ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «(պայմանագիրը)» բառից հետո լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի) մաս կազմող գործարքների (պայմանագրերի) դեպքում, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաև վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: