ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․
«թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ) ՝ սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների կամ հիդրօքսիլ խմբերի փոփոխումով (ձևական փոխարինումով) այլ միարժեք կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով (բացառությամբ հիդրօքսիլ և կարբօքսիլ խմբերի), որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը։ Այն դեպքում, երբ միևնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է նվազագույն քանակությամբ փոխարինողների կամ ատոմների ներառում․»։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «անալոգների,» բառից հետո լրացնել «ածանցյալների,» բառով։
Հոդված 3. Օրենքի 38-40-րդ հոդվածների վերնագրերը և տեքստերը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, ածանցյալների» բառով։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: