ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 968-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման 2-կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի։».
2) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետում «ստանալ խնամքի նպաստը» բառերը փոխարինել «ստանալ խնամքի նպաստը: Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով՝ ազգային օպերատորի միջոցով ստանալու համար նպաստառուն ազգային օպերատորի հետ կնքում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Նպաստառուի պահանջով նրան տրամադրվում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ տարածքային բաժին ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են նպաստառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարին։» բառերով․
3) որոշման N 1 հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝
«24.1. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում է նաև այդ կետում նշված տեղեկանքը, եթե այդ դիմումով նպաստառուն խնամքի նպաստը ցանկանում է ստանալ ազգային օպերատորի միջոցով:»․
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ազգային օպերատորի միջոցով ստանալու համար նպաստառուն կարող է դիմել նաև բանկ (եթե նպաստառուն ցանկանում է խնամքի նպաստը ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ ազգային օպերատորին (եթե նպաստառուն ցանկանում է խնամքի նպաստը ստանալ ազգային օպերատորի միջոցով): Բանկը կամ ազգային օպերատորը մինչև 2021 թվականի հունիսի 23-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն է ներկայացնում՝
1) իրեն դիմած՝ սույն կետում նշված նպաստառուի տվյալները՝ անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) բանկին դիմելու կամ ազգային օպերատորին դիմելու օրը, ամիսը, տարին.
3) էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը, ամիսը, տարին (ներկայացնում է միայն ազգային օպերատորը)։
4. Եթե սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով տրամադրված տվյալներով նպաստառուն չի նույնականացվում, ապա 2021 թվականի հուլիսի 1-ից նրա խնամքի նպաստի վճարումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 968-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
քաղ. Երևան |
___ ______________ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ ________ -ի, որը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի մարտի 17-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված կանոնադրության հիման վրա, և ______________ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն (այսուհետ` կատարող)` ի դեմս _____________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) խնամքի նպաստ` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ.
2) նպաստառու` խնամքի արձակուրդում գտնվող ծնող, որդեգրող, խնամակալ կամ գյուղական բնակավայրում բնակվող ծնող, որին նշանակվել և վճարվում է խնամքի նպաստ.
3) էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն՝ նպաստառուի անվամբ կատարողի մոտ բացված էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, որը կիրառվում է խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելու համար.
4) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
2. Պատվիրատուն կատարողին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկությունները (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ կատարողը համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով նույնականացնում է նպաստառուին և խնամքի նպաստի գումարը մուտքագրում այդ հաշվին:
3. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ նպաստառուին՝ իր հաշվին առկա միջոցները կատարողը մարում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարելու միջոցով կամ նպաստառուն իրականացնում է էլեկտրոնային փողով վճարում:
4. Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրվում է բացառապես խնամքի նպաստի գումարը (էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը համալրվում է բացառապես պատվիրատուի կողմից՝ խնամքի նպաստի գումարով):
5. Նպաստառուի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրված խնամքի նպաստի գումարները տնօրինելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի սպասարկմանն առնչվող, կարգավորվում են նպաստառուի և կատարողի միջև կնքված էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման համար էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագրով (այսուհետ՝ էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագիր)։
6. Սույն պայմանագրի ձևերով նախատեսված տեղեկատվությունը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունները) պատվիրատուի և կատարողի միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):
7. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից պատվիրատուին մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 ձևով սահմանված տեղեկությունները պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Կողմերն իրավունք ունեն՝
1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.
3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
9. Կատարողը պարտավոր է՝
1) համաձայն վճարման ցուցակի, հաշվի առնելով նաև սույն պայմանագրի 4-րդ կետի պահանջը, խնամքի նպաստի գումարը մուտքագրել նպաստառուի գործող էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով.
2) պատվիրատուի՝ սույն պայմանագրի N 3 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող կարգադրության (պահանջի) հիման վրա, այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, դրանում նշված գումարի չափով, առանց նպաստառուի համաձայնության, նրա էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից հետգանձել միջոցները (բավարար միջոցներ չլինելու դեպքում` էլեկտրոնային փողի հաշվառման հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` միաժամանակ ապահովելով սույն պայմանագրի N 4 ձևով սահմանված տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելը: Կատարողը պատասխանատվություն չի կրում էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված այն գումարների համար, որոնք նպաստառուն (օգտագործողը) մարել է (էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից ելքագրվել են)՝ մինչև պատվիրատուից սույն ենթակետում նշված կարգադրությունը (պահանջը) ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.
3) էլեկտրոնային եղանակով կամ նպաստառուի` կատարողին անձամբ ներկայացրած պահանջի դեպքում անվճար տրամադրել նրա էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին մուտքագրված և մարված խնամքի նպաստի գումարների մասին տեղեկատվություն (քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ նպաստառուի նախընտրած եղանակով՝ թղթային տարբերակով (տրամադրում է առձեռն կամ փոստային առաքմամբ) կամ էլեկտրոնային եղանակով (ուղարկում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին).
4) նպաստառուի անվամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները մատուցել անվճար (առանց միջնորդավճարների).
5) նպաստառուին սպասարկել նաև այն դեպքում, երբ նա ներկայացնում է վճարման ցուցակում նշված` անձը հաստատող փաստաթղթից տարբեր՝ անձը հաստատող այլ վավերական փաստաթուղթ, եթե դրանով կատարողը կարողանում է նույնականացնել այդ անձին:
10. Պատվիրատուն պարտավոր է`
1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.
2) սույն պայմանագրով սահմանված դեպքերում կատարող ներկայացնել սահմանված ձևի կարգադրություն.
3) նպաստառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ սույն պայմանագրի N 5 ձևով սահմանված տվյալները տրամադրել կատարողին և դադարեցնել նպաստի գումարի վճարումը.
4) «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիությունը:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
11. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:
12. Կատարողը նպաստառուի անվամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ բացելու և սպասարկելու, ծառայությունների մատուցման համար ծառայությունների վարձավճար չի գանձում:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
14. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
15. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
16. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին նպաստառուին պատշաճ կարգով ծանուցել պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկություն ուղարկելը կամ նպաստառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:
17. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
18. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը, իսկ սույն պայմանագրի 19-րդ կետում նշված դեպքում` այդ կետում նշված համաձայնագրով նախատեսված` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ներդնելու օրը և գործում է մինչև _____ ________________ 20 _____ թվականը:
19. Ըստ անհրաժեշտության` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակվում և ներդրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող լրացուցիչ համաձայնագրի համաձայն` սույն պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3-րդ ամսվանից ոչ ուշ:
V. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն |
---------------------------------------- | |
Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Նալբանդյան 13 |
Գտնվելու վայրը՝ ---------------------------------------- ---------------------------------------- | |
Հեռ. ---------------------------------------- |
Հեռ. ---------------------------------------- | |
Էլ. փոստ -------------------------------------- |
Էլ. փոստ ----------------------------------- | |
|
ՀՎՀՀ --------------------------------------- | |
Նախարար ---------------------------------------- (անունը, ազգանունը) |
--------------------------------------- (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը) | |
---------------------------------------- (ստորագրությունը) |
----------------------------------------- (ստորագրությունը) |
Ձև N 1
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն
ազգային օպերատորի կողմից անկանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման
պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ) ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՂԻՆ
1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).
2. Նպաստառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Նպաստառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Նպաստի գործի համարը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Նպաստառուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում):
Ձև N 2
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի
նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման
պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ` ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ
1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).
2. Հաշվետու ամսվա տարեթիվը և ամիսը, որին վերաբերում է փոխադարձ հաշվարկների ակտը.
3. Հաշվետու ամսվա վճարման ցուցակներում ներառված նպաստառուների ընդհանուր թիվը.
4. Հաշվետու ամսվա վճարման ցուցակների հիման վրա վճարման ենթակա (կատարողին փոխանցված) խնամքի նպաստի ընդհանուր գումարը.
5. Խնամքի նպաստի գործերի թիվը, որոնց էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներից խնամքի նպաստի գումարները հաշվետու ամսվա ընթացքում, պատվիրատուի համապատասխան կարգադրության հիման վրա, կատարողը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ըստ գանձապետական հաշիվների).
6. Պատվիրատուի կարգադրության հիման վրա հաշվետու ամսվա ընթացքում կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված կենսաթոշակների գումարների հանրագումարը․
7. Հաշվետու ամսվա ընթացքում կատարողին փոխանցված խնամքի նպաստի և ՀՀ պետական բյուջե, ըստ գանձապետական հաշիվների, վերադարձված գումարների տարբերությունը:
Ձև N 3
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի
նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման
պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՂԻՆ
1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).
2. Նպաստառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Նպաստառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Նպաստառուի գործի համարը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված (վճարման ցուցակով փոխանցված) խնամքի նպաստի` վերադարձման ենթակա գումարի չափը.
7. Գանձապետական հաշիվը, որին պետք է փոխանցել (վերադարձնել) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարը:
Ձև N 4
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի
նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման
պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՂԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ
1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).
2. Նպաստառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Նպաստառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա՝ նպաստի գործի համարը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի փոխանցված (վերադարձված)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված նպաստի գումարի չափը.
6. Գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված նպաստի գումարը.
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Ձև N 5
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի
նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման
պայմանագրի
Ց Ա Ն Կ
ՄԱՀԱՑԱԾ ՆՊԱՍՏԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Կատարողի անվանումը (ծածկագիրը).
2. Մահացած նպաստառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Նպաստառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Նպաստի գործի համարը.
5. Նպաստառուի մահվան մասին տեղեկատվությունն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը:
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: