Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
մտահոգված լինելով մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի, հատկապես դրա կազմակերպված ձևերի մասշտաբներով և զարգացման միտումներով,
ելնելով մարդու, նախ և առաջ կանանց և երեխաների, կյանքի և առողջության, իրավունքների և ազատությունների, պատվի և արժանապատվության, հասարակության և պետության շահերի դեմ ուղղված ոտնձգություններից հուսալի պաշտպանություն ապահովելու, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ձգտումից,
նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության` 2000 թվականի նոյեմբերի 15-ի` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Կոնվենցիայի, այն լրացնող` 2000 թվականի նոյեմբերի 15-ի` Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտուրը կանխարգելելու և խափանելու ու դրա համար պատժի ենթարկելու մասին Արձանագրության և 2000 թվականի նոյեմբերի 15-ի` Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրման դեմ Արձանագրության դրույթները,
ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1 | Օգտագործվող տերմիններ |
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
մարդկանց առևտուր - շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրումը, փոխադրումը, հանձնումը, թաքցնելը կամ ստանալը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման կամ հարկադրման այլ ձևերի օգտագործման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ խոցելի դրության չարաշահման ճանապարհով կամ էլ կաշառելու (վճարման կամ շահի ձևով) միջոցով այն անձի համաձայնությունը ստանալու ճանապարհով, որը վերահսկում է այլ անձի: Շահագործումը ներառում է, նվազագույնը, այլ անձանց պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համարժեք սովորույթները, ազատազուրկ վիճակը կամ մարդկային օրգանները և հյուսվածքները հանելը` դրանք վաճառելու նպատակով,
երեխաներ - 18 տարեկանը չլրացած անձինք,
օրգան - օրգանիզմի մաս, որն իրենից ներկայացնում է հյուսվածքների էվոլյուցիոն կազմավորված համալիր` միավորված ընդհանուր գործառույթով, կառուցվածքային կազմվածքով և զարգացմամբ,
հյուսվածք - ընդհանուր գործառույթով, կազմվածքով և(կամ) ծագմամբ միավորված բջիջների և ոչ բջջային կառուցվածքների համակարգ:
Հոդված 2 | Ընդհանուր դրույթներ |
1. Սույն Համաձայնագրի նպատակներ են.
համաձայնեցված ռազմավարության մշակումը և իրավական, սոցիալ-տնտեսական, տեղեկատվական և այլ բնույթի համատեղ համալիր միջոցների ընդունումը մարդկանց առևտրի դեմ պայքարում, դրա ծագմանը նպաստող պատճառների և պայմանների վերացումը, ինչպես նաև մարդկանց առևտրի զոհերի պաշտպանությունը և նրանց վերականգնումը,
բոլոր պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների ջանքերի միավորումը` մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրին հակազդելու գործում առավել արդյունավետ արդյունքների հասնելու համար:
2. Կողմերը, սույն Համաձայնագրի համաձայն, պահպանելով իրենց օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը, որոնց իրենք մասնակից են, իրենց իրավասու մարմինների միջոցով համագործակցություն են իրականացնում մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման, ինչպես նաև մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի պաշտպանության և նրանց վերականգնման գործում:
3. Կողմերից յուրաքանչյուրը որոշում է իրավասու մարմինների ցանկը և փոխանցում ավանդապահին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը հանձնելիս:
Կողմերից յուրաքանչյուրը իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
4. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերի իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումները կարող են հաստատել անմիջական աշխատանքային կապեր` Կողմերի իրավասու մարմինների սահմանած կարգով:
Հոդված 3 | Համագործակցության հիմնական ուղղությունները |
Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
մարդկանց առևտրի դեմ պայքարում Կողմերի համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում, այս ոլորտում ազգային օրենսդրության ներդաշնակում,
մարդկանց առևտրի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի կոնվենցիաների, Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում,
մարդկանց առևտրի հետ կապված հանցավորության և դրա դեմ պայքարի արդյունքների վիճակի և շարժընթացի վերլուծություն,
մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրին հակազդելու համաձայնեցված միջոցների ընդունման համար իրավապահ մարմինների, սահմանապահ և միգրացիոն վերահսկողության մարմինների, սոցիալական ապահովության, առողջապահության և կրթության, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմների կատարելագործում,
մարդկանց առևտրին մասնակից անդրազգային հանցավոր խմբավորումների, դրանց առաջնորդների, իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին, ինչպես նաև անհետացած անձանց (որոնք հավանաբար դարձել են մարդկանց առևտրի զոհ) մասին տվյալների համատեղ բանկի ստեղծում,
այն իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության ապահովում, որոնք կարող են ներգրավված լինել հանցավոր գործունեության մեջ կամ հանցակցել մարդկանց առևտրին,
մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի արդյունավետ պաշտպանության և նրանց վերականգնման ապահովմանն ուղղված միջոցների ընդունում:
Հոդված 4 | Համագործակցության հիմնական ձևերը |
1. Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ձևերով.
օպերատիվ, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվության, այդ թվում` նախապատրաստվող և կատարված հանցագործությունների, այդ արարքներից ստացված եկամուտների օրինականացման և դրանց մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փոխանակում,
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում,
համակարգված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և իրականացում,
նորմատիվ իրավական ակտերի, հրատարակությունների և գիտամեթոդական նյութերի փոխանակում,
աշխատանքի փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, գործնական գիտաժողովների և սեմինարների, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
մարդկանց առևտրի նպատակով ինտերնետ ցանցի օգտագործումը կանխարգելելուն և խափանելուն ուղղված համաձայնեցված միջոցների մշակում և իրականացում,
անձնագրավիզային վերահսկողության տեղեկատվական համակարգի ներդրման փորձի փոխանակում, ներառյալ բիոմետրիկ տվյալների օգտագործումը,
աջակցության ցուցաբերում կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում,
մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի զոհերի սոցիալական և բժշկական վերականգնման նոր մեթոդների մշակում և ներդրում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու և հանձնման մասին հարցերը:
Հոդված 5 | Հարցում` աջակցություն ցուցաբերելու մասին |
1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ` հարցում) կատարման միջոցով:
Տեղեկատվությունը կարող է մյուս Կողմին տրամադրվել առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:
2. Հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարելի է հաղորդել բանավոր` հետագայում` ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, այն պարտադիր հաստատելով գրավոր: Ընդ որում` կարող են օգտագործվել տեքստի հաղորդման տեխնիկական միջոցները: Հարցման իսկության կամ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս կարելի է խնդրել դրա լրացուցիչ հաստատումը:
3. Հարցման մեջ նշվում են.
ա) հարցում անող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,
բ) հարցման առարկա հանդիսացող նյութի հակիրճ բովանդակությունը,
գ) հարցման նպատակի նշումը և հիմնավորումը,
դ) անհրաժեշտության դեպքում` հարցումը կատարելիս հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,
ե) այն ժամկետները, որոնց ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,
զ) այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար:
Հարցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի խնդրելու հարցման պատշաճ կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ:
4. Հարցում անող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրվի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանային կնիքով:
5. Եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը պարզում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, ապա տվյալ մարմինն այդ մասին անհապաղ ծանուցում է հարցվող Կողմի իրավասու մարմնին:
Հոդված 6 | Տեղեկատվության գաղտնիությունը |
1. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տվյալների գաղտնիությունը, այդ թվում` հարցում ստանալու փաստը և դրա բովանդակությունը, եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը անցանկալի է համարում դրա բովանդակության հրապարակումը:
2. աղտնիության պահպանման անհնարինության դեպքում հարցում կատարելիս հարցվող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմնին` նման պայմաններով հարցման կատարման հնարավորության մասին որոշում կայացնելու նպատակով:
Հոդված 7 | Հարցման կատարումը |
1. Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար` հարցում անող Կողմի իրավասու մարմնի նշած ժամկետներում:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին:
3. Եթե աջակցություն ցուցաբերելու մասին հարցման կատարումը չի մտնում հարցում ստացած մարմնի իրավասության մեջ, ապա տվյալ մարմինն այն անհապաղ փոխանցում է հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին ծանուցում հարցում անող Կողմի իրավասու մարմնին:
4. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն, հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է կիրառվել վերջինիս օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին:
5. Հարցվող Կողմի իրավասու մարմինը, հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է հնարավորություն ընձեռել նրա ներկայացուցիչներին ներկա գտնվելու հարցումը կատարելիս:
6. Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել անհրաժեշտ ճանաչված պայմանների պահպանմամբ` հարցում անող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Եթե հարցում անող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները:
7. Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում հարցում անող Կողմին ծանուցում է հարցման կատարման արդյունքների մասին:
Հոդված 8 | Հարցման արդյունքների օգտագործումը |
1. Հարցման կատարման արդյունքները առանց դրանք տրամադրող իրավասու մարմնի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել և տրամադրվել են:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման արդյունքները կարող է օգտագործել այլ նպատակներով միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության դեպքում: Նման դեպքերում հարցում անող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցվող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված` հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները:
Հոդված 9 | Տվյալների փոխանցումը երրորդ կողմին |
Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի իրավասու մարմնի ստացած տվյալները երրորդ կողմին փոխանցելու համար պահանջվում է այդ տվյալները տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի նախապես տրված գրավոր համաձայնությունը:
Հոդված 10 | Հարցման կատարման մերժումը |
1. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման:
2. Հարցում անող Կողմի իրավասու մարմինը գրավոր անհապաղ ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` մերժման պատճառները նշելով:
Հոդված 11 | Վեճերի լուծումը |
Կողմերը և նրանց իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագող վիճելի հարցերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 12 | Ծախսերը |
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:
Հոդված 13 | Փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ |
Սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները կատարելիս Կողմերը կձգտեն փոխգործակցել այդ ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ:
Հոդված 14 | Հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ |
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:
Հոդված 15 | Միջգերատեսչական համաձայնագրեր |
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերի շահագրգիռ իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կնքում են միջգերատեսչական բնույթի համաձայնագրեր:
Հոդված 16 | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից:
2. Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից:
3. Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, որը հանդիսանում է նրա անբաժան մասը և ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված կարգով:
4. Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին հանձնելու միջոցով:
5. Սույն Համաձայնագրի դրույթներն ընդունող` Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետությունների համար միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ուղարկվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կողմերից ոչ մեկը առարկություն չի ներկայացնում:
6. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ժամկետից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
7. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
2005 թվականի նոյեմբերի 25-ի` «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎՏՐի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին» Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշման վերաբերյալ
Բացառությամբ ազգային օրենսդրության ներդաշնակեցում և համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթների:
Ադրբեջանի Հանրապետության |
Ա. Աբբասով |
Հայաստանի Հանրապետության վերապահումը
8.3-րդ կետի կապակցությամբ` «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի» վերաբերյալ
Համաձայնագրի 16-րդ հոդվածի 3-րդ կետը ընդունվում է հետևյալ խմբագրմամբ. «Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժան մասը հանդիսացող արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 8.3-րդ կետի վերաբերյալ
25-ը նոյեմբերի, 2005թ. |
Ք. Մոսկվա |
«Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագիր
«Բացառությամբ ազգային օրենսդրության ներդաշնակեցում և համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթների»:
Վարչապետի առաջին տեղակալ` |
Զինաիդա Գրեչանիյ |
Ռուսաստանի Դաշնության վերապահումը
«Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
25-ը նոյեմբերի, 2005թ. |
Ք. Մոսկվա |
«Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված «օրգան» և «հյուսվածք» հասկացություններին վերաբերող մասով Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվում է իր օրենսդրությամբ»:
Ռուսաստանի Դաշնության |
Մ. Ֆրադկով |
Ուկրաինայի վերապահումը
ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի օրակարգի 8.3-րդ կետի վերաբերյալ «Մարդկանց, մարդկային օրգանների ԵՎ հյուսվածքների առԵՎտրի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ»
25-ը նոյեմբերի, 2005թ.
«Ուկրաինան իրեն կապված չի համարում օրենսդրությունների ներդաշնակեցում և ՄԱԿ-ի կոնվենցիայի, այլ միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում նախատեսող դրույթներով»:
Ուկրաինայի վարչապետի |
Ս. Ստաշևսկի |
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (հաշվի առնելով վերապահումը), Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (վերապահումով), Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար 04.09.2006, Ադրբեջանի Հանրապետության համար՝ 04.09.2006, Հայաստանի Հանրապետության համար՝ 04.09.2006:
