«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2006 թ. |
N 1312-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-02-2006 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ գարեջրի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Գարեջրի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-02-2006 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.
սահմանել հսկողություն «Գարեջրի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N–2-III-4.1-02-2006 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
|
Ն. Դավիդյան |
|
ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ ԵՎ հիգիենիկ նորմեր
N 2-III-4.1-02-2006
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1.1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են գարեջրի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Գարեջրի արտադրության տարածքի լուսավորությունը համապատասխանում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
2.2. Տարաները, շինարարական և տնտեսական նյութերը պահվում են փակ պահեստներում, իսկ ժամանակավորապես՝ ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա, ծածկի տակ:
2.3. Կոտորակահատը հավաքվում և պահվում է ասֆալտածածկ կամ բետոնածածկ հարթակների վրա տեղադրված անջրաթափանց արկղերում կամ հատուկ առանձնացված տարողություններում: Հարթակը ունենում է թեքություն դեպի հատականցքերը: Կոտորակահատի տեղափոխումը կատարվում է անջրաթափանց թափքով կահավորված փոխադրամիջոցներով կամ հատուկ ցիստեռններով ու անջրաթափանց տարողություններով:
2.4. Արտադրական թափոնների և աղբի հավաքման համար տեղադրվում են անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ: Վերջիններիս տարողունակությունը նախատեսվում է ոչ պակաս, քան 2 օրվա ընթացքում գոյացած թափոնների և աղբի կուտակման համար:
2.5. Աղբի կուտակման տարողությունները տեղակայվում են արտադրական սենքերից և պահեստներից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
Կուտակիչ տարողությունները տեղադրվում են ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա: Վերջիններիս մակերեսը գերազանցում է կուտակիչ տարողության հիմքի մակերեսը, յուրաքանչյուր ուղղությամբ 1 մետրից ոչ պակաս: Հարթակները մաքրվում են ամեն օր և ախտահանվում ըստ անհրաժեշտության:
2.6. Աղբը հեռացվում է ըստ կուտակման: Տարվա տաք եղանակին տարողությունները ախտահանվում են հանգած կրի 20%, քլորակրի 10% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:
2.7. Վարորդների, առաքողների, բեռնաբարձ բանվորների և հաճախորդների համար նախատեսված սան. հանգույցները տեղակայվում են օժանդակ մասնաշենքերում՝ դեպի տարածք առանձին ելքով:
2.8. Սան. հանգույցները պահվում են մաքուր վիճակում և ամեն օր ախտահանվում 10% քլորակրի կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:
3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Կազմակերպությունների ջրամատակարարման համակարգը համապատասխանում է 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.02-84 Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:
3.2. Կազմակերպությունները ապահովվում են խմելու, տնտեսակենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող սառը ջրով:
3.3. Արտեզյան հորատանցքերը, պահուստային ջրամբարները ունենում են սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների: Ջրմուղի կառույցների, ջրագծերի և արտեզյան հորատանցքերի սանիտարատեխնիկական վիճակի նկատմամբ սահմանվում է կանոնավոր հսկողություն:
3.4. Ջրամատակարարման քաղաքային ցանցից և տեղային աղբյուրից սնվող ջրագծերը լինում են առանձին և չեն ունենում միացումներ:
3.5. Պահուստային ջրի տարողությունները (բաքեր, ցիստեռններ և այլն) փակվում են կափարիչներով, մաքրվում և ախտահանվում՝ ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Տարողություններն ախտահանումից հետո լվացվում են խմելու մաքուր ջրով:
3.6. Արտադրական տեղամասերում նախատեսվում է.
- ձեռքերի լվացման համար լվացարան՝ ապահովված հոսող տաք և սառը ջրով, օճառով, ախտահանիչ լուծույթով, էլեկտրաչորացուցիչով կամ միանվագ օգտագործման սրբիչով,
- ծորակ՝ հատակը լվանալու համար:
3.7. Կազմակերպությունների ջրահեռացման համակարգը համապատասխանում է 2.04.03-85 «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջներին:
3.8. Ջրահեռացման հատականցքերը տեղակայվում են աշխատատեղերից և անցուղիներից հեռու: Հատակը դեպի հատականցքերը ունենում է 0.03%-ից ոչ պակաս թեքություն: Ջրահեռացման հատականցքերը և խողովակների տրամագիծը ապահովում են հատակի ցանկացած հատվածից լվացման ջրերի և կեղտաջրերի ամբողջական հեռացումը:
4. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Արտադրական և օժանդակ սենքերի լուսավորությունը համապատասխանում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
4.2. Լուսային բացվածքները չի թույլատրվում փակել արտադրական սարքավորումներով, տարաներով, պատրաստի արտադրանքով:
4.3. Լուսատու սարքերը և պաշտպանիչ պիտույքակազմերը մաքրվում են ըստ անհրաժեշտության:
4.4. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները ունենում են պաշտպանիչ ցանցեր, իսկ շիկացման լամպերով լուսատուները՝ պայթունաանվտանգ պիտույքակազմեր:
4.5. Չի թույլատրվում լուսատու կետերի (կանթեղների) զետեղումը արտադրական տարողությունների և հոսքագծերի անմիջապես վերևում:
4.6. Գարեջրի արտադրությունում խմորիչների մաքուր կուլտուրաների բազմացման բաժնի օդը վարակազերծելու համար (30 րոպեից ոչ պակաս) տեղադրում են մանրէասպան լամպեր, որոնց աշխատանքային ռեժիմը համապատասխանում է դրանց շահագործման հրահանգի պահանջներին:
5. ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Կազմակերպության ջեռուցման և օդափոխության համակարգերը համապատասխանում են «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02-01-2000 պահանջներին:
5.2. Արտադրական սենքերի օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և շարժման արագությունը համապատասխանում է «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ-ի պահանջներին:
5.3. Խոնավության, ջերմության, վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող տեխնոլոգիական սարքավորումները ապահովվում են օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:
5.4. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում՝ համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» II-12-77 ՍՆիՊ-ի պահանջների:
5.5. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը համապատասխանում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
5.6. Սարքերը, մեքենաները, սարքավորումները ապահովվում են ցնցումամարիչ հարմարանքներով:
6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Արտադրական սենքերի և արտադրամասերի տեղակայումը ապահովում են տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը և բացառում հումքի ու պատրաստի արտադրանքի հանդիպակաց և խաչվող հոսքերը:
6.2. Արտադրական սենքերի պատերը սալիկապատվում են, յուղաներկվում կամ ունենում խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ ծածկ՝ 1.75 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Առաստաղները ներկվում են անջրաթափանց ներկով:
6.3. Բոլոր սենքերում հատակը լինում է անջրաթափանց, հարթ և ունենում է թեքություն դեպի հատականցքերը:
6.4. Սարքավորումներից կեղտաջրերի և լվացման ջրերի դատարկումը ջրահեռացման ցանց կատարվում է փակ եղանակով:
6.5. Արտադրանքի հետ շփվող սարքավորումների մակերեսը պատրաստվում է սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Սարքավորումների և գույքի մակերեսը լինում է հարթ, հեշտությամբ լվացվում և ախտահանվում է:
6.6. Արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է տեխնիկական անձնակազմի կողմից, իսկ աշխատատեղերի և սարքավորումների` տվյալ տեխնոլոգիական գործընթացում աշխատողների կողմից:
6.7. Տեխնիկական անձնակազմը ապահովվում են գույքով, լվացման, մաքրման միջոցներով, ինչպես նաև անջրաթափանց հատուկ հագուստով, կոշիկներով և ռետինե ձեռնոցներով:
6.8. Աշխատանքային օրվա (հերթափոխի) վերջում, մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, մաքրող գույքը լվացվում և ախտահանվում է քլորակրի 2% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցով: Արտադրական արտադրամասերի մաքրման գույքը մակնշվում և պահվում է առանձին պահարաններում:
6.9. Աշխատանքն ավարտելուց հետո կատարվում է չոր տեղամասերի, սարքավորումների, գույքի խոնավ մաքրում:
6.10. Պատուհանների ապակիները, ներքին շրջանակները մաքրվում և լվացվում են ըստ աղտոտվածության:
6.11. Ցանցապատ և պաշտպանիչ այլ փակոցները, օդափոխիչների խցերը և խողովակները մաքրվում են ըստ դրանց աղտոտման:
6.12. Բոլոր սենքերի վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Բորբոսի առաջացման դեպքում պատերը, առաստաղը և անկյունները, նախքան սպիտակեցնելը, մշակվում են հակասնկային միջոցներով:
6.13. Նորոգման աշխատանքներով զբաղված բանվորների գործիքները պահվում են հատուկ պահարաններում և տեղափոխվում գործիքների տեղափոխման արկղերով:
6.14. Չի թույլատրվում կատարել շինվերանորոգման աշխատանքներ տեխնոլոգիական գործընթացին զուգահեռ: Նորոգման մանր աշխատանքները կարող են կատարվել առանց արտադրությունը դադարեցնելու, արտադրանքի (մթերքի) մեջ կողմնակի իրերի հայտնվելը բացառելու պայմանով:
7. ՀՈՒՄՔԻՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Ընդունվող ամբողջ հումքը, օժանդակ և փաթեթավորող նյութերը, տարաները, ինչպես նաև թողարկվող արտադրանքը համապատասխանում են տեխնիկական պայմանների պահանջներին և ունենան որակն ու անվտանգությունը հավաստող հավաստագրեր կամ հիգիենիկ եզրակացություններ:
7.2. Հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի որակի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ ռեժիմների պահպանման լաբորատոր հսկողությունը իրականացվում է արտադրական լաբորատորիայի կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
7.3. Պարկերում փաթեթավորված հումքը պահվում է դարակաշարերի վրա, հատակից 25-30 սմ բարձրության, պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև տարածությունը լինում է 0.5 մ-ից ոչ պակաս, գլխավոր անցուղու լայնքը՝ 1,5 մ-ից ոչ պակաս:
7.4. Պարենահումքի պահեստներում չի թույլատրվում պահել ոչ պարենային մթերք, նյութեր, իրեր, թափոններ և այլն:
7.5. Տակառների, թիթեղամանների և շշերի արտաքին մակերեսը մաքրվում է (անհրաժեշտության դեպքում՝ լվացվում):
7.6. Ապակյա տարողությունները (շշեր, բանկաներ) մանրակրկիտ զննում են՝ առանձնացնելով վնասվածքներ (կոտրվածք, ճաք) ունեցողները:
7.7. Դատարկ տարաները դուրս են բերվում արտադրական տեղամասերից:
7.8. Պատրաստի արտադրանքը պահվում է պահեստում արկղերում (պոլիմերային փաթեթներում) դարսակույտերով՝ պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև թողնվում են անցուղիներ:
8. ՀԱՏԻԿԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԻՉ (ԷԼԵՎԱՏՈՐ) ԵՎ ԱԾԻԿԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Հատիկի մաքրման սենքը ապահովվում է օդափոխանակության համակարգով և փոշեկլանիչներով: Հատիկ մաքրող մեքենաները լինում են սարքին վիճակում և թույլ չեն տալիս փոշու թափանցումը արտադրամաս:
8.2. Սարքավորումները և գույքը մաքրվում են փոշուց ամեն օր:
8.3. Թրջման ենթակա գարին մանրակրկիտ լվացվում է: Թրջման երկրորդ ջրին ավելացվում է ախտահանիչ որևէ նյութ (քլորակիր՝ 1 տ գարուն՝ 0.3 կգ, չհանգած կիր՝ 1 տ-ին 1.5- 3.0 կգ, կալիումի պերմանգանատ՝ 1 մ3 ջրին՝ 10-15 գ կամ այդ նպատակի համար նախատեսված այլ նյութ):
8.4. Ածիկային կալատեղին հատիկից (գարուց) դատարկելուց (ազատելուց) հետո և այն բեռնելուց առաջ, մանրակրկիտ մաքրվում է: Հատակը և պատերը լվացվում են, ախտահանվում քլորակրի 20%-անոց կամ կալիումի մանգանաթթվային կրի 20%-անոց լուծույթով, ապա լվացվում ջրով:
8.5. Գարու վրայով քայլելու հետ կապված աշխատանքներ կատարող բանվորներն ապահովվում են ռետինե երկարաճիտ կոշիկներով:
8.6. Աշխատանք կատարելուց առաջ երկարաճիտ կոշիկները ախտահանվում են հատուկ տարողություններում՝ քլորակրի 2%-անոց լուծույթով: Ռետինե կոշիկները պահվում են առանձնացված պահարաններում: Կալատեղու մուտքի մոտ դրվում են ախտահանիչ լուծույթով ներծծված գորգեր:
8.7. «Շարժվող մարգ»-ի դեպքում հետևում են, որ նախորդ խմբաքանակի հատիկը չմնա խառնիչի շերեփներում կամ շղթայական փոխադրիչի համակարգում:
8.8. Արտադրամասի փոշոտվածությունը նվազեցնելու համար, գարին թրջման տարողություն տեղափոխող խողովակի և ջրի տարողության միջև տարածությունը հնարավորին չափ պակասեցվում է:
8.9. Թրջման տարողությունները, ածիկի ծլեցման արկղերը, թմբուկները, շարժական խառնիչները, աշխատանքի յուրաքանչյուր բոլորաշրջանի (ցիկլ) ավարտից հետո մաքրվում, լվացվում և ախտահանվում են քլորակրի 2%-անոց լուծույթով:
8.10. Յուրաքանչյուր արկղ դատարկվելուց հետո կրով սպիտակեցվում է, մաղերի տակ ընկած տարածությունը մեխանիկական մաքրումից հետո ախտահանվում է քլորակրի 2 % լուծույթով:
8.11. Գարու խառնիչները մանրակրկիտ մաքրվում, լվացվում և ախտահանվում են:
8.12. Յուրաքանչյուր բոլորաշրջանի ավարտից հետո ածիկի աճեցման արկղից հեռացվում են ծիլերի մնացորդները և այն ախտահանում քլորակրով, շաբաթը 1 անգամից ոչ պակաս:
8.13. Փոխադրիչները, շարժական ժապավենները, թարմ ծլած ածիկի զետեղարանները (բունկերները) մաքրվում են ամեն օր:
8.14. «Շարժվող մարգ»-ի արկղերի մաքրումը, լվացումը և ախտահանումը կատարվում է ըստ բաժանմունքների (աճեցման օրերի), յուրաքանչյուր 8-10 օրը մեկ անգամ, իսկ օդի լավորակման խցիկի բոցամուղների (ֆորսունկա) մաքրումը՝ ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ:
8.15. Հորիզոնական գործողության չորանոցների ցանցերը մաքրվում են ծիլերից և փոշուց ածիկը դատարկելուց հետո, իսկ ուղղահայաց չորանոցներինը՝ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
8.16. Չորանոցները և դրանց կից չոր սենքերը մաքրվում են շաբաթը մեկ անգամ և սպիտակեցնում եռամսյակը 1 անգամից ոչ պակաս:
Պատերը, դռները և պատուհանները մաքրվում են խոնավ եղանակով, ըստ դրանց աղտոտվածության:
8.17. Ածիկի չորանոցի քարշիչ խողովակը և զոնդը մաքրում և ախտահանում են ամիսը մեկ անգամից ոչ պակաս:
8.18. Կալորիֆերային բաժանմունքը ծիլերից մաքրում են օրը մեկ անգամից ոչ պակաս:
9. ԱՂԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ/ՏԵՂԱՄԱՍ
9.1. Աղացման բաժանմունքի պատերը և առաստաղը մաքրվում են շաբաթը մեկ անգամ և սպիտակեցվում են ըստ անհրաժեշտության:
9.2. Գլանավոր աղացները և աղացված ածիկի զետեղարանները (բունկերները) ամեն օր մաքրվում են փոշուց և կեղտից:
10. ԵՓՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
10.1. Հումքը (ածիկ, հմուլ, շաքար և այլ նյութեր) պահել եփման բաժանմունքում չի թույլատրվում:
10.2. Եփման կաթսաների արտաքին մակերեսը մաքրվում և փայլեցվում է արտադրամասում ախտահանում կատարելու ժամանակ:
10.3. Քաղցուի եփման կաթսաների զտող գուռի (ֆիլտրող) գայլուկը անջատող մաղի ներքին մակերեսը լվացվում է յուրաքանչյուր դատարկվելուց հետո:
10.4. Լվացման ջրերի կուտակիչ տարողությունները լվացվում և պարզաջրվում են դրանք դատարկվելուց հետո և ախտահանվում՝ արտադրամասում ընդհանուր ախտահանում կատարելու ժամանակ:
10.5. Խմորման քաղցուն քամելու գործընթացն ավարտելուց հետո, մամլիչի շրջանակները և սալիկները մաքրվում են փշրվածքի մնացորդներից, լվացվում տաք ջրով, փափուկ խոզանակներով: Բամբակյա կամ սինթետիկ անձեռոցիկները մանրակրկիտ լվացվում են տաք ջրով՝ հատուկ սարքերում:
10.6. Քաղցուի բոլոր խողովակագծերը և ռետինե խողովակներն ամեն օր լվացվում են սառը և տաք ջրով (60 + 10C), շոգեհարվում 15-20 րոպե տևողությամբ, ապա կրկին լվացվում սառը ջրով: Խողովակագծերի ախտահանումը կատարվում է ընդհանուր ախտահանման ժամանակ:
10.7. Ջերմակայուն ապակյա խողովակագծեր կիրառելու դեպքում ապահովվում է դրանց հերմետիկությունը:
10.8. Ածիկի և հմուլի ջարդոնը (փշուրները) լվանալուց հետո, անմիջապես հեռացվում է արտադրամասից և հավաքվում այդ նպատակի համար հատկացված հատուկ տարողություններում: Ազատված տարողությունները մանրակրկիտ լվացվում են և 15 օրը մեկ անգամ ախտահանվում:
11. ՊԱՐԶԵՑՄԱՆ (ՆՍՏՎԱԾՔԱԶԱՏՄԱՆ) ԳՈՒՌԵՐԻ ԵՎ ՊՆԱԿՆԵՐԻ (ԱՓՍԵՆԵՐԻ) ԲԱԺԻՆ
11.1. Ռետինե խողովակները, որոնցով լվացվում են գուռերը (չաները) և սառեցնող սարքավորումները, պահվում են կախված վիճակում, որպեսզի դրանց ծայրերը չքսվեն հատակին:
11.2. Սառեցնող սարքավորումների թերթիկները և նստեցման գուռի ներքին մակերեսը լինում է հարթ և ունենում է թեքություն դեպի բացթողման հատականցքը:
11.3. Քաղցուն դատարկելուց հետո սառեցնող սարքավորման և նստեցման գուռի ներքին մակերեսները լվացվում են ջրով, խոզանակով:
Տարողությունները ախտահանվում են թթու էմոցիդով կամ սուլֆանիլաթթվով (0.5-1.5 կգ՝ 10 լ ջրին):
Լվանալուց հետո ջուր թողնել գուռերում և պնակներում չի թույլատրվում:
11.5. Պնակները, պարզեցման գուռերը, տակառները և քաղցրահյութի միջանկյալ ամբարները բանվորը լվանում է հատուկ արտահագուստով և ռետինե երկարաճիտ կոշիկներով:
Սանիտարական հագուստը պահվում է նույն արտադրամասում, հատուկ պահարաններում: Սանիտարական հագուստն այլ նպատակով օգտագործել չի թույլատրվում: Խոզանակները և երկարաճիտ կոշիկները ախտահանվում են քլորակրի 2 %-անոց լուծույթով՝ աշխատանքից առաջ և դրանից հետո:
11.6. Քաղցրահյութի պարզեցման համար զտիչ սարք օգտագործելու դեպքում, վերջինիս աշխատանքն ավարտելուց հետո, միացվում է շրջանատար լվացման համակարգին և 15 րոպե տևողությամբ լվացվում 70 + 10C ջերմաստիճանի 2 %-անոց հիմնային լուծույթով, ապա տաք և սառը ջրով:
11.7. Պնակների և պարզեցման գուռերի բաժինը մեկուսացվում է:
11.8. Սպիտակուցային նստվածքը դատարկելուց հետո, քաղցրահյութատար խողովակները լվացվում և մշակվում են գոլորշով ու շաբաթը մեկ անգամ ախտահանվում:
11.9. Նստվածքի ամբարները (կուտակիչ տարողություններ) դատարկելուց հետո մաքրվում, պարզաջրվում և ախտահանվում են ընդհանուր ախտահանում կատարելու ժամանակ:
12. ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ
12.1. Փակ տիպի խողովակաձև և թիթեղաձև սառնարանային սարքերը ամեն օր լվացվում են ջրով և 15 րոպե տևողությամբ մշակվում 1 %-անոց հիմնային տաք (60 + 10C) լուծույթով, ապա պարզաջրվում տաք և սառը ջրով:
12.2. Տաք 1 %-անոց հիմքի լուծույթը կրկնակի շրջանառությունից հետո կարող է օգտագործվել քաղցրահյութատար խողովակների (ջերմափոխանակիչից մինչև խմորման տարողությունները) ախտահանման համար, որը կատարվում է շաբաթը 2 անգամից ոչ պակաս:
12.3. Փակ տիպի սառնարանային սարքերի կազմատումը, մաքրումը և ախտահանումը կատարվում է ամիսը 1 անգամ:
12.4. Չժանգոտվող պողպատից պատրաստված և թթվակայուն (խտացուցիչներ) սեղմիչներ ունեցող ջերմափոխանակիչների մշակումը կատարվում է շաբաթը 1 անգամ, 1-1.5 %-անոց ազոտական թթվով:
12.5. Ոռոգման սկզբունքով աշխատող բաց տիպի սառնարանները մշակվում են ամեն օր՝ դրանց մակերեսը ծածկվում է կրաջրի թանձր լուծույթով, 30 րոպե տևողությամբ, մաքրվում խոզանակներով և լվացվում ջրով:
Բաշխիչ խողովակը կազմատվում է, մաքրվում խոզանակներով, մշակվում գոլորշով և լվացվում ջրով:
12.6. Զտիչ-մամլիչները յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մաքրվում են և լվացվում խոզանակներով, պաստառները լվացվում են, ապա շոգեհարվում կամ եռացվում:
13. ԽՄՈՐԻՉՆԵՐԻ ԲԱԺԻՆ
13.1. Խմորիչների բաժինը մեկուսացվում է հարևան սենքերից, դուռը ամուր փակվում և դրսից տեղադրվում է ախտահանիչ լուծույթով մշակված գորգիկ, որն ամեն օր փոխվում է:
13.2. Խմորիչների բաժնում օդի ջերմաստիճանը լինում է կայուն՝ 2-40C սահմաններում:
13.3. Խմորիչների բաժինը ապահովում են -20C ոչ բարձր ջերմաստիճանի ջրով:
13.4. Խմորիչների բաժնի պատերը սալիկապատվում են, իսկ հատակը՝ ծածկվում ջրակայուն ներկով: Վերականգնման աշխատանքները կատարվում են ըստ անհրաժեշտության: Չի թույլատրվում կոնդենսացիոն հեղուկի կուտակումն առաստաղին:
13.5. Պաղեցված օդի օդամուղի հարմարանքները ապահովվում են օդային ֆիլտրերով:
13.6. Խմորիչների՝ էմալով չպատված, մետաղական տաշտակները պատվում են այդ նպատակի համար թույլատրված լաքով, պարաֆինով կամ խեժով:
13.7. Խմորիչների տաշտակները, մնացորդային խմորիչների տարողությունները և խմորիչների փոխանցման սարքերը և հարմարանքները, նախքան լցնելը, ախտահանվում են քլորակրի 1%-անոց լուծույթով կամ թույլատրված ախտահանիչ այլ միջոցով, որից հետո՝ մանրակրկիտ պարզաջրվում:
14. ԽՄՈՐԻՉՆԵՐԻ ՄԱՔՈՒՐ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
14.1. Մաքուր կուլտուրայի բաժանմունքում բոլոր սարքերի աշխատանքը ապահովվում են ասեպտիկ (վարակազերծված) պայմաններում:
14.2. Խմորման գլանների և մանրէազերծիչների մեջ մտնող օդը ֆիլտրվում է դրա լիարժեք մանրէազերծումն ապահովող օդային ֆիլտրերով:
14.3. Խմորիչների աճեցման սարքերն աշխատեցնելուց առաջ մանրէազերծվում են գոլորշով՝ 30 րոպե տևողությամբ:
14.4. Խմորիչների աճեցման սարքերի բոլոր տարողությունները ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ (կամ մաքուր կուլտուրան փոխելու ժամանակ), մաքրվում են նստվածքից՝ ջրի ճնշումային շիթով, իսկ դրանց պատերը ենթարկվում են մեխանիկական մաքրման, ապա մանրակրկիտ լվացվում և ախտահանվում:
Կարելի է օգտագործել սննդի արդյունաբերությունում կիրառման համար թույլատրված լվացող միջոցներ, որոնց օգտագործումից հետո տարողությունները մանրակրկիտ պարզաջրվում են:
14.5. Մաքուր կուլտուրայի բաժանմունքն աշխատանքը (յուրաքանչյուր հերթափոխը) ավարտելուց հետո հարդարվում է, քաղցրահյութի մնացորդները հատակից հեռացվում են ջրի շիթով:
Պատերը, հատակը և դռները մշակվում են ախտահանիչ լուծույթով՝ շաբաթը 1 անգամ:
15. ԽՄՈՐՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
15.1. Խմորման արտադրամասը ապահովվում են օդափոխության համակարգով, պահպանելով օդի ջերմաստիճանը 5-80C սահմաններում:
15.2. Խմորման մետաղյա տաքարները (չաները) ոչ պակաս, քան տարին 1 անգամ, խեժապատվում կամ լաքապատվում են բևեկնախեժի /կոլոփոնի/ լաքով, իսկ փայտե տարողությունները՝ պարաֆինապատվում: Ձյութախեժապատման փոխարեն մետաղյա մակերեսները պատվում են այդ նպատակի համար թույլատրված էմալներով կամ լաքերով:
15.3. Ալյումինե կամ էմալապատ խմորման տակառները չեն պատվում պաշտպանիչ ծածկով:
15.4. Ալյումինե դատարկ տարողություններում խոնավության հետքեր չեն թույլատրվում:
15.5. Յուրաքանչյուր դատարկումից հետո խմորման տարողությունների ներքին մակերեսները մաքրվում և լվացվում են ջրով՝ 30 րոպե տևողությամբ, ախտահանվում և մանրակրկիտ պարզաջրվում են:
15.6. Ալյումինե տարողությունների ախտահանման նպատակով չի թույլատրվում օգտագործել հիմնային լուծույթներ (քլորակիր, կաուստիկ և կալցիումացված սոդա, անտիֆորմին):
15.7. Լվացող գլխիկների առկայության դեպքում խմորման տարողությունների նախնական մաքրումը խմորիչից և դեկի մնացորդներից կատարվում է ջրով՝ 0,6-08 ՄՊա ճնշման տակ, 30 րոպե տևողությամբ, ապա տարողության մակերեսը ծածկվում է ախտահանիչ լուծույթով, որը 30 րոպե հետո լվացվում է մաքուր ջրով՝ մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը:
Խմորման ալյումինե տաքարների մակերեսից գարեջրի քարը հեռացվում է 17-19%-անոց ազոտաթթվով կամ սուլֆանիլաթթվով (0.5-1.5 կգ՝ 10 լ ջրին):
15.8. Ելնելով մետաղների հատկություններից և դրանց քայքայման (ժանգի) նկատմամբ կայունությունից, սարքավորումների ախտահանման համար կարող են կիրառվել այդ նպատակի համար նախատեսված ախտահանիչ նյութեր:
15.9. Հակաքայքայիչ ծածկ ունեցող սև մետաղի մակերեսից գարեջրի քարը հեռացվում է մնացորդային խմորիչի և 15-20 %-անոց ծծմբաթթվի խառնուրդով:
Խառնուրդը քսվում է մշակվող մակերեսին, թողնվում 3 ժամից ոչ պակաս տևողությամբ (կարելի է թողնել 1 գիշեր), ապա մանրակրկիտ լվացվում ջրով:
15.10. Մանր գույքը (քաղցրահյութի և գարեջրի նմուշառման բաժակներ, չափիչ գլաններ, ջերմաչափեր, շաքարաչափեր), նախքան օգտագործելը և դրանից հետո, լվացվում և պահվում է հատուկ պահարանում:
15.11. Սառնարանային սարքերի և խմորման տարողությունների միջև խողովակագիծը օրը 1 անգամ լվացվում է սառը ջրով և շոգեհարվում 15 րոպե տևողությամբ: Ընդ որում, խողովակից դուրս եկող ջրի ջերմաստիճանը լինում է 850C-ից ոչ պակաս: Խողովակագիծը ախտահանվում է շաբաթը 2 անգամ, հիմնային լուծույթով՝ ջերմափոխանակիչի ախտահանումից հետո:
15.12. Խմորման տարողությունները հասունացման նկուղին միացնող գարեջրի խողովակագիծը լվացվում է սառը ջրով և շոգեհարվում յուրաքանչյուր դատարկումից հետո: Շաբաթը 1 անգամ կատարվում է ախտահանում, որից հետո սառը ջրով լվացում:
15.13. Խմորման և վերջնական խմորման արտադրամասերում օգտագործվող ռետինե խողովակներն աշխատանքից առաջ և դրանից հետո լվացվում են ջրով և շաբաթը 2 անգամ ախտահանվում և մանրակրկիտ լվացվում: Խողովակները աշխատանքի վերջում պահվում են հենակների վրա, իսկ աշխատանքի ընդհատումների ժամանակ դրանց ծայրերը կախվում են բռնիչներից:
15.14. Խմորման և վերջնական խմորման արտադրամասերի խողովակագծերի ախտահանումն առավել արդյունավետ է, եթե այն կատարվում է փակ համակարգում` հարկադրական եղանակով:
15.15. Հատակը և կամրջակները լվացվում են ամեն օր խոզանակներով և ախտահանվում:
15.16. Չժանգոտվող պողպատից պատրաստված գլանակոնաձև տարողությունների լվացումը և ախտահանումը կատարվում է տարողությունների վերին մասում տեղակայված լվացող գլխիկների միջոցով:
15.17. Լվացող գլխիկներ չունեցող տեխնոլոգիական տարողությունները ախտահանում են հետևյալ կերպ. ախտահանիչ լուծույթը խողովակներով հավասարաչափ շերտով քսվում է մակերեսին և 20-30 րոպեից հետո լվացվում, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը:
15.18. Խողովակագծերն ախտահանելու դեպքում, դրանց ամբողջ ծավալը լցվում է դեզօքսոնի լուծույթով և 10-20 րոպեից լվացվում ջրով, մինչև լվացման չեզոք ռեակցիա ստանալը:
15.19. Չժանգոտվող պողպատից պատրաստված գլանակոնաձև տարողությունների լվացումը և ախտահանումը կատարվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան:
16. ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
16.1. Տանկերների և տակառների արտաքին մակերեսների սանիտարական մշակումը կատարվում է դրանց ներքին մակերեսների մշակման հետ միաժամանակ` ըստ տարողությունների դատարկման:
16.2. Հասունացման տանկերների և երկաթե տարողությունների պատումը (ձյութով, խեժով, լաքով և այդ նպատակի համար թույլատրված այլ նյութերով) կատարվում է ըստ անհրաժեշտության: Մակերեսի պատման մասնակի վնասվածքները անմիջապես վերականգնվում են:
16.3. Տանկերները դատարկելուց հետո լվացվում են մաքուր ջրով, մաքրվում, ախտահանվում և կրկին լվացվում ջրի շիթով:
16.4. Տանկերները մեխանիկական եղանակով լվանալու դեպքում խմորիչների մնացորդները հեռացվում են 0.6-0.8 ՄՊա ճնշմամբ ջրի շիթով, 3 րոպե տևողությամբ, մակերեսը մշակում են ախտահանիչ լուծույթով և 30 րոպեից հետո կրկին լվանում ջրով, մինչև ախտահանիչ նյութերի հետքերի վերանալը:
16.5. Վերջնական խմորման արտադրամասի և ֆիլտրման բաժանմունքի (տեղամասի) միջև խողովակաշարերը շաբաթական 2 անգամ լվացվում են ջրով, շոգեհարվում 20 րոպե տևողությամբ և ախտահանվում՝ ընդհանուր ախտահանում կատարելու ընթացքում:
17. ՖԻԼՏՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ (ՏԵՂԱՄԱՍ)
17.1. Ֆիլտրման (քամիչ) սարքերի մետաղական շրջանակները, նախքան յուրաքանչյուր գործարկումը, խոզանակներով լվացվում են և, ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ, ախտահանվում:
17.2. Դիատոմիտային ֆիլտր կիրառելու դեպքում՝ ամեն օր ֆիլտրումն ավարտելուց և էլեմենտներից նստվածքը հեռացնելուց հետո, քամիչը լվանում են սառը, ապա 85-900C ջերմաստիճանի տաք ջրով, 15-20 րոպե տևողությամբ: Տաք ջուրը դուրս են մղում սառը ջրով և թողնում մինչև գործարկման հաջորդ փուլը:
17.3. Եթե ֆիլտրի աշխատանքն ընդհատվում է ավելի քան 8 ժամով, նախքան ֆիլտրման հաջորդ փուլի սկիզբը քամիչը լվացվում է 17.2 կետի համաձայն:
17.4. Շաբաթական 1 անգամ քամիչի մեջ լցվում է ախտահանիչ լուծույթ, որը 15 րոպե շրջանառություն է կատարում փակ ցիկլում, որից հետո քամիչը լվացվում է տաք և սառը ջրով՝ մինչև ախտահանիչ նյութի վերանալը:
17.5. Զտիչները, գարեջրի պարզեցման աշխատանքն ավարտվելուց հետո, միացվում են կենտրոնացված լվացման համակարգին, լվացվում հիմնային լուծույթով ու ջրով, ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ և մաքրվում փափուկ խոզանակներով՝ կաուստիկ սոդայի 1-2%-անոց լուծույթով, ապա լվացվում տաք և սառը ջրով:
17.6. Ցանցատիպ ֆիլտրերն ամիսը 1 անգամ լվացվում են ազոտական թթվի 1 % -անոց լուծույթով:
17.7. Խողովակագծերը, ֆիլտրման բաժանմունքից մինչև պարզեցված գարեջրի տարողությունները, ոչ պակաս, քան շաբաթը 1 անգամ, մշակվում են անտիֆորմինով կամ կաուստիկ սոդայի 1%-անոց լուծույթով, ապա ախտահանվում կատամինի 0.5%-անոց լուծույթով և մանրակրկիտ լվացվում, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը:
17.8. Պարզեցված գարեջրի կուտակիչ տարողությունները յուրաքանչյուր դատարկումից հետո ողողվում են սառը ջրի ճնշումային շիթով, իսկ շաբաթը 2 անգամ մաքրվում, լվացվում, ախտահանվում և պարզաջրվում:
17.9. Գարեջրի շտկվող խոտանի տարողությունները ապահովվում են տաքացնող սարքով՝ գարեջուրը պաստերացնելու համար: Տարողությունները մաքրվում և ախտահանվում են ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ:
ԳԱՐԵՋՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ (ՇՇԱԼՑՈՒՄ), ՊԱՀՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
18. ՏԱՐԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
18.1. Արտադրությունում ստացվող ամբողջ ապակյա տարան ստուգվում է տարայի ընդունման բաժնում:
Չի թույլատրվում ընդունել տեխնիկական հեղուկների, քիմիական նյութերի շշալցման համար օգտագործված, սուր հոտ ունեցող տարաներ:
18.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, գարեջրի շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
18.3. Պոլիմերային շշերը, նախքան օգտագործումը, ենթարկում են լվացման հոսող ջրով: Պոլիմերային տարաների հետադարձ ընդունումը և կրկնակի օգտագործումը գարեջրի շշալցման նպատակով չի թույլատրվում:
18.4. Նախքան լվանալը ապակյա շշերը ենթարկվում են ստուգման (խոտանման): Չի թույլատրվում լվանալու համար ընդունել վնասված (կոտրված, ճաքած), օդի պղպջակներով կամ կողմնակի հոտով շշերը: Խիստ աղտոտված շշերը, նախքան շշերի լվացման մեքենայով լվանալը, ենթարկվում են նախնական լվացման կամ մեքենայով լվացվում են կրկնակի անգամ:
18.5. Շշերի լվացման համար կարող են օգտագործվել
- կաուստիկ սոդայի 1.8-2% լուծույթ
- կաուստիկ սոդայի 1.3-2% լուծույթ՝ 0.0008 % սուլֆանոլի և 0.001% ացետիլացված մոնոգլիցերինի ավելացմամբ:
Բացի նշված միջոցներից՝ շշերի լվացման համար կարող են օգտագորվել այդ նպատակի համար նախատեսված այլ միջոցներ: Արգելվում է շշերի լվացման համար լվացքի փոշիների կամ այդ նպատակի համար չթույլատրված միջոցների օգտագործումը:
18.6. Շշերի լվացումը մեքենայում կատարվում է վերջինիս շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:
18.7. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ: Լվացող հեղուկի դատարկումից հետո լվացման ավազանները (խցիկները) մաքրվում են պիտակների մնացորդներից, ապակու փշուրներից (կտորտանքներից) և այլ կեղտից:
Լվացման ավազանների ներքին մակերեսը և մեքենայի ներքին պատերը մշակվում են քլորակրի 2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով, որը լվացվում է 1 ժամ հետո: Լվացված մեքենան լցվում է լվացող հեղուկի թարմ պատրաստված լուծույթով:
18.8. Եթե շշերը նախապես լվացված են, լվացման մեքենայում լվացող լուծույթը փոխվում է՝ հերթափոխում ոչ պակաս, քան 1 անգամ: Հերթափոխի վերջում շշերի լվացման մեքենան ենթարկվում է մեխանիկական մաքրման և լվացվում ջրով:
18.9. Լվացված շշերը հսկվում են լուսային էկրանների միջոցով: Վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվանալու համար:
18.10. Ապակու ջարդոնի համար արտադրամասում տեղադրվում է հատուկ տարողություն, որի դատարկումը կատարվում է ըստ լցվածության:
19. ԳԱՐԵՋՐԻ ՇՇԱԼՑՈՒՄ
19.1. Շշալցման հոսքագծի փաթեթավորող-խցանափակող հատվածը շաբաթը 1 անգամ կազմատվում է, ենթարկվում մեխանիկական մաքրման, ախտահանվում գոլորշով և հակասեպտիկներով (անտիֆորմին, կատամին ԱԲ, սուլֆոքլորանտին և այլն), ջրով մանրակրկիտ լվացվում՝ մինչև ախտահանիչ նյութի հետքերի անհետացումը:
19.2. Շշալցման սարքերը, նախքան գարեջրի փաթեթավորումը և դրանից հետո, լավ լվացվում են սկզբում տաք (600C), ապա սառը ջրով՝ 30 րոպե տևողությամբ:
19.3. Գարեջրագիծը՝ ֆիլտրված գարեջրի հավաքման տարողություններից մինչև շշալցման սարքավորումը, ախտահանվում կամ շոգեհարվում են շաբաթը 1 անգամ:
19.4. Չի թույլատրվում արտադրողից խցաններ ընդունել վնասված պարկերով: Խցաններով պարկերը բացվում են օգտագործելուց անմիջապես առաջ:
19.5. Պատրաստի արտադրանքի ստուգումը (խոտանումը) կատարվում է շշալցնելուց հետո, նախքան պիտակների փակցնելը: Որակի ստուգումը պարտադիր է շշալցման ընթացքում և պատրաստի արտադրանքի պահեստում:
20. ՏԱԿԱՌՆԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
20.1. Փայտե տակառները լվացվում են հետևյալ եղանակով.
ա) ցածր լարվածության (12 Վ) էլեկտրալամպերի օգնությամբ զննվում է ներքին մակերեսը՝ կողմնակի առարկաներ հայտնաբերելու և ծածկույթի վիճակը ստուգելու նպատակով,
բ) կողմնակի առարկաները հեռացնելուց, ծածկույթի վիճակը և կողմնակի հոտի առկայությունը ստուգելուց հետո, տակառը լցվում է տաք (45-550C) ջրով՝ տարողության 1/4-ի չափով և փոխանցվում լվացող մեքենաների պտտվող սարքին՝ տակառների արտաքին մակերեսը խոզանակներով և տաք ջրով լվանալու համար,
գ) տակառները պարզաջրվում են բարձր ճնշման տակ, 3 հաջորդական ներարկումների միջոցով:
20.2. Տակառների լվացման ավտոմատ սարքերի բոլոր մասերը (խոզանակներ, ձողիկներ և այլն), որոնք շփվել են տակառների հետ, աշխատանքի վերջում լվացվում են ջրի ճնշումային շիթով և ողողվում տաք ջրով: Ախտահանումը կատարվում է արտադրամասի ընդհանուր ախտահանման ընթացքում:
20.3. Ձեռքով լվացման դեպքում տակառների ներքին մակերեսը ախտահանվում է 0,5-1% քլորակրի պարզեցված ջրային լուծույթով, որից հետո տակառները եռակի անգամ ողողվում են մաքուր ջրով:
20.4. Լվանալուց հետո տակառները ենթարկվում են կրկնակի ստուգիչ զննման:
20.5. Լվացված տակառները խցանափակվում են մաքուր խցանով և հատուկ գծերով տեղափոխվում տակառների լցման բաժին: Չի թույլատրվում լվացած տակառները տեղափոխել անմիջապես հատակի վրայով: Տակառների փակման համար օգտագործվող խցանները պահվում են քլորակրի 0.01% ջրային լուծույթում, հատուկ տարողություններում:
20.6. Տակառների ներքին մակերեսը խեժապատվում է (ձյութապատվում):
20.7. Ալյումինե տակառները ստուգվում են 20.1 կետի «ա» ենթակետին համապատասխան, ապա արտաքինից լվացվում 60-800C ջերմաստիճանի տաք ջրով:
20.8. Ալյումինե տակառների ներքին մակերեսը 30 վայրկյան տևողությամբ մշակվում է գոլորշով, ապա պարզաջրվում 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի սառը ջրով:
20.9. Լվանալուց հետո ալյումինե տակառների ներքին մակերեսը ներարկիչների միջոցով մշակվում է համապատասխան ախտահանիչ նյութով և պարզաջրվում՝ 2 անգամ տաք և 1 անգամ սառը ջրով:
20.10. Պարզաջրված տակառները ստուգվում են և ուղարկվում լցման:
21. ԳԱՐԵՋՐԻ ՊԱՀՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ (ՏԵՂԱՓՈԽՈՒՄ) ԵՎ ԻՐԱՑՈՒՄ
21.1. Գարեջրի մակնշումը, պահման ու իրացման ժամկետները համապատասխանում են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
21.2. Գարեջրի փոխադրումը կատարվում է սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներով, որոնց օգտագործումը ոչ պարենային ապրանք տեղափոխելու համար չի թույլատրվում:
21.3. Գարեջուր փոխադրող ավտոցիստեռնները մշակվում և լվացվում են միայն արտադրության տարածքում նախատեսված անջրաթափանց հարթակի վրա՝ միացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ու ապահովված շարժական էլեկտրական լամպով: Գարեջրի ցիստեռնների լցման տարածքը ապահովում են ծածկով:
21.4. Գարեջրի փոխադրող ավտոցիստեռններն անցնում են սանիտարական մշակում և լցվում են միայն արտադրության տարածքում:
21.5. Ցիստեռնների ներքին մակերեսը և ամրանները նախքան լցնելը մաքրում են նստվածքից, լվանում հոսող ջրով, շոգեհարում 5-6 րոպե տևողությամբ՝ փակ դիտանցքի պայմաններում և ողողում ջրով:
Յուրաքանչյուր լցման դեպքում ցիստեռնը կնքում են:
21.6. Գարեջրի տեղափոխման փոխադրամիջոցները ապահովվում են համապատասխան հարմարանքներով՝ արտադրանքը մթնոլորտային տեղումներից, փոշուց, արևից պաշտպանելու համար:
22. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
22.1. Գարեջուր արտադրող կազմակերպություններում ընդհանուր ախտահանում կատարվում է ամիսը 1 անգամ:
Նախքան ընդհանուր ախտահանումը կատարվում է սարքավորումների և սարքերի մանրակրկիտ մեխանիկական մաքրում:
Ախտահանման համար օգտագործվում են միայն թարմ լուծույթներ:
22.2. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները, սարքերը մանրակրկիտ լվացվում են մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետացումը:
22.3. Ախտահանիչ նյութերի օգտագործման ժամանակ հաշվի է առնվում մշակվող մակերեսի հակակոռոզիոն կայունությունը:
22.4. Ախտահանիչ լուծույթը լցվում է կուպաժային տարողությունների մեջ, անցկացվում բոլոր խողովակագծերով, բաժնեչափիչ, փաթեթավորող (շշալցնող) մեքենաների մեջ և պահվում 2 ժամ տևողոթյամբ:
22.5. Ախտահանումն ավարտելուց հետո բոլոր խողովակագծերը լվացվում են սկզբում տաք, ապա սառը ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետանալը:
22.6. Միաժամանակ մաքրվում և անտիֆորմինով կամ քլորակրով ախտահանվում են օդի և ջրի մաքրման ֆիլտրերը, բոլոր խողովակագծերը և ռետինե խողովակները:
22.7. Ընդհանուր ախտահանման ընթացքում կատարվում է պաստերացման սարքերի մեխանիկական մաքրում և ներքին մակերեսի լվացում:
22.8. Սարքավորումները լվացվում են խոզանակներով: Չի թույլատրվում այդ նպատակի համար լաթերի օգտագործումը:
23. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
23.1. Գարեջրի կազմակերպությունը պետք է ունենա 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆիՊ-ի պահանջներին համապատասխան կենցաղային սենքեր:
23.2. Հանդերձարաններում վերին և տնային հագուստը, սանիտարական հագուստը և կոշիկները պահվում են առանձին:
23.3. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում է առանձին:
23.4. Սան. հանգույցների նախամուտքերում ձեռքերի լվացման և ախտահանման համար տեղադրված լվացարանները ապահովվում են օճառով, էլեկտրաչորացուցիչներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:
23.5. Ցնցուղարանները տեղակայվում են հանդերձարանների կողքին, դրանց կից լինում են կախիչներով և նստարաններով ապահովված նախացնցուղարան:
23.6. Սննդի ընդունման կետերը տեղակայվում են կենցաղային սենքերի կազմում կամ առանձին մասնաշենքում: Ճաշարանների բացակայության դեպքում նախատեսվում է սննդի ընդունման սենյակ:
Չի թույլատրվում սննդի ընդունման կետեր մտնել սան. հագուստով: Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ տեղադրվում են տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, օճառ, էլեկտրաչորացուցիչ, կախիչներ՝ սան. հագուստը կախելու համար:
Չի թույլատրվում արտադրական արտադրամասերում սնունդ ընդունել:
23.7. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
23.8. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար առանձնացվում է մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):
Սան. հանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պահվում է առանձին:
24. ՄԻՋԱՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
24.1. Գարեջրի արտադրությունում միջատների (ճանճեր, ուտիճներ) և կրծողների առկայություն չի թույլատրվում:
24.2. Արտադրական, պահեստային և օժանդակ սենքերի տարածքում միջատների և կրծողների հայտնվելը կանխելու նպատակով պահպանվում է սահմանված սանիտարական ռեժիմը:
24.3. Կրծողների և թռչունների ներթափանցումը կանխելու նպատակով օդափոխության խողովակների բացվածքները ցանցապատվում են (5մմ x 5մմ անցքերով):
24.4. Միջատների ներթափանցումը կանխելու նպատակով բացվող բոլոր արտաքին խորշերը և պատուհանները տարվա տաք եղանակին ծածկվում են ցանցերով:
24.5. Նախքան միջատների դեմ պայքարի միջոցառումների անցկացումը, հումքը, պատրաստի արտադրանքը, գույքը դուրս են բերվում սենքից: Մշակման ենթակա են միայն պատերը, առաստաղները և պատուհանների շրջանակները:
Չի թույլատրվում միջատասպան պատրաստուկներով մշակել հատակը, սարքավորումները, ինչպես նաև որպես միջատասպան նյութեր կիրառել ֆորմալին և ֆտոր պարունակող պատրաստուկներ:
24.6. Միջատների հայտնաբերման դեպքում, անհապաղ կատարվում է բոլոր սենքերի մաքրում (հարդարում) և ամբողջ գույքի շոգեհարում՝ եռման ջրով:
Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից:
25. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
25.1. Գարեջրի կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:
25.2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, իրականացվում են աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:
25.3. Գարեջրի արտադրությունում աշխատող անձնակազմը պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.
- արտահագուստը և տնային հագուստը, անձնական իրերը թողնել հանդերձարանում (անհատական պահպանում),
- աշխատանքն սկսելուց առաջ հագնել մաքուր սանիտարական հագուստ, մազերը ծածկել գլխարկով/գլխաշորով,
- չկրել զարդեր, եղունգները չերկարացնել, չլաքապատել, սանիտարական հագուստը չամրացնել ասեղներով, գնդասեղներով,
- սան. հանգույց հաճախելիս արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում (կախիչի վրա), հաճախելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել քլորամինի 0,2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով,
- ծխել միայն այդ նպատակի համար հատկացված հատուկ տեղերում:
25.4. Շշերի լվացումը հսկող, ինչպես նաև շշալցված պատրաստի արտադրանքը խոտանող բանվորների տեսողությունը հետազոտվում է (ստուգվում) եռամսյակը 1 անգամ:
25.5. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման պատասխանատուն կազմակերպության տնօրենն է:
26. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
Ներարտադրական մանրէաբանական հսկողության կազմակերպման աղյուսակ
N |
Հսկողության օբյեկտներ |
Նմուշառման կետ |
Ցուցանիշի անվանում |
Հսկողության պարբերա- |
Մանրէների թույլատրելի քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Խմելու ջուր |
Արտադրական արտադրամասեր և շշերի լվացման մեքենաներին |
համաձայն «Խմելու ջուր» N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջների |
ամիսը 1 անգամ
|
«Խմելու ջուր» N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջներին համապատասխան |
|
|
-//- |
|||
2. |
Քաղցրահյութ /սուսլո/ |
Ջերմափոխանակիչ սարքից հետո |
ՄԱՖԱՄ |
ամիսը 4 անգամ |
300 բացակայում են |
Թթու առաջացնող մանրէներ |
-//- |
||||
|
Մանրէազերծված սարքից պաղեցնելուց հետո /խմորիչների մաքուր կուլտուրան նոսրացնելու դեպքում/ |
ՄԱՖԱՄ |
ամեն անգամ մանրէազերծելուց և պաղեցնելուց հետո | բացակայում են | |
3. | Խմորիչներ` մաքուր կուլտուրա |
Խմորման գլաններից |
Մանրէներ
|
փոխանցման ժամանակ
|
բացակայում են
|
Նախնական խմորման | -ոչ կենսունակ |
-//- |
1%-ից ոչ ավելի | ||
տարողությունից | -խմորիչներ /խմորասնկեր/ |
-//- |
բացակայում են | ||
-վայրի խմորասնկեր |
-//- |
||||
4. |
Խմորիչներ |
Խմորման տարողություններ |
-մանրէներ |
ամեն օր պահման ընթացքում | 1%-ից ոչ ավելի |
-ոչ կենսունակ խմորիչներ |
-//- |
||||
-գլիկոգենի պարունակություն |
-//- |
5%-ից ոչ ավելի | |||
-վայրի խմորիչներ |
-//- |
խմորիչների 70-75%-ում բացակայում են | |||
վայրի խմորիչների առկայության կասկածի դեպքում | |||||
5. |
Պատրաստի գարեջուր |
շշալցման գծից |
-կայունությունը |
յուրաքանչյուր խմբաքանակից 2 շիշ |
ըստ ՏՊ-ի |
-ՄԱՖԱՄ |
ամիսը 2 անգամ | 500-ից ոչ ավելի | |||
-ԱՑԽՄ |
ամիսը 2 անգամ | չի թույլատրվում | |||
6. |
Գարեջրի շտկվող |
ջերմային մշակումից հետո |
ՄԱՖԱՄ |
յուրաքանչյուր խմբաքանակ |
500-ից ոչ ավելի |
7. |
Շշեր |
շշերի լվացման մեքենայից հետո 5 շիշ ընտրողաբար |
ՄԱՖԱՄ |
1 անգամ շշերի լվացման մեքենայի աշխատանքի |
50-ից ոչ ավելի |
8. |
Խցանափակող |
աշխատատեղից |
ՄԱՖԱՄ |
շաբաթը 1 անգամ |
100-ից ոչ ավելի /1 խցանի համար/ |
9. |
Տեխնոլոգիական նպատակով օգտագործվող օդ |
օդային ֆիլտրից հետո |
ՄԱՖԱՄ |
ամիսը 1 անգամ |
Պետրիի 1 թասի վրա |
10. |
Օդ` խմորիչների մաքուր կուլտուրաների բաժնից |
շինության օդ |
ՄԱՖԱՄ |
խմորիչների մաքուր կուլտուրայի նոսրացման դեպքում |
1մ3 -ում 500-ից ոչ ավելի |
խմորիչների մաքուր կուլտուրայի աերացման համար օգտագործվող օդ |
ՄԱՖԱՄ |
-//- |
բացակայում են կաթնաթթվային մանրէները, բորբոսասնկերի սպորները և կողմնակի խմորիչները | ||
11. |
Տեխնոլոգիական |
սարքավորումից, գույքից, անձնակազմի ձեռքերից, ապակե տարայից, փաթեթավորման նյութերից |
ԱՑԽՄ |
սանիտարական մշակումից հետո | չի թույլատրվում |
- ԱՑԽՄ - աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- ՄԸՔ - մանրէների ընդհանուր քանակ
- Օդ - սեդիմենտացիոն եղանակով Պետրիի թասերի վրա աճեցված գաղութների քանակ