ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0764/11/19 |
ԵԴ/0764/11/19 |
Նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի հոկտեմբերի 9-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատախազ Տ.Կարապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հունվարի 24-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 83150819 քրեական գործը:
Քրեական գործով վկաներ՝ Ս.Մովսիսյանի, Ն.Հարությունյանի, Մ.Հովհաննիսյանի և Խ.Նահապետյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանը 2019 թվականի հուլիսի 12-ին դիմումներ է հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով հարցաքննել իր կողմից մատնանշված անձանց և կատարել առերեսումներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Հ.Համբարձումյանը՝ 2019 թվականի հուլիսի 26-ին Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանին գրությամբ պատասխանել է, որ նրա վստահորդներն ունեն վկայի կարգավիճակ և դատավարության կողմ չեն հանդիսանում:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնակատար Մ.Շահգալդյանը 2019 թվականի օգոստոսի 21-ի գրությամբ Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանին հայտնել է, որ ներկայացված բողոքները թիվ 83150819 քրեական գործով դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի կարգով չեն կարող քննարկվել, քանի որ Ս.Մովսիսյանը, Մ.Հովհաննիսյանը, Ն.Հարությունյանը և Խ.Նահապետյանը քրեական գործով դատավարության մասնակից չեն հանդիսանում:
2. Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2020 թվականի հունվարի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել բողոքաբերի` վերոնշյալ որոշման պատճառաբանական մասում նշված իրավունքների խախտումը: Մնացած մասով բողոքն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է:
3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից՝ օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի՝ անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:
Միևնույն ժամանակ կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, համաձայն որի՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ պետք է եզրահանգել, որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը չուներ նմանաբնույթ իրավունք:
Վերոշարադրյալ իրավական դրույթների լույսի ներքո փաստում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Շահգալդյանն է հենց հանդիսանում իր՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի գրությամբ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը (…)»1։
6.1. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:
Ըստ բողոքաբերի՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Տ.Կարապետյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման ֆունկցիոնալ տարանջատմանը վերաբերող դատավարական պահանջներով, այլև կատարելով վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտված սուբյեկտների ֆունկցիոնալ տարանջատման մասին անընդունելի վերլուծություն, քրեական գործով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին զրկել է առաջին ատյանի դատարանի կողմից որպես խախտում արձանագրված վերջինիս անգործությունը վիճարկելու հնարավորությունից:
8. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։
10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
(...)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
(...)
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
(...)
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:
⚖11. Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի կարգավորումների մեկնաբանմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին3։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Հ.Համբարձումյանը՝ 2019 թվականի հուլիսի 26-ին Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանին գրությամբ պատասխանել է, որ նրա վստահորդներն ունեն վկայի կարգավիճակ և դատավարության կողմ չեն հանդիսանում4,
- ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնակատար Մ.Շահգալդյանը՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի գրությամբ Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանին հայտնել է, որ ներկայացված բողոքները թիվ 83150819 քրեական գործով դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի կարգով չեն կարող քննարկվել, քանի որ Սերգեյ Մովսիսյանը, Միշա Հովհաննիսյանը, Նարեկ Հարությունյանը և Խանիկ Նահապետյանը քրեական գործով դատավարության մասնակից չեն հանդիսանում5,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի որոշմամբ Մ.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մ.Արևշատյանի բողոքը բավարարվել է մասնակիորեն` վարույթն իրականացնող մարմին պարտավորեցնելով վերացնել բողոքաբերի` սույն որոշման պատճառաբանական մասում նշված իրավունքների խախտումը6: Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը7,
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել"> ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ8:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը կամ մեղադրողը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տ.Կարապետյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։
14. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության9: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատախազ Տ.Կարապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 81-82:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 63:
3 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:
4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: