Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-125-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.02.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.03.2024
Дата вступления в силу
07.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-րդ կետով.

«78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև բանկային հաշվի քաղվածքն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 350.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը

 

1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են հետևյալ ժամկետներում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պարտականություն ունեցող ֆիզիկական անձանց վրա.

1) 2023 թվականի հարկային տարվա համար՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառությամբ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված անձանց,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.

2) 2024 թվականի հարկային տարվա համար՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառությամբ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված անձանց,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

է. սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

3) 2025 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն տարածվում 2023 թվականի և 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չներկայացնող այն անձանց վրա, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով:

3. Հարկային մարմինը սույն օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները 2023 թվականի հարկային տարվա համար ստանում է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-125-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան