ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2021 թվականի N 825-Լ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-918-31.03.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-918-31.03.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1․ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ․
Նախագծով առաջարկվող կարգավորման կապակցությամբ հարկ է անդրադառնալ օրենքի գործող կարգավորմանը: Մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
Հիշյալ օրենքի գործող կարգավորման վերլուծությունից պարզ է դառնում, որ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ, իսկ եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, ապա բացառիկ դեպքերում է նախատեսվում հուշարձանի տեղափոխում։
Օրենքի տրամաբանությունից երևում է, որ կարգավորման նպատակը հուշարձանի պահպանության և անվթարության ապահովումն է, մինչդեռ նախագծով ներկայացված կարգավորման համաձայն աշխատանքներ իրականացնողն իրավունք ունի ընտրելու նշված առաջարկություններից որևէ մեկը։
Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նշված առաջարկներին, մասնավորապես, աշխատանքներ իրականացնողը կարող է ընդունել առաջին առաջարկը, համաձայն որի՝ տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է, մինչդեռ գործող կարգավորմամբ դա թույլատրվում է միայն բառացիկ դեպքերում: Այսինքն՝ աշխատանքներ իրականացնողը պետք է հիմնավորի, որ չկա այլ տարբերակ, քան հուշարձանի տեղափոխումը, իսկ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում յուրաքանչյուր դեպքում, երբ հնարավոր է տեղափոխել՝ աշխատանքներ իրականացնողին թույլատրվում է տեղափոխել հուշարձանները: Նման պարագայում վերջինիս կողմից կարող են ցուցաբերվել կամայականության դրսևորման դեպքեր: Այս կապակցությամբ, անհրաժեշտ է նկատի ունենալ նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Նշված կարգավորման արդյունքում հուշարձանների պահպանությունը դուրս կգա պետության վերահսկողությունից:
Նախագծի 2-րդ առաջարկը, որը նախատեսում է «ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը).» հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ պատճառված վնասի փոխհատուցման (բաց թողնված օգուտի) մասին է խոսքը: Բացի դրանից, ինչ վերաբերում է նույն կետով հողը ձեռք բերելուն, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ նույն օրենքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը, համաձայն որի՝ պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:
Նախագծերի 3-րդ և 4-րդ առաջարկների առանձին նախատեսելը պարզաբանման կարիք ունի՝ նկատի ունենալով, որ 3-րդ առաջարկով ներկայացված աշխատանքները՝ հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ գործող կարգավորման համաձայն հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ են:
Թեև, նախագծով նախատեսվում է առաջարկը չընդունելու հետևանք, այն է՝ շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքների իրականացման կասեցում, այնուամենայնիվ բաց են մնում աշխատանքների իրականացման համար նախատեսված հողամասերի հետագա կարգավիճակի վերաբերյալ կարգավորումները։ Գործող կարգավորմամբ՝ նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումները: Տվյալ դեպքում, կարգավորված չէ, թե ում միջոցներով են իրականացվելու առաջարկներով նախատեսված գործողությունները:
Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ տվյալ դեպքում բացակայում է նախագծով նախատեսված կարգավորման և դրանով ակնկալվող արդյունքի միջև կապը: Մասնավորապես, հիմնավորմամբ, որպես ակնկալվող արդյունք նշվում է՝ պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերը ձեռք բերած շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնողների իրավունքների ապահովում: Այս առումով անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ իրավունք է խախտվում գործող կարգավորմամբ, և ինչպես է այդ իրավունքի ապահովումն իրականացվում սույն նախագծով:
Նշված կարգավորման վերաբերյալ հարկ է նկատի ունենալ, որ նախագծի հիմնավորման համաձայն կասեցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լիազոր մարմինը դեռ իր համաձայնությունը չի ներկայացրել ներկայացված առաջարկների վերաբերյալ, մինչդեռ, նախագծով կասեցումը վերաբերում է այն դեպքին, երբ աշխատանքներ իրականացնողը չի ընտրում նախատեսված առաջարկություններից որևէ մեկը:
Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ թեև նախատեսվում է աշխատանքների իրականացման կասեցման պարտավորություն, սակայն այս դրույթը չի կարող զսպող մեխանիզմ հանդիսանալ աշխատանքներ իրականացնողի համար, քանի որ սահմանված չէ կասեցման ժամկետ և հնարավոր է, որ աշխատանքներ իրականացնողն չձեռնարկի որևէ միջոցառում։
2․ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ․
Օրենքի նախագծով առաջարկվում է, պետական գրանցման օբյեկտի հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը ներառել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։
Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զգալի մասի պահպանական գոտիների նախագծերը դեռևս կազմված չեն՝ դրանք կազմելու աշխատանքային (մասնագիտական) ռեսուրսի, տրանսպորտային միջոցների բացակայության և դեպի զգալի թվով հուշարձանների դժվար հասանելիության պատճառով:
Հարկ ենք համարում նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների տարածքների վերաբերյալ տվյալները մինչև 2019 թվականը կազմվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված կարգի N 3 ձևի համաձայն՝ կոորդինատային ազիմուտային համակարգով, ինչի պատճառով անցած ժամանակահատվածում կազմված նախագծերի նույնականացումը գործող կադաստրային քարտեզագրական նյութերում առկա տվյալների հետ (կոորդինատների անհամապատասխանության պատճառով) հնարավոր չէ և դրանք չեն կարող հիմք հանդիսանալ կադաստրային քարտեզներում դրանք նշելու համար:
Միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1741-Ն որոշմամբ խմբագրված հիշյալ N 3 ձևի հիմքով է սկսվել քարտեզագրման ներկայում գործող համակարգով (WGS-84 համակարգ) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի (ընդամենը՝ 200 նախագիծ) կազմումը, որոնք բավարար քանակ չեն կազմում կադաստրային քարտեզներում նշված հողատեսքերում պատմական և մշակութային հողերի կոորդինատային տվյալներով հուշարձանների պահպանական գոտիների սահմանները նույնականացնելու և դրանց մակերեսների չափսերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն ապահովելու համար:
Այսպիսով կադաստրային քարտեզագրական նյութերում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների մակերեսներին վերաբերող տվյալները հստակեցման կարիք ունեն, իսկ պահպանական գոտիների հողերի մակերեսներին վերաբերող մասը՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում ընդհանրապես բացակայում է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ պահպանական գոտիների մակերեսներին առնչվող տեղեկատվության գույքային գրանցման վերաբերյալ դրույթներ նշված չեն եղել և այդ ուղղությամբ առ այսօր որևէ գործընթաց չի իրականացվել։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|