ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 866-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշմամբ նախատեսվող աջակցությունից օգտվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն) կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին) այնքանով որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,
բ. այն անձինք, որոնք բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից անհատական ծածկագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով,
գ. բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը որոշվում է սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող ընտանիքի անդամների թվով` որպես մեկ ընտանիք,
դ. սույն կարգի իմաստով՝ անձանց փաստացի բնակությունը հաստատված է համարվում միգրացիոն ծառայության կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված և անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում ոչ պակաս, քան 183 և ավելի օր բնակության փաստով,
ե. աջակցությունից օգտվելու շահառու չեն այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ այն օտարել են սույն որոշման ընդունմանը նախորդող 10 տարվա ընթացքում:».
2) որոշման հավելվածի 23-րդ կետում «սույն կարգի 2-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կարգի շրջանակներում» բառերով.
3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով`
«24.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը՝ սույն որոշման հավելվածի 18-րդ կետով և սույն որոշման N 4 ձևով սահմանված բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրի 2.3.1-ին, 4.1-ին, 4.2-րդ կետերով սահմանված 1 տարի (12 ամիս) ժամկետը երկարաձգել արտակարգ դրության ժամկետով:».
4) որոշման հավելվածի 25-րդ կետում «սույն կարգի 2-րդ կետով սահմանված շահառու ընտանիքները» բառերը փոխարինել «սույն կարգի 2-րդ կետով սահմանված աջակցություն ստանալուն հավակնող անձինք» բառերով.
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին կետով՝
«28.1. Միգրացիոն ծառայությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում հարցում է կատարում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն աջակցություն ստանալուն հավակնող անձանց՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։».
6) որոշման հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետում «2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ» բառերը հանել.
7) որոշման հավելվածի 36-րդ կետը «Երևանի քաղաքապետարան» բառերից հետո լրացնել «, իսկ մարզի տարածքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետարան,» բառերով.
8) որոշման հավելվածի 37-րդ կետը «Քաղաքապետարանի» բառից հետո լրացնել «կամ մարզպետարանի» բառերով.
9) որոշման հավելվածի 39-րդ կետը «կարգի 38-րդ կետով սահմանված» բառերից հետո լրացնել «պետության սեփականության փոխանցելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը և» բառերով.
10) որոշման հավելվածի N 4 ձև-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3.4-րդ և 2.3.5-րդ կետերով՝
«2.3.4. Բնակարանի գնման վկայագիրը ստանալուց հետո դեռևս ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրի հիման վրա դրամական միջոցների փոխանցումը.
2.3.5. Ազատել զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը։ Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնել՝ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:»։
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 2,169,750.0 հազար դրամն ուղղել միգրացիոն ծառայության կողմից 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման միջոցով բնակարանների խնդիրների լուծմանը։ Սույն կետով նախատեսված ծրագրի իրականացման համար վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների 1 քառ. մետրի համար: 2020 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված կարգով։
(2-րդ կետը լրաց. 26.11.20 N 1850-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և համապատասխան նոտարական տարածքների, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների քանակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
(2.1-ին կետը լրաց. 26.11.20 N 1850-Ն)
2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2.1-ին կետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:
(2.2-րդ կետը լրաց. 26.11.20 N 1850-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |