.am» բառերով,
ժե. N 1 ձևը «ազգանունը» բառից հետո լրացնել «հեռախոսահամարը» բառով, իսկ «կովերի» բառը փոխարինել «գյուղատնտեսական կենդանիների կամ շինշիլայի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: