600.0215.30.06.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2023 թվականի |
N 215-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 73-րդ կետից հանել 3-րդ նախադասությունը.
2) ԷՄԱ կանոնների 81.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, եթե խմբի բոլոր մասնակիցները հանդիսանում են նույն շենքի կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրի ԻԷԱ կամ Սպառող:».
3) ԷՄԱ կանոնների 15.1-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 15.1.
ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով Սպառողը, ԷԲՑ կանոնների համաձայն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու դեպքում (Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի մոտ), Փոխհոսքերի պայմանագիր կնքելու համար Երաշխավորված մատակարարին ներկայացնում է դիմում, որը ներառում է՝
1) Սպառողի Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,
3) կայանի միացման միագիծ սխեման,
4) արևային էներգիայի օգտագործմամբ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ նաև տեղադրվող փոխակերպիչների տեխնիկական բնութագրերը,
5) Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի գրավոր համաձայնությունը:
88.2. ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին համապատասխանության դեպքում, Երաշխավորված մատակարարը դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ՝ իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով։
88.3. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.2-րդ կետի համաձայն Փոխհոսքերի պայմանագիրը կնքելու առաջարկն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին։ Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։
88.4. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող իրավակարգավորումների շրջանակում ԻԷԱ-ի կարգավիճակ ստացած լինելու դեպքում՝ ոչ ավելի, քան 500 կՎտ-ը:
88.5. ԻԷԱ-ի կողմից Փոխհոսքերի պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով արտադրության և սպառման համապատասխան կետերի Հաշվառման քարտերի համարները։
88.6. ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում Երաշխավորված մատակարարը գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ։ Սույն կետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։
88.7. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում վերջինս իրավունք ունի կնքել մեկ Փոխհոսքերի պայմանագիր:
88.8. Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում մասնակից (մասնակիցներ) ներառելու մտադրության դեպքում ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը ներառում է`
1) Ինքնավար խմբի մասնակցի (մասնակիցների) գրավոր համաձայնությունը և Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) Ինքնավար խմբի ստեղծման դեպքում` նաև ԷՄԱ կանոնների 88.30-րդ կետով նախատեսված՝ Ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բաշխման նախընտրելի մեթոդը,
3) Ինքնավար խմբում ներառվող ԻԷԱ-ի գրավոր համաձայնությունը՝ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում:
88.9. Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից՝ խմբից մասնակից հանելու կամ խմբի գործունեությունը դադարեցնելու մտադրության դեպքում վերջինս Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը, խմբից մասնակից հանելու դեպքում ներառում է նաև խմբի համապատասխան մասնակցի Հաշվառման քարտի համարը։
88.10. Ինքնավար խմբի մասնակցի նախաձեռնությամբ՝ Ինքնավար խմբից դուրս գալու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով իր Հաշվառման քարտի համարը:
88.11. ԷՄԱ կանոնների 88.8-88.10-րդ կետերով նախատեսված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝
1) դիմող անձին, իսկ ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ,
2) Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում ծանուցում է տվյալ ԻԷԱ-ին՝ վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին,
3) Ինքնավար խմբից մասնակից հանվելու դեպքում՝ ծանուցում է խմբի տվյալ մասնակցին, իսկ խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում՝ նաև վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը վերականգնելու մասին:
88.12. ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.8-88.9-րդ կետերով նախատեսված դիմումից ԻԷԱ-ի հրաժարում։
88.13. ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում խմբի համապատասխան մասնակիցն Ինքնավար խմբից համարվում է հանված, ինչի մասին Երաշխավորված մատակարարը խումբը ստեղծող ԻԷԱ-ին ծանուցում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
88.14. ԷՄԱ կանոնների 88.6-րդ կետով կամ 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից։
88.15. ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետով նախատեսված դեպքում մասնակիցն Ինքնավար խմբից հանված է համարվում նույն կետում նշված՝ 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից։
88.16. Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում՝ վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված, իսկ Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում՝ տվյալ ԻԷԱ-ի հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.17. Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակցի՝ ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետի համաձայն հանված համարվելու դեպքում վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված նույն կետում նշված՝ 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.18. Ինքնավար խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:
88.19. Ինքնավար խմբի ներսում մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում։
88.20. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում։
88.21. Հաշվարկային տարվա ընթացքում, այն է՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում, Ինքնավար խմբում մասնակցի գտնվելու նվազագույն ժամկետը երեք ամիս է։ Հաշվարկային տարվա ավարտին նախորդող 3 ամիսների ընթացքում Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխություններ չեն կատարվում:
88.22. Երաշխավորված մատակարարն ամսական կտրվածքով հաշվարկում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի ԻԷԱ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) մատակարարած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված և խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին հաշվեգրվող դրական փոխհոսքը) և սպառած (Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների սպառած) էլեկտրական էներգիայի քանակությունները, ինչպես նաև դրանց տարբերությունները Հանձնաժողովի սահմանած ցերեկային (այսուհետ՝ ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ՝ գիշերային փոխհոսք) սակագնի ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ՝ փոխհոսք)։ ԷԲՑ կանոնների համաձայն՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայվելու օրվանից մինչև ԷՄԱ կանոնների համաձայն՝ Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածում Սպառողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը գումարվում է Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրվանից սկսած առաջին Հաշվարկային ամսվա արդյունքով սույն կետում նշված՝ ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակությանը:
88.23. ԷՄԱ կանոնների 88.26-րդ, 88.27-րդ և 88.31-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքն առաջնահերթ հաշվանցվում է ցերեկային փոխհոսքին, այնուհետև՝ գիշերային փոխհոսքին։
88.24. Ցերեկային փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում են տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով, իսկ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում՝ գիշերային սակագնով:
88.25. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակցի էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճարը հաշվարկվում է համաձայն ԷՄԱ կանոնների 81.1-ին կետի:
88.26. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նույն կետում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում վերջինիս կողմից մատակարարված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվարկվում են դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի ցուցմունքների տվյալներով՝ համաձայն ԷՄԱ կանոնների 73-րդ կետի:
88.27. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, վերջինիս սպառած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության բոլոր կետերից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը։
88.28. ԷՄԱ կանոնների 88.26-88.27-րդ կետերում նշված դեպքերում՝ փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվեգրվում է ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող ամսվա ԻԷԱ-ի փոխհոսքին, բացառությամբ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի:
88.29. ԻԷԱ-ի՝ բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում, Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվարկվում է ցերեկային և գիշերային բացասական տարբերությունները վերջինիս արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով, որոնց դիմաց ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին վճարում է՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի։
88.30. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում՝ խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրությամբ բաշխվում են ընդհանուր (այսուհետ՝ բաշխման ընդհանուր մեթոդ) և ընտրովի (այսուհետ՝ բաշխման ընտրովի մեթոդ) մեթոդներով: Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրած բաշխման մեթոդը գործում է խմբի ձևավորմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից: Բաշխման մեթոդը կարող է փոփոխվել յուրաքանչյուր հաշվարկային տարի: Այդ նպատակով խումբը ստեղծող ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին դիմում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը: Բաշխման մեթոդի փոփոխման մասին դիմում չներկայացվելու դեպքում հաջորդ հաշվարկային տարվա համար գործում է վերջին ընտրված մեթոդը:
88.31. Բաշխման ընդհանուր մեթոդի դեպքում՝ Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը: Ընդ որում՝
1) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունն ավելի է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ դրական տարբերության չափով էլեկտրական էներգիան հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով Ինքնավար խմբի փոխհոսքին.
2) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը պակաս է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ բացասական տարբերության չափով էլեկտրական էներգիան Ինքնավար խմբի մասնակիցների միջև բաշխվում է ԷՄԱ կանոնների 88.29-րդ կետով նախատեսված եղանակով, որի արդյունքում ձևավորված պարտավորության դիմաց Ինքնավար խմբի մասնակիցները Երաշխավորված մատակարարին վճարում են՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.32. Բաշխման ընտրովի մեթոդի դեպքում՝ Երաշխավորված մատակարարը՝
1) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների՝ յուրաքանչյուրի մասով առանձին) մատակարարած էլեկտրական էներգիայից առաջնահերթ նվազեցնում (հաշվանցում) է վերջինիս ցերեկային, ապա գիշերային սպառումը, ապա
2) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների՝ յուրաքանչյուրի մասով առանձին) դրական փոխհոսքի դեպքում, այն (դրանց հանրագումարը)՝ խմբի նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի հետ միասին, բաշխում է խմբի մյուս մասնակիցների միջև՝ վերջիններիս ցերեկային, այնուհետև գիշերային սպառման ծավալների (բացասական փոխհոսք ունեցող ԻԷԱ-ի պարագայում՝ փոխհոսքի բացասական մեծության) համամասնությամբ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բաշխումն իրականացնելուց հետո Ինքնավար խմբի փոխհոսքի դրական մեծության դեպքում՝ այդ քանակությամբ էլեկտրական էներգիան հաշվի է առնում խումբը ստեղծող ԻԷԱ-ի հաշվառման քարտում և գումարում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով ձևավորված՝ Ինքնավար խմբի փոխհոսքին.
4) Ինքնավար խմբի փոխհոսքի բացասական մեծության դեպքում (այդ թվում՝ սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն Ինքնավար խմբի ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների) դրական փոխհոսքի բաշխումից հետո), խմբի ԻԷԱ-ների Հաշվառման քարտերին՝ իրենց բացասական փոխհոսքերի, իսկ Սպառողների Հաշվառման քարտերին՝ սպառած էլեկտրական էներգիայի դիմաց ձևավորում է վճարման ենթակա պարտավորություն, որի համար վերջիններս վճարում են՝ համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի։
88.33. Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:
88.34. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Երաշխավորված մատակարարը հատուցվող գումարը փոխանցում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ի՝ Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին, սույն կետում նշված հաշվարկային փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
88.35. ԻԷԱ-ն՝ Ինքնավար խումբ ստեղծելիս կամ այլ ԻԷԱ-ի ստեղծած Ինքնավար խմբում ընդգրկվելիս, նախորդ ամիսներից կուտակված փոխհոսքերի դրական տարբերություն ունենալու դեպքում իրավունք ունի՝
1) այն փոխանցել Ինքնավար խմբին, եթե ԻԷԱ-ի դրվածքային հզորությունը չի գերազանցում 30 կՎտ-ը կամ վերջինս հանդիսանում է պետական կամ hամայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ամբողջությամբ պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերություն՝ անկախ հզորությունից։ Նման դեպքում՝
ա. իր կողմից Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում՝ այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է իր (որպես խումբը ստեղծող ԻԷԱ-ի) Հաշվառման քարտին.
բ. այլ Ինքնավար խմբում ընդգրկվելու դեպքում՝ այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին։
2) ստանալ հատուցում ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով։
88.36. ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված, ինչպես նաև հաշվարկային տարվա ընթացքում Փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքերում ԻԷԱ-ի համար հաշվարկային տարին համարվում է ավարտված, և փոխհոսքերի (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը տվյալ ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:».
4) ԷՄԱ կանոնների 5-րդ բաժնում բոլոր հոլովաձևերով «Բաշխող» բառից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարար)» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.
5) ԷՄԱ կանոնների 103-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «սպառողի» բառը փոխարինել «Սպառողի» բառով.
բ. 3-րդ ենթակետում «սպառված» բառից հետո լրացնել «(ԻԷԱ-ի դեպքում՝ նաև Երաշխավորված մատակարարին առաքված)» բառերը.
գ. 4-րդ ենթակետում «Պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ Փոխհոսքերի պայմանագրի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
30 հունիսի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|