Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.04.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 ԵԴ/0188/11/18

Գործ թիվ ԵԴ/0188/11/18

Նախագահող դատավոր՝  Ռ.Բարսեղյան

                       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

2021 թվականի ապրիլի 21-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ դիմող Մարինա Հրանտի Պողոսյանի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

      

Պ Ա Ր Զ Ե Ց

              

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի ապրիլի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ.Բաբայանը թիվ 18-330մ/դ-15 գրությամբ, ի պատասխան «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված՝ 2018 թվականի ապրիլի 10-ի դիմումի, հայտնել է, որ այն կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու համար:

2. 2018 թվականի մայիսի 7-ին դիմող Մ.Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել իր կողմից ներկայացված հաղորդման կապակցությամբ կայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշում:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ դիմող Մ.Պողոսյանի բողոքը մերժվել է:

4. Դիմող Մ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մ.Պողոսյանի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

              

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դատական նիստի ընթացքում դիմող Մ.Պողոսյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանի՝ նույն օրվա որոշմամբ մերժվել է: Դրանից հետո Մ.Պողոսյանը դատական նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որ նման պայմաններում չի ցանկանում շարունակել մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, և հեռացել է դատական նիստերի դահլիճից: Դիմողի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը միացել է վերջինիս և նշել, որ դատարանը կարող է առանց բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի մասնակցության քննել բողոքը և որոշում կայացնել: Նախագահող դատավորը հայտարարել է, որ դիմողը և դիմողի ներկայացուցիչը հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ հայտարարելով, որ նիստը կարող է շարունակվել իրենց բացակայությամբ: Նախագահող դատավորը նաև հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը գրությամբ դատարանին խնդրել է դատական նիստը շարունակել իր բացակայությամբ: Դատարանը որոշել է դատական նիստը շարունակել դիմողի, դիմողի ներկայացուցչի և ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցչի բացակայությամբ, հրապարակել է վիճարկվող դատական ակտի և վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգել ու վերանշանակել է 2019 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին2:

6.1. 2019 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, նշանակված դատական նիստի մասին դիմող Մ.Պողոսյանին և ներկայացուցիչ Մ.Շուշանյանին ծանուցագրեր են ուղարկվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին3:

6.2. Դիմող Մ.Պողոսյանը վերոնշյալ դատական նիստի վերաբերյալ ծանուցումը ստացել է 2019 թվականի հունվարի 12-ին, իսկ Մ.Շուշանյանին ուղարկված ծանուցագիրը «չպահանջված» նշումով hետ է վերադարձվել4:

6.3. 2019 թվականի հունվարի 10-ին` ժամը 13.00-ին, դատական նիստը վերսկսվել է: Նախագահող դատավորը հայտնել է, որ դատական նիստին չեն ներկայացել դատավարության մասնակիցները, ում դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագրերը պատշաճ ուղարկված են եղել: Նախագահող դատավորը պարզաբանել է, որ դատարանը դատական ստուգումն ավարտել է և դատարանի տրամադրության տակ եղած նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ հեռանալու և դատական ակտ կայացնելու համար, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ:

6.4. Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 10-ին5:

                    

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը, մասնավորապես, փաստել է, որ Վերաքննիչ դատարանում դատական նիստն առաջին անգամ նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն այդ օրը բողոքն ըստ էության չի քննվել: Բողոքի քննության երկրորդ նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 10-ին, ինչի մասին Մ.Պողոսյանը ծանուցվել է 2019 թվականի հունվարի 12-ին:

Բողոքաբերն արձանագրել է, որ անձն ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, որն իրացնելիս օգտվում է արդար դատաքննության իրավունքից և դրա բաղադրիչներից՝ իր գործով քննությանը մասնակցելու և լսված լինելու իրավունքներից: Բողոքաբերը փաստել է, որ իր գործի քննությանը մասնակցելու իրավունքից օգտվելու համար անձը պետք է լինի պատշաճ ծանուցված, ինչն ուղղակիորեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավորեցնում է Վերաքննիչ դատարանին ծանուցելու անձին բողոքի քննության տեղի և ժամանակի մասին:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի ծանուցումը ժամանակին չի հասել Մ.Պողոսյանին, վերջինս ծանուցված չի եղել իր բողոքի քննության օրվա և ժամի մասին, սակայն Վերաքննիչ դատարանն առանց Մ.Պողոսյանի՝ ծանուցված լինելը հավաստող, վերջինիս ստորագրությամբ հաստատված հետադարձ ծանուցման թերթիկի առկայության, ոչ միայն քննել է վերաքննիչ բողոքը, այլ նաև ավարտել է բողոքի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

               

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9.  Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյո՞ք դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինիս վերաքննիչ բողոքի քննությունն իրականացրել է առանց իր մասնակցության Վերաքննիչ դատարանի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:

10. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` «()

7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են (։

11. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը6:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դատական նիստի ընթացքում դիմող Մ.Պողոսյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանի՝ նույն օրվա որոշմամբ մերժվել է: Դրանից հետո դիմող Մ.Պողոսյանը հայտարարել է, որ նման պայմաններում չի ցանկանում մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը և հեռացել է դատական նիստերի դահլիճից: Դիմողին միացել է վերջինիս ներկայացուցիչ Մ.Շուշանյանը՝ հայտարարելով, որ դատարանը կարող է առանց բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի մասնակցության քննել վերաքննիչ բողոքը և որոշում կայացնել։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճից հեռացել են դիմողը, դիմողի ներկայացուցիչը, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը դատարանին գրությամբ խնդրել է դատական նիստը շարունակել իր բացակայության պայմաններում: Արդյունքում դատարանը շարունակել է դատական նիստը, հրապարակել է դատական ակտը և վերաքննիչ բողոքի բովանդակությունը, որից հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ, դատական նիստը հետաձգել ու վերանշանակել է 2019 թվականի հունվարի 10-ին, ժամը 13.00-ին7: 2019 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, նշանակված դատական նիստի մասին դիմող Մ.Պողոսյանին և ներկայացուցիչ Մ.Շուշանյանին ծանուցագրերն ուղարկվել են 2018 թվականի դեկտեմբերի 27-ին8: Դիմող Մ.Պողոսյանը նշված ծանուցագիրը ստացել է 2019 թվականի հունվարի 12-ին, իսկ Մ.Շուշանյանին ուղարկված ծանուցագիրը՝ «չպահանջված» նշումով հետ է վերադարձվել9: 2019 թվականի հունվարի 10-ին վերսկսված դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը հայտնել է, որ չեն ներկայացել դատավարության մասնակիցները, ովքեր պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ: Դատական ստուգումն ավարտելուց հետո նախագահող դատավորը հայտնել է, որ դատարանի տրամադրության տակ եղած նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ հեռանալու և դատական ակտ կայացնելու համար10: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 10-ին11:

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը, հետաձգելով դատական նիստը, հերթական դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ դիմողին և նրա ներկայացուցչին ծանուցագրեր ուղարկել է, սակայն չունենալով վերջիններիս կողմից այդ ծանուցագրերը ստացած լինելը հավաստող ապացույցներ, չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` դիմողի և նրա ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար, և դատական նիստը շարունակել է վերջիններիս բացակայությամբ՝ չապահովելով դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դրա տարրերից՝ մրցակցության հիմնարար պահանջը և անձի՝ դատարանի առջև կանգնելու ու լսված լինելու իրավունքը: Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած 2018 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ դիմողը և նրա ներկայացուցիչը հայտարարել են, որ չեն ցանկանում մասնակցել նիստին, և որ այն կարող է շարունակվել իրենց բացակայությամբ, այնուամենյանիվ Վերաքննիչ դատարանը հետաձգել է դատական նիստը, որի մասին ծանուցել է դիմողին և նրա ներկայացուցչին, սակայն հետամուտ չի եղել պարզելու, թե արդյո՞ք վերջիններս ստացել են ծանուցագրերը։

14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինիս վերաքննիչ բողոքի քննությունն իրականացրել է առանց նրա մասնակցության Վերաքննիչ դատարանի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:

15.  Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 23-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար12։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

       

Ո Ր Ո Շ Ե Ց

             

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Մարինա Հրանտի Պողոսյանի դիմումի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_____________________________

1  Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2  Տե´ս նյութեր, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 35-36:

3  Տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 41, 44:

4 Տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 42, 45:

5  Տե´ս նյութեր, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 46:

6  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/0102/11/17, Ամալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

7  Տե´ս սույն որոշման 6-րդ կետը:

8  Տե´ս սույն որոշման 6.1-րդ կետը:

9  Տե´ս սույն որոշման 6.2-րդ կետը:

10  Տե´ս սույն որոշման 6.3-րդ կետը:

11  Տե´ս սույն որոշման 6.4-րդ կետը:

12  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան