«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2006 թ. ք. Երևան |
N 534-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.4 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով.
Հրամայում եմ՝
Հաստատել «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (հավելված):
Նախարար | Ն. Դավիդյան |
Հավելված 1 | |
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության 2006 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով |
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-2.2.4
I. Ընդհանուր դրույթներ եվ կիրառման ոլորտը
1.1 Սույն պետական սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջները տարածվում են ինչպես նոր կառուցվող, վերակառուցվող, այնպես էլ գործող սպորտային և առողջարարական նշանակության լողավազանների, այդ թվում` բացօթյա լողավազանների, դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների, առողջարարական հիմնարկների, բաղնիքային համալիրների (սաունաների) կազմում գործող լողավազանների վրա: Լողավազանների կազմում ընդգրկված սենքերին (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) ներկայացվող հիգիենիկ պահանջները տարածվում են նաև այլ հասարակական շինությունների կազմում (բաղնիքներ, սաունաներ, սպորտային դահլիճներ և այլն) շահագործվող համանման սենքերի, այդ թվում` և սաունաների հովացնող ավազանների վրա:
1.2 Սույն սանիտարական կանոնները նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են լողավազանների, բաղնիքային համալիրների (սաունաների) նախագծում, շինարարություն, վերակառուցում և շահագործում:
1.3 Սանիտարական կանոնները չեն տարածվում բժշկական նշանակության ավազանների վրա, որտեղ իրականացվում են բուժական միջամտություններ կամ պահանջվում է հատուկ հանքային կազմով ջուր:
1.4 Սույն սանիտարական կանոնների պահանջների իրականացումը ապահովում է ջրով փոխանցվող բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունների նկատմամբ համաճարակային անվտանգությունը և կանխում է մարդու օրգանիզմի վրա ջրի քիմիական բաղադրության վնասակար ազդեցության հնարավորությունը:
II. Լողավազանների նախագծմանը ԵՎ կառուցմանը ներկայացվող պահանջներ
2.1 Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը հաշվարկվում է հաշվի առնելով 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու հավելված 1.1-ում բերված նորմատիվ պահանջները:
2.2 Լողավազանի, բաղնիքի հիմնական սենքերի ներքին հատակագծումը պետք է համապատասխանի հոսքայնության հիգիենիկ սկզբունքին` ապահովելով լողացողների շարժման հետևյալ ուղղությունը. նախասրահ, վերնահագուստի հանդերձարան, զգեստարան, ցնցուղարան, ավազան:
2.3 Նախասրահի, վերնահագուստի հանդերձարանի և զգեստարանի մակերեսները պետք է համապատասխանեն հավելված 1.2-ում բերված նորմերին:
2.4 Ցնցուղարանները պետք է տեղակայվեն զգեստարանից դեպի ավազան տանող ուղու անցումային մասում, 3 հոգու համար` 1 ցնցուղի հաշվարկից ելնելով:
2.5 Եթե առկա է անմիջական մուտք ցնցուղարանից դեպի ավազան, ապա նախքան ավազանը պետք է տեղակայվի հոսող, վարակազերծված ջրով ոտքերի լվացման ավազան:
2.6 Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից նախատեսվող սանհանգույցների և նրանցում տեղադրված սարքավորումների քանակը բերված է աղյուսակ 1.3-ում:
2.7 Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին նախատեսվում են ջրահեռացման ջրհորդաններ:
2.8 Լողավազանի, բաղնիքի սենքերի և ավազանի պատերի, հատակի կառուցվածքային և երեսպատման նյութերը պետք է լինեն չքայքայվող, ջրադիմացկուն, մակերեսները լինեն հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող, իսկ օգտագործվող ռեագենտները, ախտահանիչ նյութերը պետք է լինեն սահմանված կարգով գրանցված և թույլատրված (այդ թվում` և հավելված 1.7-ի ցանկում նշված վարակազերծող միջոցները):
2.9 Սպորտային և առողջարարական լողավազանների սենքերի ցանկում նախատեսվում է բժշկի աշխատասենյակ, լաբորատորիայի սենքեր` մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների համար: Արտադրական լաբորատորիայի բացակայության դեպքում հետազոտությունները կարող են կատարվել պայմանագրային կարգով` համապատասխան հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:
2.10 Լողավազանները պետք է ապահովված լինեն ավազանի ջրափոխանակության համակարգով (հետշրջանառության, հոսքային, ջրի պարբերաբար փոխումով):
2.11. Ավազանի ջրի մաքրման, վարակազերծման և բաշխման կառույցները կարող են տեղակայվել հիմնական կամ առանձին շինությունում:
2.12 Օզոնատորային սարքավորումը պետք է ունենա դեգազատոր (օզոնաօդային խառնուրդից օզոնի հեռացման համար), ինչպես նաև խառնման խուց` ջրի և օզոնի կոնտակտի համար:
2.13 Ախտահանիչ և կոագուլացնող նյութերի, լուծույթների պատրաստման և պահպանման սենքերի վերևում չի թույլատրվում տեղակայել սանհանգույցներ և ցնցուղարաններ:
2.14 Ավազան ջուր մատակարարող համակարգը պետք է ապահովի ջրի հավասարաչափ բաշխումը ավազանի ամբողջ ծավալով` ախտահանիչ նյութերի կոնցենտրացիան և ջրի ջերմաստիճանի կայունությունը պահպանելու համար:
III. Լուսավորությանը, օդափոխանակությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային ԵՎ աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
3.1 Լողավազանի ավազանի, դահլիճի, քլորացման և օզոնացման սենքերի, բաղնիքների սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ինքնուրույն ներհոս և արտաձիգ օդափոխիչ համակարգեր: Քլորացման և օզոնացման սենքերի կառավարման վահանակը տեղակայվում է նշված սենքերից դուրս:
3.2 Լողավազանների, բաղնիքների սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի ՀՀՇՆ IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն սենքերի օդային միջավայրին և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը (հավելված 1.4):
Բաց լողավազաններում ջրի ջերմաստիճանն ամռանը պետք է պահպանվի 270C, ձմռանը` 280C, իսկ լողալ սովորողների համար` 290C:
3.3 Լողավազանի, բաղնիքի սենքերի լուսավորությունը պետք է ապահովվի ՀՀ ՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
3.4 Սենքերում, կառուցապատման տարածքներում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
3.5 Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում:
IV. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
4.1 Լողավազանների, բաղնիքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:
4.2 Ջրի պահուստային տարողություններին և ավազանին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն` համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
4.3 Շահագործման ընթացքում ավազանի ջրի որակը պետք է համապատասխանի հավելված 1.5-ում նշված ցուցանիշներին և նորմերին:
4.4 Եթե ընդհանուր մնացորդային քլորի խտությունը 0.8-1.2 մգ/լ է, ապա թույլատրվում է, որ ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան լինի 0.3 մգ/լ-ից պակաս:
1-6 տարեկան երեխաների համար նախատեսված լողավազանում ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան թույլատրվում է 0.1-0.3 մգ/լ, 100 մլ ջրում կոլիֆագեր չհայտնաբերելու պայմանով:
Ջուրը քլորով (գիշերը) և օզոնով (ցերեկը) հաջորդական ախտահանման ժամանակ, քլորի մնացորդային կոնցենտրացիան պետք է լինի ոչ պակաս 0.4 մգ/լ, իսկ օզոնինը` ոչ պակաս, քան 0.1 մգ/լ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման և քլորացման միաժամանակյա օգտագործման դեպքում ընդհանուր մնացորդային քլորի կոնցենտրացիան կարող է իջեցվել մինչև 0.3 մգ/լ:
Ջրի ախտահանումը կերակրի աղը էլեկտրոլիզի ենթարկելու միջոցով, ստացված նատրիում հիպոքլորիդով իրականացնելու դեպքում, թույլատրվում է քլորիդների կոնցենտրացիայի ավելացում մինչև 700 մգ/լ:
V. Լողավազանների, բաղնիքների շահագործման ռեժիմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
5.1 Սույն կանոնների պահանջներին համապատասխան (հավելված 1.5)` ավազանների ջրի որակ ապահովելու համար անհրաժեշտ է ավազանի ջրի թարմացում ջրափոխանակության միջոցով:
5.2 Ավազանը պետք է լցվի մինչև արտահոսքի ջրհորդանի եզրը:
5.3 Ավազանի ջրի վարակազերծումը պարտադիր է:
5.3.1. Որպես ջրի վարակազերծման հիմնական մեթոդներ կարող են օգտագործվել քլորացումը, բրոմացումը, օզոնացումը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումը 16 մՋ/սմ2-ից ոչ պակաս չափաքանակից, անկախ սարքավորման տեսակից:
5.3.2. Վարակազերծման հուսալիության բարձրացման համար նպատակահարմար է քիմիական մեթոդները համակցել ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ:
5.3.3. Վարակազերծման այլ մեթոդների օգտագործման դեպքում, դրանց հուսալիությունը և անվտանգությունը պետք է հիմնավորվի տեխնոլոգիական և հիգիենիկ հետազոտություններով:
5.3.4. Ջրի վարակազերծող ռեագենտը տրվում է հոսքային համակարգի դեպքում՝ ջուր մատակարարող խողովակի մեջ, հետշրջանառության դեպքում` նախքան ֆիլտրերը, օզոնով և ՈՒՄ-ճառագայթման դեպքում՝ ֆիլտրերից հետո: Վարակազերծող ռեագենտի աշխատանքային չափաքանակը որոշվում է փորձնական ճանապարհով՝ դրա կոնցենտրացիայի (հավելված 1.7) մշտական ապահովման հաշվարկի հիման վրա:
5.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի և ավազանի մաքրմանը, ախտահանմանը ներկայացվող պահանջներ.
5.6.1. Սենքերի ամենօրյա մաքրումը և ախտահանումը պետք է իրականացվի աշխատանքային օրվա ընթացքում և վերջում: Ախտահանման պարտադիր ենթակա են սանհանգույցները, ցնցուղարանը, զգեստարանը, հանդերձարանը, ավազանի սենքերը, շրջանցման ուղիները, նստարանները, դռների բռնակները:
5.6.2. Ավազանի ջուրը դատարկելուց և մեխանիկական մաքրումից հետո ավազանի ախտահանումը կատարվում է 100 մգ/լ կոնցենտրացիայով ակտիվ քլոր պարունակող լուծույթով կրկնակի ոռոգման միջոցով, 0,6-0,8 լ/մ2 քանակությամբ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթի հաշվարկով:
Ախտահանիչ լուծույթի ողողումը և հեռացումը կատարվում է տաք ջրով՝ մշակումից 1 ժամ հետո: Ավազանի ջրում կապտաթարախային ցուպիկի հայտնաբերման դեպքում ավազանը մշակվում է 10%-անոց բորաթթվի լուծույթով՝ 2 ժամ տևողությամբ:
5.7 Լողորդների շնչառական գոտու օդում պարունակվող ազատ քլորի կոնցենտրացիան չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3, օզոնի կոնցենտրացիան՝ 0,16 մգ/մ3:
5.8 Ավազանի (հատկապես բաց լողավազանների) պատերի մամռապատման, ծաղկման դեմ պայքարելու և մաքրումը հեշտացնելու համար ավազանի ջրին կարելի է պարբերաբար ավելացնել պղնձարջասպի (պղնձի սուլֆատի) լուծույթ` 1,0-5,0մգ/լ կոնցենտրացիայով կամ այլ թույլատրված ռեագենտներ` հաշվի առնելով սույն կանոնների 2.8 կետը:
5.9 Լողավազանի, բաղնիքի աշխատակազմը (մարզիչներ, լողի հրահանգիչներ,պրոցեդուրաներ իրականացնող աշխատակիցներ, բաղնիսպաններ, քիսաչիներ) ենթարկվում են առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին»
թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կարգի:
5.10 Տվյալ բնակավայրում հավելված 1.6-ում նշված որևէ հիվանդության համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայության դեպքում ՊՀՀ տեսչության տարածքային մարմինը նախազգուշացնում է լողավազանի ղեկավարությանը, որ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ համապատասխան հետազոտություններ չանցած և բուժկանխարգելիչ հաստատության կողմից առողջության մասին տեղեկանք չներկայացրած անձանց չթույլատրեն լողավազանից օգտվել: Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պետք է հետազոտված լինեն էնտերոբիոզի նկատմամբ` եռամսյակը 1 անգամ հաճախականությամբ:
Անկախ համաճարակային իրավիճակից լողավազանի բուժշխատողի կողմից իրականացվում է ամենօրյա արտաքին զննություններ, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշներով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար:
5.11. Չի թույլատրվում լողավազանի (ինչպես նաև բաղնիքի) ցնցուղարան, ավազանի դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու:
5.12 Լողավազաններում, բաղնիքներում պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ (օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն): Տրվող սրբիչները, սպիտակեղենը պետք է լվացվեն կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային կարգով:
5.13 Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հագուստի անհատական պահարաններով, մեկ հերթափոխում թույլատրված հաճախորդների քանակությանը համապատասխան:
VI. Լողավազանների, բաղնիքների շահագործման ընթացքում իրականացվող արտադրական լաբորատոր հսկողություն
6.1 Լողավազանների շահագործման ընթացքում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ավազանի շնչառական գոտու օդի բաղադրության, լուսավորության, աղմուկի, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
6.2 Բաղնիքներում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
6.3 Ավազանների (լողավազանների և սաունաների) ջրի որակի նկատմամբ արտադրական լաբորատոր հսկողությունը ներառում է ներքոհիշյալ ցուցանիշների որոշումը, նմուշառման հետևյալ հաճախականությամբ.
-հիմնական մանրէաբանական ցուցանիշներ (կոլիֆորմ մանրէներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ, կոլիֆագեր և ոսկեգույն ստաֆիլակոկեր), ինչպես նաև ամոնիակի ազոտ, քլորիդներ և ջրի որակի բարելավման նպատակով օգտագործվող ռեագենտների մնացորդային քանակներ՝ 10 օրը 1 անգամ,
-մակաբուծաբանական ցուցանիշներ` ամիսը 1 անգամ,
-զգայորոշման ցուցանիշներ (պղտորություն, գունավորում, հոտ), օրը 1 անգամ,
-վարակազերծող ռեագենտների (քլոր, բրոմ, օզոն) մնացորդային քանակություններ, 4 ժամը 1 անգամ:
6.4 Ավազանի ջրի հետազոտման համար նմուշառումը կատարվում է ավազանի ոչ պակաս, քան 2 կետում, ջրավազանի ծանծաղ և խոր մասերում ջրի հայելու մակերեսից 25-30 սմ խորության վրա, ինչպես նաև ֆիլտրերից առաջ և հետո (հետշրջանառության համակարգի առկայության դեպքում) և ավազան մտնող ջրից:
6.5 Հաշվի առնելով ջրի քլորացման ժամանակ հալոգեն օրգանական (հալոֆորմ) միացությունների, իսկ օզոնացման ժամանակ՝ կարբոնիլային միացությունների (ալդեհիդներ) առաջանալու հնարավորությունը, անհրաժեշտ է ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ որոշել քլորոֆորմի (քլորացման դեպքում), կամ ֆորմալդեհիդի (օզոնացման դեպքում) մակարդակները։ Այն դեպքում, երբ նշված միացությունների քանակը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, անհրաժեշտ է օգտագործել ջրի վարակազերծման այլընտրանքային եղանակներ (ուլտրամանուշակագույն ճառագայթում կամ այլ)։
6.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի միկրոկլիմայի արտադրական հսկողությունը պետք է ապահովվի 4 ժամը 1 անգամ, իսկ լողորդների շնչառական գոտու օդում 5.7 կետում նշված նյութերի կոնցենտրացիաների, աղմուկի, ներհոս-արտաձիգ օդափոխանակության համակարգի էֆեկտիվության որոշման արտադրական հսկողությունը` տարին 1 անգամ հաճախականությամբ:
6.7 Ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի արտադրական հսկողության (կոլիֆորմ մանրէների, ախտածին միաբջիջների ցիստերի, հելմինթների ձվերի և թրթուրների հայտնաբերման նպատակով) մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար լվացուկները վերցվում են լողավազանի, բաղնիքի ավազանի բազրիքի, զգեստարանների նստարանների, ցնցուղարանի հատակի, պատերի, զգեստարանի, սանհանգույցի և ցնցուղարանի դռների բռնակների և այլ ախտահանվող մակերեսներից` ամիսը 1 անգամ հաճախականությամբ:
6.8 Արտադրական լաբորատոր հսկողության ժամանակ ավազանի ջրի և լվացուկների հետազոտության արդյունքում շեղումների արձանագրման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններին:
6.9 Միաժամանակ անմիջապես ձեռնարկվում են միջոցառումներ` ֆիլտրերի մաքրում, վարակազերծող ռեագենտի մնացորդային քանակի ավելացում, սենքերի ու գույքի հիմնական մաքրում և ախտահանում, տրվող թարմ ջրի ծավալի ավելացում և այլն:
6.10 Միջոցառումները ձեռնարկելուց հետո կատարվում են ջրի մանրէաբանական հետազոտություններ` ընդգրկելով լրացուցիչ ցուցանիշները (հավելված 1.5) և ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի հսկողության նպատակով վերցրած լվացուկների կրկնակի հետազոտություն:
6.11 Լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքում շեղումների արձանագրման դեպքում լողավազանի, բաղնիքի շահագործումը պետք է ժամանակավորապես դադարեցվի։ Անհրաժեշտ է ավազանի ջուրը դատարկել, ավազանը և սենքերը ենթարկել հիմնական մաքրման և ախտահանման, ջրի և լվացուկների հետագա մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությամբ:
6.12 Ավազանի ջրում մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է սպասարկող անձնակազմին և մշտական հաճախորդներին հետազոտել հելմինթների ձվիկների և աղիքային միաբջիջների ցիստերի նկատմամբ։
6.13 Ավազանի շահագործումը (աշխատանքների վերսկսումը) իրականացվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները սույն կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:
Հավելված 1.1. |
Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը
Լողավազանների տեսակը | 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, մ2 |
Սպորտային լողավազաններ | 8-10 |
Այլ տեսակի լողավազաններ | |
Մեծահասակների լողավազաններ | 5,0-8,0 |
Երեխաների լողավազաններ | 4,0- 5,0 |
Բաղնիքների և սաունաների հովացնող ավազաններ | 2,0 |
Հավելված 1.2. |
Օժանդակ սենքերի մակերեսներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
Սենք | Պարապողների թիվը հերթափոխում | Մակերես |
Նախասրահ |
1 1 |
0.5 մ2, բայց ոչ պակաս, 0.5 մ2, բայց ոչ պակաս, |
Վերնահագուստի հան- դերձարան (պարապող- ների և հանդիսատեսի) |
1 | 0.1մ2, բայց ոչ պակաս, քան 10 մ2 |
Զգեստարան | 1 | 2.1 - 2.5 մ2 |
1 (երեխաների համար) |
2.9 մ2 |
Հավելված 1.3. |
Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից սանհանգույցներին ներկայացվող պահանջներ
Սանհանգույցներ | Սարքավորումներ |
Տղամարդկանց | 1 զուգարանակոնք և 1 պիսուար 45 հոգու համար |
Կանանց | 1 զուգարանակոնք 1 հերթափոխում 30 հոգու համար |
Հավելված 1.4. |
Փակ լողավազանների առանձին սենքերի միկրոկլիմայի ցուցանիշներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
Սենքի նշանակություն |
Ջրի ջերմ- |
Օդի ջերմ- |
Հարաբերական |
1 ժամում օդափոխանակության |
Օդի շարժման | |
ներհոս |
արտաձիգ | |||||
Մեծերի ավազան |
24-26 |
- |
- |
- |
- |
- |
Երեխաների ավազան |
30 |
- |
- |
- |
- |
- |
Լողավազանի ավազանի դահլիճներ |
- |
ջրի ջերմ- |
ոչ ավելի 60% |
1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ և |
ոչ ավելի 0.5 | |
Պարապմունքների նախապատրաստական դահլիճներ |
- |
18 |
չի նորմավորվում |
1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ |
ոչ ավելի 0.2 | |
Զգեստարաններ |
- |
25 |
չի նորմավորվում |
1 ժամում օդափոխանակության |
չի նորմավորվում | |
հաշվեկշռով հաշ- |
2 | |||||
Ցնցուղարաններ |
- |
25 |
չի նորմավորվում |
5 |
10 |
չի նորմավորվում |
Մերսման սենքեր |
- |
22 |
չի նորմավորվում |
4 |
5 |
չի նորմավորվում |
Սաունայի խցիկ |
- |
ոչ ավելի 120 |
չի նորմավորվում |
- |
5 |
չի նորմավորվում |
Ջրի հետազոտության լաբորատորիա |
- |
18 |
չի նորմավորվում |
2 |
3 |
չի նորմավորվում |
Հավելված 1.5. |
Լողավազանների ավազանների ջրի որակի ցուցանիշներ ԵՎ նորմեր
Ցուցանիշներ | Նորմեր |
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ | |
Պղտորություն, մգ/լ, ոչ ավելի | 2 |
Գունավորում, աստիճաններով, ոչ ավելի | 20 |
Հոտ, բալերով, ոչ ավելի | 3 |
Ամոնիակային ազոտ | 0,05 մգ/լ ոչ ավելի |
Քլորիդներ | ոչ ավելի, քան 550 մգ/լ |
Մնացորդային քլոր - ազատ | 0.5-0,7 մգ/լ |
Մնացորդային բրոմ | 0.8-1.5 մգ/լ |
Մնացորդային օզոն | ոչ պակաս 0.1 մգ/լ |
Ֆորմալդեհիդ` օզոնացման դեպքում | ոչ ավելի, քան 0,05 մգ/լ |
Քլորոֆորմ` քլորացման դեպքում | ոչ ավելի, քան 0,1 մգ/լ |
Հիմնական մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներ | |
Ընդհանուր կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում | 1 |
Ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Կոլիֆագեր 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Ոսկեգույն ստաֆիլակոկեր 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Ախտածին միաբջիջների ցիստեր 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Հելմինթների ձվեր և թրթուրներ 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Մանրէաբանական լրացուցիչ ցուցանիշներ | |
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներ 1000 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Կապտաթարախածին ցուպիկներ 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Հավելված 1.6. |
Լողավազանների ջրով փոխանցվող վարակիչ հիվանդություններ
Հիվանդություններ | Ջրային գործոնի հետ կապի աստիճան |
1. Ադենավիրուսային ֆարինգո - կոնյունկտիվալ տենդ | + + + |
2. Վիրուսային հեպատիտ A | +++ |
3. Էպիդերմոֆիթիա (լողորդների քոս) | + + + |
4. Կոկսակի վարակ | + + |
5. Դիզենտերիա | + + |
6. Օտիտներ, սինուսիդներ, տոնզիլիտներ, կոնյունկտիվիտներ | + + |
7. Մաշկի տուբերկուլոզ | + + |
8. Մաշկի սնկային հիվանդություններ | + + |
9. Լեգիոնելլոզ | + + |
10. Ամեոբային մենինգոէնցեֆալիտ | + |
11. Պոլիոմիելիտ | + |
12. Տրախոմա | + |
13. Կոնտագիոզ մոլյուսկ. | + |
14. Սուսանակային վուլվովագինիտ | + |
15. Ասկարիդոզ | + |
16. Տրիխոցեֆալոզ | + |
17. Էնտերոբիոզ | + |
18. Լյամբլիոզ | ++ |
19. Սուր սալմոնելոզային գաստրոէնտերիտներ | + |
Ջրային գործոնի հետ կապը՝ + + + - բարձր, + + - էական, + - հնարավոր է
Հավելված 1.7. |
Վարակազերծող միջոցներ ԵՎ ախտահանիչ պատրաստուկներ
1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
● գազային քլոր
● քլորակիր
● կալցիումի հիպոքլորիդի երկհիմնային աղ
● դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ
● տեխնիկական A մակնիշի նատրիումի հիպոքլորիդ
● լիթիումի հիպոքլորիդ
● դիքլորանտին
● դիբրոմանտին
● ակվատաբս
2. Սենքերի և գույքի կանխարգելիչ ախտահանման (ջրային լուծույթներ) համար
● քլորակրի պարզեցված լուծույթ (0,2-0,3%)
● քլորամին (0,5%)
● նիրտան (3,0%)
● տեխնիկական A և B մակնիշի նատրիումի հիպոքլորիդ (0,1-0,2%)
● համակցություն. քլորդեզին (0,5%) և սուլֆոքլորանտին (0,2%)
● քլորդեզին (5,0%)
3. Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
● քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
● քլորդեզին (5%)
● նիրտան (3,0%)