Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) առաջին նախադասությունը «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի» բառերով․
2) երկրորդ և երրորդ նախադասությունների «քրեական պալատի դատավորների» բառերը փոխարինել «քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին ընդդատյա են կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը, որոնք քննում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 51. | Ընդդատության մասին վեճերը |
1. Գործն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում այն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
2. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացնում առաջին ատյանի դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը։
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ընդդատությունը։
6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:
7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 405-րդ հոդվածը «քրեական պալատը» բառերից հետո լրացնել «, իսկ կոռուպցիոն հանցագործությունների գործերով` հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը» բառերով։
Հոդված 5․ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում:»:
Հոդված 6. Օրենսգրքի 499․15-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի» բառը փոխարինել «կամ հակակոռուպցիոն պալատի» բառերով:
Հոդված 7․ | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն առաջին ատյանի դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, առաջին ատյանի և վարչական դատարանների միջև ընդդատության վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի նշանակման պահից, իսկ առաջին ատյանի և հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից:
3. Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:
4. Մինչև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: