ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(օրենքը չեղյալ է ճանաչվում 26.06.23 ՀՕ-229-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի)
(26.06.23 ՀՕ-229-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.
«21.1) արձակում է վճարման կարգադրություն.»:
Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքով կայացվող որոշումը, գործարքը, արձակած վճարման կարգադրությունը կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.2-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 18.2
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼԸ
Հոդված 82.4. | Ընդհանուր դրույթներ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ |
1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացվում է նոտարին այն դեպքերում, երբ կողմերը իրենց միջև կնքված պայմանագրով համաձայնել են պայմանագրից բխող որոշակի դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացնել նոտարին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով նախատեսված կանոնները տարածվում են սույն գլխի նկատմամբ այնքանով, որքանով դրանք կիրառելի են նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելու նկատմամբ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Հոդված 82.5. | Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը |
1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը նոտարին ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, որում պետք է նշվեն`
1) նոտարի անունը, ազգանունը,
2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման (բնակության) վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն,
3) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և հաշվառման (բնակության) կամ գտնվելու վայրի հասցեն,
4) բռնագանձման ենթակա գումարի հիմքն ու չափը,
5) պահանջը հաստատող ապացույցները,
6) պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին,
7) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են,
8) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպես նաև նոտարական գործողության վճարի և օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից:
3. Դիմումն ստորագրում է դիմողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած դիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Դիմումն ստորագրվում է էլեկտրոնային եղանակով, իսկ նման հնարավորություն չունենալու դեպքում դիմումի ստորագրված օրինակը ուղարկվում է սկանավորված տարբերակով:
5. Վճարման կարգադրություն արձակելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, ինչպես նաև նոտարական գործողության վճար՝ Կառավարության որոշմամբ սահմանված չափով:
Հոդված 82.6. | Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության ժամկետը և կարգը |
1. Նոտարը վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ծանուցում է պարտապանին ստացված վճարման կարգադրության մասին՝ առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունները վճարման կարգադրություն արձակելու դիմումի վերաբերյալ:
2. Պարտապանի ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե ծանուցման այլ կարգ սահմանված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով:
3. Պարտապանին տրամադրված 30-օրյա ժամկետի ավարտին հաջորդող երկշաբաթյա ժամկետում նոտարը՝
1) արձակում է վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը:
Հոդված 82.7. | Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը |
1. Նոտարը պարտապանին առարկություն ներկայացնելու համար տրամադրված 30-օրյա ժամկետի ավարտին հաջորդող երկշաբաթյա ժամկետում մերժում է վճարման կարգադրություն արձակելը, եթե՝
1) այն ներկայացվել է սույն օրենքի 82.4-րդ և 82.5-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ,
2) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելը մերժելու մասին նոտարի որոշում,
3) նոտարի կողմից սույն օրենքի 82.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում պարտապանը նոտարին ներկայացրել է գրավոր առարկություն կամ կատարել է վճարման պահանջը,
4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին,
5) դիմումն ստանալուց հետո պարզվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրում համաձայնություն ձեռք չի բերվել գումարի բռնագանձման պահանջը նոտարին ներկայացնելու մասին:
2. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից:
Հոդված 82.8. | Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը և կողմերի համար պարտադիր դառնալը |
1. Նոտարը վճարման կարգադրություն արձակելու դիմումը բավարարելու դեպքում արձակում է վճարման կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
2. Նոտարի արձակած վճարման կարգադրությունը պետք է պարունակի՝
1) նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.
2) կարգադրություն երկու շաբաթվա ընթացքում վճարման պահանջը կատարելու մասին.
3) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի կամ նոտարական գործողության վճարի հատուցման վերաբերյալ:
3. Վճարման կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է պարտապանին:
4. Կողմերի համար պարտադիր դարձած վճարման կարգադրությունը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 82.9. | Վճարման կարգադրությունը վիճարկելը |
1. Վճարման կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
Հոդված 82.10. | Վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը |
1. Առաջին ատյանի դատարանը չեղյալ է ճանաչում նոտարի արձակած վճարման կարգադրությունը, եթե՝
1) պահանջը ենթակա չէր քննության նոտարի կողմից.
2) նոտարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների էական խախտմամբ:»:
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-586-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: