ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2021 թվականի N 1709-Լ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 6 ամիս ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.01.22 N 97-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 6 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 27.01.22 N 97-Լ)
2. Հաստատել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 6 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
(2-րդ կետը փոփ. 27.01.22 N 97-Լ)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված միջոցառումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման ծրագրային ապահովումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառման շրջանակներում քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
5. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել՝
1) 2021 թվականի սեպտեմբերի 1-ի և հոկտեմբերի 1-ի դրությամբ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձանց՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առանձին՝ ըստ ամիսների.
2) 2021 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2022 թվականի հունվար, փետրվար ամիսներից յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձանց՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները՝ մինչև տվյալ ամսվա 5-ը:
(5-րդ կետը լրաց. 27.01.22 N 97-Լ)
6. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում արդեն իսկ տրամադրված՝ փաստացի բնակված այն քաղաքացիների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն կետում նշված միջոցառումների շահառուներ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առանձին՝ ըստ միջոցառումների։
7. Սահմանել, որ սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կամ Արցախի Հանրապետության կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող)՝ իրենց հատկացրած դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
(7-րդ կետը լրաց. 10.03.22 N 295-Լ)
8. Սույն որոշման 7-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։
9. Առաջարկել Արցախի Հանրապետության կառավարությանը սույն միջոցառման շրջանակներում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար վճարել այն շահառուների դրամական օգնության գումարները, որոնց այդ ամիսների համար չի վճարելու ֆինանսավորողը։
(9-րդ կետը լրաց. 10.03.22 N 295-Լ)
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ըստ անհրաժեշտության ապահովել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա գումարներին համապատասխան վճարման ցուցակների տրամադրումը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակները տրամադրելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(10-րդ կետը լրաց. 10.03.22 N 295-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշման |
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 6 ամիս ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 27.01.22 N 97-Լ)
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակում ներառված) քաղաքացիներին՝ բացառությամբ նրանց, ում տվյալները սույն որոշման 6-րդ կետի համաձայն ստացվել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (այսուհետ՝ փաստացի բնակված քաղաքացիներ)։
2. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում (փաստացի բնակված քաղաքացի է համարվում) նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխաներին, եթե դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացնող՝ երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն հանդիսանում է փաստացի բնակված քաղաքացի։
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած 2021 թվականի սեպտեմբեր ամսվանից:
(3-րդ կետը փոփ. 27.01.22 N 97-Լ)
4. Սույն միջոցառման՝ տվյալ ամսվա շահառուներ են փաստացի բնակված քաղաքացիները, ովքեր այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։
5. Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝
1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ՝ 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 40000 դրամ՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար.
2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ՝ 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և 20000 դրամ՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար:
(5-րդ կետը լրաց. 27.01.22 N 97-Լ)
6. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը տրամադրվում է նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին՝ անկախ նրա օրինական ներկայացուցչի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
(հավելվածը փոփ., լրաց. 27.01.22 N 97-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 6 ամիս ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 27.01.22 N 97-Լ)
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշմամբ սահմանված շահառուներին ամսական դրամական օգնություն տրամադրելուն առնչվող հարաբերությունները։
2. Տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
3. Դիմումը ներկայացնելու համար անձը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝
1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է․
2) մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) և նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի, խնամակալի, հոգաբարձուի (այսուհետ՝ բոլորը միասին՝ երեխայի օրինական ներկայացուցիչ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի, երեխայի դեպքում՝ նաև ծննդյան վկայականի, եթե երեխան չունի անձնագիր կամ նույնականացման քարտ) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է․
3) երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե Արցախի քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ երեխայի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, եթե դիմումը ներկայացվում է երեխայի համար.
4) երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ Արցախի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն), երեխայի որդեգրման մասին դատական ակտի և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե երեխայի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն կամ որդեգրողը․
5) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված՝ շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին (այսուհետ՝ քարտային հաշիվ) կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը․
6) շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
7) շահառուի փաստացի բնակության վայրը՝ ըստ ցանկի՝ Հայաստանի Հանրապետության մարզեր, Արցախի Հանրապետության շրջաններ (ընտրում է ցանկից).
8) նշում իր (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ երեխայի) տվյալներն այլ անձանց փոխանցելու համաձայնության մասին։
4. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։
5. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է)՝
1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ.
3) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված՝ փաստացի բնակված քաղաքացի չհանդիսացող անձանց և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձանց տվյալների (այսուհետ՝ երկուսը միասին՝ Արցախից ստացված տվյալներ) հետ.
4) հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալների հետ։
6. Առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալների հետ համեմատելու (համադրելու) արդյունքներով ծառայությունը հաշվառում կամ մերժում է, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ (եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը) և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում ներկայացված դիմումը գտնվում է մշակման փուլում՝ մինչև սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված կարգով հաշվառվելը կամ մերժվելը։
7. Դիմումը հաշվառվելուց հետո նոր դիմում չի ներկայացվում։ Նոր դիմում ներկայացվում է մերժված դիմումի առկայության դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով։ Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է (սույն կարգով սահմանված կարգով վճարման ցուցակը ձևավորվում է) հաշվառված դիմումի հիման վրա։
8. Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝
1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.
3) անձը (2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի դեպքում՝ ծնողը) չի հանդիսանում փաստացի բնակված քաղաքացի (այդ թվում, երբ նրա տվյալները սույն որոշման 6-րդ կետի համաձայն ստացվել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից).
4) շահառուի համար առկա է չմերժված դիմում.
5) երեխայի ծնողի վերաբերյալ տվյալները շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ երեխայի ծնողի վերաբերյալ տվյալների հետ սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում.
6) որդեգրողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի տվյալները երեխային որդեգրելու կամ երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթերում նշված համապատասխան տվյալների հետ սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով համեմատելիս չեն համընկնում։
9. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, ծառայությունը դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ծառայությունը հաշվառում է դիմումը։ Հակառակ դեպքում դիմումը մերժվում է։
10. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունն ուսումնասիրում է դիմումով ներկայացրած փաստաթղթերը՝ անչափահաս շահառուի և որդեգրողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի տվյալները համեմատում է երեխայի որդեգրման կամ երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և որդեգրողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում ծառայությունը հաշվառում է դիմումը, հակառակ դեպքում՝ մերժում է դիմումը։
11. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա օրինական ներկայացուցչի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է շահառուի (եթե շահառուն երեխա է, նաև՝ նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը։
12. Անկախ դիմումը հաշվառված լինելու հանգամանքից՝ տվյալ ամսվա (բացառությամբ 2021 թվականի սեպտեմբեր ամսվա) վճարման ցուցակը ծառայությունը ձևավորում է՝ հաշվի առնելով՝
1) նախորդ ամսվա վճարման ցուցակներում ներառված շահառուների տվյալները.
2) նախորդ ամսվա վճարման ցուցակը կազմելու օրվանից հետո դիմումներով ներկայացված կամ Արցախից ստացված կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալները կամ սույն կարգի 15-րդ կետի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) տրամադրած տվյալները.
3) նախորդ ամսում շահառուի՝ 18 տարին լրացած լինելու հանգամանքը։
13. Անկախ դիմումը հաշվառված լինելու հանգամանքից՝ անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակում, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ, իսկ եթե տվյալ ամսվա վճարման ցուցակով վճարվում է նաև նախորդ ամսվա համար, ապա յուրաքանչյուր նախորդ ամսվա 1-ի դրությամբ՝
1) համաձայն ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների՝ անձը չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում.
2) անձի տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում։
13.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում վճարման ցուցակում նաև այն դեպքում, երբ վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի, իսկ եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի մահվան պետական գրանցում։
(13.1-ին կետը լրաց. 27.01.22 N 97-Լ)
14. Եթե երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է միայն ծննդյան վկայականով (չունի հաշվառված անձնագիր), ապա նրա տվյալները սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ։
15. Եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ՍԷԿՏ-ում առկա տեղեկություններով շահառուն չի գտնվել, սակայն նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն գտնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ապա նրան վճարվում է տվյալ ամսվա դրամական օգնության գումարը։ Տվյալ ամսվա 1-ի դրությամբ շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը ծառայությանը տրամադրում է ծառայության կողմից ուղարկված տվյալների (ըստ ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների) հիման վրա։ Եթե նախարարությունը հաստատում է շահառուի՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելը (հերքում է շահառուի վերաբերյալ ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունները), ապա հաջորդ ամիսների վճարումների համար այդ շահառուի վերաբերյալ ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունները հիմք չեն ընդունվում այն դեպքում, երբ դրանք չեն փոփոխվում (ելքի կամ մուտքի վերաբերյալ նոր տվյալ չի գրանցվում)։
16. Եթե տվյալ ամսում սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումով շահառուն դրամական օգնության իրավունք է ձեռք բերում (բավարարում է սույն միջոցառման պայմաններին) ավելի վաղ ժամկետից (դրամական օգնություն կարող էր նշանակվել ավելի վաղ ժամկետից), ապա այդ տվյալների հիման վրա դրամական օգնությունը նշանակվում է դրամական օգնության իրավունք ձեռք բերելու ամսվանից՝ այդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարը ներառելով առաջիկա ամսվա վճարման ցուցակում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխային դրամական օգնությունը նշանակվում է երեխայի ծննդյան ամսվան հաջորդող ամսվանից սկսած, սակայն ոչ շուտ, քան 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։
17. Նշանակված դրամական օգնության գումարը վերահաշվարկվում է, եթե՝
1) լրացել է շահառուի 18 տարին՝ 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) սույն որոշման 5-րդ կետի համաձայն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացված կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալներով փոխվել է շահառուի հաշմանդամության խումբը (1-ին կամ 2-րդ խումբը դարձել է 3-րդ խումբ կամ 3-րդ խումբը դարձել է 1-ին կամ 2-րդ խումբ) կամ 1-ին կամ 2-րդ խմբով հաշմանդամության ժամկետն ավարտվել է՝ հաշմանդամության խումբը փոխվելու կամ հաշմանդամության ժամկետն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
18. Բացառությամբ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից՝ իրենց հատկացրած դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին դեպքի, ամսական դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
19. Վճարման ցուցակում ներառվում են՝
1) բանկի անվանումը.
2) շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).
3) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).
4) շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվի համարը․
5) վճարման ենթակա գումարը։
20. Բացառությամբ ամսական դրամական օգնության գումարներն այլ ֆինանսական միջոցների հաշվին ֆինանսավորվելու դեպքի, վճարման ցուցակը և տվյալ բանկի միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները ոչ ուշ, քան վճարման ցուցակը ձևավորվելու հաջորդ օրը ծառայությունը փոխանցում է բանկին՝ դրա մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով շահառուների հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին։
21. Դրամական օգնության գումարը շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:
22. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում, բացառությամբ, երբ ամսական դրամական օգնության գումարները ֆինանսավորվել են այլ ֆինանսական միջոցների հաշվին, եթե մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) բանկին չի ներկայացնում դրամական օգնության գումարն ստանալու պահանջ, ապա գումարը մինչև 2022 թվականի օգոստոսի 5-ը բանկի կողմից վերադարձվում է պետական բյուջե, եթե այդ գումարը բանկ է փոխանցվել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, և Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջե, եթե այն բանկ է փոխանցվել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից:
(22-րդ կետը փոփ. 27.01.22 N 97-Լ, 10.03.22 N 295-Լ)
22.1. Սույն կարգի 22-րդ կետում նշված գումարները վերադարձնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, դրամական օգնության գումարը չվճարված շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալներն ըստ ամիսների (որոնց համար դրամական օգնության գումարը չի վճարվել) բանկը տրամադրում է ծառայությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, կամ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից։
(22.1-ին կետը լրաց. 10.03.22 N 295-Լ)
22.2. Սույն կարգի 22.1-ին կետում նշված տեղեկատվությունը բանկերը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրում են, ինչպես նաև Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը վճարման ցուցակները բանկերին տրամադրում է ծառայության միջոցով:
(22.2-րդ կետը լրաց. 10.03.22 N 295-Լ)
23. Եթե երեխայի համար առկա է հաշվառված դիմում (երեխային նշանակվել է դրամական օգնություն), ապա երեխային նշանակված դրամական օգնությունն ստացողի տվյալների փոփոխություն կատարվում է երեխայի ծնողի մահվան դեպքում՝ եթե ծառայություն է ներկայացվում ծնողի մահվան վկայականը, դրամական օգնությունն իրեն վճարելու մասին երեխայի մյուս ծնողի դիմումը և սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը (տեղեկությունները)։ Այս դեպքում երեխային նշանակված դրամական օգնությունը, այդ թվում՝ նախորդ ամիսների համար չվճարված գումարը, երեխայի մյուս (սույն կետում նշված դիմում ներկայացրած) ծնողին վճարվում է սույն կետում նշված դիմումը ներկայացնելու օրվանից հետո ձևավորվող վճարման ցուցակներով։
24. Սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները ծառայություն կարող են ներկայացվել անձամբ կամ առցանց եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am կայքէջի) միջոցով։ Առցանց եղանակի դեպքում կցվում է դիմումի ստորագրված լուսապատճենը։
25. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
26. Դրամական օգնությունն այլ ֆինանսական միջոցների հաշվին ֆինանսավորվելու դեպքում դրամական օգնությունը վճարելու և վերադարձնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 8-րդ կետով սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում:
(հավելվածը փոփ., լրաց. 27.01.22 N 97-Լ, 10.03.22 N 295-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.03.2022, N 295-Լ | 12.03.2022, N 1709-Լ | |
27.01.2022, N 97-Լ | 01.02.2022, N 1709-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|