ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.7-րդ և 41.8-րդ հոդվածներով.
«Հոդված 41.7. |
Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը |
1. Հեղինակությունը յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունն իրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Հոդված 41.8. | Արտոնագրային իրավունքը խախտելը |
1. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություն տարածելը կամ դրա հեղինակությունը յուրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 2. Օրենսգրքի 44.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 44.1. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի». |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցը, հոգեմետ (հոգեներգործուն) նյութը, դրանց պատրաստուկը կամ դրանց համարժեք նյութը (անալոգը), ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
Հոդված 3. Օրենսգրքի 47.12-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 47.13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.
«Հոդված 52.1. | Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը |
1. Սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով նրա գույքն օգտագործելն առանց այդ գույքն իրենը դարձնելու նպատակի, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։»:
Հոդված 6. Օրենսգրքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. | Գույքը ոչնչացնելը կամ վնասելը |
1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի գույքային վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին մինչև 30.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ զգալի չափ է համարվում 30.000 Հայաստանի Հանրապետության դրամից մինչև 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ, 53.5-րդ, 53.6-րդ հոդվածներով.
«Հոդված 53.2. | Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի մանր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Հոդված 53.3. | Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով |
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին մանր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Հոդված 53.4. | Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով |
1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել և կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
3) շանտաժով կամ
4) հարկադրանքի այլ եղանակով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Հոդված 53.5. | Գրավառուին վնաս պատճառելը |
1. Գրավ դրված գույքը թաքցնելը, օտարելը, ոչնչացնելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան մանր չափերի գույքային վնաս է պատճառվել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
Հոդված 53.6. | Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը |
1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։»:
Հոդված 8. Օրենսգրքի 54.2-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54.2. | Հողի բերրի շերտի օգտագործման և շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգերը խախտելը». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 54.4-րդ հոդվածի 2-րդ մասը «տեղափոխելը» բառից հետո լրացնել «, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելը» բառերով։
Հոդված 10. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. | Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը |
1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 88-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 88.4-րդ հոդվածով.
«Հոդված 88.4. | Ապօրինի որսը |
1. Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալը, որը կատարվել է՝
1) առանց համապատասխան թույլտվության,
2) դրանց որսի համար արգելված ժամանակ կամ
3) արգելված վայրում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով:»:
Հոդված 13. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 89. | Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը |
1. Ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է՝
1) առանց համապատասխան թույլտվության,
2) դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ,
3) արգելված վայրում կամ
4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:»:
Հոդված 14. Օրենսգրքի 94-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 94. | Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը |
1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ» բառերը:
Հոդված 16. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տրանսպորտային միջոցը տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.Սույն օրենսգրքի իմաստով՝
1) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել.
2) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի.
3) անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:»:
Հոդված 17. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հետիոտների և» բառերը փոխարինել «Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչպես նաև հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։»:
Հոդված 18. Օրենսգրքի 140-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։»:
Հոդված 19. Օրենսգրքի 169-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169. | Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը |
1. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման) կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության, լիցենզիայի տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի չափը:»:
Հոդված 20. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.30-րդ հոդվածով.
«Հոդված 169.30. | Կանխամտածված կեղծ գովազդը |
1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից սպառողին հումքի, ապրանքի, մատուցվող ծառայության որակի, գնի կամ այլ առանձնահատկության վերաբերյալ մոլորության մեջ գցելը, եթե դրա հետևանքով անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառվել է մանր չափերի գույքային վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։»:
Հոդված 21. Օրենսգրքի 171.3-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Գերիշխող» բառը փոխարինել «Մենաշնորհ կամ գերիշխող կամ բանակցային ուժեղ» բառերով.
2) 1-ին մասի «գերիշխող» բառը փոխարինել «մենաշնորհ կամ գերիշխող կամ բանակցային ուժեղ» բառերով:
Հոդված 22. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 171.4. | Համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը |
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով։
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
3. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 23. Օրենսգրքի 177-րդ և 178-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 177. | Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը |
1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոչ սթափ վիճակի հասցնելը, որը դրսևորվել է վերջինիս կողմից ոգելից խմիչքներ օգտագործելով կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործելով, ինչպես նաև երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության դրդելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։
Հոդված 178. | Երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 178.2-րդ հոդվածով.
«Հոդված 178.2. | Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։»:
Հոդված 25. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. | Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը, քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը, գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը |
1. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
2. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
3. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
4. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
5. Ապօրինի կերպով գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
6. Սույն հոդվածում նշված զենքը, փամփուշտները կամ դրա բաղկացուցիչ մասերը կամովին հանձնած անձն ազատվում է այդ արարքի համար նախատեսված վարչական պատասխանատվությունից։»:
Հոդված 26. Օրենսգրքի 201.1-ին և 201.2-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենսգրքի 204.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 28. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 204.2-րդ հոդվածով.
«Հոդված 204.2. | Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը |
1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, որը հանգեցրել է մանր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։»:
Հոդված 29. Օրենսգրքի 206.9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 30. Օրենսգրքի 206.16-րդ հոդվածի 1-ին մասում «8-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերից հետո «6» թիվը փոխարինել «5» թվով:
Հոդված 31. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 32. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 44.1-ին, 44.2-րդ, 47.14-րդ, 52.1-ին, 53-րդ, 53.2-53.6-րդ, 63.7-րդ, 88.1-ին, 95-րդ, 110.1-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ, 172.2-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-ին, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181-րդ, 182.3-րդ հոդվածներով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 195.1-196-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 204.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 33. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «47.7-47.13-րդ» բառերը փոխարինել «47.7-47.12-րդ» բառերով:
Հոդված 34. Օրենսգրքի 244.16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 35. Օրենսգրքի ամբողջ տեքստում «զինամթերք» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ռազմամթերք» բառով։
Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: