ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5248/05/22 2023 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/5248/05/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ք. ՄԿՈՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան | |
|
2023 թվականի սեպտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ավետիք Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ավետիք Օհանյանի ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է՝ Ա․ Օհանյանին 3 սենյականոց բնակարան կամ դրան համարժեք ՀՀ դրամ գումար հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ավետիք Օհանյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ իրեն հատկացնել 3 սենյականոց բնակարան կամ դրան համարժեք ՀՀ դրամ գումար:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) 31.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 26.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2022 թվականի որոշմամբ Ավետիք Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.09.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Օհանյանը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 65-րդ և 67-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ գործով ինչպես սկզբնապես ներկայացված, այնպես նաև կրկին ներկայացված հայցադիմումի ուղեկցական գրությունում նշվել է, որ Դատարանի կողմից պահանջվող հանգամանքները գործում առկա ապացույցներով արդեն իսկ հավաստվում են։ Միաժամանակ, ներկայացվել են դրանք չներկայացնելու օբյեկտիվ անհնարինությունը հավաստող ապացույցներ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին ներկայացված հայցադիմումի մեջ հիմնավորվել է պահանջված ապացույցների ներկայացման անհնարինությունը, ինչը Դատարանի կողմից գնահատման չի ենթարկվել: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ առկա են գրություններ, որոնք սակայն չեն կարող հիմնավորել ապացույցներ ներկայացնելու անհնարինությունը։
Նման պայմաններում Դատարանն առնվազն պետք է վարույթ ընդուներ հայցը և ի պաշտոնե ձեռք բերեր այդ ապացույցները, իսկ եթե ապացույցների ձեռքբերումից հետո առկա կլիներ հայցադիմում ներկայացնելու ժամկետների բացթողնման իրավիճակ, ապա առնվազն այդ փուլում կարող էր կարճել գործի վարույթը, այլ ոչ թե կողմին զրկեր դատական պաշտպանություն հայցելու նվազագույն հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 65-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 65-րդ հոդվածներում ամրագրված իրավանորմերի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցադիմումի ընդունումը մերժելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված լիազորության իրացման պայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքին («նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնք չվերացնելն արգելք է գործի քննության համար»), արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի մատնանշած սխալները չվերացնելը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է միայն այն դեպքում, երբ սխալները չվերացնելն արգելք է գործի քննության համար։ Ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է վերլուծության ենթարկի․
- արդյո՞ք վերացված է (են) այն սխալը (սխալները), որը (որոնք) հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար․ դրանք վերացված են մասամբ, թե՞ ամբողջությամբ,
- արդյո՞ք պահպանված է սխալները վերացնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը կամ ներկայացված է նշված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն,
- արդյո՞ք տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի նորմի պատշաճ կիրառման նպատակի համար, ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես, կարևորվել է «արգելք է գործի քննության համար» ձևակերպման բովանդակության բացահայտումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշված ձևակերպումը դիտարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի, նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև գործը քննության նախապատրաստելու փուլում դատարանի լիազորությունների լույսի ներքո։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ վարչական դատավարության սկզբունքի բովանդակությունը հետևողականորեն հստակեցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում։ Մասնավորապես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններ, թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ նշված սկզբունքը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14․03․2017 թվականի որոշումը)։
Այս դատավարական սկզբունքի արդյունավետ և պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին վերապահել է որոշակի լիազորություններ։ Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է դատարանի՝ դատավարության մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ապացույցներ պահանջելու իրավասությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն գործողությունների շրջանակը, որոնք դատարանը կատարում է գործը քննության նախապատրաստելիս։ Մասնավորապես, վարչական դատարանը նախնական դատական նիստում
(…)
5) կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.
(…)
7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ (․․․)։
Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցադիմումը վերադարձնելիս դատարանի արձանագրած սխալը չշտկելը կարող է արգելք հանդիսանալ գործի քննության համար, եթե այդ սխալը գործնականում չի կարող շտկվել գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունների շրջանակներում և գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով (տե՛ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի հիմքով վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, եթե բացակայում են հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը, հարկ է համարում նշել, որ եթե ներկայացված հայցադիմումի ուսումնասիրության արդյունքում առկա է հիմնավոր կասկած ենթադրյալ «վեճի» առկայության վերաբերյալ, ապա դատարանը ներկայացված հայցադիմումն ընդունում է վարույթ, որից հետո իրականացնում է գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունները` կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու գործիքակազմը: Այն պարագայում, երբ հետագայում արդեն ի հայտ է գալիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան գործի վարույթը կարճելու անհրաժեշտություն` պայմանավորված նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերի բացահայտմամբ, դատարանը նշվածի առնչությամբ կայացնում է համապատասխան որոշում:
Միևնույն ժամանակ, հայցադիմումը վերադարձվելու, և այն կրկին ներկայացվելու պարագայում, եթե հաստատված է համարվում վարույթ ընդունելը մերժելու, այն վերահասցեագրելու կամ կրկին ներկայացված հայցադիմումում կատարված սխալներն ուղղելու հիմքով վերադարձնելու հիմքերի բացակայությունը, դատարանը պարտավոր է հայցադիմումն ընդունել վարույթ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն հայցադիմումը վերադարձնելիս դատարանի արձանագրած սխալը չշտկելը չի հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք: Տվյալ պարագայում անհրաժեշտ նախապայման է այդպիսի սխալը չվերացնելու` գործի քննության համար արգելք հանդիսանալը: Ընդ որում, դատարանի մոտ պետք է ձևավորված լինի անվերապահ համոզմունք առ այն, որ այդպիսի սխալների առկայության պայմաններում գործի քննության արգելքը չի կարող վերացվել անգամ գործը քննության նախապատրաստելու փուլում, որը համապատասխան պատճառաբանությամբ պետք է արտացոլված լինի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ:
Վերոգրյալի ամփոփմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ եթե առկա է իրավիճակ, երբ հայցադիմումը վերադարձնելը պայմանավորված է եղել այնպիսի ապացույցի բացակայությամբ, որը հայցվորի կողմից չի կարող ներկայացվել այն չտիրապետելու և ձեռքբերելու անհնարինության, այն է` ձեռքբերելուն ուղղված բոլոր միջոցներն սպառելու պատճառաբանությամբ, նման պայմաններում այն ձեռք բերելու պարտականությունը դրվում է դատարանի վրա, որն իրականացվում է կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելով և գործը քննության նախապատրաստելու փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու պարտականության իրացմամբ: Նման իրավիճակում դատարանը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումը վարույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի կատարել դատարանի պահանջն այն պայմաններում, երբ հայցադիմումին կից ներկայացված ապացույցները վկայում են կողմերի միջև ենթադրյալ վեճի առկայության մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ավետիք Օհանյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Ա․ Օհանյանին հատկացնել 3 սենյականոց բնակարան կամ դրան համարժեք ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 3-30):
Դատարանը 31.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է` պատճառաբանելով, որ հայցադիմումին կից չեն ներկայացվել նման պահանջով ՀՀ կառավարությանը դիմելու և այդ դիմումը ՀՀ կառավարության կողմից մերժվելու վերաբերյալ ապացույցները (հատոր 1-ին, գ.թ. 33-34):
Հայցադիմումը կրկին ներկայացվել է 19.09.2022 թվականին, որին կից ներկայացվել է նաև հայցադիմումը և կից փաստաթղթերը կրկին ներկայացնելու վերաբերյալ դիմում հետևյալ բովանդակությամբ. «(…) Վերադարձնելու որոշման հիմքում դրվել է այն, որ հայցադիմումին կից չի ներկայացվել վարչական մարմնի կողմից դիմումը մերժելու մասին որոշումը, այնինչ դրա չներկայացնելու վերաբերյալ պատճառները հայցադիմումում նշված է: Մասնավորապես, այն մեզ չի տրամադրվել «գաղտնի» լինելու հիմքով և այդ մասով առկա է նաև Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 68):
Դատարանը 26.09.2022 թվականի որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ. «(…) Կրկին ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվում է, որ ներկայացված պահանջը նույնանում է սկզբնական ներկայացված հայցապահանջին, իսկ կից ներկայացված փաստաթղթերը չեն համալրվել:
Անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ դիմումը մերժելու մասին որոշումը հայցվորին չի տրամադրվել գաղտնի լինելու հիմքով՝ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է ներկայացնել ինչպես Կառավարության կողմից դիմումը մերժելու վերաբերյալ ապացույցը, այնպես էլ համապատասխան պահանջով Կառավարությանը դիմելու վերաբերյալ ապացույցը:
Ինչ վերաբերում է 20.09.2022 թվականին դատարանում մուտքագրված դիմումում նշված այն հանգամանքին, որ դիմումը մերժելու մասին որոշման գաղտնի լինելու տեղեկություններն առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ, ապա այն տեղեկություններ է պարունակում միջգերատեսչական աշխատանքային խմբի արձանագրային որոշման, այլ ոչ թե Կառավարության որոշման մասին, դատարանը գտնում է, որ այն չի կարող նույնացվել Կառավարության որոշմանը: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 70-71):
Վերաքննիչ դատարանը 21.11.2022 թվականին կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 31.08.2022 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ անհրաժեշտ է ներկայացնել ինչպես Կառավարության կողմից դիմումը մերժելու վերաբերյալ ապացույցը, այնպես էլ համապատասխան պահանջով Կառավարությանը դիմելու վերաբերյալ ապացույցը: Այնինչ, ուսումնասիրելով գործի նյութերը, մասնավորապես՝ կրկին անգամ ներկայացված հայցադիմումին կից փաստաթղթերը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրան կից ինչպես Կառավարության կողմից դիմումը մերժելու, այնպես էլ համապատասխան պահանջով Կառավարությանը դիմելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
Անդրադառնալով 20.09.2022 թվականին Վարչական դատարանում մուտքագրված դիմումում նշված այն հանգամանքին, որ դիմումը մերժելու մասին որոշման գաղտնի լինելու տեղեկություններն առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ՝ Վերաքննիչ դատարանը ևս արձանագրում է, որ այն տեղեկություններ է պարունակում միջգերատեսչական աշխատանքային խմբի արձանագրային որոշման, այլ ոչ թե Կառավարության որոշման մասին:
Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորի կողմից չեն վերացվել ՀՀ վարչական դատարանի 31.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված թերությունները, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսացել հայցադիմումի ընդունումը մերժելու համար: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 94-104)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Դատարանն իրավասու չէր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով մերժել Ավետիք Օհանյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի վերացրել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 31.08.2022 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը: Տվյալ թերությունը վերաբերել է Ավետիք Օհանյանի կողմից ՀՀ կառավարությանը դիմելու և վերջինիս կողմից այդ դիմումը մերժելու փաստերն ապահովող ապացույցները չներկայացնելուն: Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումում հայտնել է նշված ապացույցները ներկայացնելու անհնարինության մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից՝ հայցվորի կողմից վարչական մարմնին համապատասխան պահանջով դիմելը և վերջինիս կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելը հավաստող փաստաթղթերի բացակայությունն ինքնին չի կարող հանգեցնել հայցադիմումի ընդունումը մերժելուն այն պայմաններում, երբ հայցադիմումին կից ներկայացված ապացույցներով հաստատվում է կողմերի միջև ենթադրյալ վեճի առկայությունը, իսկ հայցվորը պնդում է դրանք ներկայացնելու անհնարինությունը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցվորի և համապատասխան վարչական մարմնի միջև վեճի և, ըստ այդմ, պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմանների առկայության հանգամանքը կարող է պարզել գործը քննության նախապատրաստելու փուլում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու պարտականության պատշաճ իրացմամբ:
Բացի այդ, հայցվորը, պնդելով համապատասխան վարչական մարմնին դիմելու և վերջինիս կողմից մերժում ստանալու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պահանջի կատարման անհնարինության հանգամանքը, միևնույն ժամանակ հայցադիմումին կից ներկայացրել է այլ ապացույցներ, որոնց միջոցով անուղղակիորեն հաստատվում է այդպիսի դիմումի և դրա մերժման առկայությունը:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվոր Ավետիք Օհանյանի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին հասցեագրված թիվ 02/14.7/8893-2020 գրությունն այն մասին, որ. «Հաշվի առնելով, որ Ավիկ Օհանյանի կողմից բարձրացված հարցը համակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից առաջարկված տարբերակը կրում է խորհրդատվական բնույթ և գոյություն չունի որևէ փաստաթղթային հիմնավորում, քաղաքացի Ավիկ Օհանյանին բնակարանի դիմաց փոխհատուցում տրամադրելը գտնում ենք ոչ նպատակահարմար: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 58): Հայցվորի կողմից ներկայացված մեկ այլ` ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի կողմից քաղաքացի Ավետիք Օհանյանին հասցեագրված 08.07.2022 թվականի թիվ 14/14.45/22074-2022 գրության համաձայն. «Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված 07.07.2022թ. № 150/41252-2022 Ձեր նույնաբովանդակ դիմումին` կրկին հայտնում ենք, որ Ձեզ բնակարան կամ դրան համարժեք գումարի չափով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ» (հատոր 1-ին, գ.թ. 56):
Վերոգրյալ գրությունների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում ենթադրյալ «վեճի» առկայության հանգամանքը, որի պարագայում Դատարանը պարտավոր էր ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և, այնուհետև, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու գործիքակազմի իրացմամբ իրականացնել գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող անհրաժեշտ գործողությունները:
Ինչ վերաբերում է Դատարանի 31.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված սխալին, այն է՝ ՀՀ կառավարությանը դիմելու և այդ դիմումը ՀՀ կառավարության կողմից մերժելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը Դատարանը հնարավորություն ուներ պարզելու գործը քննության նախապատրաստելու փուլում դատավարական համապատասխան գործիքակազմի կիրառմամբ։ Հետևաբար, նման սխալը չշտկելը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ արգելք չէր գործի քննության համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը բացակայել է, որպիսի պայմաններում Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 26.09.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհամաչափորեն սահմանափակել են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 26.09.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Ք. ՄԿՈՅԱՆ Զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|