ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Оրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրական» բառը փոխարինել «նորմատիվ իրավական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են՝ անձի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետի «երեխա» բառը փոխարինել «զավակ» բառով.
2) 7-րդ մասը «վնասում է» բառերից հետո լրացնել «, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել» բառերով.
3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».
4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «նա» բառից հետո լրացնել «ունի կամ» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «կեղծ փաստաթղթերի» և «կեղծ փաստաթղթեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «կեղծ կամ սխալ փաստաթղթերի» և «կեղծ կամ սխալ փաստաթղթեր» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարուցում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը, որը, սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, լուծում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը։»:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը |
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ, մասնավորապես՝
ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին, և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը,
բ. ունենալով զինվորական հաշվառում՝ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում,
գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն,
դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին,
ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:
3. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության և հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, և առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված՝ քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար։»:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. | Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած բացասական եզրակացությունները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքով կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առանց սույն հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը և ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որն ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով:
7. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացվելու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից:
9. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ներկայացնելու կարգը» բառերը փոխարինել «ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները» բառերով:
(հոդվածը 04.05.22 ՀՕ-124-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունիսի 20-ից)
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: