«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2007 թ. |
N 322-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննությունը կազմակերպված անցկացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայոց լեզու, գրականություն» առարկայից 2007 թ. միասնական քննության կազմակերպման և անցկացման ընթացակարգը»:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (տնօրեն` Վ. Բարսեղյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Հայոց լեզու, գրականություն» առարկայից 2007 թ. միասնական քննության կազմակերպման և անցկացման ընթացակարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
ՀՀ կրթության և գիտության |
Լ. Մկրտչյան |
Հաստատված է |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻՑ 2007 Թ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 14 արձանագրային որոշման 10-րդ կետով հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 5-րդ գլխին համապատասխան և սահմանում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայից միասնական քննության (այսուհետ` քննություն) նախապատրաստման, անցկացման, ստուգման, արդյունքների հրապարակման և բողոքարկման գործընթացը:
II. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ
2. «Գնահատման և թեստավորման կենտրոնը» (այսուհետ` ԳԹԿ) «Հայոց լեզու, գրականություն» առարկայից միասնական քննության դիմում-հայտերի ընդունումից 30 օր առաջ առնվազն 10-օրյա պարբերականությամբ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են դիմում-հայտերի ընդունման և ավարտման ժամկետները, ընդունող կազմակերպությունների անվանումները:
3. Քննության վերաբերյալ շրջանավարտներին տեղեկատվություն տալու նպատակով միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության (այսուհետ` դպրոց) տնօրենը ստեղծում է տեղեկատու կետ` պատասխանատու աշխատակցով:
4. Տեղեկատու կետը ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության վարչության (այսուհետ` կրթության վարչություն) միջոցով ԳԹԿ-ից ստանում և շրջանավարտներին տրամադրում է նյութեր` դիմում-հայտի լրացման ձևի, քննության անցկացման ընթացակարգի, քննության ընթացքում շրջանավարտի իրավունքների և պարտականությունների մասին:
5. Քննությանն առնչվող հարցերի վերաբերյալ շրջանավարտը տեղեկատվություն կամ պարզաբանումներ կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից (այսուհետ` նախարարություն), ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով և կրթության վարչությունից:
6. Շրջանավարտը քննությանը մասնակցելու համար դպրոցում լրացնում է դիմում-հայտ:
7. Տեղեկատու կետի պատասխանատու աշխատակիցը ընդունում է շրջանավարտի դիմում-հայտը և ներկայացնում դպրոցի տնօրենին:
8. Դպրոցի տնօրենը ստուգում է շրջանավարտի դիմում-հայտի լրացման ճշտությունը և տալիս է ստացական:
9. Նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է շրջանավարտի բնակության վայրին մոտ` այդ նպատակով առանձնացված դպրոցը: Նախորդ տարիների շրջանավարտը քննություն է հանձնում իր բնակության վայրն ընդգրկող քննական կենտրոնում:
10. Հայտագրումը կատարվում է հետևյալ եղանակով`
ա) էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը շրջանավարտների տվյալները ԳԹԿ է ուղարկում անմիջականորեն` էլեկտրոնային կապով,
բ) էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցը շրջանավարտների տվյալները մագնիսական կրիչով ԳԹԿ է տեղափոխում կրթության վարչության միջոցով:
11. Շրջանավարտի վերաբերյալ մուտքագրված տվյալների համապատասխանությունը ստուգելու, փոփոխություն կատարելու և ցուցակը վերահաստատելու նպատակով ԳԹԿ-ն տվյալներն ուղարկում է կրթության վարչություն կամ դպրոց:
III. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ
12. Շրջանավարտը իր դիմում-հայտում կարող է փոփոխություն կատարել դիմում-հայտի ընդունման ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում:
13. Դիմում-հայտում փոփոխություն կատարելու համար շրջանավարտը դիմում է դպրոցի տնօրենին և լրացնում նոր (փոփոխված) դիմում-հայտ: Դպրոցի տնօրենը նոր դիմում-հայտերը և ճշգրտված կամ փոփոխված ցուցակները կնքում և սահմանված ժամկետում ուղարկում է ԳԹԿ:
14. ԳԹԿ-ն շրջանավարտների փոփոխված դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում կատարում է համապատասխան փոփոխությունները:
15. Հաստատված ցուցակների հիման վրա շրջանավարտների անցաթղթերը ԳԹԿ-ն ուղարկում է կրթության վարչություն կամ դպրոցներ:
16. Անցաթուղթը պարունակում է շրջանավարտի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան, համարը, մարզը, դպրոցը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, քննության օրը և ժամը:
17. Տվյալ ուստարվա շրջանավարտը անցաթուղթը ստանում է իր դպրոցից, նախորդ տարիների շրջանավարտները` այդ նպատակով առանձնացված դպրոցներից: Անցաթուղթը շրջանավարտին տրվում է ստորագրությամբ:
18. Հայտագրումը և միասնական քննության վճարի անդորրագրերի ընդունումը ԳԹԿ-ում ավարտվում է քննությունից 25 օր առաջ:
19. Շրջանավարտների վերջնական տվյալների բազայի կրկնօրինակը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետ` նախարար):
IV. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
20. Քննության կազմակերպման և անցկացման նպատակով ԳԹԿ-ն ստեղծում է քննական կենտրոններ:
21. Դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է շրջանավարտների ցուցակներն ըստ քննական կենտրոնների:
22. Քննական կենտրոնների ղեկավարներին ԳԹԿ տնօրենի ներկայացմամբ նշանակում է նախարարը:
23. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց առնվազն 10 օր առաջ անցնում է իր պարտականությունների կատարմանը:
24. Քննական կենտրոնի տեղակայման ուսումնական հաստատության ղեկավարը ապահովում է քննական կենտրոնի պատրաստ լինելը քննության անցկացմանը:
25. Քննական կենտրոններում կազմակերպչական աշխատանքները և քննությունների գործընթացը վերահսկելու նպատակով նախարարը նշանակում է լիազորներ:
26. Քննությունների կազմակերպման աշխատանքները ղեկավարելու, քննության ընթացքը անհրաժեշտության դեպքում տեղերում ուղղորդելու նպատակով ԳԹԿ տնօրենը նշանակում է ԳԹԿ ներկայացուցիչներ:
27. Քննությունը սկսվելուց 3 օր առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ է ներկայացնում արձանագրություն քննական կենտրոնի պատրաստ լինելու մասին:
28. Քննական կենտրոնում քննության ընթացքը կազմակերպելու համար ուսուցում անցած անձանցից ԳԹԿ տնօրենը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, հերթապահներ, համակարգչային օպերատորներ:
29. Քննասենյակի կազմակերպիչները ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը ԳԹԿ ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով:
30. Մինչև 20 շրջանավարտ ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում են 2 կազմակերպիչներ, 20-ից ավելի շրջանավարտներ ունեցող քննասենյակում առաջին 20 շրջանավարտների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր հաջորդ 20-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 11 և ավելի շրջանավարտների համար:
31. Քննական կենտրոնի ղեկավարը քննության նախորդ օրը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է տվյալ քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը, քննության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը (բացի թեստերից):
32. Քննությունը սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը կատարում է կազմակերպիչների, համակարգչային օպերատորների և հերթապահների գրանցում:
33. Քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը`
● ԳԹԿ ներկայացուցչից լիազորի ներկայությամբ ստանում է քննական թեստերի փաթեթները,
● լիազորի ներկայությամբ վիճակահանությամբ կատարում է կազմակերպիչների բաշխում ըստ խմբերի` քննասենյակի պատասխանատուին տալով յուրաքանչյուր խմբի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարը, խմբի շրջանավարտների ցուցակը և ծածկագրերի մեկ ժապավենաթերթ: Ծածկագրերի ժապավենաթերթը պարունակում է`
ա) «Ցուցակ» անունով ծածկագիր, որը փակցվում է խմբի շրջանավարտների ցուցակի համապատասխան մասում,
բ) «Ծրար» անունով ծածկագիր, որը փակցվում է վերադարձի ծրարին,
գ) 20 ծածկագրեր, որոնք փակցվում են շրջանավարտների պատասխանների ձևաթղթերի համապատասխան մասում,
դ) 1 լրացուցիչ ծածկագիր, որն օգտագործվում է պատասխանների ձևաթղթի խոտանման դեպքերում:
Հերթապահներին տեղաբաշխում է կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն:
34. Քննության օրը շրջանավարտը քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ և միատեսակ գույնի (կապույտ կամ սև) երկու գելային գրիչ:
35. Շրջանավարտների մուտքը շենք սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:
36. Շրջանավարտը անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է մուտքի հերթապահին և նրա հրահանգով մոտենում նախասրահի օպերատորին: Նախասրահի օպերատորը համադրում է անցաթղթի և շրջանավարտի վերաբերյալ բազայի տվյալները, նշում կատարում շրջանավարտի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Քննասենյակը և խումբը գտնելու համար շրջանավարտներին օգնում են միջանցքների հերթապահները, լրացուցիչ` պատերին փակցված ուղեսլաքները:
V. ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
37. Շրջանավարտի մուտքը քննասենյակ կազմակերպվում է ոչ պակաս, քան երկու կազմակերպիչների կողմից: Նրանցից մեկը ներս է թողնում շրջանավարտին և հետևում, որպեսզի կողմնակի առարկաները` գրքեր, պայուսակներ, բջջային հեռախոսներ, կապի այլ միջոցներ և այլն, թողնվեն մուտքի մոտ: Մյուս կազմակերպիչ(ներ)ը գտնվում է(են) քննասենյակում: Շրջանավարտը մոտենում է իր խմբի կազմակերպչին, ստանում պատասխանների ձևաթուղթը և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին: Կազմակերպիչները հետևում և արգելում են շրջանավարտների տեղափոխությունը:
38. Շրջանավարտներին քննասենյակում տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը, քննական կենտրոնի ղեկավարից ԳԹԿ ներկայացուցչի և նախարարի լիազորի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի ծրարները, բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է շրջանավարտներին և ներկա այլ անձանց (ծնողներ, հավատարմագրված դիտորդներ)` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:
39. Քննասենյակի պատասխանատուն (կամ կազմակերպիչը) շրջանավարտներին տեղեկացնում է քննասենյակում նրանց վարքի կանոնների պահպանման (արգելվում է խոսելը, տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներից կամ կապի այլ միջոցներից օգտվելը), ինչպես նաև բողոքարկման տեսակների և կարգի մասին:
VI. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
40. Յուրաքանչյուր խմբի ծրարը բացելու համար խմբի կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարանին նստած շրջանավարտին (նրա բացակայության դեպքում` հաջորդ շրջանավարտին): Ծրարների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:
41. Քննասենյակում քննության կարգը ընթերցելուց և շրջանավարտներին ցուցումներ տալուց հետո խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում կատարում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ:
42. Քննությունը հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին:
43. Ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերի առկայությունը կազմակերպիչը արձանագրում է, հաշվարկում, փաթեթավորում և լիազորի ներկայությամբ հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին, որն ապահովում է դրանց պահպանությունը քննասենյակում, իսկ քննության ավարտից հետո` տեղափոխումը ԳԹԿ:
44. Քննության ընթացքում քննասենյակից շրջանավարտը կարող է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
45. Քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ շրջանավարտի հարցերը չեն քննարկվում:
46. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորով փոխարինվում են քննական կենտրոնի ղեկավարի և նախարարի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով սույն փաստը:
47. Քննության ընթացքում շրջանավարտների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել նախարարի լիազորը, ԳԹԿ ներկայացուցիչը, ԳԹԿ-ի կողմից հավատարմագրված դիտորդները:
48. Քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը շրջանավարտների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
49. Կազմակերպիչները քննության ողջ ընթացքում պետք է մնան իրենց հատկացված քննասենյակներում և ապահովեն շրջանավարտների ինքնուրույն աշխատանքը: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից:
50. Շրջանավարտի կողմից վարքի կանոնների պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված շրջանավարտին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից: Հեռացվող շրջանավարտից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից»՝ տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցելով սույն փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը:
51. Շրջանավարտի` քննությունից հեռացվելու փաստը քննարկվում է նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) և ընդունվում է որոշում` շրջանավարտի` լրացուցիչ
քննաշրջանին թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
52. Քննության օրը հարգելի պատճառով (փաստաթղթով հիմնավորված) քննությանը չներկայացած շրջանավարտը քննություն է հանձնում լրացուցիչ օր:
VII. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
53. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին շրջանավարտը քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ մոտենում է պատճենահանման օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում է իր խմբի կազմակերպչին, վերջինս պատասխանների ձևաթղթին փակցնում է համապատասխան ծածկագիրը: Թեստը և ծածկագրված պատասխանների ձևաթուղթը շրջանավարտը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի շրջանավարտների ցուցակի համապատասխան տեղում: Պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը շրջանավարտը պահում է իր մոտ: Եթե շրջանավարտը ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա նույն ձևով հանձնում է նյութերը և դուրս գալիս քննասենյակից:
54. Պատճենահանման ընթացքում կուտակումներից խուսափելու նպատակով քննությունն ավարտած շրջանավարտը նստում է իր տեղում մինչև պատճենահանման իր հերթը հասնելը:
55. Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները թեստերը հավաքում են սեղաններից: Այդ ընթացքում շրջանավարտը մնում է իր տեղում:
56. Քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը անմիջապես վերահաշվում է թեստերը և պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերը և խմբի շրջանավարտների ցուցակը հրապարակայնորեն ծրարում է վերջին շրջանավարտի ներկայությամբ:
57. Խստորեն արգելվում է ծրարների, ցուցակների փոխանակումը, նախատեսված ծրարների փոխարեն այլ ծրարների օգտագործումը, ծրարներում պատասխանների ձևաթղթերի հետ այլ թղթեր դնելը, ձևաթղթերը կպցնելը (ամրակներով, դակիչներով և այլն), ձևաթղթերի վրա նշումներ անելը:
58. Քննասենյակի քննական նյութերի հաշվումը պետք է կատարվի առնվազն 2 կազմակերպիչների ներկայությամբ:
59. Քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը:
60. Պատասխանատու կազմակերպիչը ծրարները քննասենյակի արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:
61. Քննական կենտրոնի ղեկավարը, լիազորի հետ համատեղ ներկայացված ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:
VIII. ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
62. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի և յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար:
63. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի հետ միասին քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո նույն օրվա ընթացքում:
64. ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և նախարարի լիազորի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում են, սկանավորվում և կազմվում է հանձնման և ընդունման արձանագրություն:
65. Սկանավորումից հետո տվյալների բազայի պատճենը տրվում է նախարարին:
Խմբերի ցուցակները նախարարին տրվում է առանց սկանավորման:
IX. ՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
66. Քննական աշխատանքները ստուգվում են ԳԹԿ-ում` տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի կիրառմամբ:
67. Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:
68. Ծածկագրերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես շրջանավարտի քննական արդյունք:
69. Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած 5 օրվա ընթացքում:
Առանձնահատուկ դեպքերում, նախարարի հատուկ որոշմամբ ժամկետը կարող է երկարաձգվել մեկ օրով:
X. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
70. ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների և քննություններին մասնակցած դպրոցների:
71. Ցուցակները վավերացվում են ԳԹԿ տնօրենի կողմից:
72. Քննական կենտրոնի ղեկավարը աշխատանքների ստուգման ավարտից հետո ներկայանում և ԳԹԿ-ից ստանում է քննություն հանձնած շրջանավարտների քննական արդյունքների ցուցակը:
73. Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: Քննության մասնակցած շրջանավարտների քննական արդյունքների ցուցակը ԳԹԿ-ն կրթության վարչության միջոցով ուղարկում է դպրոցներ:
74. Շրջանավարտը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից:
75. Միասնական քննության ավարտական մասի արդյունքը դպրոցը գրանցում է շրջանավարտի` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատում:
76. Քննություն հանձնած շրջանավարտները վկայագրերը ստանում են կրթության վարչություններից կամ դպրոցներից:
XI. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
77. Բողոքը կարող է լինել`
ա) քննության անցկացման կարգի խախտման մասին,
բ) քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին:
78. Բողոք-դիմումը շարադրվում է դրա համար նախատեսված ձևաթղթի վրա:
79. Քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ շրջանավարտը կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
80. Բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա քննասենյակի պատասխանատուն կատարում է «Ընդունված է` հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում շրջանավարտին:
81. Քննասենյակի պատասխանատուն գրում է բացատրություն` կցելով բողոք-դիմումին և հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:
82. Քննական կենտրոնի ղեկավարը, քննասենյակի պատասխանատու կազմակերպիչներից ստանալով բողոքարկման նյութերը` առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին, ներկայացնում է ԳԹԿ:
83. Բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն կարող է համարել հիմնավոր, եթե բողոք-դիմումում շարադրված հանգամանքները շրջանավարտի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել:
84. Հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն:
85. Բողոքը հիմնավոր համարելու դեպքում հանձնաժողովը որոշում է ընդունում շրջանավարտին թույլատրել մասնակցելու նոր քննության:
86. Բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
ա) շրջանավարտի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
բ) շրջանավարտի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ:
87. Քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում շրջանավարտը արդյունքների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել այն:
88. Արդյունքի հետ անհամաձայնության բողոք-դիմումը շրջանավարտը անձամբ հանձնում է ԳԹԿ:
89. Թեստի կառուցվածքի վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում: Բողոքարկման ընթացքում հիմք է ընդունվում միայն շրջանավարտի պատասխանների ձևաթղթի բնօրինակը:
90. Բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին: Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա բողոքարկման արդյունքները կհրապարակվեն բողոքարկման հաջորդ օրվանից հաշված եռօրյա ժամկետում:
91. Բողոք-դիմումների քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահը ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր բողոք-դիմումի վերաբերյալ ընդունված որոշման հիմնավորումով: