ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՇԴ/0069/01/17 |
ՇԴ/0069/01/17 |
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Ս. Մարաբյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
2019 թվականի սեպտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արման Պատվականի Ջանջուղազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 20-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 18103617 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Արման Պատվականի Ջանջուղազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Ա.Ջանջուղազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ թիվ 18103617 քրեական գործից անջատվել է Ա.Ջանջուղազյանի վերաբերյալ մասը և նախաքննությունը շարունակվել է թիվ 58219217 համարով:
2017 թվականի դեկտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով Ա.Ջանջուղազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազատազրկում` 20 (քսան) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա.Ջանջուղազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 22 (քսաներկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի պաշտպան Գ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Ջանջուղազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժամը 17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի անվան փողոցի թիվ 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Սերգեյի Յալպաևին՝ սպանելով վերջինիս, այսպես.
(…)
2014թ. հոկտեմբերի 6-ին Սալոնիկ քաղաքում գտնվող իրենց տանը միայնակ, համապատասխան ծիսակարգի կատարումից հետո Արման Զանջուղազյանն ընդունել է մահմեդականություն։ Այնուհետև «twitter», «telegram» և «facebook» հեռահաղորդակցության միջոցներով փնտրել և շփումներ է հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քննությամբ չպարզված անդամների հետ՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել նրանց շարքերում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում մղվող մարտերին մասնակցելու նպատակով։ (…)
(…) 2016թ. ապրիլի 21-ին (…) [Ա.Ջանջուղազյանը] վերադարձել է Հայաստանի Հանրապետություն (…): Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում Ա.Զանջուղազյանը շարունակել է «telegram» հեռահաղորդակցության կապի միջոցով շփվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրների հետ՝ կրկին ցանկություն հայտնելով համալրել վերջիններիս շարքերը։
(…) [Ն]շված ահաբեկչական խմբավորման անդամները խորհուրդ են տվել, համաձայն իրենց գաղափարախոսության, Հայաստանում պատժել «անհավատներին»։
Հիշյալ խորհրդից ոգևորված՝ Արման Զանջուղազյանը, համացանցի «Google» որոնողական համակարգով որոնել և գտել է Գյումրի քաղաքում տեղակայված, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազան, որտեղ ծառայում են ռուս զինվորականներ, ցանկացել է սպանել նրանցից որևէ մեկին՝ դա համարելով պատասխան Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայում և Կովկասում իր հավատակիցների՝ մահմեդականների նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունների։ Այդ մասին Ա.Զանջուղազյանը «telegram» հեռահաղորդակցության կապի միջոցով տեղեկացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրներին, ովքեր ողջունել են Ա.Զանջուղազյանի մտադրությունը և նրան ուղարկել են մի շարք տեսահոլովակներ այն մասին, թե ինչպես են «Իսլամական պետության» անդամները դանակով սպանում «անհավատներին»։ (…)
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ա.Զանջուղազյանը 2017թ. ապրիլի 18-ին ժամանել և ք.Երևան, Խորենացի 4 հասցեում գտնվող որսորդական իրերի վաճառքով զբաղվող «Մուլտի Արմս» ՍՊ ընկերությանը պատկանող խանութից 85.000 ՀՀ դրամով գնել է «Battle Chef», «Made in Italy», «Olamic Tactical», «Foxs Knives» դրոշմվածքներով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը ու հետ է վերադարձել Ստեփանավան քաղաք։
2017թ. ապրիլի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ա.Զանջուղազյանը, իր գոտկատեղի հատվածում ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող հիշյալ դանակը, ՌԴ որևէ զինվորականի սպանելու նպատակով միայնակ ժամանել է Գյումրի քաղաք։ (…) [Ժ]ամը 17.30-ի սահմաններում, ճանապարհին Ա.Զանջուղազյանը նկատել է Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արգո» խանութից դուրս եկած ռուս զինծառայողի, մոտեցել է նրան, գոտկատեղից հանել վերը նշված դանակն ու կրոնական մոլեռանդության շարժառիթով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ՝ մի քանի անգամ հարվածել է Դմիտրի Սերգեյի Յալպաևի պարանոցին, թիկունքին և գլխին՝ վնասելով նաև իր ձեռքը։ Ստացած մարմնական վնասվածքներից Դմիտրի Յալպաևը տեղում մահացել է։ Ընդ որում՝ Արման Զանջուղազյանը դադարեցրել է հարվածներ հասցնելը միայն այն բանից հետո, երբ վերջին հարվածի արդյունքում դանակը մխրճվել է Դմիտրի Յալպաևի ձախ քունքային հատվածում, ինչից հետո Ա.Զանջուղազյանը, չկարողանալով այն հանել, դիմել է փախուստի (…)»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանին առաջադրված մեղադրանքն ապացուցված է և որակված է ճիշտ, իսկ վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
(...)
Հաշվի առնելով մի կողմից ամբաստանյալ Արման Ջանջուղազյանի տարիքը, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չլինելը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մյուս կողմից նրան վերագրվող հանցագործությունների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը (առանձնապես ծանր և ոչ մեծ ծանրության հանցագործություններ են), հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելու օրենսդրական պահանջը` [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ (...) ամբաստանյալի նկատմամբ (...) որպես պատիժ պետք է նշանակվի որոշակի ժամկետով ազատազրկում (...)։
Քննարկելով նշանակվելիք պատժաչափերի հարցը, (...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Ա. Ջանջուղազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափի սահմանմամբ է հնարավոր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին (...)»2:
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...) [Ք]ննության առնելով ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու հարցը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանգում է այն հետևության, որ վերջինիս նկատմամբ ինչպես առանձին հանցագործությունների համար նշանակված պատիժները, այնպես էլ հանցանքների համակցությամբ նշանակված վերջնական պատիժը մեղմացնելու հիմքեր չկան (…)»3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է` խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 66-րդ հոդվածների պահանջները: Բողոքաբերը փաստարկել է, որ համակցության մեջ գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ա.Ջանջուղազյանի նկատմամբ առավել մեղմ պատիժ նշանակելու դեպքում ևս հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:
Ի հիմնավորում վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ սույն քրեական գործի նյութերով հաստատվել է, որ Ա.Ջանջուղազյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ որպես մեղմացնող հանգամանք` Առաջին ատյանի դատարանը նշել է այն հանգամանքը, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և աջակցել է նախաքննական մարմնին հանցագործության բացահայտման համար, ինչպես նաև հաշվի է առնվել հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն է՝ Ա. Ջանջուղազյանը նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, բնակության վայրից բնութագրվում է որպես չշփվող, ինքնամփոփ և դյուրագրգիռ անձնավորություն:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակիորեն` պատժի մասով բեկանել Ա.Ջանջուղազյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 20-ի որոշումը և նշանակել համաչափ մեղմ պատիժ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Նախքան բողոքաբերի կողմից բարձրացված` ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք։ Ուստի, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»
12. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայով նկարագրված գործողությունը կատարելու պահից, մասնավորապես, այն ավարտված է համարվում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու պահից:
⚖13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե
(…)
6) անցել են վաղեմության ժամկետները.
(…)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում4: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է5:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի ապրիլի 22-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը6,
- ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով Ա.Ջանջուղազյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին,
- նշված դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 2019 թվականի մարտի 20-ին,
- նշված որոշման դեմ Ա.Ջանջուղազյանի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերոշարադրյալ փաստական հանգամանքներից բխում է, որ Ա.Ջանջուղազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի ապրիլի 22-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել:
15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Ա.Ջանջուղազյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
16. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով7:
17. Միաժամանակ, անդրադառնալով բողոքաբերի կողմից բարձրացված՝ ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցին՝ Վճռաբեկ դատարանը, բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, արձանագրում է, որ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Ա.Ջանջուղազյանը կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Դ.Յալպաևին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ջանջուղազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նշանակված պատիժը համաչափ է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արման Պատվականի Ջանջուղազյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
2. Ամբաստանյալ Արման Պատվականի Ջանջուղազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Արման Ջանջուղազյանին թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նշանակված 20 (քսան) տարի ժամկետով ազատազրկումը:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 346-349։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 131, 133։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 44-45։
4 Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։
5 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
7 Տե՛ս, mutatis mutandis, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: