ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2021 թվականի N 685-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման մեջ «պետական տեղեկատվական համակարգ» և «ՊՏՀ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կառավարության փոխգործելիության հարթակ» և «ԿՓՀ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի I գլխի 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) կառավարության փոխգործելիության հարթակ (ԿՓՀ) (անգլերեն՝ Government interoperability platform, GIP)՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որը միավորում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ իրավաբանական անձանց տեղեկատվական համակարգերը և, որի փոխգործելիության կենտրոնական համակարգի տեխնիկական սպասարկումը և դրա հետ համակցման համակարգումն իրականացվում է օպերատորի կողմից.».
3) որոշման N 1 հավելվածի VI գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ և 15.4-րդ կետերով.
«15.1. Կառավարության փոխգործելիության հարթակին ինտեգրված պետական տեղեկատվական համակարգը տնօրինող պետական մարմինը սահմանում և օպերատորին է ծանուցում օպերատորի հետ հաղորդակցման առաջնային և երկրորդային պատասխանատու անձանց: Երկրորդային պատասխանատու անձը հաղորդակցվում է օպերատորի հետ առաջնային պատասխանատու անձի բացակայության ժամանակ:
15.2. Կառավարության փոխգործելիության հարթակին ինտեգրված տեղեկատվական համակարգի աշխատանքի խափանման պարագայում պատասխանատու անձն անհապաղ տեղյակ է պահում կառավարության փոխգործելիության հարթակի օպերատորին՝ տրամադրելով առաջացած խնդրի և դրա վերացման հնարավոր ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:
15.3. Օպերատորը տվյալ տեղեկատվական համակարգի աշխատանքի խափանման մասին ստացված տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով ծանուցում է այդ համակարգի տվյալների բազայից և ծառայություններից օգտվող գրանցված մարմիններին և կազմակերպություններին:
15.4. Տեղեկատվական համակարգի պլանային սպասարկման աշխատանքների կատարման պարագայում պատասխանատու անձն օպերատորին դրա մասին գրավոր ծանուցում է առնվազն 3 աշխատանքային օր առաջ՝ համաձայնեցնելով աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Երևան |
29.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: