Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1940/04/19

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1940/04/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի՝ Տիգրան Գաբրիելյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ռուբեն Գրիգորյանը և Գալուստ Տրապիզոնյանը պահանջել են Տիգրան Գաբրիելյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) 30.03.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ՝ Դատարան) 15.06.2020 թվականի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխությամբ հաստատվել է որպես վերջնական:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.07.2020 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետը, 6-րդ բաժնի 16-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտերի բողոքարկումն ուղեկցվում է գործը ստորադաս ատյանի կողմից վերադաս ատյան առաքմամբ: Այդ նպատակից ելնելով ՀՀ դատարանների գործավարության կանոններով սահմանվել է այն ընթացակարգը, ըստ որի՝ դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

 Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պարտատերեր Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի կողմից 14.09.2019 թվականին փաստաբան Էրիկ Հայրապետյանին տրվել է լիազորագիր, որի գործողության ժամկետը լրանում է միայն 14.09.2022 թվականին: Լիազորագրի նոտարական թարգմանությամբ միակ օրինակը հարկադրված սնանկության դիմումի հետ միասին հանձնվել է Դատարանին: Հետևաբար Դատարանը պարտավոր էր սույն սնանկության գործի հավելվածը կազմելիս գործին կցել նաև լիազորագրի պատճենը, իսկ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հավելվածում լիազորագրի բացակայության պայմաններում այն պահանջել ստորադաս դատարանից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերից ակնհայտ է մինչև ակտի բողոքարկումը Էրիկ Հայրապետյանի մասնակցությունը տվյալ գործին:

 Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացուցչի լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, կողմի վրա դրել է ոչ իրավաչափ պարտականություն, դրանով իսկ թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բացի այդ, տվյալ դեպքում առկա է նաև հակասություն բողոքարկվող դատական ակտի և ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի միջև: Մասնավորապես՝ թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով բողոքարկվել է ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, բողոքը ներկայացվել է առանց լիազորագրի օրինակը կցելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արդեն իսկ ներկայացվել էր ՀՀ սնանկության դատարանին։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը իրավացիորեն ճանաչել է օրենքին համապատասխանող, ընդունել վարույթ և քննել, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը լիազորագրի բացակայության հիմքով վերադարձրել է բողոքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է և պետք է առկա լինի կամ առկա է գործում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն(տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Վերը նշվածը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելիս ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգի և պայմանների վերաբերյալ կանոնները, նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տվյալ կանոնները նախատեսված չեն: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը) կցելու պարտականություն, եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և լիազորագիրն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Բացի այդ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)՝ կազմելով գործի հավելված:

Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս՝ դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական և այլ փաստաթղթերի ստացման, հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նաև արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:

Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները՝ դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.՝ գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլն: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Տիգրան Գաբրիելյանին ճանաչել սնանկ: Միաժամանակ դիմումում՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է. «Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝ (…) 2. Ներկայացուցչիս լիազորագրի բնօրինակը» (հավելվածի գ.թ. 1-5):

Դատարանի 14.11.2019 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և 30.03.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Տիգրան Գաբրիելյանը ճանաչվել է սնանկ (հիմք՝ www.court.am պաշտոնական կայք):

Դատարանի 15.06.2020 թվականի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխությամբ հաստատվել է որպես վերջնական (հավելվածի գ.թ. 67-72):

Դատարանի 15.06.2020 թվականի «Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը (հավելվածի գ.թ. 88-92):

Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասի» որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «վերաքննիչ բողոքը ստորագրել և Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից Վերաքննիչ դատարանին ներկայացրել է Էրիկ Հայրապետյանը: Մինչդեռ բողոք բերողների կողմից վերջինիս տրված լիազորագիր վերաքննիչ բողոքին կցված չէ, գործի հավելվածի նյութերում ևս լիազորագիրը բացակայում է, որպիսի պայմաններում Էրիկ Հայրապետյանը չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից» (հավելվածի գ.թ. 93):

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ հարկադրված սնանկության մասին դիմումը ներկայացվել է պարտատերեր Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի կողմից: Ընդ որում դիմումում՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է. «Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝ (…) 2. Ներկայացուցչիս լիազորագրի բնօրինակը»: Էրիկ Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը ընդունվել է վարույթ, և նա որպես Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ հնարավորություն է ստացել մասնակցելու սնանկության վարույթին:

Այնուհետև, Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 15.06.2020 թվականի «Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ: Տվյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Հավելվածում չի ներառվել դիմումատուների ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի պատճենը այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոք է բերվել դիմումատուների ներկայացուցչի կողմից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործի հավելվածը Դատարանի կողմից կազմվել է թերությամբ, այն է՝ ոչ լիարժեք: Մասնավորապես, դրանում ներառվել է դիմումի պատճենը, իսկ դիմումին կից ներկայացված լիազորագրի պատճենը՝ ոչ, այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի առկայությունը՝ ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը քննության առնելու պարտադիր պահանջներից մեկն է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից հավելվածը կազմելիս խախտվել է ՀՀ դատարանների գործավարության կանոնները, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձինք չեն կարող կրել Դատարանի կողմից վերը նշված կանոնների պահանջը չպահպանելու բացասական հետևանքները:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու արդյունքում սահմանափակվել են վերաքննիչ բողոք բերած անձանց դատական ակտը բողոքարկելու և դատարանի մատչելիության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ թիվ ԵԴ/0790/04/18 քաղաքացիական գործով և սույն գործով բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տարբեր կազմերով կայացրել է իրար հակասող դատական ակտեր, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում առկա է այնպիսի իրավիճակ, որը պայմանավորված է գործի հավելվածը կազմելիս դրանում լիազորագիրը ներառելու կամ չներառելու հանգամանքով։

Մինչդեռ, վճռաբեկ բողոքում միայն թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բողոքարկելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից այդ որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փաստերի նշումը ինքնին բավարար չէ հաստատված համարելու, որ սույն գործով և վկայակոչած գործով առկա են միևնույն փաստական հանգամանքները և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տարբեր կազմերով կայացրել է իրար հակասող դատական ակտեր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍնԴ/1940/04/19 սնանկության գործով 04.05.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.05.2021 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի մայիսի 4-ին գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի՝ Տիգրան Գաբրիելյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան՝ Ռուբեն Գրիգորյանը և Գալուստ Տրապիզոնյանը պահանջել են Տիգրան Գաբրիելյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) 30.03.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ՝ Դատարան) 15.06.2020 թվականի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխությամբ հաստատվել է որպես վերջնական:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.07.2020 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետը, 6-րդ բաժնի 16-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտերի բողոքարկումն ուղեկցվում է գործը ստորադաս ատյանի կողմից վերադաս ատյան առաքմամբ: Այդ նպատակից ելնելով ՀՀ դատարանների գործավարության կանոններով սահմանվել է այն ընթացակարգը, ըստ որի՝ դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պարտատերեր Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի կողմից 14.09.2019 թվականին փաստաբան Էրիկ Հայրապետյանին տրվել է լիազորագիր, որի գործողության ժամկետը լրանում է միայն 14.09.2022 թվականին: Լիազորագրի նոտարական թարգմանությամբ միակ օրինակը հարկադրված սնանկության դիմումի հետ միասին հանձնվել է Դատարանին: Հետևաբար Դատարանը պարտավոր էր սույն սնանկության գործի հավելվածը կազմելիս գործին կցել նաև լիազորագրի պատճենը, իսկ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հավելվածում լիազորագրի բացակայության պայմաններում այն պահանջել ստորադաս դատարանից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերից ակնհայտ է մինչև ակտի բողոքարկումը Էրիկ Հայրապետյանի մասնակցությունը տվյալ գործին:

 Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացուցչի լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, կողմի վրա դրել է ոչ իրավաչափ պարտականություն, դրանով իսկ թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բացի այդ, տվյալ դեպքում առկա է նաև հակասություն բողոքարկվող դատական ակտի և ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի միջև: Մասնավորապես՝ թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով բողոքարկվել է ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, բողոքը ներկայացվել է առանց լիազորագրի օրինակը կցելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արդեն իսկ ներկայացվել էր ՀՀ սնանկության դատարանին։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը իրավացիորեն ճանաչել է օրենքին համապատասխանող, ընդունել վարույթ և քննել, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը լիազորագրի բացակայության հիմքով վերադարձրել է բողոքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է և պետք է առկա լինի կամ առկա է գործում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն(տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Վերը նշվածը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելիս ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգի և պայմանների վերաբերյալ կանոնները, նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տվյալ կանոնները նախատեսված չեն: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը) կցելու պարտականություն, եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և լիազորագիրն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Բացի այդ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)՝ կազմելով գործի հավելված:

Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս՝ դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական և այլ փաստաթղթերի ստացման, հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նաև արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:

Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները՝ դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.՝ գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլն: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Տիգրան Գաբրիելյանին ճանաչել սնանկ: Միաժամանակ դիմումում՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է. «Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝ (…) 2. Ներկայացուցչիս լիազորագրի բնօրինակը» (հավելվածի գ.թ. 1-5):

Դատարանի 14.11.2019 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և 30.03.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Տիգրան Գաբրիելյանը ճանաչվել է սնանկ (հիմք՝ www.court.am պաշտոնական կայք):

Դատարանի 15.06.2020 թվականի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխությամբ հաստատվել է որպես վերջնական (հավելվածի գ.թ. 67-72):

Դատարանի 15.06.2020 թվականի «Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը (հավելվածի գ.թ. 88-92):

Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասի» որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «վերաքննիչ բողոքը ստորագրել և Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից Վերաքննիչ դատարանին ներկայացրել է Էրիկ Հայրապետյանը: Մինչդեռ բողոք բերողների կողմից վերջինիս տրված լիազորագիր վերաքննիչ բողոքին կցված չէ, գործի հավելվածի նյութերում ևս լիազորագիրը բացակայում է, որպիսի պայմաններում Էրիկ Հայրապետյանը չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից» (հավելվածի գ.թ. 93):

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ հարկադրված սնանկության մասին դիմումը ներկայացվել է պարտատերեր Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի կողմից: Ընդ որում դիմումում՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է. «Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝ (…) 2. Ներկայացուցչիս լիազորագրի բնօրինակը»: Էրիկ Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը ընդունվել է վարույթ, և նա որպես Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ հնարավորություն է ստացել մասնակցելու սնանկության վարույթին:

Այնուհետև, Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 15.06.2020 թվականի «Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ: Տվյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Հավելվածում չի ներառվել դիմումատուների ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի պատճենը այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոք է բերվել դիմումատուների ներկայացուցչի կողմից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործի հավելվածը Դատարանի կողմից կազմվել է թերությամբ, այն է՝ ոչ լիարժեք: Մասնավորապես, դրանում ներառվել է դիմումի պատճենը, իսկ դիմումին կից ներկայացված լիազորագրի պատճենը՝ ոչ, այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի առկայությունը՝ ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը քննության առնելու պարտադիր պահանջներից մեկն է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից հավելվածը կազմելիս խախտվել է ՀՀ դատարանների գործավարության կանոնները, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձինք չեն կարող կրել Դատարանի կողմից վերը նշված կանոնների պահանջը չպահպանելու բացասական հետևանքները:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու արդյունքում սահմանափակվել են վերաքննիչ բողոք բերած անձանց դատական ակտը բողոքարկելու և դատարանի մատչելիության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ թիվ ԵԴ/0790/04/18 քաղաքացիական գործով և սույն գործով բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տարբեր կազմերով կայացրել է իրար հակասող դատական ակտեր, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում առկա է այնպիսի իրավիճակ, որը պայմանավորված է գործի հավելվածը կազմելիս դրանում լիազորագիրը ներառելու կամ չներառելու հանգամանքով։

Մինչդեռ, վճռաբեկ բողոքում միայն թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բողոքարկելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից այդ որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փաստերի նշումը ինքնին բավարար չէ հաստատված համարելու, որ սույն գործով և վկայակոչած գործով առկա են միևնույն փաստական հանգամանքները և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տարբեր կազմերով կայացրել է իրար հակասող դատական ակտեր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի խախտում, ու վերացրել է Վերաքննիչ դատարանի 27072020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

Դրանից ելնելով՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ Դատարանի կողմից կազմված գործի հավելվածում, որը Վերաքննիչ դատարան է ուղարկվել դատական ակտը բողոքարկվելու կապակցությամբ, չի ներառվել դիմումատուների ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի պատճենը, այսինքն՝ հավելվածը կազմվել է թերությամբ, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձինք չեն կարող կրել Դատարանի կողմից վերը նշված կանոնների պահանջը չպահպանելու բացասական հետևանքները:

Դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բավարար է դիտել վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները բավարար չեն Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (…) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Նշված նորմերի վերլուծությունից նաև բխում է, որ եթե վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձի ներկայացուցիչը, ապա վերջինիս ստորագրած բողոքին պետք է պարտադիր կցվի նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը։ Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ գործում առկա է լիազորագիրը, որի պայմաններում այն բողոքին կցելու անհրաժեշտությունը վերանում է: Ընդ որում, վճռաբեկ բողոքում որպես դրան կցված փաստաթղթերի ցանկում պետք է նշում կատարվի նաև այդ փաստաթղթի՝ կցված լինելու մասին։ Հակառակ պարագայում, երբ ներկայացուցչի ստորագրած բողոքին չի կցվել նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, և այն գործում ևս առկա չէ, ապա Վերաքննիչ դատարանն իրավասու է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին՝ տալով համապատասխան ժամկետ այդ խախտումը վերացնելու ու որոշումն ստանալուց հետո սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 15.06.2020 թվականի «Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը: Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքը ստորագրել և Ռուբեն Գրիգորյանի ու Գալուստ Տրապիզոնյանի անունից Վերաքննիչ դատարանին ներկայացրել է Էրիկ Հայրապետյանը: Մինչդեռ բողոք բերողների կողմից վերջինիս տրված լիազորագիր վերաքննիչ բողոքին կցված չէ, գործի հավելվածի նյութերում ևս լիազորագիրը բացակայում է, որպիսի պայմաններում Էրիկ Հայրապետյանը չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել Ռուբեն Գրիգորյանի և Գալուստ Տրապիզոնյանի անունից»։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, պարզելով, որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ վերաքննիչ բողոքն ստորագրել է բողոք բերող անձանց ներկայացուցիչը, ով չի պահպանել իր ստորագրած բողոքին լիազորությունը հավաստող փաստաթուղթը՝ լիազորագիրը, պարտադիր կցելու օրենսդրի վերը նշված կանոնը, և բացակայում է նշված կանոնից օրենքով նախատեսված բացառությունը՝ գործում ևս առկա չէ այդ լիազորագիրը՝ անկախ նրանից, թե այն ինչ պատճառով է բացակայել գործի հավելվածից՝ հավելվածը թերություններով է կազմվել, թե՝ պատշաճ ձևով, կայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված օրենսդրական կարգավորումներից բխող՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ տալով համապատասխան ժամկետ այդ խախտումը վերացնելու ու որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, այսինքն՝ տվյալ պարագայում վրա է հասել համապատասխան բացասական հետևանքը, որը նման պայմաններում վերը նշված դիրքորոշումների համատեքստում անխուսափելի էր։

Վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի խախտում թույլ տալը, առավել ևս՝ արդարադատության բուն էությունը խաթարող։

Այլ հարց է, եթե Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով՝ պայմանավորված դատավարական իրավունքի համապատասխան նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, և այդ հիմքի սահմաններում իրավական դիրքորոշում արտահայտեր այն մասին, որ նման իրավիճակներում վերաքննիչ դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործում, և ոչ թե դրա հավելվածում, առկա է լիազորագրի բնօրինակը կամ դրա վավերացված պատճենը։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան