Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Գործադիր իշխանությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով ամրապնդել բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները,
ձգտելով ընդլայնել համագործակցությունը իրավական ոլորտում,
գիտակցելով երկու պետությունների օրենսդրության մասին փոխադարձ տեղեկատվացման բարելավման գծով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն ընդունում են միջպետական փոխանակման ենթակա, հրատարակման համար բաց նորմատիվ-իրավական ակտերի Ցանկում (կցվում է) նշված հարցերով իրավական ակտերի երկկողմ տեղեկատվական փոխանակման անհրաժեշտությունը:
Վերոհիշյալ Ցանկը Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ կարող է փոփոխվել կամ լրացվել:
Հոդված 2
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմին տրամադրել նորմատիվ իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը:
Համագործակցության ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունը երրորդ կողմին կարող է տրամադրվել այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի համաձայնությամբ:
Համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս Կողմերի շահերի:
Հոդված 3
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական պաշարները, կազմակերպում են իրավական տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ տվյալների սեփական չափանշային կայաններ:
Հոդված 4
Կողմերը, ձեռնարկելով իրավական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման համաձայնեցված միջոցառումներ, համապատասխանաբար որոշում են.
տեղեկատվությունից օգտվող սուբյեկտների ցանկը,
տեղեկատվության իրավական կարգավիճակը` նորմատիվ կարգով սահմանված կանոնները, որոնք որոշում են տեղեկատվության բաց լինելու աստիճանը, փաստաթղթավորման, մատչելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:
Հոդված 5
Կողմերը սահմանում են արդարադատության նախարարություններին` որպես սույն Համաձայնագրով նախատեսված իրավական տեղեկատվության փոխանակման և համակարգի ստեղծման աշխատանքների համակարգողների:
Հոդված 6
Կողմերն ապահովում են համատեղ օգտագործման համար սահմանված իրավական տեղեկատվության ազգային պաշարների (տվյալների չափանիշային կայանների) մատչելիությունը, դրանք պահում են ստուգված վիճակում և երաշխավորում են տեղեկատվական տվյալների ամբողջականությունը, հավաստիությունը և ժամանակին տրամադրելը:
Հոդված 7
Իրավական տեղեկատվությունը պետք է տրամադրվի անհատույց` Կողմերից որևէ մեկի պետական լեզվով կամ ռուսերեն: Շտապ հաղորդումների և նյութերի փոխանցման համար կարող են օգտագործվել էլեկտրոնային, հեռատիպային և կապի այլ միջոցներ:
Հոդված 8
Կողմերն անհրաժեշտ են համարում տվյալների կայանները փոխանակելիս միմյանց տրամադրել նորմատիվ իրավական ակտերի դասակարգիչները:
Իրավական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:
Հոդված 10
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել:
Բոլոր փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Վերոհիշյալ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հոդված 11
Կողմերի միջև վեճերը և տարաձայնությունները կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից: Այն իր գործողությունը դադարեցնում է Կողմերից որևէ մեկի կողմից մյուս Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է 2002 թվականի փետրվարի 11-ին, Թբիլիսի քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելու նպատակով օգտագործվում է ռուսերեն լեզվով տեքստը:
Հ ԱՎԵԼՎԱԾ |
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. Պետական կարգի հիմունքներ
2. Պետական անվտանգություն
3. Պաշտպանություն
4. Պետական ծառայություն
5. Արտաքին քաղաքականություն, միջազգային և արտաքին տնտեսական հարաբերություններ
6. Վարչական օրենսդրություն
7. Արդարադատություն: Դատարան: Դատախազություն
8. Հասարակական կարգի պահպանություն
9. Քրեական օրենսդրություն
10. Քրեական դատավարության օրենսդրություն
11. Քրեական կատարողական օրենսդրություն (ուղղիչ-աշխատանքային օրենսդրություն)
12. Քաղաքացիական և ընտանեկան իրավունք
13. Քաղաքացիական դատավարության և տնտեսական օրենսդրություն
14. Աշխատանք և բնակչության զբաղվածություն
15. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն
16. Ֆինանսներ և վարկ
17. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն
18. Արդյունաբերություն
19. Շինարարական և ճարտարապետական համալիրներ
20. Գյուղատնտեսություն
21. Առևտուր
22. Տրանսպորտ և կապ
23. Բնակարանային կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային սպասարկում
24. Կրթություն, գիտություն, մշակույթ
25. Առողջապահություն
26. Հողի, ընդերքի, ջրերի մասին, օդային տրանսպորտի մասին, բուսական, կենդանական աշխարհի և բնական հարստությունների մասին օրենսդրություն
27. Շրջակա միջավայրի պաշտպանություն
28. Երկրաչափություն, քարտեզագրություն, հիդրոօդերևութաբանություն
29. Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն
30. Մաքսային գործ
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 03.03.2005թ.
