Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

   

Ն. Տավարացյան

   

2020 թվականի մարտի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մալխասյանի և վերջինիս ներկայացուցիչ Թամարա Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Երեմ Հովսեփյանը պահանջել է Աշոտ Մալխասյանից բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` սկսած 15.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 14.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.01.2018 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 14.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մալխասյանը և վերջինիս ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երեմ Հովսեփյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ և 470-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ և 130-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա ապացույցների համադրումից պարզ է դառնում, որ Աշոտ Մալխասյանը հանդես է եկել լիազորագրով, սակայն կատարել է գործարքի միայն տեխնիկական մասը, այսինքն` Երեմ Հովսեփյանի խնդրանքով միայն ներկա է գտնվել գործարքի կնքման պահին, միայն ստորագրել է առուվաճառքի պայմանագիրը: Իսկ գումարային հարցերը լուծվել է սեփականատեր Երեմ Հովսեփյանի և իրական գնորդ Աբրամ Ամիրխանյանի կողմից, ինչի մասին պատասխանողը նախօրոք տեղեկացված էր: Վերոնշյալի մասին ցուցմունք է տվել առուվաճառքի կողմ հանդիսացող Ռիմա Ամիրխանյանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վկայի բառացի պնդումներն այն մասին, որ ինքը որևէ գումար չի փոխանցել Աշոտ Մալխասյանին և երբևէ չի տեսել այդ բնակարանը, չի եղել Կադաստրում և անձամբ դիմում չի գրել:

 Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պայմանագիրը կրել է ձևական բնույթ Աշոտ Մալխասյանի և Ռիմա Ամիրխանյանի համար, իսկ փաստացի առուվաճառքը տեղի է ունեցել մինչ այդ փաստաթղթի կազմումն ու ստորագրումը՝ հայցվորի և Աբրամ Ամիրխանյանի միջև: Դատարանը հարկ չի համարել պատշաճ կարգով հետազոտել և գնահատել իր նախաձեռնությամբ պահանջված կադաստրային գործում առկա վերոհիշյալ դիմումները` պարզելու համար դրանց ակնհայտ խիստ տարբեր ձեռագրերով կազմված լինելու և վկայի ստորագրության ակնհայտ կեղծ, տարբեր և սխալ հասցեների առկայությունը, իսկ վկայի ցուցմունքի արժանահավատությունը հավաստվում է գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցների հետ համադրելու արդյունքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում Աշոտ Մալխասյանը պնդում է, որ ինքն իրականացրել է միայն գործարքի տեխնիկական կողմը, մինչդեռ Երեմ Հովսեփյանի կողմից վերջինիս տրվել է նոտարական կարգով հաստատված լիազորագիր` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ բնակարանին վերաբերող բոլոր տեսակի իրավաբանական գործողություններ կատարելու վերաբերյալ` ներառյալ բանկային տեղեկանքներ ստանալու, առուվաճառքից ստացված գումարը ստանալու և այլ գործողություններ կատարելու լիազորություններ: Գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ Աշոտ Մալխասյանը նախ բնակարանը նախապատրաստել է վաճառքի` ստացել է բանկի կողմից տրված տեղեկանք, կնքել է առուվաճառքի պայմանագիր, իսկ պայմանագիրը կնքելու պահին ստացել է դրա գումարը:

Իսկ ինչ վերաբերում է վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ցուցմունքներին, ապա Դատարանի կողմից այն արդարացիորեն համարվել է անարժանահավատ ապացույց, քանի որ վկան գործի փաստերի վերաբերյալ ոչ մի կոնկրետ պատասխան չի հնչեցրել, հետևաբար ցուցմունքը կեղծ էր և չէր կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 06.12.2011 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Երեմ Հովսեփյանը լիազորել է Աշոտ Մալխասյանին, ի թիվս այլնի, վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը, ստորագրել առուվաճառքի պայմանագիրը, ստանալ գումարը, հանդես գալ նոտարական գրասենյակում, ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր գործողությունները կապված սույն հանձնարարության հետ: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 11):

2. Երեմ Հովսեփյանի (ում անունից գործել է Աշոտ Մալխասյանը՝ 06.12.2011 թվականին տրված լիազորագրի համաձայն) և Ռիմա Ամիրխանյանի միջև 14.02.2014 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենք, 25-րդ բնակարանը, իսկ նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 48.800.000 ՀՀ դրամ, գումարը տրվում է վաճառողին պայմանագիրը վավերացնելու պահին: Նշված անշարժ գույքի պայմանագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից և գրանցվել է թիվ 1147 սեղանամատյանում (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. 14.02.2014 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 21.03.2014 թվականին Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենք, 25-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Ռիմա Ամիրխանյանի սեփականության իրավունքը (կադաստրային գործ, հատոր 1-ին):

4. Երեմ Հովսեփյանի և Աբրամ Ամիրխանյանի միջև 29.11.2013 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 70):

5. 13.10.2016 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում, որպես վկա հարցաքննված՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենքի 25-րդ բնակարանի առուվաճառքի կողմ Ռիմա Ամիրխանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Աբրամ Ամիրխանյանը իր հորեղբոր տղան է և իր ընտանիքի համար շատ հարազատ մարդ է: Ինքը 2003 թվականից աշխատել է Աբրամ Ամիրխանյանի մոտ որպես քարտուղարուհի, չի ճանաչել Երեմ Հովսեփյանին, ճանաչել է Աշոտ Մալխասյանին, ով աշխատում էր Արցախ բանկում և հաճախ էր լինում Աբրամ Ամիրխանյանի մոտ: Բնակարանի հետ կապված հայտնել է, որ Աբրամ Ամիրխանյանը ցանկացել է գնել բնակարանը, գումարային հարցերն ինքը լուծել է անձամբ, ցանկացել է, որ փաստաթղթերը լինեն Ռիմա Ամիրխանյանի անվամբ, վերջինս համաձայնվել է և նոտարական գրասենյակում հանդիպել է Աշոտ Մալխասյանին, ով հայտնել է, որ ինքն է վաճառվող բնակարանի սեփականատիրոջ լիազորված անձը, նաև հաստատել է, որ Աբրամ Ամիրխանյանն ասել է, որ գումարային հարցերը լուծված են, իրենք ստորագրել են պայմանագիրը և դուրս են եկել: Ինքը պայմանագրի կնքման պահին Աշոտ Մալխասյանին որևէ գումար չի փոխանցել, տեղյակ չէ, թե ով է պետական գրանցման դիմումներ ներկայացրել Կադաստր, քանի որ ինքն անձամբ չի գնացել և ներկայացրել դիմումներ (հատոր 1-ին, 13.10.2016 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային ձայնագրման կրիչ, գ.թ. 110):

6. Ռիմա Ամիրխանյանի անունից 18.03.2014 թվականին դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Էրեբունի սպասարկման գրասենյակ` խնդրելով կատարել ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենքի 25-րդ բնակարան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում (կադաստրային գործ, հատոր 1-ին):

7. Ռիմա Ամիրխանյանի անունից 07.07.2014 թվականին դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակ` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենքի 25-րդ բնակարանի սահմանափակումների վերաբերյալ (կադաստրային գործ, հատոր 2-րդ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 53-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք ստորադաս ատյանները քաղաքացիական դատավարության շրջանակներում հարցաքննված վկայի ցուցմունքը կարող են դիտարկել որպես անարժանահավատ ապացույց միայն այն հիմքով, որ նշված ցուցմունքով ներկայացված փաստական տվյալների և կադաստրային գործում առկա՝ վկայի անունից ներկայացված դիմումների միջև առկա են հակասություններ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` եթե վկայի ցուցմունքը գնահատելիս դատարանը նախևառաջ պետք է հաշվի առնի վկայի անձնական հատկանիշները (ունա՞կ է արդյոք նա ընկալել և վերարտադրել համապատասխան փաստը, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց հետ և այլն), ապա գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախևառաջ պետք է պարզի այդ ապացույցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից): Այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար։ Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը։ Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը։

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախևառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի է առնել հետևյալ հատկանիշները.

- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,

- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,

- այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն՝ տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական և հոգեկան վիճակը, տարիքը),

- վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին։

Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով՝ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 06.12.2011 թվականին տրված լիազորագրով Երեմ Հովսեփյանը լիազորել է Աշոտ Մալխասյանին վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Երեմ Հովսեփյանի (ում անունից գործել է Աշոտ Մալխասյանը՝ 06.12.2011 թվականին տրված լիազորագրի համաձայն) և Ռիմա Ամիրխանյանի միջև 14.02.2014 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/3 շենք, թիվ 25 բնակարանը, իսկ նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 48.800.000 ՀՀ դրամ, գումարը տրվում է վաճառողին պայմանագիրը վավերացնելու պահին: Այդ պայմանագրի հիման վրա 21.03.2014 թվականին գրանցվել է Ռիմա Ամիրխանյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Երեմ Հովսեփյանի և Աբրամ Ամիրխանյանի միջև 29.11.2013 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է նույն անշարժ գույքի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր:

Դիմելով դատարան՝ Երեմ Հովսեփյանը պահանջել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի 14.02.2014 թվականի պայմանագիրն իր կողմից տրված լիազորագրի հիման վրա ստորագրած Աշոտ Մալխասյանից բռնագանձել առուվաճառքի պայմանագրով վաճառողին վճարման ենթակա գումարը՝ 48.800.000 ՀՀ դրամի չափով: Հայցվորի պնդմամբ իր իսկ կողմից լիազորված անձը՝ պատասխանող Աշոտ Մալխասյանը, գումարը ստացել է առուվաճառքի պայմանագրի կնքման պահին և չի հանձնել իրեն, ինչը պարտավոր էր կատարել գործարքից անմիջապես հետո: Մինչդեռ պատասխանողը պնդում է, որ իրականում գործարքը կնքվել է Երեմ Հովսեփյանի և Աբրամ Ամիրխանյանի միջև, և Երեմ Հովսեփյանն արդեն իսկ գումարը ստացել է իրական գնորդից՝ Աբրամ Ամիրխանյանից:

Դատարանում գործի քննության ընթացքում՝ 13.10.2016 թվականի դատական նիստին, վկա Ռիմա Ամիրխանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Աբրամ Ամիրխանյանն իր հորեղբոր տղան է և իր ընտանիքի համար շատ հարազատ մարդ է: Ինքը 2003 թվականից աշխատել է Աբրամ Ամիրխանյանի մոտ որպես քարտուղարուհի, չի ճանաչել Երեմ Հովսեփյանին, ճանաչել է Աշոտ Մալխասյանին, ով աշխատում էր Արցախ բանկում և հաճախ էր լինում Աբրամ Ամիրխանյանի մոտ: Բնակարանի հետ կապված հայտնել է, որ Աբրամ Ամիրխանյանը ցանկացել է գնել բնակարանը, գումարային հարցերն ինքը լուծել է անձամբ, ցանկացել է, որ փաստաթղթերը լինեն Ռիմա Ամիրխանյանի անունով, վերջինս համաձայնել է և նոտարական գրասենյակում հանդիպել է Աշոտ Մալխասյանին, ով հայտնել է, որ ինքն է վաճառվող բնակարանի սեփականատիրոջ լիազորված անձը, նաև հաստատել է, որ Աբրամ Ամիրխանյանը ասել է, որ գումարային հարցերն արդեն լուծված են, իրենք ստորագրել են պայմանագիրը և դուրս են եկել: Ինքը պայմանագրի կնքման պահին Աշոտ Մալխասյանին որևէ գումար չի փոխանցել, տեղյակ չէ, թե ով է պետական գրանցման դիմումներ ներկայացրել Կադաստր, քանի որ ինքն անձամբ չի ներկայացրել:

Կադաստրային գործի նյութերից երևում է, որ Ռիմա Ամիրխանյանի անունից 18.03.2014 թվականին դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Էրեբունի սպասարկման գրասենյակ` խնդրելով կատարել վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: Բացի այդ, Ռիմա Ամիրխանյանի անունից 07.07.2014 թվականին դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակին, որով խնդրել է տրամադրել տեղեկատվություն նույն անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ:

Դատարանը բավարարել է հայցը՝ պատճառաբանելով, որ պատասխանողը չի ապացուցել իր վկայակոչած փաստերն այն մասին, որ բնակարանի վաճառքից առաջացած գումարը հայցվորը ստացել է Աբրամ Ամիրխանյանից առուվաճառքի պայմանագիրը կնքելուց առաջ: Եթե Դատարանը նույնիսկ ընդունի, որ բնակարանի իրական գնորդը Աբրամ Ամիրխանյանն է, ապա այդ դեպքում էլ պատասխանողը չի ապացուցել, որ նշված գումարները հանձնվել է Երեմ Հովսեփյանին Աբրամ Ամիրխանյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է վերջիններիս միջև առանց նոտարական վավերացման կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին, ապա դրանում նշված է, որ գումարը պետք է տրվի մինչև 25.12.2013 թվականը, և որևէ ապացույց այն մասին, որ գումարը փոխանցվել է մինչև նշված ժամկետը սույն գործով չի ներկայացվել:

Դատարանը որպես վկա հրավիրված Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ցուցմունքը համարել է անարժանահավատ, քանի որ վերջինս հայտնել է, որ անշարժ գույքի գրանցումների վերաբերյալ տեղյակ չէ, մինչդեռ կադաստրային գործում առկա է` Ռիմա Ամիրխանյանի 18.03.2014 թվականի դիմումն ուղղված Կադաստրի աշխատակազմի Էրեբունի սպասարկման գրասենյակին, որով խնդրել է կատարել ՀՀ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թիվ 25 բնակարան անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև Ռիմա Ամիրխանյանի 07.07.2014 թվականի դիմումն ուղղված Կադաստրի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակին, որով խնդրել է տրամադրել տեղեկատվություն նույն բնակարանի սահմանափակումների վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի վճիռը՝ պատճառաբանելով, որ լիազորագրի բովանդակությունից ակնհայտ է, որ Աշոտ Մալխասյանը, հանդես գալով Երեմ Հովսեփյանի անունից, 14.02.2014 թվականին Ռիմա Ամիրխանյանի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հաստատվում է Աշոտ Մալխասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով սահմանված գումարը ստանալու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը Դատարանի կողմից անարժանահավատ համարելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի պնդումներին, արձանագրել է, որ Դատարանը հստակ պատճառաբանել է այն արժանահավատ չհամարելու վերաբերյալ իր եզրահանգումը, որը Վերաքննիչ դատարանը գնահատել է իրավաչափ ՝ նկատի ունենալով, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը:

 

Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երեմ Հովսեփյանը լիազորել է Աշոտ Մալխասյանին վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Երեմ Հովսեփյանը (ում անունից գործել է Աշոտ Մալխասյանը՝ 06.12.2011 թվականին տրված լիազորագրի համաձայն) Ռիմա Ամիրխանյանի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, որը ստացել է նոտարական վավերացում: Նշված պայմանագրի առուվաճառքի գինը կազմել է 48.800.000 ՀՀ դրամ: Այդ գումարը, Երեմ Հովսեփյանի պնդմամբ, ստացել է Աշոտ Մալխասյանը և չի փոխանցել իրեն: Մինչդեռ և՛ պատասխանող Աշոտ Մալխասյանը, և՛ գործով որպես վկա հրավիրված Ռիմա Ամիրխանյանը Դատարանին հայտնել են, որ թեև անշարժ գույքի առուվաճառքի 14.02.2014 թվականի պայմանագրից հետևում է, որ գործարքի կողմերն իրենք են, սակայն իրականում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական վաճառողը Երեմ Հովսեփյանն է, իսկ իրական գնորդը` Աբրամ Ամիրխանյանը, և՛ Աշոտ Մալխասյանի և՛ Ռիմա Ամիրխանյանի լիազորությունները սահմանափակվել են ընդամենը նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագիր ստորագրելով, քանի որ առուվաճառքի էական պայման հանդիսացող պայմանագրի գինը վճարվել է իրական գնորդի կողմից իրական վաճառողին:

Որպես վկա հրավիրված Ռիմա Ամիրխանյանը դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ առուվաճառքի պայմանագիրը կնքելիս ինքն Աշոտ Մալխասյանին գումար չի փոխանցել, քանի որ երկուսն էլ տեղեկացված էին, թե ովքեր են իրական գնորդը և իրական վաճառողը, որոնց միջև արդեն իսկ գումարային հարցերը լուծվել էին: Ռիմա Ամիրխանյանը հայտնել է, որ տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումների մասին, քանի որ որևէ դիմում չի ներկայացրել Կադաստր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյանները վկայի ցուցմունքը` որպես ապացույց, որակել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ հակառակ Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, որ ինքը տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, կադաստրային գործում առկա են Ռիմա Ամիրխանյանի անունից ներկայացված դիմումներ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ վկայի ցուցմունքը սույն գործով ունի էական և կարևոր ապացուցողական նշանակություն: Վկայի ցուցմունքը միայն վերոգրյալ պատճառաբանությամբ ոչ արժանահավատ համարելն իրավաչափ չէ: Նախ` իրականում չեն ստուգվել կադաստրային գործում առկա դիմումներում առկա ստորագրությունների իսկությունը: Երկրորդ` եթե անգամ կադաստրային գործում առկա դիմումները ներկայացվել են Ռիմա Ամիրխանյանի կողմից, ապա այդ դիմումներով չի ապացուցվում այն փաստը, որ Ռիմա Ամիրխանյանն իրականում առուվաճառքի գումարը փոխանցել է Աշոտ Մալխասյանին: Հետևաբար, կադաստրային գործում առկա դիմումները չեն կարող բավարար համարվել վկայի ցուցմունքն անարժանահավատ ապացույց դիտելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նշված վկայի ցուցմունքի հավաստիության ու արժանահավատության հետ կապված կասկածներն անհրաժեշտ է փարատել այդ վկայի ցուցմունքը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Այսպես՝ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/3 շենք, թիվ 25-րդ հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած անձինք, այսինքն թե՛ պատասխանող Աշոտ Մալխասյանը, և թե՛ գնորդ Ռիմա Ամիրխանյանը պնդում են, որ գումարային հարցերը լուծվել են անշարժ գույքի սեփականատեր Երեմ Հովսեփյանի և իրական գնորդ Աբրամ Ամիրխանյանի կողմից, իսկ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի կնքման պահին Աշոտ Մալխասյանին որևէ գումար չի փոխանցել՝ չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի համաձայն՝ գումարը տրվում է վաճառողին պայմանագիրը վավերացնելու պահին: Փաստորեն, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն կարևորագույն հանգամանքը, որ սույն գործով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած երկու անձինք էլ փաստում են նույնը, որ գնորդը` Ռիմա Ամիրխանյանը, վաճառողի կողմից լիազորված անձին` Աշոտ Մալխասյանին, գումար չի փոխանցել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց են համարել անհիմն կերպով՝ չգնահատելով այդ ցուցմունքը սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ: Արդյունքում ոչ բավարար հիմնավորելով ցուցմունքի անարժանահավատ լինելը՝ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր փաստը, որ առուվաճառքի պայմանագիրը ստորագրած երկու անձինք էլ պնդում են գնորդի կողմից գումարը փոխանցված չլինելու և վաճառողի կողմից գումարը չստանալու մասին: Իսկ հակառակը վկայակոչող դատավարության կողմը` տվյալ դեպքում հայցվորը, գործի քննության ընթացքում այդպես էլ չի ապացուցել, որ Ռիմա Ամիրխանյանի կողմից անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը ստացել է Աշոտ Մալխասյանը և չի փոխանցել իրեն: Այնինչ սույն գործի փաստերից ելնելով՝ այդ փաստի ապացուցման բեռը կրում է հենց ինքը՝ հայցվոր Երեմ Հովսեփյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ցուցմունքն արժանահավատ ապացույց է:

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան 
Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան