310.0001.15.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
15 սեպտեմբերի 1998 թ. |
N 01/45 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը:
|
Ա. Թումանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ հարկային տեսչության պետ Ա. Թումանյան 15.09.98 թ թիվ 01/45 հրամանով |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյան |
|
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հետ համաձայնեցված, հայտնում է.
1.1. Սույն հրահանգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Համաշխարհային բանկի հետ կնքված միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի, ֆինանսական արձանագրությունների (այսուհետ` Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերի) նկատմամբ:
1.2. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները ամրագրված են «Փոխառության և երաշխիքի» վարկային պայմանագրերով կամ այդ պայմանագրերի անբաժան մասը կազմող «Ընդհանուր պայմաններով» և համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև արտոնությունների կիրառման վերաբերյալ արձանագրությամբ:
1.3. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունները կիրառվում են այդ պայմանագրերի սահմանված կարգով վավերացումից հետո:
1.4. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
1.5. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) նկատմամբ սույն հրահանգով նշված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի հավելվածում բերված տեղեկանքը:
1.6. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում` ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
2. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
2.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունները նշանակում են`
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,
բ) ենթաակցիզային ապրանքների ազատում ակցիզային հարկից,
գ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից,
դ) ոչ ռեզիդենտների Հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտների մասով ազատում` աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից եկամտահարկի պահումից,
ե) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների գծով ապահովադիրների ազատում` իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից,
զ) ապահովադիրների ազատում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:
2.2. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ
2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետև` ԱԱՀ) ազատվում են Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` վարկային միջոցների հաշվին`
ա) ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ապրանքների ներմուծումը և հատկացումը,
բ) անմիջականորեն ծրագրի իրականացման գրասենյակներին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):
2.2.2. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):
2.2.3. Սույն հրահանգի 2.2.2 կետում`
ա) նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով.
բ) նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռք բերման արժեքին).
գ) նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
2.3. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ
2.3.1. «Ակցիզային հարկից ազատվում են Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` վարկային միջոցների հաշվին`
ա) ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ենթաակցիզային ապրանքների ներմուծումը,
բ) անմիջականորեն ծրագրի իրականացման գրասենյակներին արտադրող-իրացնողների կողմից ենթաակցիզային ապրանքների մատակարարումը»:
2.3.2. Սույն հրահանգի 2.3.1 կետի «բ» ենթակետում նշված դեպքում անձինք պարտավոր են`
ա) վարկային պայմանագրերի շրջանակներում մատակարարված ենթաակցիզային ապրանքների գծով վարել առանձնացված հաշվառում և դրանց մասով.
բ) ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարը միացնել արտադրության ծախսերին:
2.4. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ
2.4.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության`
ա) ոչ ռեզիդենտների ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ շահութահարկի պահումից,
բ) ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի գծով հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:
2.5. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ
2.5.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության`
ա) ոչ ռեզիդենտների ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից,
բ) ռեզիդենտների ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ պահվող եկամտահարկից, սակայն ներառվում են նրանց կողմից տարեկան եկամուտների հայտարարագրերում: Եկամուտների հայտարարագրման արդյունքում` այդպիսի եկամուտների մասով, ռեզիդենտների հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:
2.6. ՄԱՔՍԱՏՈՒՐՔ
2.6.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից:
2.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ
2.7.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին`
ա) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների գծով ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակներն ազատվում են իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից,
բ) ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակներն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:
2.7.2. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին եկամուտներ ստացած ֆիզիկական անձինք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ինքնուրույն` օրենքով սահմանված կարգով և չափով:
3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար սույն հրահանգի հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է 1998 թ. հոկտեմբերի 1-ից հետո մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980212