«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 փետրվարի 2005 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 2001 թ. մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15 հրամանը:
Կ. Ճշմարիտյան
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը հաստատվել է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու բողոքարկման խորհրդի գործունեությունը՝ «Արտոնագրերի մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող բողոքների ու դիմումների քննարկումն ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ նաև նախարարություն) մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) բողոքարկման խորհուրդը (այսուհետ՝ բողոքարկման խորհուրդ) գործակալության կազմում գործող մարմին է, որը լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում՝ դրանց իրավական պահպանության վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը և իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
Բողոքարկման խորհուրդը քննարկում է նաև ապրանքային նշանները ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին դրանց սեփականատերերի դիմումները (այսուհետ նաև դիմում):
3. Իր գործունեության ընթացքում բողոքարկման խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
2. Բողոքարկման խորհրդի խնդիրներն ու գործառույթները
5. Բողոքարկման խորհրդի խնդիրներն ու գործառույթներն են՝
ա) գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության որոշումների դեմ հայտատուների բողոքների քննարկումը.
բ) ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների գրանցման և ապրանքի ծագման տեղանունների գրանցման ու օգտագործման թույլտվություն ստանալու հայտերով փորձաքննության որոշումների դեմ հայտատուների բողոքների քննարկումը.
գ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների արտոնագրերը լրիվ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին բողոքների քննարկումը.
դ) ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը.
ե) ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելը լրիվ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, ինչպես նաև չօգտագործելու պատճառով դրանց գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին բողոքների և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործակալության նախաձեռնությունների քննարկումը.
զ) ապրանքների ծագման տեղանունների գրանցումը, ինչպես նաև տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին բողոքների քննարկումը.
է) զիջման և լիցենզային պայմանագրերի գրանցման վերաբերյալ որոշումների հետ կապված բողոքների քննարկումը.
ը) հավատարմատարների թեկնածուների որակավորման քննությունների հետ կապված բողոքների քննարկումը.
թ) արտոնագրային հավատարմատարների գործունեության հետ կապված բողոքները.
ժ) բողոքների քննարկման ընթացակարգի կատարելագործման նպատակով օրենսդրական պրակտիկայի ընդհանրացումը և համապատասխան առաջարկությունների ձևավորումը` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ներկայացնելու համար:
3. Բողոքարկման խորհրդի կազմը
6. Բողոքարկման խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ:
7. Բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե գործակալության պետն է:
8. Բողոքարկման խորհրդի նախագահը՝
ա) ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը.
բ) հրավիրում է բողոքարկման խորհրդի նիստերը և վարում է դրանք.
գ) կազմակերպում է բողոքարկման խորհրդի աշխատանքները, պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
9. Բողոքարկման խորհրդի քարտուղարը՝
ա) ընդունում է ստացված բողոքներն ու դիմումները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին.
բ) կազմակերպում է բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները.
գ) նախապատրաստում է բողոքարկման խորհրդի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը:
10. Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:
4. Բողոքարկման խորհրդի անդամների անկախությունը
11. Բողոքների և դիմումների քննարկման ընթացքում բողոքարկման խորհրդի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն կանոնադրության 3-րդ կետով:
12. Բողոքարկման խորհրդի որոշումներն ընդունելիս խորհրդի անդամներն առաջնորդվում են միայն բողոքների և դիմումների քննարկման արդյունքներով, առանց որևէ ազդեցության ենթարկվելու:
5. Բողոքների քննարկման կոլեգիան
13. Քննարկման ընդունված բողոքները և դիմումները քննարկվում են կոլեգիալ կարգով՝ բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորում է խորհրդի նախագահը:
14. Բողոքարկման խորհրդի նախագահը և քարտուղարը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում:
15. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք կամ դիմում ներկայացնող անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:
15-րդ կետում նախատեսված պարագաներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը հայտարարում է ինքնաբացարկ: Այս դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:
16. Սույն կանոնադրության 5-րդ կետի «դ» ենթակետում նշված դիմումները քննարկվում են բողոքարկման խորհրդի կոլեգիայի ընդլայնված կազմով, որի մեջ կարող են ընդգրկվել ինչպես գործակալության այլ աշխատակիցներ, այնպես էլ գործի էությունից ելնելով՝ համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բողոքարկման խորհրդի ընդլայնված կոլեգիայի կազմը ձևավորվում է խորհրդի նախագահի կողմից:
6. Բողոքարկման խորհրդի իրավունքները
17. Բողոքների և դիմումների քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդն իրավասու է ընդունելու հետևյալ որոշումները՝
ա) բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և փորձաքննության որոշումը լրիվ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու մասին.
բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն օրինական ճանաչելու մասին.
գ) բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և պահպանական փաստաթուղթը (գրանցումը) ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
դ) բողոքը մերժելու և պահպանական փաստաթուղթը (գրանցումը) ուժի մեջ թողնելու
մասին.
ե) դիմումը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և դիմումում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.
զ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին.
է) դիմումը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանի չօգտագործման պատճառով գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու մասին.
ը) չօգտագործման պատճառով ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը մերժելու մասին.
թ) հավատարմատարի թեկնածուի բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու մասին.
ժ) հավատարմատարի թեկնածուի բողոքը մերժելու մասին.
ի) բողոքը մերժելու և լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցումը մերժելու մասին որոշումը ուժի մեջ թողնելու մասին.
իա) բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
18. Բողոքների և դիմումների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների համար:
19. Անհրաժեշտության դեպքում բողոքարկման խորհուրդն իր նիստերին կարող է հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի սեփականատերերի), այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, գործակալության փորձագետների և այլ անձանց:
20. Հայտերի փորձաքննության հետ կապված խիստ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, բողոքարկման խորհուրդը կարող է ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների: