ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0100/04/17 | ||
Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0100/04/17 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ «Ռիմկ Ավտո» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) 25.10.2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանի միջնորդությունը՝ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.06.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.05.2019 թվականին (նախագահող դատավոր՝ Արսեն Մկրտչյան), 22.08.2019 թվականին (նախագահող դատավոր՝ Նաիրա Մարգարյան) Բանկի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբեր վերաքննիչ բողոքներն ընդունել է վարույթ: Այդ փաստը հավաստում է, որ արդեն իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ճանաչել է Հովհաննես Հարությունյանի՝ Բանկի անունից հանդես գալու լիազորությունը: Ավելին, 04.11.2019 թվականին «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին», 16.10.2019 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը ևս ճանաչել է Հովհաննես Հարությունյանի՝ Բանկի անունից հանդես գալու լիազորությունը: Այսինքն՝ թե՛ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանը, ճանաչելով Հովհաննես Հարությունյանի՝ Բանկի անունից հանդես գալու իրավունքը, հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն առ այն, որ գործի նյութերում առկա փաստաթղթերը բավական են ներկայացուցչի լիազորությունը հաստատելու համար, մինչդեռ բողոքարկվող որոշմամբ այդ հանգամանքը կասկածի տակ է դրվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)՝ պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ վերաքննիչ բողոքը ստորագրում է ի պաշտոնե ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվի կարգավիճակը հավաստող պատշաճ ապացույց, իսկ եթե վերաքննիչ բողոքը իրավաբանական անձի անունից ստորագրում է ներկայացուցիչը, ապա պատշաճ պետք է լինի լիազորագիրը, որի պարագայում լիազորագիր տվող անձի կարգավիճակը հավաստող ապացույցի պատճեն լինելը չի կարող հիմք հանդիսանալ լիազորագրի իսկությունը կասկածի տակ դնելու և լիազորված անձի լիազորությունները չճանաչելու համար (տե՛ս, ըստ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի դիմումի՝ Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի միանձնյա արբիտրաժային տրիբունալի 29.01.2021 թվականի թիվ 06-60/11/20 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին թիվ ԵԴ/10864/17/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2021 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանի 30.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանի միջնորդությունը՝ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին, բավարարվել է (հավելված 2-րդ, գ.թ. 161-167)։
Դատարանի 30.03.2020 թվականի «Գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին» որոշման դեմ Բանկի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկի լիազորված ներկայացուցիչ, Բանկի աշխատակից Հովհաննես Հարությունյանը (հավելված 3-րդ, գ.թ. 7-18):
Վերաքննիչ դատարանը 22.05.2020 թվականի որոշմամբ վերադարձրել է Բանկի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(…) «Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից ստորագրել է Հովհաննես Հարությունյանը: Սնանկության գործում առկա է որպես «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանի կողմից փաստաբան Հովհաննես Հարությունյանին առանց ժամկետ նշելու 25.09.2018 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ դրանով ուղղակիորեն նախատեսված չէ Հովհաննես Հարությունյանի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ անունից դատական ակտը բողոքարկելու իրավունքը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 05.05.2020 թվականին ներկայացնելիս լրացել է լիազորագրի գործողության ժամկետը:
Բացի այդ, վերաքննիչ բողոքին կից կամ սնանկության գործում առկա չէ նաև Արսեն Միքայելյանի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կարգավիճակը հաստատող որևէ փաստաթուղթ» (հավելված 3-րդ, գ.թ. 50-53):
Բանկի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկի լիազորված ներկայացուցիչ, Բանկի աշխատակից Հովհաննես Հարությունյանը՝ վերաքննիչ բողոքին կցելով Բանկի կանոնադրությունը, ՀՀ կենտրոնական բանկում Բանկի գրանցման վկայականը, 19.02.2019 թվականի Արտավազդ Սարգսյանին Բանկի վարչության նախագահի պաշտոնին նշանակելու մասին որոշումը, 21.02.2019 թվականի Արտավազդ Սարգսյանի՝ Բանկի վարչության նախագահի պարտականությունների կատարմանն անցնելու մասին թիվ Կ456-Ա հրամանը, 09.06.2020 թվականին Բանկի գործադիր տնօրեն Արտավազդ Սարգսյանի կողմից Հովհաննես Հարությունյանին տրված լիազորագիրը (հավելված 3-րդ, գ.թ. 68-115):
Վերաքննիչ դատարանը 19.06.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) «Տվյալ դեպքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Հովհաննես Հարությունյանը: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է որպես «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանի կողմից Հովհաննես Հարությունյանին 09.06.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ նաև Արտավազդ Սարգսյանի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ» (հավելված 3-րդ, գ.թ. 117-119):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ բանկի կառավարման մարմիններն են՝ (…) բանկի խորհուրդը, բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը կամ վարչությունը:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
Ըստ գործում առկա 09.06.2020 թվականին տրված լիազորագրի՝ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն, ի դեմս գործադիր տնօրեն Արտավազդ Սարգսյանի, լիազորել է Բանկի աշխատակից Հովհաննես Հարությունյանին, որպես Բանկի ներկայացուցիչ հանդես գալու Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում այդ թվում կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, մասնավորապես (…) ներկայացնել վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, (…) (հավելված 3-րդ, գ.թ. 69):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի՝ դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար՝ արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե՝ ոչ։ Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ։
Մասնավորապես՝ դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բանկի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է Հովհաննես Հարությունյանը, ում Բանկի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Բանկի գործադիր տնօրեն Արտավազդ Սարգսյանը՝ օգտվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի, Բանկի կանոնադրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքից: Ընդ որում, լիազորագրում հատուկ նախատեսված է Հովհաննես Հարությունյանի` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում, 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կրկին վերաքննիչ բողոքը ներկայացնելիս պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` Բանկին զրկելով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 15.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: