ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ մասերով.
«19.1. Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայրն է, որը հարակից է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնուղղ. ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին:
19.2. Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք նպատակային միջոցներ են և օգտագործվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.
«5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է նաև համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով և կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողը:
6. Յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է համայնքի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-ին մասով սահմանված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից, բացառելով սույն մասի սկզբնամասում նշված ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները:
Մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:
7. Համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախագիծը և Ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին: Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնեցմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը:
8. Ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածի 1.1-ին մասի «բ» կետը «չափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքային մասհանումների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի «գ» կետը «կայքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ընդունվելուց հետո Կառավարությունը հաստատում է՝
1) համայնքային մասհանումների ծախսման ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները՝ վեցամսյա ժամկետում.
2) Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ վեցամսյա ժամկետում.
3) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը՝ չորսամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ընդունվելուց հետո լիազոր մարմինը վեցամսյա ժամկետում հաստատում է ազդակիր բնակավայրերի ցանկը։
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. մարտի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: