ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.»:
Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե՝
ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.
բ) գործարքը կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է Ընկերության արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:
Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա լինելու գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ նրան պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:
Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «Բաց» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: