ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 հունիսի 2021 թ. |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմող՝ Հանրապետության նախագահի ներկայացուցիչ` Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Հովակիմյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներ Կ. Մովսիսյանի, Գ. Աթանեսյանի, Մ. Մոսինյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 73-րդ հոդվածների`
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (№ Կ-842-20.01.2021,03.02.2021-ՊԻ-011/2ամբ.) (այսուհետ՝ նաև Սահմանադրական օրենք) և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը (№ Կ-8422-20.01.2021-ՊԻ-011/2ամբ.) (այսուհետ՝ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2021 թվականի փետրվարի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից չեն ստորագրվել և ուժի մեջ չեն մտել։
Սահմանադրական օրենքը սահմանում է հետևյալը.
«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև» բառերը.
2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:
2.3. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, քննում են նաև սույն օրենսգրքով քրեական մասնագիտացման դատավորին վերապահված այլ գործեր:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:»:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների միջև այլ գործեր չեն բաշխվում:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:»:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. | Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները». |
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:
Հոդված 6. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.»:
Հոդված 7. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետից հանել «և իրավագիտության մագիստրոսի» բառերը.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.»:
Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև կարող են ներառել հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծության, դատավարական փաստաթղթերի նախագծման և այլ պահանջներ:»:
Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը «ուղենիշային տիպային պատասխաններով» բառերից հետո լրացնել «, իսկ թեստային առաջադրանքների դեպքում՝ առաջադրանքների առաջարկվող ճիշտ լուծումներով» բառերով:
Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝
1) մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների հաստիքների նախատեսման համար` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առնվազն տասնյոթ դատավոր՝ ըստ դատարանների և հաստիքների, որից առնվազն ութը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում.
2) վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավոր:
3. Կառավարության համաձայնությունն ստանալու պահից` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն ավելացնում է դատավորների թվակազմը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման միջոցով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համալրման և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին: Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաև թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով թեկնածուների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համալրման նպատակով որակավորման գրավոր քննության առաջադրանքները կազմվում են թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով: Թեստային առաջադրանքները, քրեական մասնագիտացման ոլորտի ընդհանուր հարցերին վերաբերող հիպոթետիկ խնդիրներից բացի, պետք է առավելապես ներառեն նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությանը վերաբերող հիպոթետիկ խնդիրներ:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր տեղերի համալրման նպատակով դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելիս դատավորները կցում են նաև Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
7. Գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար դիմում ներկայացնելու դեպքում անցնում են հոգեբանական թեստավորում, ինչպես նաև հարցազրույց` Օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հարցերի շրջանակներում: Դատավորի ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմում ներկայացրած գործող դատավորները հոգեբանական թեստավորումը և հարցազրույցն անցնելու և Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկություն ստանալու համար ընտրվելու դեպքում ստանում են առաջարկություն սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, իսկ դատավորի թեկնածուների հավակնորդները հարցազրույցի փուլն անցնելու դեպքում ընդգրկվում են դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատավորի թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով և Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ մեկամսյա ժամկետում:
10. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առաջին հերթին` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետև` մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում թափուր տեղերի համալրման կամ այդ տեղերում գործող դատավորներին որպես առանձին դատավոր ընտրելու համար Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հավակնորդներին դատավորների թեկնածուների ցուցակում ներառելու պահից` եռօրյա ժամկետում, հաջորդաբար՝ գործող դատավոր, դատավորի թեկնածու հերթականությամբ առաջարկություն է ներկայացնում՝
1) սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված գործող դատավորին` սկսած այն դատավորից, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագից, որը, առաջարկությունն ստանալով, եռօրյա ժամկետում այն ընդունելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ համարվում է ընտրված որպես առանձին դատավոր և շարունակում է պաշտոնավարել իր գործող պաշտոնում մինչև սույն հոդվածի` համապատասխանաբար 21-րդ կամ 22-րդ մասին համապատասխան որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելը, և
2) դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված թեկնածուին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի՝ Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Սույն կետով նախատեսված թեկնածուները ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում: Առաջարկությունն ընդունած թեկնածուները Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացվում են միաժամանակ և ներկայացվում են այն դեպքում, երբ տվյալ դատարանի տվյալ պաշտոնի թափուր տեղերի համալրման համար առաջարկությունն ընդունած թեկնածուների և որպես առանձին դատավոր ընտրվելու համար առաջարկությունն ընդունած գործող դատավորների ընդհանուր թիվը պակաս չէ տվյալ դատարանում տվյալ պաշտոնի թափուր տեղերի քանակի երեք քառորդից: Սույն մասով սահմանված առաջարկություն ներկայացնելու հերթականությունը չի պահպանվում, եթե թեկնածուների ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածու ներառված չէ, կամ առաջարկություն ներկայացնելու համար գործող դատավորներ առկա չեն, կամ առաջարկություն ներկայացնելու համար ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածուների թիվը կամ գործող դատավորների թիվը սպառվել է:
11. Համապատասխան դատարանի գործող դատավորները նույն դատարանում որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելու դեպքում շարունակում են քննել իրենց վարույթում առկա բոլոր գործերը, իսկ այլ դատարանում որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը ենթակա են վերաբաշխման պաշտոնավարումն սկսելու պահից` մեկ ամսվա ընթացքում:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դատավորներից բացի, այլ դատավորների վարույթում առկա՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները ենթակա չեն վերաբաշխման:
13. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխան դատարանի առանձին դատավորների պաշտոնավարումն սկսելու պահից՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է առանձին դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:
14. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավորների նոր ավելացված հաստիքները համալրող կամ այդ պաշտոնում ընտրվող դատավորներից բացի, Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորներից սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է առնվազն մեկ դատավորի` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավոր:
15. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է վերաքննիչ քրեական դատարանի` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր պաշտոնում նոր նշանակված երեք դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից` երեք դատավորների` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ, որոնք, ի լրումն տվյալ գործերի, իրականացնում են նաև քրեական այլ գործերով վերանայում:
16. Սույն հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված առանձին դատավոր ընտրվելու նպատակով մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորները և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորները Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կարող են ներկայացնել դիմում՝ համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և վերաքննիչ քրեական դատարանում որպես առանձին դատավոր ընտրվելու համար` դիմումին կցելով Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
17. Սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված դիմում չներկայացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորների թվից ընտրում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորների, իսկ վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեկամսյա ժամկետում ստանալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով դատավորների հայտարարագրերի ստուգման և վերլուծության արդյունքները:
18. Սույն հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված առանձին դատավորների ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` եռամսյա ժամկետում: Ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաև դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը կամ դատավորների հայտարարագրերի ստուգման և վերլուծության արդյունքները:
19. Բարձրագույն դատական խորհուրդը, Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավորներին, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող՝ վերաքննիչ քրեական դատարանի առանձին դատավորներին մակագրվող քրեական այլ գործերի համար սահմանում է հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:
20. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դատավորների թեկնածուների ցուցակի ենթաբաժնում առկա թեկնածուներից, իսկ ցուցակը սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
21. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորների տվյալ պաշտոնի թափուր տեղերի առնվազն երեք քառորդի համալրման պահից:
22. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են տվյալ դատարանի առանձին դատավորների թափուր տեղերի համալրման և տվյալ դատարանի գործող դատավորներից սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան առանձին դատավոր ընտրելու պահից:
23. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված դատավորներին ընտրելու պահից:
24. Մինչև սույն հոդվածի 21-23-րդ մասերով նախատեսված դատավորների պաշտոնավարումն սկսելը համապատասխան դատարանում գործերի բաշխումը և քննությունն իրականացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենքին համապատասխան:
25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքի պահանջների հաշվառմամբ սահմանում և հրապարակում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:
26. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները, Բարձրագույն դատական խորհրդի` 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ-23-Ո-49 և 2018 թվականի հուլիսի 26-ի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» ԲԴԽ-29-Ո-67 որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:
27. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, ընտրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորներ` Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:ե։
Օրենքը սահմանում է հետևյալը.
«Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 4-րդ մասը «նախատեսված ուսուցման» բառերից հետո լրացնել «և օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց փորձաշրջանի, որի» բառերը փոխարինել «անձանց փորձաշրջանի և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի՝ 2021 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը նշում է, որ նախատեսված կարգավորումներով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերը մշտապես և անորոշ երկար ժամանակի ընթացքում քննվելու են սահմանափակ թվով դատավորների կողմից, ինչպես նաև դատավորների նոր հաստիքների համալրման համար Սահմանադրական օրենքով նախատեսվում են արտոնյալ պայմաններ։ Նախատեսվում է մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ դատական գործերով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման հատուկ՝ ընդհանուր կանոնների համեմատ էականորեն պարզեցված ընթացակարգ, և համալրման գործընթացի ընդհանուր կանոններից էապես տարբերվող՝ սեղմ ժամկետներ։ Մասնավորապես՝ ուսուցման համար նախատեսված ժամկետը յոթ անգամ քիչ է ընդհանուր կանոնների համաձայն ուսուցման նվազագույն ժամկետից։ Բացի այդ, մեղմացվում են դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անձին ներկայացվող կրթական պահանջները, ինչպես նաև նվազեցվել են որակավորման գրավոր քննության պահանջները՝ այն դարձնելով թեստային առաջադրանքների տեսքով քննություն։
Դիմողը գտնում է, որ առաջարկվող կարգավորումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան դատավորներ առանձնացնելու հայեցողական լիազորության սահմանափակման մասով առերևույթ խնդրահարույց է Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի համատեքստում:
Դիմողը խնդրահարույց է համարում նաև առաջարկվող հատուկ ժամկետների և ընթացակարգի նախատեսումը՝ նշելով, որ Սահմանադրական օրենքի պաշտոնական հիմնավորմամբ ներկայացված չէ այդպիսի հապճեպության որևէ հիմնավորում, ինչպես նաև ներկայացված չէ այն հաշվարկը, որով նման բարդ գործընթացի համար նախատեսված ընդհանուր եռամսյա ժամկետը, ինչպես նաև ուսուցման և փորձաշրջանի իրականացման համար նախատեսված մեկամսյա ժամկետը որոշվել է որպես ողջամիտ և իրավաչափ, մասնավորապես, դատավորի սահմանադրական կարգավիճակի համատեքստում:
Դիմողի համոզմամբ՝ առաջարկվող կարգավորումներն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն ոչ միայն առաջացնում են հիմնավոր կասկած՝ Սահմանադրական օրենքով նախատեսված մասնագիտացված դատարանների անկախ և անաչառ դատարան լինելու վերաբերյալ, այլև թույլ են տալիս ընկալելու Սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումները՝ որպես հատուկ կամ արտակարգ դատարաններ ստեղծելու նպատակ հետապնդող:
Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ՝
- Սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ հոդվածը՝ համակցված 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 20-րդ մասերի հետ, առերևույթ չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին,
- Սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ հոդվածը՝ համակցված 7-րդ, 8-րդ հոդվածների, 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 20-րդ մասերի հետ, ինչպես նաև Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 27-րդ մասերն առերևույթ չեն համապատասխանում Սահմանադրության 163-րդ հոդվածի 2-րդ մասին,
- Սահմանադրական օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ, 27-րդ մասերը չեն համապատասխանում Սահմանադրության 4-րդ և 173-րդ հոդվածներին:
Վերոգրյալ հիմքերով դիմողը գտնում է նաև, որ Օրենքը ևս չի համապատասխանում Սահմանադրության 4-րդ, 61-րդ, 63-րդ, 163-րդ և 173-րդ հոդվածներին։
2. Պատասխանողի դիրքորոշումները
Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորումների՝ դատարանի անկախության սկզբունքին համապատասխանությանը՝ պատասխանողը նշում է, որ Սահմանադրական օրենքով չի նախատեսվում որևէ կառուցակարգ, որը կարող է «օբյեկտիվ դիտորդի» համար դառնալ մտահոգությունների պատճառ դատարանի անկախության համատեքստում: Վերոնշյալի հաշվառմամբ պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին:
Վիճարկվող իրավակարգավորումները դիտարկելով Սահմանադրության 163-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում՝ պատասխանողը նշում է, որ հատուկ կամ արտակարգ դատարանները ստեղծվում են կոնկրետ որևէ դեպքի քննարկման համար, մինչդեռ նշված բացառիկ և հատուկ դեպքերից տարբերվում է առանձին դատավորների նեղ մասնագիտացումը։
Միաժամանակ պատասխանողը նշում է, որ Սահմանադրական օրենքի ուժով առանձին տեսակի գործեր կոնկրետ դատավորների կողմից քննելը խնդրահարույց չէ հատկապես այն պայմաններում, երբ դատավորներն ըստ էության ընտրվում են անմիջապես Բարձրագույն դատական խորհրդի կողմից, ունեն նույն կարգավիճակը, ինչ այլ դատավորները, և օգտվում են դատավորներին տրված բոլոր երաշխիքներից։
Ըստ պատասխանողի՝ դիմումից պարզ չէ, թե ինչպես է դիմումատուն փոխկապակցում դատավորների հավակնորդների որակավորման և ուսուցման հարցերը Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան դրույթների հետ, և որն է առաջարկվող կարգավորումների անհամապատասխանությունը Սահմանադրության համապատասխան հոդվածներին։ Ավելին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման կարգի և պայմանների, ինչպես նաև ուսուցման ժամկետների և շրջանակների առումով Սահմանադրությունը որևէ կարգավորում չի նախատեսում։
Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորումների՝ Սահմանադրության 4-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանությանը՝ պատասխանողը նշում է, որ, որպես կարևոր գործիք և լծակ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մատնանշել է ինչպես դատավորների թվակազմի ավելացումը, այնպես էլ առանձին տեսակի գործերով քննությունն առանձին դատավորներին վերապահելու հնարավորությունը և դատական գործերի բաշխման առանձնահատկությունների սահմանումը: Բացի այդ, ըստ պատասխանողի՝ պատահական չէ, որ Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասը հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները սահմանել Դատական օրենսգրքով: Միևնույն ժամանակ, նման լիազորությամբ Բարձրագույն դատական խորհրդին օժտելը չի բացառում, որ օրենքով սահմանվեն առանձին տեսակի գործեր, որոնք պետք է քննվեն Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորների կողմից: Նման արգելք ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի նախատեսված չէ որևէ նորմատիվ ակտով: Պատասխանողը գտնում է, որ, ի վերջո պետք է հաշվի առնել, որ նման լիազորությամբ Բարձրագույն դատական խորհուրդը օժտվել է ոչ թե սահմանադրի, այլ օրենսդրի կամքով:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ սույն գործով սահմանադրական վերահսկողության օբյեկտն Ազգային ժողովի կողմից ընդունված՝ դեռևս ուժի մեջ չմտած օրենքներն են, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշման շրջանակներում Ազգային ժողովի ընդունած օրենքների սահմանադրականությանն անդրադարձ է կատարվում միայն այն հարցերի սահմաններում, որոնք բարձրացվում են դիմողի կողմից, այն է՝ Սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 4-րդ հոդվածի՝ համակցված 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 20-րդ մասերի հետ, Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանության հարցի, Սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 4-րդ հոդվածի՝ համակցված 7-րդ, 8-րդ հոդվածների, 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 20-րդ մասերի հետ, և Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 27-րդ մասերի՝ Սահմանադրության 163-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցի, Սահմանադրական օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, 10-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ, 27-րդ մասերի՝ Սահմանադրության 4-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցի, ինչպես նաև Օրենքի՝ Սահմանադրության 4-րդ, 61-րդ, 63-րդ, 163-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցի սահմաններում՝ դիմումում ներկայացված հիմնավորումներով։
Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հարցադրումները.
- մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների առանձնացումն արդյոք համապատասխանում է Սահմանադրության 163-րդ հոդվածի կարգավորումներին.
- վիճարկվող իրավակարգավորումների արդյունքում առանձնացվող մասնագիտացված դատավորները՝ նրանց նշանակման կարգի հաշվառմամբ, բավարարու՞մ են արդյոք Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված՝ անկախության և անաչառության պահանջները.
- վիճարկվող իրավակարգավորումները համահու՞նչ են արդյոք Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սույն գործով վիճարկվող՝ Օրենքով նախատեսված իրավակարգավորումների սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն այդ օրենքի դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ չի ներկայացրել որևէ առանձին հիմնավորում: Մյուս կողմից, դրանք ածանցված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսված որոշ փոփոխությունների բովանդակությունից: Ուստի՝ Օրենքով նախատեսված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը սույն որոշմամբ դիտարկվում է ոչ թե առանձին, այլ Սահմանադրական օրենքով ամրագրված իրավակարգավորումների սահմանադրականության հարցի համատեքստում:
4.2. Սահմանադրության՝ «Դատարանները» վերտառությամբ 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը։ Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը:
Նշվածից հետևում է, որ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում գործող դատարանները նախատեսելուն զուգահեռ ամրագրել է նաև օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորություն, ինչպես նաև արտակարգ դատարանների ստեղծման արգելք։ Ընդ որում՝ Սահմանադրությամբ օրենսդրի հայեցողությանն է թողնված մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը գնահատելը, դատարանների մասնագիտացման ոլորտի ընտրություն կատարելը։ Ընդ որում՝ մասնագիտացման ոլորտները չեն առանձնացվում բացառապես և անհրաժեշտաբար ըստ իրավունքի ճյուղերի, դրանց առանձնացումը կարող է պայմանավորված լինել նաև այլ հանգամանքներով (օրինակ՝ ըստ հանցագործության սուբյեկտի)։ Միաժամանակ օրենսդիրն այս հայեցողությունն իրացնելիս պետք է առաջնորդվի բացառապես դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակներով։
Հատկանշական է, որ Սահմանադրությամբ միաժամանակ հստակորեն ամրագրվել է արտակարգ դատարանների ստեղծման արգելք։ Անդրադառնալով արտակարգ դատարանների սահմանադրաիրավական բովանդակությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արտակարգ դատարանների ստեղծումը շեղում է դատարանակազմական և դատարանների գործառութային սկզբունքներից, քանի որ դրանք կոչված են քննելու մեկ կամ մի քանի կոնկրետ, անհատականացված գործեր, հետևաբար՝ նման դատարանները չեն համապատասխանում արդար դատաքննության երաշխիքներին։ Ի հակադրություն արտակարգ դատարանների՝ մասնագիտացված դատարանները ստեղծվում են որոշակի ոլորտներում նախապես չանհատականացված գործերով մասնագիտացված արդարադատություն իրականացնելու համար։ Այսինքն՝ դրանք նպատակ ունեն քննելու ընդհանուր և վերացականորեն սահմանված շրջանակի բոլոր գործերը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, 2012 թվականի թիվ 15 կարծիքի 37-րդ պարբերությունում անդրադառնալով մասնագիտացված և արտակարգ դատարաններին, նշել է, որ նեղ մասնագետ դատավորներից իրավական հատուկ ոլորտների բարդ և առանձնահատուկ պահանջների բավարարում պահանջելն այլ խնդիր է և տարբերվում է հատուկ, ժամանակավոր (ad hoc) և բացառիկ իրավասությունների դատարաններ հիմնելուց, որոնց պահանջն առաջանում է կոնկրետ կամ հատուկ հանգամանքներում: Նման դատարանները պարունակում են պոտենցիալ վտանգ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածում ամրագրված երաշխիքների առումով:
Ողջ վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա է հստակ տարանջատում մասնագիտացված դատարանների և արտակարգ դատարանների միջև, ուստի յուրաքանչյուր դեպքում դատարանի տեսակը բացահայտելու և դրա թույլատրելիությունը պարզելու համար պետք է հիմք ընդունել յուրաքանչյուրին բնորոշ՝ վերը նշված առանձնահատկությունները։
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով մասնագիտացված արդարադատությանը, 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«Մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: (...)»։
Մեկ այլ՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ «ՀՀ Սահմանադրությունը (…) հնարավոր է համարել այնպիսի իրավիճակի ձևավորում, որտեղ հասարակական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև դրանց առավել բարդ իրավական կարգավորվածության պայմաններում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջվի առավել խոր մասնագիտական մոտեցում և լուծումներ։ ՀՀ Սահմանադրությունը, նման իրավիճակի գնահատման լիազորությունը վերապահելով օրենսդրին, նախատեսում է նաև օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորությունե։
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, 2012 թվականի թիվ 15 կարծիքում անդրադառնալով դատավորների մասնագիտացմանը, արտահայտել է հետևյալ դիրքորոշումները.
«8. Մասնագիտացումը հաճախ առաջանում է իրավունքի ոլորտում փոփոխություններին համապատասխանելու անհրաժեշտությունից և ոչ թե միտումնավոր ընտրության արդյունք է: Նոր օրենսդրական ակտերի մշտական ընդունումը, լինի դա միջազգային, եվրոպական թե ներպետական իրավունքի ոլորտներում, կամ փոփոխվող նախադեպը և տեսությունը իրավական գիտությունը դարձնում են չափազանց ընդգրկուն և բարդ: Դատավորի համար դժվար է տիրապետել բոլոր այդ ոլորտներին: Մինչդեռ հասարակությունը և դատավարության կողմերն ավելի ու ավելի մեծ պահանջներ են առաջադրում դատարանների պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության առումներով: Դատավորների մասնագիտացումը կարող է ապահովել, որ նրանք տիրապետեն համապատասխան գիտելիքների և փորձառության իրենց իրավասության ոլորտում:
9. Իրավական ոլորտի խոր իմացությունը կարող է դրական անդրադառնալ դատավորի ընդունած որոշումների որակի վրա: Նեղ մասնագետ դատավորներն առավել շատ փորձ են ձեռք բերում կոնկրետ ոլորտներում, ինչը կարող է իր հերթին նպաստել դատարանի հեղինակության բարձրացմանը:
10. Առանձին գործերը վերապահելը նեղ մասնագետ դատավորների խմբին կարող է նպաստել դատական որոշումների հետևողականությանը, հետևաբար կարող է խթանել իրավական որոշակիությունը:
11. Մշտապես նույն տիպի գործերով զբաղվելու դեպքում մասնագիտացումը կարող է օգնել դատավորներին՝ առավել լավ հասկանալու իրենց ներկայացված գործերի էությունը, լինի դա տեխնիկական, սոցիալական թե տնտեսական ոլորտներում, ուստի գտնել լուծումներ, որոնք ավելի համապատասխան են այդ բնագավառների համար:
(…)
13. Որոշակի իրավական ոլորտներում առավել խոր փորձագիտության միջոցով մասնագիտացումը կարող է նպաստել դատարանի արդյունավետության բարձրացմանը և գործերի կառավարմանը՝ հաշվի առնելով, որ դատարան ներկայացվող գործերի թիվը մշտապես աճում է»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մասնագիտացված դատարանների ձևավորման իրավական հնարավորությունը բխում է միջազգային մի շարք փաստաթղթերից և ուղղակիորեն նախատեսված է Սահմանադրությամբ:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում մասնագիտացված դատարանի ստեղծումը պետք է պայմանավորված լինի օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող հստակ անհրաժեշտությամբ, հետապնդի բացառապես դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակներ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը պետք է միտված լինի անձի՝ որոշակի ոլորտին վերաբերող խախտված իրավունքների արդյունավետ վերականգնման ապահովմանը և դրա մեխանիզմների մատչելի իրականացմանը: Մասնագիտացված դատարանի ստեղծումը չպետք է լինի արհեստական և հետապնդի արդարադատության իրականացման հետ չկապված նպատակներ:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մասնագիտացված դատարանների ստեղծումը կարող է դրսևորվել տարբեր եղանակներով, այն է՝ առանձնացված կառուցվածքային միավորի ստեղծում դատական համակարգում, գոյություն ունեցող դատարանում առանձնացված միավորի ստեղծում (օրինակ՝ պալատի տեսքով) կամ գոյություն ունեցող դատարանում մասնագիտացված դատավորների առանձնացում, ուստիև մասնագիտացված դատարանին բնորոշ վերոգրյալ հատկանիշները հավասարապես վերաբերում են դրա բոլոր հնարավոր դրսևորումներին:
4.3. Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող կարգավորումներով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննությունը վերապահվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորներին, իսկ համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, քննությունը՝ տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորներին։ Միաժամանակ սահմանվել է, որ վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև։
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դիմողի կողմից առաջ քաշված այն հարցին, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների առանձնացումն անկողմնակալ դիտորդի կողմից կարող է ընկալվել որպես արտակարգ դատարանի ստեղծում, արձանագրում է հետևյալը.
մասնավորապես՝ Սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումներով վերը նշված դատավորների առանձնացումը չի հետապնդում մեկ կամ մի քանի կոնկրետ, անհատականացված գործեր քննելու նպատակ։ Ավելին՝ այն ենթադրում է օրենքի հիման վրա մասնագիտացված դատարանի ստեղծում՝ դրան բնորոշ հատկանիշներով, այն է՝ վերը նշված դատավորների քննությանն են հանձնվելու մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության բոլոր գործերը, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորների դեպքում՝ ի լրումն վերը նշված գործերի, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները։ Այս տեսանկյունից խնդրահարույց չէ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորների քննությանը, իսկ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ վերաքննիչ քրեական դատարանի առանձին դատավորների քննությանը հանձնելը, քանի որ այդ գործերն ունեն ընդհանուր և վերացականորեն սահմանված շրջանակ։
Միաժամանակ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ մասնագիտացված դատավորների առանձնացման անհրաժեշտությունը որոշելն օրենսդրի գնահատման տիրույթում է։ Վերջինս, սակայն, պետք է առաջնորդվի բացառապես դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակներով: Տվյալ դեպքում Սահմանադրական օրենքի ընդունման հիմնավորումներից պարզ է դառնում, որ այդ դատավորների առանձնացման անհրաժեշտությունն օրենսդիրը պայմանավորել է այն հանգամանքով, որ քրեական մասնագիտացման դատավորները, ի լրումն իրենց մակագրվող քրեական գործերի, քննում են նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, ինչը ոչ միայն առաջացնում է գերծանրաբեռնվածություն, այլև չի ապահովում տվյալ միջնորդությունների քննության արդյունավետությունը և նշված հարցերով մասնագիտացումը։ Ուստի դրանց քննության ապահովումը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից կբարձրացնի այդ գործերի քննության արդյունավետությունը, կապահովի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը։ Ընդ որում՝ Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց՝ նաև այլ քրեական գործեր) համար սահմանված առանձնահատկությունները պայմանավորվել են վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությամբ։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող կարգավորումներով օրենսդրի կողմից հետապնդվող նպատակն իրավաչափ է. մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորներ առանձնացնելու՝ օրենսդրի հիմնական նպատակը դատարանների՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների գերծանրաբեռնվածության հաղթահարումն է՝ ուղղված լինելով ողջամիտ ժամկետում գործերի քննության, ինչպես նաև նշված հարցերով մասնագիտացման ապահովմանը։
Այսպիսով, վիճարկվող իրավակարգավորումներով նախատեսվող մասնագիտացված դատավորների առանձնացումը, հաշվի առնելով մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը գնահատելու և դատարանների մասնագիտացման ոլորտի ընտրություն կատարելու հարցում օրենսդրին վերապահված հայեցողությունը, ինքնին համահունչ է սահմանադրական վերը նշված կարգավորումներին։ Ավելին, Սահմանադրական դատարանը ոչ միայն սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չի համարում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների առանձնացումը, այլև հրավիրում է օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությունը՝ հետագայում նշված գործերը քննելու նպատակով առանձին մասնագիտացված դատարանի՝ որպես դատական համակարգում առանձնացված կառուցվածքային միավորի ստեղծման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը գնահատելու հարցին։
4.4. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում վիճարկվող կարգավորումները դիտարկել նաև Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված՝ արդար դատաքննության իրավունքի համատեքստում։
Սահմանադրության՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Արդար դատաքննության իրավունքն ամրագրում է ստացել նաև մի շարք միջազգային փաստաթղթերում։ Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Նշված իրավունքին վերաբերող դրույթներ են բովանդակում, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-րդ հոդվածը և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված պահանջներին պետք է համապատասխանեն ոչ միայն ընդհանուր իրավասության, այլև մասնագիտացված դատարանները։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2012 թվականի թիվ 15 կարծիքի 29-րդ պարբերության համաձայն՝ «նեղ մասնագետ դատավորները, ինչպես բոլոր դատավորները, պետք է բավարարեն [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածով սահմանված անկախության և անաչառության պահանջները: Մասնագիտացված դատարանները և դատավորները պետք է նաև բավարարեն Կոնվենցիայի այդ դրույթի այլ պահանջները՝ դատարանի հասանելիություն, պատշաճ իրավական ընթացակարգ, արդար դատաքննության իրավունք և ողջամիտ ժամկետում գործը լսելու իրավունք: Դատարանները պարտավոր են իրենց մասնագիտացված պալատները կազմակերպել այնպես, որ վերոնշյալ պահանջները բավարարվեն»:
Արդար դատաքննության իրավունքն առաջին հերթին ենթադրում է անկախ և անաչառ դատարանի առկայություն, քանի որ նշված հատկանիշներից զուրկ մարմինը չի կարող ապահովել իր իրավասությանը վերապահված գործերի արդարացի քննություն։ Ավելին, նշված պահանջները չբավարարող մարմնի առկայությունը նվազեցնում է ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ ընդհանրապես հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Քննարկվող պահանջների կարևորությունը և նշանակությունն ընդգծվել է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականին ընդունված CM/Rec(2010)12 հանձնարարականի 4-րդ և 11-րդ կետերում նշվել է, որ առանձին դատավորների անկախությունն ապահովվում է ընդհանուր առմամբ դատական համակարգի անկախությամբ: Որպես այդպիսին, այն իրավական պետության հիմնարար տարր է: Դատավորների արտաքին անկախությունը ոչ թե արտոնություն է, որը տրված է դատավորների սեփական շահերի համար, այլ բխում է իրավական պետության և այն անձանց շահերից, որոնք փնտրում և ակնկալում են անկողմնակալ արդարադատություն: Դատավորների անկախությունը պետք է դիտարկել որպես ազատության, մարդու իրավունքների հարգանքի և օրենքի անաչառ կիրառման երաշխիք: Միաժամանակ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը 2015 թվականին ընդունված թիվ 18/2015 կարծիքի 10-րդ պարբերությունում նշել է, որ «դատական անկախությունը միջոց է, որով ապահովվում է դատավորների անաչառությունը։ Ուստի այն բոլոր քաղաքացիների (և իշխանական մյուս թևերի) համար երաշխիքի նախապայման է, որ իրենք համահավասարություն կունենան դատարանում։ Դատարանի անկախությունը գործերն անաչառ քննելու պարտավորության ներհատուկ տարր է։ Միայն անկախ դատական իշխանությունը կարող է արդյունավետ իրականացնել հասարակության բոլոր անդամների իրավունքները, հատկապես այն խմբերի, որոնք խոցելի են և ընդունելիություն (հասարակությունում համակրանք) չունեն։ Ուստի անկախությունը հիմնարար պահանջ է, որը հնարավորություն է տալիս դատական իշխանությանը՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքներըե։
Առաջնորդվելով Սահմանադրության՝ «Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան» վերտառությամբ 81-րդ հոդվածի կարգավորմամբ առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անկախ և անաչառ դատարանի առկայության պահանջի բովանդակությունը բացահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) դիրքորոշումների համատեքստում։
Եվրոպական դատարանն իր վճիռներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով միայն այն մարմինն է ձեռք բերում «դատարանի» նշանակություն, որն ունի լիակատար իրավազորություն և բավարարում է մի շարք պահանջների, ինչպիսիք են գործադիրից և կողմերից անկախությունը (case of Beaumartin v. France, app. no. 15287/89, 24/11/1994, § 38)։ «Դատարան» հասկացությանը բնորոշ է նաև այն, որ այն պետք է կազմված լինի արժանիքների հիման վրա ընտրված դատավորներից, այսինքն՝ դատավորներից, որոնք բավարարում են տեխնիկական հմտություններին ներկայացված, ինչպես նաև բարեվարքության պահանջները՝ իրավական պետությունում իրենցից պահանջվող դատական գործառույթներն իրականացնելու համար (case of Guðmundur Andri Ástráðsson v. Iceland, app. no. 26374/18, 01/12/2020, § 220)։ Որոշելու համար, թե արդյոք դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարող է համարվել «անկախե, պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։ Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անաչառության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (case of Findlay v. the United Kingdom, app. no. 22107/93, 25/02/1997, § 38)։
4.5. Սույն գործով վիճարկվող կարգավորումներով, ի թիվս այլնի, փոփոխվել են դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող որոշ պահանջներ, այն է՝ կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության պահանջները, միաժամանակ փոփոխվել են որակավորման գրավոր քննության առաջադրանքներին, ինչպես նաև դատավորների թեկնածուների հավակնորդների ուսումնառության տևողությանը վերաբերող իրավակարգավորումները։
Անկախության պահանջի վերաբերյալ վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների և դատական համակարգի մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը նույնն է՝ այն պայմանավորված չէ մասնագիտացված դատավոր լինելու կամ չլինելու հանգամանքով։
Առաջին ատյանի դատարանների դատավորների նշանակման (այդ թվում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների նոր ավելացված հաստիքների համալրման) գործընթացում մասնակցություն ունեցող իրավասու մարմինների հարցում որևէ փոփոխություն չի ենթադրվում, այս մասնագիտացման դատավորների թեկնածուներն ընտրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից, իսկ դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը, ուստի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մարմիններից անկախ լինելու հանգամանքը դատավորի նշանակման տեսանկյունից որևէ խնդիր չի հարուցում: Իսկ դատավարության կողմերից անկախությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում և տվյալ դեպքում չի կարող գնահատվել բացառապես օրենսդրական կարգավորման հիման վրա:
Ինչ վերաբերում է դատավորների թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջներին, նրանց որակավորման ստուգման նպատակով անցկացվող քննության և Արդարադատության ակադեմիայում իրականացվող ուսումնառության կարգը սահմանող իրավական դրույթներին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող կարգավորումների գործարկումը կասկածի տակ չի դնում այդ կարգով նշանակված դատավորի անկախությունը: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության 165-րդ հոդվածով սահմանված են դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները։ Նշված հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների համար Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
Միաժամանակ Սահմանադրության 166-րդ հոդվածը վերաբերում է դատավորների ընտրությանը և նշանակմանը։ Այսպես՝ նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, իսկ նույն հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:
Վերոգրյալից հետևում է, որ դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջներին և դատավորների ընտրության և նշանակման կարգին վերաբերող նորմերի մի մասն ամրագրված են Սահմանադրությամբ, իսկ դատավորի թեկնածուներին ներկայացվող և դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասների սահմանումը թողնվում է օրենսդրի կարգավորմանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Սահմանադրությամբ դատավորների թեկնածուների կրթությանը ներկայացվող միակ պահանջը բարձրագույն կրթությամբ իրավաբան լինելն է, դրանով չի նախատեսվում դատավորների թեկնածուների մասնագիտական աշխատանքային փորձառությանը, ինչպես նաև ուսումնառության պարտադիրությանը և/կամ տևողությանը, բովանդակությանը կամ այլ չափանիշին վերաբերող որևէ պահանջ։ Հետևաբար՝ նշված հարցերի կապակցությամբ օրենսդրի կողմից սահմանվող կարգավորումները սահմանադրականության տեսանկյունից չեն կարող խնդրահարույց լինել որակյալ արդարադատության իրականացման ապահովման համար անբավարար լինելու հիմքով, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից որևէ նորմի սահմանադրականության գնահատման մասշտաբը միայն Սահմանադրության նորմերն են, մինչդեռ դրանք չեն սահմանում դատավորների թեկնածուների մասնագիտական աշխատանքային փորձառությանը և ուսումնառության պարտադիրությանը և/կամ տևողությանը վերաբերող պահանջներ։
Ինչ վերաբերում է դատավորների թեկնածուների հավակնորդների ուսումնառության մեկամսյա տևողությանը, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 08.04.2021 թ. ՍԴԴ-50 գրության՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նշել է, որ «(…) նկատի ունենալով նշված մասնագիտացմամբ դատավորների գործունեության ոլորտի սահմանափակ բնույթը և այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցերին առնչվող թեմաներն ունեն ավելի սահմանափակ ծավալ, հնարավոր ենք համարում նշված մասնագիտացմամբ դատավորների մասնագիտական պատրաստման նպատակադիր կազմակերպումը մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրում կոնկրետ թիրախային առարկաներ ներառելու, յուրաքանչյուր ուսումնական օրվա և ունկնդիրների անհատական ծանրաբեռնվածության ծավալն ավելացնելու դեպքում (…)»: Նույն պատասխանով հայտնվել է, որ մասնագիտական պատրաստման մաս պետք է կազմի նաև դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանը, որը կարող է կազմակերպվել նաև լսարանային ուսուցմանը զուգահեռ:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև դիմողի կողմից բարձրացված հարցին առ այն, որ Սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումներով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերը մշտապես և անորոշ երկար ժամանակի ընթացքում քննվելու են սահմանափակ թվով դատավորների կողմից: Վերոնշյալ դիրքորոշման առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ եթե կոնկրետ մասնագիտացման մասով առկա է դատավորների նեղ շրջանակ, այն չի կարող ինքնին հանգեցնել Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտման, եթե առկա են դատավորի անկախության և անաչառության բավարար երաշխիքներ։ Ավելին, հակառակ պարագայում՝ նույն խնդիրը հնարավոր է արձանագրել առհասարակ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի համատեքստում՝ համեմատելով հատկապես մարզերում քրեական մասնագիտացման դատավորների քանակի հետ: Մասնավորապես՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության որոշ դատարաններում ներկայումս առկա է քրեական մասնագիտացման դատավորի 2 կամ 3 հաստիք (Արագածոտնի, Տավուշի, մարզեր, հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 06.04.2021 թ. թիվ ՍԴԴ-46 գրության՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 20.05.2021 թ. թիվ ԴԴ-1 Ե-3850 գրությունը)։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ յուրաքանչյուր մասնագիտացման մասով յուրաքանչյուր դատարանում ապահովել մեծ թվով դատավորների առկայություն, իսկ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներով նախատեսված դատավորների թվաքանակը խնդիրներ չի հարուցում։ Ավելին, դրանցով նախատեսվում է ավելացնել դատավորների հաստիքներ. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առնվազն տասնյոթ դատավորի հաստիք, որից առնվազն ութը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորի հաստիք։
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները Սահմանադրության 63-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից խնդրահարույց չեն:
4.6. Անդրադառնալով Սահմանադրական օրենքով ամրագրված դրույթների սահմանադրականությանը՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի համատեքստում, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական առաքելությունը, Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն, դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելն է: Այդ առաքելությունն իրականացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է օժտված լինի համապատասխան լիազորություններով։ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի հետևյալ լիազորությունները.
1) դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմում և հաստատում.
2) նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկում.
3) նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկում.
4) Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին Ազգային ժողովին առաջարկում.
5) դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցի լուծում.
6) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի լուծում.
7) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծում.
8) դատավորների լիազորությունների դադարեցման հարցի լուծում.
9) իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվների հաստատում և ներկայացում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
10) օրենքին համապատասխան իր աշխատակազմի ձևավորում:
Միաժամանակ Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է, որ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը» վերտառությամբ 21-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) գործեր։
Փաստորեն, օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդին լիազորել է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք կքննեն առանձին տեսակի գործեր, ինչը վկայում է, որ օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդին թույլատրել է գնահատելու առանձին տեսակի գործերով դատավորներ ընտրելու անհրաժեշտությունը և ըստ այդմ՝ ընտրելու համապատասխան դատավորներ:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված սահմանադրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս եզրահանգելու, որ առանձին տեսակի գործեր քննող դատավորներ առանձնացնելու անհրաժեշտության գնահատումը բացառապես Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունն է: Ավելին՝ Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ հստակ ամրագրվում է օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտացված դատարանների ստեղծման իրավական հնարավորությունը: Այդ լիազորության շրջանակներում Ազգային ժողովի կողմից, օրինակ, 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես մասնագիտացված դատարան ստեղծվել է Սնանկության դատարանը։ Ինչ վերաբերում է առանձին տեսակի գործեր քննող դատավորներին, ապա օրենսդիրն ինչպես 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, այնպես էլ 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով արդեն իսկ ընդգծել է առանձին տեսակի այնպիսի գործեր քննող դատավորների առանձնացման հնարավորությունը, ինչպիսիք են, օրինակ, անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Ընդ որում՝ նշված սահմանադրական օրենքները ստորագրվել են Հանրապետության նախագահի կողմից։
Վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիր իշխանությամբ օժտված մարմնին ևս տրված է առանձին տեսակի գործեր քննող կամ մասնագիտացված դատավորներ առանձնացնելու անհրաժեշտության գնահատման լիազորություն։
Ընդ որում՝ տվյալ դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորների, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների ընտրության, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների նոր ավելացված հաստիքների համալրման գործընթացում առանցքային դերակատարում է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը, ինչն ապահովում է վերջինիս՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի՝ սահմանադրական առաքելության իրականացումը, հետևաբար՝ վիճարկվող դրույթները խնդրահարույց չեն Բարձրագույն դատական խորհրդին տրված սահմանադրական կարգավիճակի տեսանկյունից։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 73-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող` |
Ա. ԴիլանՅԱՆ |
15 հունիսի 2021 թվականի ՍԴՈ-1603 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ» ՍԴՈ-1603 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021 թվականի հունիսի 15-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը (ՍԴՈ-1603):
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ստորև ներկայացնում ենք հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1603 որոշման վերաբերյալ։
1. Սահմանադրության՝ «Դատարանները» վերտառությամբ 163-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Սահմանվում է նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Նույն հոդվածի 2-րդ մասն արգելում է արտակարգ դատարանների ստեղծումը:
Նախ՝ հարկ է նշել, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները վերաբերում են ոչ թե մասնագիտացված դատարանների ստեղծմանը, այլ առանձին դատավորների մասնագիտացմանը`ընդհանուր իրավասության դատարանների շրջանակներում: Ուստի սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելու հիմքում պետք է դրվեն Սահմանադրության 61, 63 և 164-րդ հոդվածները, հատկապես`դատավորների անաչառության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին ենթադրում է, որ առաջնային նշանակություն պետք է ունենան օրենսդրի շարժառիթները, նրա կողմից իրավաչափ նպատակներ հետապնդելու հարցը, ինչն անտեսվել է Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-1603 որոշմամբ, ինչպես և անտեսվել է այն հապճեպությունը, որով ընդունվել են դատավորների մասնագիտացմանը վերաբերող սույն գործով վիճարկվող օրենքները: Ակնհայտ է, որ դատավորների մասնագիտացումը զուտ առարկայական, մասնագիտական մոտեցում պահանջող հարց է, և որևէ հապճեպություն այս հարցում առավելապես ընդգծում է քաղաքական շարժառիթների առկայությունը, ինչը համատեղելի չէ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված`դատավորների անաչառության սկզբունքի հետ:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Դատարանի անաչառության սկզբունքը նաև որպես օբյեկտիվ իրավական պատվիրան ամրագրված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում:
Դատավորների և դատարանների մասնագիտացումն օրինական դատավորի (դատարանի) սահմանադրական սկզբունքի արտացոլումն է, որն ածանցվում է Սահմանադրության 63-րդ հոդվածից և ենթադրում է, ի թիվս այլնի, որ միայն կոմպետենտ, անհրաժեշտ մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող դատավորները կարող են դիտվել որպես օրինական դատավորներ (օրինական դատարան)՝ Սահմանադրության իմաստով:
Դատարանների և դատավորների մասնագիտացման սահմանադրական նպատակն ընդհանուր հիմքերով արդարադատություն իրականացնող դատավորների համեմատ ավելի նեղ ոլորտներում ավելի պատրաստված, հետևապես`ավելի բարձր մասնագիտական կարողություններով օժտված դատավորների միջոցով արդարադատության պատշաճ որակի ապահովումն է: Դա նշանակում է, որ կա՛մ առանձին իրավունքի ճյուղերի սահմաններում, կա՛մ առանձին հարցերով մասնագիտական ավելի բարձր կարողություններ ունեցող դատավորները կարող են ապահովել այդ ոլորտներում կամ հարցերում այն որակները, որոնք բավարար են դատական պաշտպանության արդյունավետության և արդար դատաքննության ապահովման համար: Այսինքն` որոշակի ոլորտներում կամ հարցերում մասնագիտացումը ենթադրում է որոշակիորեն տարբերվող, հատուկ պահանջներ դատավորների համապատասխան թեկնածուների նկատմամբ` այլ թեկնածուների համեմատ: Ընդսմին` դատավորների անաչառության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ դատավորների մասնագիտացումը չփոխկապակցվի կոնկրետ գործերի կամ գործերի խմբի կամ քաղաքական շարժառիթների հետ: Բացի դրանից, դատավորների մասնագիտացումն ինքնին բացառում է պարզեցված ընթացակարգերի կիրառումը դատավորների ընտրության հարցում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ընթացակարգերի կիրառումը հիմնավորվում է ծանրակշիռ փաստարկներով, մինչդեռ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներում, նախ` պարզեցված կարգով դատավորների ընտրության հնարավորություն է նախատեսվում միայն մասնագիտացված դատավորների թափուր տեղերի առաջին համալրման համար, բացի դրանից, մարզերում դատավորների համար մասնագիտացումը խիստ պայմանական է, քանի որ նրանք` մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, քննելու են նաև քրեական գործեր, և չեն քննելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ գործեր, որոնք բոլորը` իրավական տեսանկյունից անհասկանալի պատճառաբանությամբ քննելու են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մասնագիտացված դատավորները: Մասնագիտացված դատավորների տարբերակումը` կախված տարածքային տեղաբաշխումից` զուգակցված դատական համակարգից դուրս դատավորների առաջին խմբին ընտրելու օրենսդրի ակնհայտ մտադրության հետ, փաստում է քաղաքական նպատակադրությունը և կապ չունի առարկայական չափանիշների հետ, ինչն անհամատեղելի է դատավորների անաչառության սահմանադրական պահանջի հետ:
Սահմանադրական դատարանը` անդրադառնալով դատարանների մասնագիտացմանը, ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«Մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ։ Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից։ Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է։ Հետևաբար, այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում» (ընդգծումները սույն հատուկ կարծիքի հեղինակներինն են):
Ըստ մեկ այլ՝ ՍԴՈ-782 որոշման. «Սահմանադրությունը, սահմանելով ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, միևնույն ժամանակ հնարավոր է համարել այնպիսի իրավիճակի ձևավորում, որտեղ հասարակական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև դրանց առավել բարդ իրավական կարգավորվածության պայմաններում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջվի առավել խոր մասնագիտական մոտեցում և լուծումներ։ ՀՀ Սահմանադրությունը, նման իրավիճակի գնահատման լիազորությունը վերապահելով օրենսդրին, նախատեսում է նաև օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորություն։ Սահմանադրական նորմի բովանդակության նորմատիվ տարրն է կազմում այն պահանջը, համաձայն որի՝ նման դատարանը պետք է իրականացնի արդարադատություն որոշակի իրավազորության շրջանակներում. դա այդ մարմնի բացառիկ իրավասությունն է, այլ դատարան իրավասու չէ քննել նման գործեր, ինչպես նաև մասնագիտացված դատարանն իրավասու չէ քննել այլ դատարանի իրավասությանը վերապահված գործեր։ Նույն կերպ, մասնագիտացված դատարանի դատավորը, որն օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, որպես մասնագիտացված դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնող անձ կոչված է իրականացնելու արդարադատություն՝ բացառապես իրավունքի այդ կոնկրետ բնագավառում» (ընդգծումը սույն հատուկ կարծիքի հեղինակներինն է):
Վերոհիշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումները.
«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մասնագիտացված դատարան ստեղծելու՝ սահմանադրական նորմի տված հնարավորության իմաստը ոչ թե գործերի մեխանիկական բաժանումն է տարբեր դատարանների միջև, այլ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող համակարգի ստեղծումն է, որտեղ գործերի բաշխումը տարբեր իրավասությամբ օժտված դատարանների միջև կիրականացվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից արդարացված չափանիշներով, որի պայմաններում իրավասու դատարաններն իրենց մասնագիտական որակավորմամբ ի վիճակի կլինեն իրականացնել արդյունավետ մասնագիտական արդարադատություն» (ընդգծումները սույն հատուկ կարծիքի հեղինակներինն են):
Սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումներն ունեն սկզբունքային նշանակություն և վերաբերելի են նաև մասնագիտացված դատավորների հետ կապված հարցերին: Այդ իրավական դիրքորոշումներով առանձնացվում են այն առարկայական պահանջները, որոնք Սահմանադրության տեսանկյունից պետք է ներկայացվեն և ներկայացվում են օրենսդրին և արդարադատության ոլորտում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմնին` Կառավարությանը` դատարանների և դատավորների մասնագիտացման առնչությամբ:
Ամփոփելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` հարկ ենք համարում նշել, որ՝
1) մասնագիտացված դատարանների ստեղծումը (դատավորների մասնագիտացումը) բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից, և սա է դատարանների և դատավորների մասնագիտացման իրավաչափ նպատակը, որն ածանցվում է Սահմանադրությունից.
2) դատարանների (դատավորների) մասնագիտացումը պետք է հիմնվի բացառապես օբյեկտիվ անհրաժեշտության վրա, չհետապնդի դատարանակազմության ձևափոխմանն ուղղված և այդ միջոցով հետապնդվող քաղաքական, անձնային կամ այլ սուբյեկտիվ նպատակներ.
3) դատարանների (դատավորների) մասնագիտացումը չպետք է հանգեցնի դատավորների թեկնածուների կամայական կամ քաղաքական նպատակադրությամբ պայմանավորված ընտրության, որը կարող է վտանգել նրանց անաչառությունը.
4) դատարանների (դատավորների) մասնագիտացումը չպետք է հանգեցնի կոնկրետ գործերի կամ գործերի որևէ խմբի մեխանիկական բաշխման կամ վերաբաշխման, գործերի բաշխումը պետք է իրականացվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից արդարացված չափանիշներով, որի պայմաններում իրավասու դատարանները (դատավորները) իրենց մասնագիտական որակավորմամբ ի վիճակի կլինեն իրականացնել արդյունավետ մասնագիտական արդարադատություն.
5) դատարանների (դատավորների) մասնագիտացումն արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջի առավել խոր մասնագիտական մոտեցում և լուծումներ, քան ընդհանուր իրավասության դատարանների (դատավորների) պարագայում:
Հարկ է նշել, որ վերոհիշյալ հայեցակարգային մոտեցումները համահունչ են նաև միջազգային չափանիշներին:
Այսպես` Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի` «Դատավորների մասնագիտացման մասին» թիվ 15 (2012) կարծիքի 5-րդ կետի համաձայն՝ «նեղ մասնագետ դատավոր» է այն դատավորը, որը զբաղվում է իրավունքի սահմանափակ ոլորտներով (օրինակ՝ քրեական, հարկային, ընտանեկան, տնտեսական և ֆինանսական), և որը զբաղվում է որոշակի ոլորտներում հատուկ փաստական հանգամանքներին վերաբերող գործերով (օրինակ՝ սոցիալական, տնտեսական կամ ընտանեկան իրավունքի վերաբերյալ գործերով):
Ըստ վերոհիշյալ կարծիքի (8-10-րդ կետեր)՝
«Մասնագիտացումը հաճախ առաջանում է իրավունքի ոլորտում փոփոխություններին համապատասխանելու անհրաժեշտությունից և ոչ թե միտումնավոր ընտրության արդյունք է: Նոր օրենսդրական ակտերի մշտական ընդունումը, լինի դա միջազգային, եվրոպական, թե ներպետական իրավունքի ոլորտներում, կամ փոփոխվող նախադեպը և տեսությունը իրավական գիտությունը դարձնում են չափազանց ընդգրկուն և բարդ: Դատավորի համար դժվար է տիրապետել բոլոր այդ ոլորտներին: Մինչդեռ հասարակությունը և դատավարության կողմերն ավելի ու ավելի մեծ պահանջներ են առաջադրում դատարանների պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության առումներով: Դատավորների մասնագիտացումը կարող է ապահովել, որ նրանք տիրապետեն համապատասխան գիտելիքների և փորձառության իրենց իրավասության ոլորտում:
Իրավական ոլորտի խոր իմացությունը կարող է դրական անդրադառնալ դատավորի ընդունած որոշումների որակի վրա: Նեղ մասնագետ դատավորներն առավել շատ փորձ են ձեռք բերում կոնկրետ ոլորտներում, ինչը կարող է, իր հերթին, նպաստել դատարանի հեղինակության բարձրացմանը:
Առանձին գործերը վերապահելը նեղ մասնագետ դատավորների խմբին կարող է նպաստել դատական որոշումների հետևողականությանը, հետևաբար կարող է խթանել իրավական որոշակիությունը:
Մշտապես նույն տիպի գործերով զբաղվելու դեպքում մասնագիտացումը կարող է օգնել դատավորներին՝ առավել լավ հասկանալու իրենց ներկայացված գործերի էությունը, լինի դա տեխնիկական, սոցիալական թե տնտեսական ոլորտներում, ուստի գտնել լուծումներ, որոնք ավելի համապատասխան են այդ բնագավառների համար» (ընդգծումները սույն հատուկ կարծիքի հեղինակներինն են):
Վերոհիշյալ կարծիքի 37-րդ կետում նշվում է նաև, որ նեղ մասնագետ դատավորներից իրավական հատուկ ոլորտների բարդ և առանձնահատուկ պահանջների բավարարում պահանջելն այլ խնդիր է և տարբերվում է հատուկ, ժամանակավոր (ad hoc) և բացառիկ իրավասությունների դատարաններ հիմնելուց, որոնց պահանջն առաջանում է կոնկրետ կամ հատուկ հանգամանքներում: Նման դատարանները պարունակում են պոտենցիալ վտանգ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված երաշխիքների առումով:
Իսկ նույն կարծիքի 29-րդ կետում նշվում է, որ նեղ մասնագետ դատավորները, ինչպես բոլոր դատավորները, պետք է բավարարեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված անկախության և անաչառության պահանջները: Մասնագիտացված դատարանները և դատավորները պետք է նաև բավարարեն հիշյալ կոնվենցիայի այդ դրույթի այլ պահանջները՝ դատարանի հասանելիություն, պատշաճ իրավական ընթացակարգ, արդար դատաքննության իրավունք և ողջամիտ ժամկետում գործը լսելու իրավունք: Դատարանները պարտավոր են իրենց մասնագիտացված պալատները կազմակերպել այնպես, որ վերոնշյալ պահանջները բավարարվեն:
Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներով դատավորների առանձնացումը` առանց բավարար հիմնավորումների, չի բխում օբյեկտիվ չափանիշներից և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ, չի նպաստում անկախ ու անաչառ քննությանը:
Այսպես` սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներում բացակայում է համակարգային տրամաբանությունը, որը կխարսխվեր դատավորների մասնագիտացման օբյեկտիվ անհրաժեշտության և առարկայական չափանիշների վրա: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննվելու են թե՛ Երևանի, թե՛ մարզերի քրեական մասնագիտացման դատավորների, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները՝ միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից: Դրան զուգահեռ Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների միջև այլ գործեր չեն բաշխվելու, իսկ մարզերում մինչդատական քրեական վարույթին վերաբերող գործեր քննող դատավորները քննելու են նաև քրեական մասնագիտացման դատավորին վերապահված այլ գործեր: Երևանի և մարզերի միջև նման տարբերակումը որևէ օբյեկտիվ հիմք չի կարող ունենալ:
Ընդ որում, հարկ է նկատել, որ մարզերի դատավորների դեպքում այլևս խոսք չի կարող լինել մինչդատական վարույթին վերաբերող հարցերով նրանց մասնագիտացման մասին, քանի որ նրանք քննելու են նաև քրեական գործեր: Ուստի անգամ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների հիմնավորումներն առարկայազուրկ են առնվազն այդ մասով: Այս կարևոր հանգամանքին Սահմանադրական դատարանը, սակայն, ՍԴՈ-1603 որոշման մեջ չի անդրադարձել:
Հարկ է նաև նշել, որ դատավորների մասնագիտացումը և նրանց ծանրաբեռնվածության հարցի լուծումը ինքնին որևէ կապակցվածություն չունեն: Դատավորների ծանրաբեռնվածության հարցը կախված է առավելապես երկրի բնակչության թվի հետ նրանց թվային հարաբերակցությունից, նախադատական և արտադատական ընթացակարգերի արդյունավետությունից, բարձր հայցագին չունեցող դատական վեճերի լուծման պարզեցված ընթացակարգերից, դատավորներին փոխարինելու և գործուղելու կառուցակարգերի արդյունավետությունից, բարդ գործերի քանակից և բազում այլ հանգամանքներից: Դրա պարզ վկայությունն է ՀՀ վարչական դատարանի` ստեղծման առաջին տարիներին հաջորդող ժամանակահատվածում գերծանրաբեռնվածությունը, որը նաև մասնակի շարունակական բնույթ ունի, ինչպես նաև ներկայումս, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, որը մինչ օրս հաղթահարված չէ: Բացի դրանից, պարզ է, որ մի շարք դատավորների գերծանրաբեռնվածության հարցի լուծումն ուղղակիորեն փոխկապակցված չէ մասնագիտացված դատարանների կամ մասնագիտացված դատավորներ առանձնացնելու հետ, ավելին՝ ինքնին մասնագիտացված դատավորների առանձնացումը կարող է անգամ հանգեցնել մյուս դատավորների ծանրաբեռնվածության մեծացման։ Դատական համակարգի գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը ենթադրում է այլ կառուցակարգեր, որոնցից մեկը, անշուշտ, դատավորների թվի ավելացումն է։
2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների կենսագործման համար անհրաժեշտ հիմքերից մեկը դատարանների (դատավորների) անաչառությունն է:
Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների վերաբերյալ գործեր քննող դատավորների նշանակման կարգը համադրելով դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նպատակով անցկացվող քննության, իրականացվող ուսումնառության ընդհանուր կարգի հետ` ակնհայտ է դառնում, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներով նախատեսվում են գործող կարգից էականորեն տարբերվող պայմաններ, որոնք անհրաժեշտ ենք համարում գնահատել սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներին վերաբերող հիմնավորումների համատեքստում:
Այսպես՝ սույն գործով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համալրման նպատակով որակավորման գրավոր քննության առաջադրանքները կազմվում են թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով։ Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ «1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը:
2. Գրավոր առաջադրանքները պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:
3. Գրավոր առաջադրանքները կարող են ներառել նաև համապատասխան մասնագիտացման ոլորտում հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրներ՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծություն, դատավարական փաստաթղթերի նախագծում և այլն: Գրավոր քննությունը կարող է անցկացվել տարբեր օրերի ընթացքում տարբեր առաջադրանքներ ներկայացնելու միջոցով»:
Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներով որակավորման գրավոր քննության կարգի տարբերությունն ընդհանուր կարգից ակնհայտ է․ առաջինի դեպքում պահանջները սահմանափակվում են բացառապես թեստով, իսկ ընդհանուր կարգով անցկացվող գրավոր քննությունը նախատեսում է իրավական խնդիրներ, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը, ինչպես նաև պարունակում են փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջ: Հարկ է նաև նկատել, որ որակավորման գրավոր քննության ընդհանուր կարգը վերաբերում է հավասարապես քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման դատավորների թափուր հաստիքները համալրելուն:
Ինչ վերաբերում է ուսումնառության և փորձաշրջանի համար հատկացվող ժամանակահատվածին, ապա գործող կարգավորումներով սահմանված առնվազն յոթամսյա ժամկետի փոխարեն սույն գործով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է ընդամենը մեկամսյա ժամկետ:
Մեր կարծիքով` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թեկնածուների հավակնորդների գրավոր քննության այսչափ դյուրին ընթացակարգ նախատեսելը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընդհանուր տևողության կտրուկ նվազեցումը չեն կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ, ընդհակառակը, կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետությունում դատավորին ներկայացվող մասնագիտական և անձնական որակների ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող դատավոր ընտրելու հնարավորությունը:
Թեև մասնագիտացված դատարանների դատավորները պետք է տիրապետեն ավելի նեղ ոլորտներում գիտելիքների և հմտությունների, քան ոչ մասնագիտացված դատավորները, սակայն այդպիսի գիտելիքները պետք է լինեն ավելի խորքային, հակառակ դեպքում մասնագիտացումն իմաստազրկվում է։ Սակայն սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների հիմքում հակառակ տրամաբանությունն է դրված, ինչը վկայում է օրենսդրի կողմից ոչ լեգիտիմ նպատակներ հետապնդելու մասին։ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում սույն գործով վիճարկվող օրենքների ընդունմանը նախորդած ժամանակահատվածում կայացրած որոշակի դատական ակտերից առանձին քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց բարձրաձայնած դժգոհությունների համատեքստում այս հանգամանքն ավելի քան ակնառու է դարձնում օրենսդրի ոչ լեգիտիմ նպատակները, իսկ եթե դրան հավելենք նաև այդ օրենքների հապճեպ ընդունված լինելու փաստը և պարզեցված ընթացակարգերի կիրառումն ապագա մասնագիտացված դատավորների առաջին կազմի նկատմամբ, ապա առավելապես հանգում ենք այն եզրակացության, որ Ազգային ժողովի ընդունած օրենքներն աղերս չունեն դատավորների մասնագիտացման օբյեկտիվ անհրաժեշտության հետ` անկախ այդ օրենքների հիմնավորումներից առ այն, որ առաջարկվող կարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերի քննության արդյունավետությունը՝ նշված գործերով ապահովելով մասնագիտացում:
Վերոգրյալի հիման վրա արձանագրում ենք, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները հետապնդում են ոչ իրավաչափ նպատակներ, չեն ապահովում դատավորների մասնագիտացում, էականորեն նվազեցնում են դատավորներին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև պարունակում են հակահամակարգային լուծումներ, որոնք կարող են ազդել դատավորների պատշաճ ընտրության և դրանով նաև նրանց հետագա անաչառության վրա:
Հարկ է նկատել, որ սույն հատուկ կարծիքի հեղինակների կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին գրեթե համահունչ դիրքորոշումներ է Սահմանադրական դատարան ներկայացրել նաև Մարդու իրավունքների պաշտպանը 2021 թվականի մայիսի 14-ին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը հակասում են Սահմանադրության 61, 63 և 164-րդ հոդվածներին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ |
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
24 հունիսի 2021 թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2021 թվական:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՍԴՈ-1603 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1603 որոշմամբ որոշել է. «1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը…»։
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1603 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումից տարբերվող հետևյալ դիրքորոշումը.
1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1603 որոշման (այսուհետ` Որոշում) 3-րդ կետում սահմանադրաիրավական վեճի լուծման համար պարզման ենթակա հանգամանքների շրջանակում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների առանձնացման վերաբերյալ հարցադրումները, քննարկել է դատարանների ձևավորման ու գործունեության հիմնարար սկզբունքների, անկախության ու անաչառության պահանջների բավարարման և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը բնութագրող դրույթների համատեքստում (Սահմանադրության 63, 163 և 173-րդ հոդվածներ):
Սակայն, վիճարկվող օրենքների կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ այդ կարգավորումներն ուղղված են ոչ թե մասնագիտացված արդարադատություն իրականացնող դատարանների ստեղծմանը, այլ՝ ընդհանուր իրավասության դատարանի շրջանակներում դատավորների մասնագիտացմանը:
Ակնհայտ է, որ վիճարկվող օրենքների կարգավորումներով՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների առանձնացման սահմանադրականությունը պետք է գնահատվեր հենց Սահմանադրության 164-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխանության շրջանակում:
Այս հանգամանքով պայմանավորված անհրաժեշտ է նկատել, որ Սահմանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի են հենց մասնագիտացված արդարադատության ինստիտուտի ներդրմանը (տվյալ պարագայում՝ վարչական արդարադատության ոլորտին), դատավորների մասնագիտացման միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը երաշխավորելու խնդրին:
Սահմանադրական դատարանը նույն որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է», և այդ հանգամանքով պայմանավորված՝ «(…) այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում»։
Իր մեկ այլ՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ «ՀՀ Սահմանադրությունը, սահմանելով ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, միևնույն ժամանակ հնարավոր է համարել այնպիսի իրավիճակի ձևավորում, որտեղ հասարակական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև դրանց առավել բարդ իրավական կարգավորվածության պայմաններում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջվի առավել խոր մասնագիտական մոտեցում և լուծումներ։ ՀՀ Սահմանադրությունը, նման իրավիճակի գնահատման լիազորությունը վերապահելով օրենսդրին, նախատեսում է նաև օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորություն։ Սահմանադրական նորմի բովանդակության նորմատիվ տարրն է կազմում այն պահանջը, համաձայն որի՝ նման դատարանը պետք է իրականացնի արդարադատություն որոշակի իրավազորության շրջանակներում. դա այդ մարմնի բացառիկ իրավասությունն է, այլ դատարան իրավասու չէ քննել նման գործեր, ինչպես նաև մասնագիտացված դատարանն իրավասու չէ քննել այլ դատարանի իրավասությանը վերապահված գործեր։ Նույն կերպ, մասնագիտացված դատարանի դատավորը, որն օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, որպես մասնագիտացված դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնող անձ կոչված է իրականացնելու արդարադատություն՝ բացառապես իրավունքի այդ կոնկրետ բնագավառում»։
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը, որ՝ «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մասնագիտացված դատարան ստեղծելու՝ սահմանադրական նորմի տված հնարավորության իմաստը ոչ թե գործերի մեխանիկական բաժանումն է տարբեր դատարանների միջև, այլ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող համակարգի ստեղծումն է, որտեղ գործերի բաշխումը տարբեր իրավասությամբ օժտված դատարանների միջև կիրականացվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից արդարացված չափանիշներով, որի պայմաններում իրավասու դատարաններն իրենց մասնագիտական որակավորմամբ ի վիճակի կլինեն իրականացնել արդյունավետ մասնագիտական արդարադատություն»։
Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ իրավական դիրքորոշումներով բացահայտել է մասնագիտացված դատարանի բնույթը, գործերի բաշխման արդյունավետ իրականացման իրավական համակարգի առանձնահատկությունը՝ արդյունքում ձևավորելով մասնագիտացված դատարանի դատավորների կողմից արդարադատության իրականացման մեխանիզմը:
2. Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, «Դատավորների մասնագիտացման մասին» թիվ 15 (2012) կարծիքում անդրադառնալով դատավորների մասնագիտացման հիմնախնդրին, «նեղ մասնագետ դատավոր» է դիտարկել այն դատավորին, որը «... զբաղվում է իրավունքի սահմանափակ ոլորտներով (օրինակ՝ քրեական իրավունք, հարկային իրավունք, ընտանեկան իրավունք, տնտեսական և ֆինանսական իրավունք, մտավոր սեփականության իրավունք, մրցակցային իրավունք), և որը զբաղվում է որոշակի ոլորտներում հատուկ փաստական հանգամանքներին վերաբերող գործերով (օրինակ՝ սոցիալական, տնտեսական կամ ընտանեկան իրավունքի ոլորտների գործերով)» (կետ 5):
Այսինքն՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը դատավորների մասնագիտացումը հնարավոր է համարում բացառապես ըստ ոլորտների (քրեական իրավունք, հարկային իրավունք և այլն), այն դեպքում, երբ վիճարկվող օրենքների կարգավորումներով դատավորների մասնագիտացումը կատարվում է ոչ թե ըստ ոլորտային առանձնահատկությունների, այլ ըստ առանձին ինստիտուտների:
Ավելին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը նույն՝ թիվ 15 (2012) կարծիքի շրջանակում մտահոգություն է արտահայտել «նեղ մասնագետ դատավորների» վերաբերյալ՝ նշելով. «... մասնագիտացման հիմնական վտանգն այն է, որ նեղ մասնագետ դատավորները կարող են տարանջատվել դատական ընդհանուր համակարգից» (կետ 14), և «Դատավորները, որոնք նեղ մասնագիտացման հետևանքով ընդունում են միևնույն տեսակի հարցերի առնչությամբ որոշումներ, կարող են հակված լինել վերարտադրելու նախկին որոշումները, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ հասարակության պահանջներին համապատասխան նախադեպի զարգացմանը: Այդ վտանգն առկա է նաև, երբ որոշակի ոլորտում որոշումները մշտապես ընդունվում են դատավորների միևնույն խմբի կողմից» (կետ 15):
Միաժամանակ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը նաև արձանագրել է. «Չափազանց նեղ մասնագիտացված դատարան հիմնելը կարող է առանձնացնել դատավորներին դատական համակարգի մնացած կազմից կամ կարող է նման տպավորություն ստեղծել: Նման դատավորները կարող են ենթարկվել դատավարության մասնակից կողմերի, նույն հետաքրքրություններով միավորված մարդկանց խմբերի և պետական այլ ուժերի կողմից ճնշումների» (կետ 19):
Եվ ներկայացված հիմնավորումների համատեքստում Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, նման դատարաններ հիմնելու կապակցությամբ շարունակելով արտահայտել իր առարկությունները, արձանագրել է. «Նեղ մասնագետ դատավորներից իրավական հատուկ ոլորտների բարդ և առանձնահատուկ պահանջների բավարարում պահանջելն այլ խնդիր է և տարբերվում է հատուկ, ժամանակավոր (ad hoc) և բացառիկ իրավասությունների դատարաններ հիմնելուց, որոնց պահանջն առաջանում է կոնկրետ կամ հատուկ հանգամանքներում: Նման դատարանները պարունակում են պոտենցիալ վտանգ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված երաշխիքների առումով» (կետ 37):
Սակայն, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-1603 որոշման 4.2-րդ կետում կարևորելով միջազգային մի շարք փաստաթղթերից բխող մասնագիտացված դատարանների ձևավորման իրավական հնարավորությունը, այդ թվում՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2012 թվականի թիվ 15 (2012) կարծիքի այն ամրագրումները, որոնց հաշվառմամբ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1603 որոշման մեջ արձանագրել է, որ մասնագիտացված դատարանների ստեղծումը պետք է «... հետապնդի բացառապես դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակներ»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ կարծում եմ, որ եթե մասնագիտացված դատարանների ձևավորման իրավական հնարավորությունը երաշխավորված է սահմանադրական կարգավորումների համատեքստում, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նման դատարանի ստեղծումը և գործունեության առանձնահատկությունները որքանո՞վ են համապատասխանելու Սահմանադրության 164-րդ հոդվածով ամրագրված դատավորի անկախության և անաչառության սահմանադրական պահանջներին և որքանո՞վ են ծառայելու բուն արդարադատության իրականացմանը:
Այս հարցերի քննարկման համար անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, թե որոնք են անկախության և անաչառության գնահատման չափանիշները՝ մասնագիտացված դատարանների ձևավորման կարգի պահանջների համատեքստում:
Այսպես՝ վիճարկվող օրենքների կարգավորումների համատեքստում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների վերաբերյալ գործեր քննող դատավորների անկախության գնահատման չափանիշների շրջանակում անհրաժեշտ է անդրադառնալ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նպատակով անցկացվող քննության, իրականացվող ուսումնառության ընդհանուր կարգին, որով առաջարկվող կարգավորումները նախատեսում են ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգից էականորեն տարբերվող պայմաններ: Նույնը վերաբերում է ուսումնառության և փորձաշրջանի համար հատկացվող ժամանակահատվածի վերաբերյալ առկա տարբեր ժամկետներին: Այս առումով կարծում եմ, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թեկնածուների հավակնորդների համար պարզեցված ընթացակարգ նախատեսելը, այդ թվում՝ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընդհանուր կարգից բացառություն կատարելը, որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, ընդհակառակը կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետությունում դատավորին ներկայացվող մասնագիտական և անձնական որակների ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող դատավոր ընտրելու հնարավորությունը և նպատակը:
Եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակի կողմից վիճարկվող օրենքների կարգավորումների վերաբերյալ բերված հիմնավորումներով նպատակ է հետապնդվել թեթևացնելու քրեական մասնագիտացման դատավորների գերծանրաբեռնվածությունը և ապահովելու մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու գործերի քննության արդյունավետությունը, այդ թվում լրացուցիչ հաստիքների ավելացման միջոցով, ապա հարց է առաջանում՝ ինչպես են վիճարկվող իրավակարգավորումները ծառայելու գերծանրաբեռնվածության թեթևացմանն ու մինչդատական քրեական վարույթի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործերով առավել արդյունավետ և մասնագիտացված քննության իրականացմանը, եթե մարզերում այդ գործերը քննող դատավորները կրկին ունենալու են նույն ծանրաբեռնվածությունը, և առհասարակ անորոշ է դառնում օրենսդրական նման կարգավորման նպատակը:
Կամ, ինչպես պարզ է դառնում վիճարկվող օրենքների կարգավորումների բովանդակությունից, օրենսդիրը նպատակ է հետապնդում մինչդատական քրեական վարույթի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործերը քննող դատավորների գիտելիքներն ստուգել առավելապես այդ ոլորտին վերաբերող խնդիրների լուծումների միջոցով, քանի որ նրանք իրենց գործունեությունն իրականացնելու են հենց այդ ոլորտում, սակայն, այդ պարագայում որքանո՞վ է նշված նպատակը համարվում իրագործելի և արդյունավետ մարզի դատավորների նկատմամբ, որոնք բացի մինչդատական քրեական վարույթի գործերից քննելու են նաև ընդհանուր բնույթի գործեր:
3. Օրենսդիրը, մի կողմից, կոնկրետ մասնագիտացման դատավորների համար նախատեսել է հատուկ կարգավորումներ, այդ թվում՝ կրճատելով նրանց ուսումնառության ժամկետը՝ մարզերի դատավորներին վերապահելով քննել նաև ընդհանուր բնույթի քրեական գործեր, և ի տարբերություն քրեական մասնագիտացման կամ ընդհանուր բնույթի դատավորների՝ մասնագիտացված դատավորներին անուղղակիորեն դարձրել է պակաս պատրաստվածության դատավորներ: Բայց, մյուս կողմից, նախատեսել է այդ դատավորների առաջին համալրման հատուկ ընթացակարգ՝ առանց հիմնավորելու այդ մոտեցման նպատակն ու պատճառաբանությունը: Այսինքն՝ մի դեպքում մասնագիտացման դատավորների համար բերվում են հիմնավորումներ՝ վերջիններիս նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու պատճառաբանությամբ, իսկ մեկ այլ դեպքում՝ նախատեսվում առանձնահատուկ ընթացակարգ բացառապես այդ դատավորների առաջին համալրման դեպքում, և արդյունքում՝ վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում ակներև է դառնում հակասության առկայությունը:
Կարծում եմ՝ նման մոտեցումը չի ապահովելու ոլորտի արդյունավետությունը, այլ ընդհակառակը՝ նսեմացնելու է ոչ մասնագիտացված դատավորների տեղն ու դերը դատական համակարգում և կարող է խոչընդոտ հանդիսանալ ոչ մասնագիտացված դատավորների թեկնածուների ընտրության առումով՝ լայն պրոֆիլի դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուի նկատմամբ մասնագիտացված դատավորի պաշտոնն ավելի գրավիչ լինելու հիմնավորմամբ:
Ավելին, գնահատելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման գրավոր քննության և ուսումնառության տարբերությունն ընդհանուր կարգից՝ այն անմիջականորեն ներգործելու է արդարադատության արդյունավետության և որակի վրա: Արդյունքում նույնանման գործերի քննությունը վստահված է լինելու տարբեր մասնագիտական ունակություններ ունեցող դատավորներին, հատկապես հաշվի առնելով, որ վիճարկվող օրենքների կարգավորումների ուժով բացառապես մեկ անգամ և պարզ ընթացակարգով է անցկացվելու որակավորման գրավոր քննությունն ու ուսումնառությունը:
Ներկայացված հիմնավորման շրջանակում անհրաժեշտ է նշել, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2012 թվականի թիվ 15 (2012) կարծիքում ևս անդրադառնալով մասնագիտացում ունեցող դատավորների կարգավիճակին՝ արձանագրվել է. «Ուղղորդող սկզբունքը պետք է լինի այն, որ նեղ մասնագիտացում ունեցող դատավորները իրենց կարգավիճակի առնչությամբ պետք է արժանանան նույն վերաբերմունքին, ինչպես լայն պրոֆիլի դատավորները: Դատավորների նշանակումը, պաշտոնավարությունը, առաջխաղացումը, անփոփոխելիությունը և կարգապահական հարցերը կարգավորող օրենքները և կանոնները, ուստի, պետք է լինեն նույնը նեղ մասնագիտացում ունեցող և լայն պրոֆիլի դատավորների համար» (կետ 53):
Նշվածը ևս հաստատում է, որ նեղ մասնագիտացման դատավորների թեկնածուների ընտրությունը՝ որպես դատավորների նշանակման գործընթացի նախնական փուլ, ևս պետք է իրականացվի այն նույն սկզբունքներով, ինչպիսիք կիրառելի են ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար:
Վերոգրյալի հաշվառմամբ, կարծում եմ, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման գրավոր քննության, Արդարադատության ակադեմիայում ուսումնառության առանձնահատկությունները՝ համակցված այն դրույթի հետ, որ թափուր հաստիքների համալրման այդ առանձնահատուկ կարգը վերաբերում է տվյալ մասնագիտացման առանձին դատավորների միայն առաջին համալրմանը, խնդրահարույց է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից:
Նույնը վերաբերում է անաչառ դատարանի առջև արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացման խնդրին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ արտահայտված իրավական հետևյալ դիրքորոշումը, ըստ որի՝ «Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով»։
4. Վիճարկվող օրենքների հիմնական և եզրափակիչ մասերի ու անցումային կարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դրանք կամ կրկնորդում են ՀՀ դատական օրենսգրքի գործող կարգավորումները, կամ անուղղակիորեն հակասության մեջ են վերջիններիս հետ:
Այսպես՝ ՀՀ դատական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) գործեր։
Վերոնշյալ կարգավորման համատեքստում, կարծում եմ, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներ ընտրելու վերաբերյալ հարցերն արդեն իսկ իրենց կարգավորումն ունեն:
Կամ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թվակազմի ավելացման հարցը ՀՀ դատական օրենսգրքի 23-րդ և 28-րդ հոդվածների շրջանակում արդեն իսկ կարգավորված է նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված նույնաբովանդակ լիազորության իրականացման տեսանկյունից, այն է՝ Բարձրագույն դատական խորհուրդը Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը:
Իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ մասի կարգավորումն ուղղակի կրկնորդում է ՀՀ դատական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին միայն այն տարբերությամբ, որ օրենսդիրն ուղղորդում է Բարձրագույն դատական խորհրդին կատարելու արդեն իսկ վերջինիս՝ նույն օրենսգրքով վերապահված լիազորությունը:
Բացի դրանից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 26-րդ մասի կարգավորումներից հետևում է, որ նշված օրենքի ընդունմամբ պայմանավորված Բարձրագույն դատական խորհուրդը պետք է վերանայի իր՝ նախկինում ընդունված որոշումները, ինչը չի բխում Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքի տրամաբանությունից և այլն:
Ամփոփելով՝ կարծում եմ, որ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը խնդրահարույց են Սահմանադրության 5, 61, 63 և 164-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2021 թվական: