ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և զեկույցի տրամադրման կարգի, պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունների, ինչպես նաև պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն)
Հոդված 2. | Պրոբացիայի մասին օրենսդրությունը |
1. Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սահմանադրական օրենքներով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պրոբացիա՝ պրոբացիայի շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարում ու վերասոցիալականացման իրականացում հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով.
2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ.
3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.
4) պրոբացիայի ծառայող` պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձ.
5) պրոբացիայի շահառու՝ անձ, որի նկատմամբ կիրառվել է պրոբացիա.
6) անձնական գործ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.
7) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի շահառուների անձնական գործերի և պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային և թղթային տեղեկությունների ամբողջություն.
8) պրոբացիայի շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
9) զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
10) հաշտարարություն՝ բանակցություններ, որոնց նպատակն է հաշտեցնել պրոբացիայի շահառուին և տուժողին.
11) հետպատժյա փուլ` պատժի կրումից հետո մինչև դատվածության մարումը կամ օրենքով սահմանված կարգով դրա հանումը պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող գործառույթների իրականացման ժամանակահատվածը.
12) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որով սահմանված են պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը (այսուհետ` վերասոցիալականացման միջոցառումներ).
13) վերասոցիալականացում` պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների, միջոցառումների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն.
14) ռիսկերի և կարիքների գնահատում` պրոբացիայի շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում և այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը.
15) կամավոր` պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով կամավոր հիմունքներով պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացմանն օժանդակող անձ:
(3-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն, խմբ., փոփ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 4. | Պրոբացիայի նպատակներն ու խնդիրները |
1. Պրոբացիայի նպատակներն են՝
1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.
2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.
3) հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.
4) պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը.
5) քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:
2. Պրոբացիայի խնդիրներն են՝
1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.
4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին զեկույցների տրամադրումը.
5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.
6) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը:
(4-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն, 15.06.22 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. | Տարբերակման և անհատականացման սկզբունքը |
1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը տարբերակում է պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի անձը, մշակում է նրա ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և անձի սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև անչափահաս շահառուի զարգացմանը՝ հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները և պահանջները:
Հոդված 6. | Զուգակցման սկզբունքը |
1. Պրոբացիայի շահառուի նկատմամբ կիրառված պատիժը և հարկադրանքի այլ միջոցները կարող են զուգակցվել անձի ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված՝ օրենքով նախատեսված այլ միջոցների հետ:
Հոդված 7. | Համագործակցության սկզբունքը |
1. Պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնված է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության վրա:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են պրոբացիայի ծառայությանը՝ վերջինիս խնդիրների իրականացման ընթացքում:
Հոդված 8. | Գաղտնիության սկզբունքը |
1. Պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում ապահովվում է պրոբացիայի շահառուին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:
2. Պրոբացիայի ծառայողն առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության նրա վերաբերյալ կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկություններ հավաքել, պահել, օգտագործել կամ փոխանցել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը շահառուի անձնական կյանքին և ապահովելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:
Հոդված 9. | Հաշտեցման սկզբունքը |
1. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում աջակցում է պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցմանը:
Հոդված 10. | Աջակցության սկզբունքը |
1. Պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում ապահովում է պրոբացիայի շահառուների մշտական աջակցություն՝ նրանց տրամադրվող օգնության և խորհրդատվության միջոցով:
Հոդված 11. | Համաձայնության սկզբունքը |
1. Պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաև վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի շահառուի կարծիքը և համաձայնությունը, ինչպես նաև հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման և մշակման գործընթացին:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 12. | Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը |
1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի (սույն գլխում այսուհետ` իրավասու մարմին) որոշման մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:
4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:
5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
6. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշման հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաև այլ վայր, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
8. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում քրեական վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքն արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:
10. Դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
11. Տարածքային մարմինն այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի նշած պարբերականությամբ ներկայացվում է քրեական վարույթն իրականացնող մարմին:
12. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու և իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:
13. Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին և այդ մասին հայտնում է իրավասու մարմնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անձնական գործն արխիվացվում է:
14. Իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է համապատասխան նախարարը:
(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 13. | Տնային կալանքի և վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները |
1. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պրոբացիայի շահառուին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում քրեական վարույթն իրականացնող մարմնին:
2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, կազմակերպությունների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել:
(13-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 14. | Սույն օրենքով չնախատեսված այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը |
1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է նաև այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 15. | Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը |
1. Պրոբացիայի ծառայությունն օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, իրականացնում է վերահսկողություն և վերասոցիալականացման աշխատանքներ:
2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.1
(գլուխը լրաց. 15.06.22 ՀՕ-247-Ն)
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 15.1. | Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը |
1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 16. | Անվտանգության միջոցների կիրառման ապահովումը |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Անվտանգության միջոցի կիրառումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է պրոբացիայի շահառուի հաշվառման, մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գտնվելու վայրի կամ բնակության վայրին մոտ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը կամ մշտական բնակության վայր չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի ստորաբաժանումը կամ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացում և վերականգնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 17. | Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգը |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 18. | Պատասխանատվությունը որոշակի վայրեր այցելելու արգելքը չկատարելու համար |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Դատարանի սահմանած՝ որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափելու համար պրոբացիայի շահառուն ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված կարգով:
(18-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 19. | Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:
2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում երկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և այն ներկայացնում համապատասխան դատարան, ինչպես նաև տեղեկացնում պրոբացիայի շահառուի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությանը: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող՝ հոգեբանի կամ հոգեբույժի մասնագիտական կարծիքը:
3. Վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին կանչելու Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ նրա վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ: Հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 20. | Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու համար |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու համար պրոբացիայի շահառուն ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով:
(20-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 21. | Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 22. | Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 23. | Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից զեկույցներ տրամադրելը |
(վերնագիրը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն, 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին):
2. Տարածքային մարմինը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում:
3. Զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, կապ է հաստատում և հանդիպում նրա հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին և կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործը:
4. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում զեկույց պահանջած դատարան:
5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, անձնական գործի, պրոբացիայի շահառուի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների հետ հանդիպումների, հարցումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների և այլ անձանց տրամադրած տվյալների հիման վրա կազմում է զեկույց և ներկայացնում զեկույց պահանջած մարմին:
6. Պրոբացիայի շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել զեկույցում ներառելու նպատակով:
7. Զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի՝
1) անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.
4) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և զբաղմունքի տեսակը.
5) կրթությունը.
6) առողջական վիճակը.
7) սոցիալական, գույքային դրությունը.
8) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
9) բնակության մշտական վայրի առկայությունը.
10) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
11) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.
12) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
13) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.
14) ուղղմանը և վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.
15) այլ հանգամանքներ:
8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.05.18 ՀՕ-335-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 24. | Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ:
3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը, իրականացվում է ռիսկերի և կարիքների գնահատում, և դրա հիման վրա կազմվում է վերահսկողության պլան, լրացվում է հաշվառման քարտ:
4. Պրոբացիայի շահառուի` ծանուցմամբ նշված օրը Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում չներկայանալու դեպքում Պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն:
5. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պրոբացիայի շահառուին հայտնաբերելու դեպքում նրանից վերցնում է ստորագրված պարտավորագիր՝ եռօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, որի մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը՝ կցելով կազմված արձանագրության պատճենը և պարտավորագիրը: Պրոբացիայի շահառուի կողմից անհարգելի պատճառով Պրոբացիայի ծառայություն չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
7. Եթե հնարավոր չէ կապ հաստատել պրոբացիայի շահառուի հետ, կամ նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 15 օրվա ընթացքում, կամ նրա կողմից դատարանի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքի հայտնաբերումից հետո՝ 15 օրվա ընթացքում, չի բացահայտվում պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, ապա տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
8. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:
9. Պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայողը դատական ակտը կայացրած դատարանին տեղեկացնում է դատական ակտը կատարման վերցնելու մասին և տեղեկացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
10. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն:
11. Պրոբացիայի անչափահաս շահառուին հաշվառման վերցնելուց հետո պրոբացիայի ծառայողը պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ այցելություն է կատարում նրա բնակության, ուսման վայրը, զրուցում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Ձեռք բերված տեղեկությունների և պրոբացիայի անչափահաս շահառուի հետ ունեցած զրույցների հիման վրա պրոբացիայի ծառայողը լրացնում է պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ անձնական թերթ:
12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է նրա ռիսկերը և կարիքները, որի հիման վրա ընդունում է որոշում մեկ ամսվա ընթացքում պրոբացիայի շահառուի կողմից Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու հաճախականությունը սահմանելու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի և կարիքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված փոփոխությունների դեպքում:
13. Փորձաշրջանի ընթացքում վերահսկողության պլանի հիման վրա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողը պրոբացիայի շահառուի հետ անցկացնում է զրույց շահառուի վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության և գործունեության վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն:
14. Հաշվի առնելով փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի շահառուի վարքագիծը և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքները՝ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը որոշում է ընդունում պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը վերանայելու մասին, ինչպես նաև հաճախումների ժամանակ նրա հետ առանձնազրույց ունենալու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:
15. Պրոբացիայի շահառուի վրա դատարանի կողմից պարտականություններ դրված լինելու դեպքում պարզաբանումներ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին, բայց ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:
16. Պրոբացիայի այն շահառուներին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու և այլ պարտականություն, Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը:
17. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել Պրոբացիայի ծառայությանը:
18. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
19. Անհրաժեշտության դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:
20. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների խախտման դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:
21. Զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելիս ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ պրոբացիայի շահառուն այլընտրանքային ծառայություն է անցնում:
22. Պրոբացիայի շահառուն զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում պրոբացիայի շահառուի անձնական գործը՝ հետագա վերահսկողությունը շարունակելու նպատակով: Եթե դատապարտյալն ազատվում է զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, իսկ փորձաշրջանի ժամկետը դեռ չի ավարտվում, ապա անձնական գործը երեք օրվա ընթացքում ուղարկվում է Պրոբացիայի ծառայություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
23. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայությանը հայտնել այդ մասին:
24. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ իրավասու այլ մարմիններին:
25. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո, եթե Պրոբացիայի ծառայությունը մինչև վերահսկողության ժամկետի ավարտը միջնորդություն է ներկայացրել դատարան պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունները չկատարելու համար, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչև տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը:
26. Եթե պրոբացիայի շահառուն փորձաշրջանի կամ վերահսկողության ընթացքում կատարել է նոր հանցանք, սակայն մինչև վերահսկողության ժամկետի ավարտն առկա չէ դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչև տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը:
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 25. | Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները |
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և պրոբացիայի շահառուի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատիժ կրելու ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 26. | Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները |
1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում, կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 27. | Հղի կանանց, մինչև վեց տարեկան երեխա ունեցող, արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված կամ հիվանդության հետևանքով կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները |
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
1. Հղի կանանց կամ մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:
2. Հիվանդության հետևանքով պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի սպասարկող՝ առողջության առաջնային պահպանման հաստատությանը կամ մասնագիտացված բժշկական միջամտության դեպքում՝ համապատասխան մասնագիտացված բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությանը՝ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով: Բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունը պրոբացիայի շահառուի առողջական վիճակի փոփոխությունների մասին պարբերաբար, իսկ պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում տեղեկացնում է պրոբացիայի ծառայողին:
3. Պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման մասին բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունից տեղեկությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն և հինգ օրվա ընթացքում պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:
4. Պրոբացիայի ծառայողն աշխատանք ունեցող պրոբացիայի շահառուներից կարող է պահանջել տեղեկանք աշխատանքի վայրից:
5. Եթե հղի կամ մինչև վեց տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը համապատասխան խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին:
6. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխային խնամելուց և դաստիարակելուց կամ ընդհատում է հղիությունն առանց դրա ընդհատման համար օրենքով սահմանված բժշկական ցուցումների կամ հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնում է մանկատուն, ապա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:
7. Երեխայի մահվան դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերացնելու հարցը լուծելու նպատակով: Միջնորդությանը կցվում են երեխայի մահվան փաստը հավաստող փաստաթուղթը, շահառուի աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:
8. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է դատական ակտով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելը պրոբացիայի շահառուն կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և հղիության, մինչև վեց տարեկան երեխա ունենալու, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
(27-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 28. | Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ոլորտում |
1. Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով մշակում և իրականացնում է համապատասխան աշխատանքի և սոցիալական ապահովությանը, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածությանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր:
2. Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների նպատակը սոցիալական վերականգնման կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքների և ուսումնական ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումն է, ինչպես նաև ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը:
3. Պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով պրոբացիայի շահառուի անձի առանձնահատկությունները:
4. Քրեական վարույթի մինչդատական փուլում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումները կարող են իրականացվել միայն նրա համաձայնության դեպքում:
5. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(28-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-247-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 29. | Հաշտարարը և հաշտարարության իրականացումը |
1. Հաշտարարը պրոբացիայի այն ծառայողն է, որին պրոբացիայի ծառայության ղեկավարը նշանակում է հաշտարարություն իրականացնելու համար:
2. Հաշտարարությունը դատական քննության փուլում դատարանի կողմից նշանակված, իսկ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նշանակված բանակցությունների իրականացումն է, որն ուղղված է պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելուն:
3. Հաշտարարության կողմերն են պրոբացիայի շահառուն և տուժողը (տուժողի իրավահաջորդը):
Հոդված 30. | Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը |
1. Հաշտարարության գործընթաց նշանակելու իրավասություն ունեն դատարանը` դատական քննության փուլում, իսկ պրոբացիայի ծառայության ղեկավարը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում:
2. Հաշտարարություն նշանակելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու մասին և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է կողմերին:
3. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում կողմի միջնորդության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մյուս կողմին: Ծանուցմանը զուգահեռ պրոբացիայի ծառայողը կապ է հաստատում և հանդիպում հաշտարարություն նախաձեռնող կողմի հետ` ճշտելով նրա առաջարկները: Այնուհետև հանդիպում է մյուս կողմի հետ: Պրոբացիայի ծառայողը կողմերին բացատրում է հաշտարարության էությունը, նպատակը, առավելությունները, հետևանքները և անհրաժեշտ այլ պայմանները: Երկու կողմերի հետ հանդիպումների արդյունքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է պրոբացիայի ծառայողի և կողմերի ստորագրությամբ: Մյուս կողմը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ բանավոր դիրքորոշում հայտնել հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ:
4. Կողմերի դիրքորոշումներին ծանոթանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու կամ հաշտարարության նշանակումը մերժելու մասին:
5. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է հաշտարարության նշանակումը, եթե բացակայում է հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերից մեկի համաձայնությունը:
6. Պրոբացիայի ծառայության ղեկավարի` հաշտարարություն նշանակելու մասին որոշման մեջ նշվում են հաշտարարության կողմերը, գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները և այլ անհրաժեշտ տվյալներ: Պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայությունն այդ մասին պատշաճ ծանուցում է կողմերին:
Հոդված 31. | Հաշտարարության գործընթացի կազմակերպումը |
1. Դատական ակտի կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշման հիման վրա նշանակված հաշտարարության դեպքում իր իրավասությունների սահմաններում հաշտարարը՝
1) ձեռնարկում է միջոցներ պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելու և նրանց միջև հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնություն կնքելու համար.
2) հաշտության համաձայնագրի տեքստը նախապատրաստելիս աջակցում է կողմերին.
3) հանդիպում է պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հետ.
4) կազմակերպում է ընդհանուր հանդիպում:
2. Պրոբացիայի շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել պրոբացիայի ծառայության շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) փաստաբանը:
Հոդված 32. | Հաշտարարության ժամկետները |
1. Հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում հաշտարարի նշանակման օրը:
Հոդված 33. | Հաշտարարության ավարտը |
1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է՝
1) կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիման վրա՝ հաշտարարություն նշանակած մարմնի կողմից որոշման կայացմամբ.
2) հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնության կնքման դեպքում`
ա. ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարի հաստատմամբ կամ մերժմամբ,
բ. դատական քննության փուլում` այն հաշտարարություն նշանակած դատարանին ներկայացնելով:
2. Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է դիմել պրոբացիայի ծառայության ղեկավարին հաշտարարության գործընթացը դադարեցնելու միջնորդությամբ:
3. Հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնության մեջ կարող է նախատեսվել պրոբացիայի շահառուի կողմից տուժողին պատճառված վնասի հատուցման պարտականությունը, դրա ժամկետներն ու իրականացման կարգը:
4. Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել պրոբացիայի ծառայության ղեկավարին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:
5. Ստանալով հաշտարարի` վեճը հաշտարարությամբ լուծելու մասին պատշաճ ծանուցումը, պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, իսկ դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության դեպքում այն ներկայացնում է դատարան:
6. Դատարանը կամ պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, եթե հաշտության համաձայնությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնության մերժումը չի կարող արգելք հանդիսանալ կողմերի միջև հաշտարարության նոր գործընթաց սկսելու համար:
Հոդված 34. | Հաշտարարության հետ կապված ծախսերը |
1. Հաշտարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 9
ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ
Հոդված 35. | Ծանուցագիրը և դրա բովանդակությունը |
1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հրավիրում է ներկայանալ պրոբացիայի ծառայություն կամ օրենքով սահմանված դեպքերում հաղորդում է այլ տեղեկություններ:
2. Ծանուցագրում նշվում են`
1) ծանուցող մարմնի և պաշտոնատար անձի տվյալները.
2) ծանուցվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը.
3) ծանուցվողին վերաբերելի տվյալները, եթե ծանուցվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.
4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամանակահատվածը).
5) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.
6) անհարգելի պատճառով չներկայանալու կամ ծանուցագրի պահանջները չկատարելու հետևանքները:
Հոդված 36. | Ծանուցման եղանակները |
1. Տարածքային մարմինը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատշաճ ծանուցել պրոբացիայի շահառուին:
2. Պրոբացիայի շահառուի ծանուցումը կատարվում է`
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվողի գրավոր համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:
3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա՝ տարածքային մարմին ներկայանալը:
Հոդված 37. | Ծանուցագիրը հանձնելը |
1. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական կամ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի և հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:
2. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի ղեկավարին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:
3. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրն ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:
4. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է պրոբացիայի ծառայողին:
5. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ վերջինիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով:
Հոդված 38. | Ծանուցման պատշաճությունը և հետևանքները |
1. Ծանուցումը պատշաճ է, եթե`
1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) առկա է ծանուցվող անձի պաշտոնական կամ վերջինիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
2. Պրոբացիայի շահառուն պատշաճ կերպով ծանուցագիրն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պարտավոր է ներկայանալ տարածքային մարմին կամ կատարել ծանուցագրում նշված գործողությունները, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Պրոբացիայի շահառուի՝ ծանուցագիր ստանալուց հետո պրոբացիայի ծառայություն չներկայանալը կամ ծանուցագրում նշված գործողությունները չկատարելը կարող է համարվել հարգելի, եթե առկա է սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ
Հոդված 39. | Պրոբացիայի շահառուի անձնական գործը |
1. Պրոբացիայի շահառուի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որը պարունակում է նրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում`
1) անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) բնակության, հաշվառման վայրը (հասցեն).
4) ընտանեկան դրությունը.
5) գույքային դրությունը.
6) դատական ակտի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.
7) նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.
8) սոցիալական միջավայրը` սոցիալական և մշակութային պայմաններ, ներառյալ՝ վերաբերմունք, ինչպես նաև ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը.
9) պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների և պարտականությունների շրջանակը.
10) այլընտրանքային խափանման միջոցները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.
11) ռիսկերի և կարիքների պարբերական գնահատման տվյալներ.
12) անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու զեկույցները.
13) անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.
14) վերասոցիալականացման միջոցառումները.
15) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:
2. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները գաղտնի են:
3. Առանց պրոբացիայի շահառուի համաձայնության պրոբացիայի շահառուի անձնական գործին գրավոր որոշմամբ կարող են ծանոթանալ.
1) քրեական վարույթն իրականացնող մարմինները, եթե տվյալ անձը քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ.
2) համապատասխան նախարարությունը` իր կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակում.
3) դատախազը՝ իր իրավասության շրջանակում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս.
4) դատարանը՝ իր իրավասությունների շրջանակում:
4. Այլ անձինք պրոբացիայի շահառուի անձնական գործին կարող են ծանոթանալ բացառապես վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում կամ դատական ակտի հիման վրա:
5. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձինք պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել դրանք երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(39-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, 23.05.18 ՀՕ-335-Ն, 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 40. | Տվյալների շտեմարանը |
1. Պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձևավորում և վարում է տվյալների շտեմարան:
2. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և այլ կազմակերպություններին՝ պահպանելով պրոբացիայի շահառուի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ չի կատարում:
3. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները և այլ կազմակերպություններն իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ, բայց ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:
4. Տվյալների շտեմարանում պրոբացիայի շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում են դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը և տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները:
5. Պրոբացիայի շահառուի հաշվառման քարտի ձևն ու լրացման կարգը, ինչպես նաև տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
6. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(40-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 41. | Էլեկտրոնային հսկողությունը |
1. Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց կամ հետպատժյա փուլում:
2. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
3. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:
Հոդված 42. | Էլեկտրոնային հսկողության կիրառումը |
1. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի շահառուի՝
1) անձը բնութագրող տվյալները.
2) տարիքը.
3) առողջական վիճակը.
4) զբաղմունքի տեսակը.
5) բնակության մշտական վայրի առկայությունը.
6) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
7) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
2. Պրոբացիայի ծառայությունը դատական ակտով սահմանված կարգով և ժամկետներում դատարան կամ քրեական վարույթն իրականացնող մարմին է ներկայացնում հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ:
3. Էլեկտրոնային հսկողության կիրառումը չպետք է պրոբացիայի շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի:
4. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի շահառուի և երրորդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը:
Հոդված 43. | Էլեկտրոնային հսկողության տեսակները և տևողությունը |
1. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի և էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:
2. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումներն ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։
3. Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են միայն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է դատական ակտով:
4. Պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելիս հաշվի է առնվում վերջիններիս լավագույն շահը:
Հոդված 44. | Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը |
1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին:
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը:
3. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:
4. Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո:
5. Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 12
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 45. | Պրոբացիայի շահառուի իրավունքները |
1. Պրոբացիայի շահառուն իրավունք ունի՝
1) իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների և պարտականությունների, իրավասու մարմնի կիրառած պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, ինչպես նաև առաջարկությունների, դիմումների և բողոքների ներկայացման կարգի մասին.
2) ծանոթանալու իր անձնական գործին.
3) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
4) բողոքարկելու պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան.
5) դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու վերասոցիալականացման միջոցառումներին։
2. Պրոբացիայի շահառուն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
3. Պրոբացիայի շահառուին պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իր իրավունքները: Թարգմանչի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 46. | Պրոբացիայի շահառուի պարտականությունները |
1. Պրոբացիայի շահառուն պարտավոր է՝
1) կատարել դատական ակտով կամ օրենքի հիման վրա իրավասու մարմնի որոշմամբ սահմանված պարտականությունները.
2) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատժի և հարկադրանքի այլ միջոցների կարգը և պայմանները.
3) կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները.
4) դրսևորել բարեկիրթ վերաբերմունք պրոբացիայի ծառայողի և պրոբացիայի ծառայության մյուս շահառուների նկատմամբ.
5) խնամքով վերաբերվել իրեն ամրակցված գույքին, այդ թվում` էլեկտրոնային հսկողության միջոցին.
6) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում պրոբացիայի ծառայողին տրամադրել հավաստի տեղեկություններ.
7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցել վերասոցիալականացման միջոցառումներին։
2. Պրոբացիայի շահառուն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 47. | Պրոբացիայի շահառուի պատասխանատվությունը |
1. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Պրոբացիայի շահառուն իր նկատմամբ կիրառված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
3. Պրոբացիայի շահառուն հատուցում է պրոբացիայի ծառայությանը պատճառած վնասը, ինչպես նաև այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են իր փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։ Պրոբացիայի շահառուի կողմից պատճառված վնասը կամավոր չհատուցելու դեպքում վնասները բռնագանձվում են դատական կարգով:
Հոդված 48. | Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և իրավասու մարմնի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը |
1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում՝
1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը.
2) մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, որդեգրողների, որդեգրվածների, հարազատ, համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի, պապի, տատի, թոռների, ինչպես նաև ամուսնու և ամուսնու ծնողների, վերջիններիս համար՝ փեսայի և հարսի) մահը կամ բացառիկ դեպքերում ծանր հիվանդությունը.
3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների և այլն) կամ ռազմական գործողությունների գոտում.
4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի շահառուն պարտավոր է դրանց մասին գրավոր, իսկ անհնարինության դեպքում բանավոր տեղեկացնել պրոբացիայի ծառայողին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով:
3. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի դիմումն ստանալու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունները չկատարելն իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձևով իրազեկելու պրոբացիայի ծառայությանը:
Գ Լ ՈՒ Խ 13
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 49. | Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները |
1. Պրոբացիայի անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական և մտավոր առանձնահատկություններից ելնելով՝ պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:
2. Պրոբացիայի անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում նախատեսվում են պրոբացիայի անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված և առանձնացված սենյակներ:
3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները:
4. Պրոբացիայի անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է՝
1) պրոբացիայի անչափահաս շահառուին, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների և նրանց վրա դրվող պարտականությունների էությունը.
2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի անչափահաս շահառուի և նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ:
5. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման հետ:
6. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող զեկույցը կազմելիս պարտավոր է՝
1) պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, պրոբացիայի անչափահաս շահառուի օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը.
2) դիմել համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմին` պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.
3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի և նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:
(49-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն)
Գ Լ ՈՒ Խ 14
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 50. | Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը |
1. Պրոբացիայի կատարման նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացնում է համապատասխան նախարարությունը:
2. Վերահսկողությունն իրականացվում է համապատասխան նախարարության իրավասու ստորաբաժանման կամ համապատասխան նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ և պրոբացիայի շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու և ուսումնասիրելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվություն պահանջելու միջոցով:
3. Վերահսկողություն իրականացնող համապատասխան նախարարության պաշտոնատար անձն իրավունք ունի բացատրություններ պահանջելու պրոբացիայի ծառայության աշխատակիցներից և պրոբացիայի շահառուներից:
4. Վերահսկողության նպատակով կատարվող գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որը ստորագրվում է արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի, ինչպես նաև գործողություններին մասնակցող կամ աջակցող այլ անձի կողմից: Վերջիններիս կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն այդ մասին նշում է անում արձանագրության մեջ՝ նշելով հրաժարման պատճառները:
(50-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 51. | Պրոբացիայի կատարման նկատմամբ դատախազական հսկողությունը |
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակում հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 15
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 52. | Պրոբացիայի ծառայությունը |
1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-283-Ն)
2. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական և տարածքային մարմիններից: Պրոբացիայի ծառայողները քաղաքացիական ծառայողներ են:
3. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմինը բաղկացած է բաժիններից, որոնց կազմում կարող են գործել բաժանմունքներ:
4. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններ են պրոբացիայի ծառայության մարզային (Երևանի քաղաքային) մարմինները, որոնց կազմում կարող են գործել բաժիններ:
4.1. Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արդարադատության նախարարի ներկայացմամբ:
5.(մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-283-Ն)
6. Պրոբացիայի ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
7. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Պրոբացիայի ծառայողները կարող են կրել համազգեստ:
8. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձևաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների, համազգեստի և կրծքանշանի նկարագիրը, ինչպես նաև համազգեստ և կրծքանշան կրելու կարգը հաստատում է համապատասխան նախարարը:
(52-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-287-Ն)
Հոդված 53. | Պրոբացիայի ծառայության լիազորությունները |
1. Պրոբացիայի ծառայությունը՝
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
4) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ.
5) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
6) իրականացնում է հաշտարարություն.
7) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Պրոբացիայի ծառայությունում կարող են իրականացվել քրեաբանական հետազոտություններ` պրոբացիայի շահառուների նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման, հանցագործությունների կանխման և վերականգնողական միջոցառումների գիտական ուսումնասիրության նպատակով:
3. Պրոբացիայի ծառայության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(53-րդ հոդվածը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն)
Հոդված 54. |
Համապատասխան նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
1. Համապատասխան նախարարությունը կազմակերպում, ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:
2. Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում է և ընդհանուր վերահսկողություն իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.
2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ.
4) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
5) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
6) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.
7) հաստատում է իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվությունների և արձանագրությունների ձևերը.
8) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցը կազմելու և տրամադրելու կարգը.
9) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները.
10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(54-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, 23.05.18 ՀՕ-335-Ն, 15.06.22 ՀՕ-247-Ն)
Հոդված 55. | Պրոբացիայի ծառայության ղեկավարը և տեղակալները |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-74-Ն)
1. Պրոբացիայի ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պրոբացիայի ծառայության պետը:
1.1. Պրոբացիայի ծառայության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
1.2. Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. Պրոբացիայի ծառայության ղեկավարը՝
1) ապահովում է պրոբացիայի ծառայության բնականոն գործունեությունը.
2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) իր իրավասության շրջանակում ընդունում է հրամաններ, որոշումներ, տալիս է ցուցումներ.
4) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է պրոբացիայի ծառայությանն ամրացված գույքը.
6) պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
7) ներկայացնում է պրոբացիայի ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
8) իր իրավասության շրջանակում քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
9) միջնորդություն է ներկայացնում պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
10) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Պրոբացիայի ծառայության ղեկավարը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:
(55-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-283-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-74-Ն)
Հոդված 56. | Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը |
1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը`
1) ապահովում է տարածքային մարմնի բնականոն գործունեությունը.
2) իր իրավասության շրջանակում ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, տալիս է ցուցումներ.
4) իր իրավասության շրջանակում քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող որոշումներն ու ցուցումները.
5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային մարմնի անունից, ներկայացնում նրա շահերը.
6) տարածքային մարմնի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
7) միջնորդություն է ներկայացնում պրոբացիայի ծառայության ղեկավարին` տարածքային մարմնի ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
8) առաջարկություններ է ներկայացնում պրոբացիայի ծառայության ղեկավարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
9) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) ներկայացնում է տարածքային մարմինն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
(56-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 57. | Պրոբացիայի ծառայության կամավորը |
1. Կամավորները պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների լուծման նպատակով անվճար հիմունքներով մասնակցում են վերջինիս գործառույթների իրականացմանը` որպես օժանդակողներ:
2. Կամավորները ներգրավվում են պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
3. Պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրում նշվում են կամավորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները հաստատում է համապատասխան նախարարը:
4. Իրենց գործունեության ընթացքում կամավորները պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը և չփոխանցել այն երրորդ անձանց:
5. Կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 58. | Կամավորի իրավունքները |
1. Կամավորն իրավունք ունի`
1) ծանոթանալու իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ստանալու իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
3) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.
4) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելու:
2. Կամավորը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 59. | Կամավորի պարտականությունները |
1. Կամավորը պարտավոր է`
1) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին.
3) կատարել պրոբացիայի ծառայության մարմինների և պաշտոնատար անձանց` իրենց լիազորությունների շրջանակում ընդունված հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.
4) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
5) ապահովել պայմանագրով իր ստանձնած պարտականությունների կատարումը:
2. Կամավորը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրացնել օրենքին համապատասխան և իր գործունեության ընթացքում թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:
3. Կամավորի համար օրենքով և պայմանագրով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
Գ Լ ՈՒ Խ 16
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 60. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածը, ինչպես նաև 3-րդ, 5-րդ և 8-րդ գլուխների դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 11-րդ գլխի դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 61. | Պրոբացիայի ծառայության ստեղծումը, կանոնադրության, կառուցվածքի, հաստիքների քանակի և պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկի հաստատումը |
1. Պրոբացիայի ծառայությունը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքների քանակը և անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Պրոբացիայի ծառայության ստեղծման պահից դադարում է համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը:
(61-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 62. | Համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատողներին պրոբացիայի ծառայողներ համարելը |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում աշխատող պետական ծառայողները համարվում են պրոբացիայի ծառայողներ, ընդ որում պրոբացիայի ծառայության ղեկավարի, պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալների, պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների ղեկավարների և պրոբացիայի ծառայության բաժինների պետերի պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով:
(62-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 63. | Պրոբացիայի ծառայության աշխատողների փորձաշրջանի առանձնահատկությունները |
1. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի ծառայողը համապատասխան նախարարության կազմում գործող մասնագիտացված ուսումնական հաստատությունում անցնում է ուսումնառության ծրագիր, հանձնում է որակավորման քննություն և ստանում է որակավորման վկայական: Որակավորման քննությունը չհանձնած և որակավորման վկայական չստացած անձը համարվում է օրենքով սահմանված փորձաշրջանը չանցած:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնում են առանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնառության ծրագիրն անցնելու` մինչև 2017 թվականի հունվարի մեկը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ատեստավորում (թեստավորման և հարցազրույցի եղանակներով) անցնելու պայմանով` մինչև 2017 թվականի հունվարի մեկը գործող կարգին համապատասխան:
(63-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 64. | Պրոբացիայի ծառայության դասային աստիճան շնորհելը |
1. Սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նախկինում շնորհված կոչումները պահպանվում են, և պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու հետ միաժամանակ շնորհվում է իրենց ունեցած կոչմանը համապատասխան դասային աստիճան:
2. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս, եթե անձն ունի ավելի բարձր դասային աստիճան (կոչում), ապա վերջինիս շնորհվում է այդ դասային աստիճանին (կոչումին) համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:
Հոդված 65. | Ծառայության ստաժը հաշվարկելը |
1. Համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ծառայողներին պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայության ստաժի մեջ:
(65-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 66. | Անձնական գործերը փոխանցելը |
1. Պրոբացիայի ծառայող նշանակվելու պահից համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի նախկին ծառայողները շարունակում են վարել պրոբացիայի շահառուների անձնական գործերը, եթե պրոբացիայի ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում պրոբացիայի ծառայությունում նշանակվելու պահից նրանք պրոբացիայի շահառուի անձնական գործերը հանձնում են ըստ ենթակայության:
(66-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 67. | Պրոբացիայի ծառայողների վարձատրությունը |
1. Սույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում աշխատող պետական ծառայողին պրոբացիայի ծառայող համարելիս պահպանվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նրա հիմնական աշխատավարձի գործող չափը, եթե այն ավելի բարձր է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որպես քաղաքացիական ծառայող նրա համար որոշվող հիմնական աշխատավարձի չափից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը չի գործում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական ծառայողի պաշտոնի փոփոխության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի փոփոխության արդյունքում բարձրանում է նրա հիմնական աշխատավարձի չափը:
(67-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հոդված 68. | Պրոբացիայի ծառայողի սոցիալական ապահովությունը |
1. Պրոբացիայի ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողը պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու (քաղաքացիական ծառայող համարվելու) օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
(68-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. մայիսի 23 Երևան ՀՕ-48-Ն |