Գլխավոր տեղեկություն
Համար
N 383
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն և ՀՀ կենտրոնական բանկ
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1993 թվականի N 383

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամները 1993 թվականի հուլիսի 26-ից շրջանառությունից հանելու կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ու դրամաշրջանառության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`

1. Սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից ժամանակավորապես սահմանափակել ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամների մուտքը Հայաստանի Հանրապետություն, յուրաքանչյուր անձի համար սահմանելով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 500 հազ. ռուբլի, այլ անձանց` 150 հազ. ռուբլի:

(1-ին կետը փոփ. 17.10.93 N 522)

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար 500 հազ. ռուբլու չափը գերազանցող գումարների ձևակերպումը Հայխնայբանկի բաժանմունքներում որպես հատուկ ժամկետային ավանդներ` վեց ամիս ժամկետով, բարդելով նրանց վրա սահմանված տոկոսադրույքը, և սահմանել, որ այդ ավանդների նկատմամբ գործառնությունները թույլատրվում են ավանդը ձևակերպելու օրվանից վեց ամիս հետո.

բ) այն անձանց համար 150 հազ. ռուբլու չափը գերազանցող գումարը ի պահ ընդունել Հայաստանի Հանրապետությունից այդ անձանց մեկ ամսվա ընթացքում մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:

Սահմանել, որ նշված ժամկետը լրանալու դեպքում ի պահ ընդունված գումարները վերադարձման ենթակա չեն և գանձվում են հանրապետության բյուջե: Սահմանել, որ նշված անձինք, ովքեր ցանկություն են հայտնում հետ վերադառնալու, ի պահ ընդունված գումարը հետ ստանալու համար մեկնելուց 3 օր առաջ պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, դիմումի մեջ նշելով մեկնելու ժամկետը և տրանսպորտային միջոցը, ներկայացնելով մեկնելու տոմսը:

Համապատասխան դիմում ստանալու դեպքում ապահովել վերը նշված անձանց Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձումը:

(2-րդ կետը խմբ. 17.10.93 N 522)

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` այդ ընթացքում սահմանված կարգով ապահովել հանրապետություն ժամանող քաղաքացիներից ի պահ վերցված թղթադրամների տեղափոխումն ու պահպանությունը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային անցակետերը շրջանցող հատվածներում կազմակերպել համատեղ պարեկություններ:

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ից դադարեցնել ժամանակավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն կատարվող փոստային դրամական փոխանցումները:

6. (կետն ուժը կորցրել է 25.02.94 N 94)

7. (կետն ուժը կորցրել է 25.02.94 N 94)

8. Առանձին դեպքերում (փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար և այլն) վերոհիշյալ գումարներին տնօրինման և մյուս վիճելի հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, մաքսային վարչության և ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը:

(8-րդ կետը խմբ. 17.10.93 N 522)

9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ 2-օրյա ժամկետում մշակել ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձման կարգ:

Ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում ի պահ ընդունված գումարներն օգտագործվում են սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով:

(9-րդ կետը լրաց. 17.10.93 N 522)

 


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀ

Ի. ԻՍԱՀԱԿյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 383
25.02.1994, N 94 25.02.1994, N 383
17.10.1993, N 522 17.10.1993, N 383
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան