«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 187-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 6-րդ մասի պահանջով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու կարգը»՝ համաձայն հավելվածի (հավելված N 1 կցվում է):
2. Սահմանել «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը»՝ համաձայն հավելվածի (հավելված N 2 կցվում է):
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) թեստերը կազմելու կարգը:
2. Թեստերը կազմվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք) և սույն կարգին համապատասխան:
3. Հարցաշարերը բաղկացած են հարցերից, որոնք իրենց մեջ պետք է ընդգրկեն հետևյալ բնագավառներին վերաբերող հարցեր՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
բ) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրություն.
գ) հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր):
4. Թեստերը կազմվում են հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից:
5. Թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի հարցերից՝ պատահական ընտրությամբ:
6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև հարցերի 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Հանձնաժողովը մրցույթի թեստավորման մասի սկսելուց ոչ շուտ, քան մեկ ժամ առաջ, հարցաշարից ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար թեստերի առաջադրանքներ, հետևյալ չափաբաժիններով՝
ա) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 25 հարց, որոնցից`
3-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից,
10-ը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
5-ը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
2-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից,
2-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից,
1-ը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից,
1-ը՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
1-ը՝ «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
բ) տեսուչի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 հարց, որոնցից`
3-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից,
8-ը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
7-ը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,
2-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից:
8. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում՝ անկախ մասնակիցների քանակից, կազմվում է մեկ ընդհանուր թեստ՝ սույն կարգին և թափուր պաշտոնին համապատասխան պահանջով:
Թեստավորումն անցկացվում է գրավոր:
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնելու կարգը:
2. Թեստավորվողին տրվող թեստավորման առաջադրանքը բաղկացած է ամփոփաթերթից (ձև 1-ը կցվում է) և հարցաշարից: Ամփոփաթերթը բաղկացած է կտրոնից և հիմնական մասից, որոնց վրա նշված են միևնույն ծածկագրերը, որոնք ծածկված են ծածկաշերտով կամ անթափանց թղթով:
3. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է մեկական ամփոփաթերթ: Մասնակիցը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի կտրոնի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը: Հանձնաժողովի քարտուղարը ամփոփաթերթը կնքում է (ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի կնիքով) ձախ կողմից կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ և այն անջատելով հիմնական մասից` գցում է ամփոփաթերթերի համար նախատեսված կնքված արկղի մեջ:
4. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի ծածկաշերտի մաքրելը կամ անթափանց թղթի վնասելը արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
5. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե ժամանակ:
6. Հանձնաժողովի անդամները, բացելով արկղը, հաշվում են ամփոփաթերթերի կտրոնները և հիմնական մասերի քանակը ու կազմում են համապատասխան արձանագրություն:
7. Թեստավորման արդյունքների ամփոփումը կատարվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: