ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ԼԴ1/0057/01/17 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի սեպտեմբերի 24-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Վաչե Վահագնի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Վաչե Վահագնի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կալանքի՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
2. Մեղադրող Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է: Վաչե Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 30-ի՝ «Իրեղեն ապացույցը ոչնչացնելու մասին» ակտի համաձայն՝ իրեղեն ապացույց ճանաչված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ոչնչացվել է1:
Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել և այն մտել է օրինական ուժի մեջ:
2018 թվականի օգոստոսի 13-ին Վ.Պողոսյանը վերցվել է հաշվառման՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի բաժնում:
2018 թվականի օգոստոսի 24-ին Վ.Պողոսյանը դիմում է ներկայացրել իր նկատմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի» մասին ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշումը կիրառելու վերաբերյալ:
2018 թվականի օգոստոսի 27-ին պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել միջնորդություն` Վ.Պողոսյանի նկատմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի» մասին ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշումը կիրառելու վերաբերյալ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Պողոսյանի նկատմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի» մասին ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշումը կիրառելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետ Կ.Ստեփանյանի ներկայացրած միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Պողոսյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը մերժվել է:
6. Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի և 2019 թվականի փետրվարի 26-ի որոշումներով դատապարտյալ Վ.Պողոսյանի բողոքները վերադարձվել են՝ ձևական սխալները շտկելու և դրանք կրկին ներկայացնելու համար, որից հետո սակայն, դատապարտյալ Վ.Պողոսյանի կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել:
7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Վաչե Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 63853 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 23.07.2017թ.-ին ապօրինի ձեռք է բերել՝ քաղել է և զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 2-րդ հարկի ննջարանի իր զինվորական մահճակալի ներքնակի տակ, առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է զգալի չափերով՝ 2.112 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց (…)»2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է Վաչե Պողոսյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է հարուցել դատական ակտերի վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը, և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչել և հռչակել Վաչե Պողոսյանի անմեղությունը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Վաչե Պողոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու համար:
12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
⚖13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:
⚖14. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:
Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:
15. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
16. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վաչե Պողոսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 2.112 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Վաչե Պողոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։
Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2.112 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Վաչե Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նման պայմաններում, թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վաչե Պողոսյանի կողմից կատարված արարքի վրա:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վաչե Պողոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը վերանայելու համար։
19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Վաչե Պողոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Վաչե Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վաչե Վահագնի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վաչե Վահագնի Պողոսյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Վաչե Վահագնի Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 261:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 182:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: